HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Վահագն Ղուկասյանը քաղաքական ապաստան է խնդրել

Երեք ամիս առաջ ազատ լրագրող Վ. Ղուկասյանը լքեց Հայաստանը: Նա հասավ Գերմանիայի դաշնություն եւ քաղաքական ապաստան խնդրեց իշխանություններից: Այս օրերին Գերմանիայի համապատասխան դատարանում քննվում Վ.Ղուկասյանի քաղաքական ապաստան խնդրելու մասին դիմումը: «Դիմումիս մեջ գրել եմ վերջին երեք տարիներին ՀՀ իրավապաների կողմից իմ նկատմամբ թույլ տրված հետապնդումների, անօրինականությունների, բռնությունների մասին ու ներկայացրել եմ դրանք հաստատող անհերքելի փաստեր, փաստաթղթեր»,- նշել է Վ. Ղուկասյանը մեզ գրած վերջին նամակում: 

2003թ. հունվարի վերջին ազատ լրագրող Վահագն Ղուկասյանը մի շարք հասցեներով էլեկտրոնային նամակ է ուղարկել, որում հայտնել է. «Իշխանությունների գործունեությունն ինձ հիմք է տալիս ենթադրել, որ ՀՀ իշխանությունների առջեւ խնդիր է դրվել ինձ ֆիզիկապես կամ հոգեպես մեկուսացնել հասարակությունից: Իմ նկատմամբ պատրաստվող հաշվեհարդարից խուսափելու նպատակով դուրս եմ եկել Հայաստանից: Նպատակ չունեմ եւ չեմ պատրաստվում որեւէ երկրում պատսպարվել, ապաստանել: Կյանքիս անվտանգության եւ գործունեությունս շարունակելու երաշխիքներ տալու հաջորդ օրն իսկ վերադառնալու եմ Հայաստան»:

Այս նամակն ուղարկելուց մեկ շաբաթ առաջ Վ. Ղուկասյանը հարցաքննվել էր 2002թ. դեկտեմբերի 28-ին սպանված Հանրային հեռուստատեսության ղեկավար Տիգրան Նաղդալյանի սպանության գործով: Այդ ժամանակ դատախազության աշխատակիցներն առգրավել էին նաեւ նրա համակարգիչը: Իրավապաները` Շահումյանի ՆԳԲ-ի աշխատակիցները վերջին անգամ Վ.Ղուկասյանենց տուն այցելել են այս տարվա մայիսին եւ հարցրել նրան: Արդեն այդ ժամանակ Վ.Ղուկասյանը գտնվում էր Հայաստանից դուրս: 5 ամիս առաջ գրած նամակում Վ. Ղուկասյանը նշել է, թե հատկապես ինչի համար են իրեն հետապնդում:

Նա եւս մեկ անգամ հայտնել է, որ ինքը չի կարող վերադառնալ Հայաստան, քանի որ վտանգված է իր եւ ընտանիքի անդամների կյանքը: Վ. Ղուկասյանը լրագրողական հետաքննություն էր անցկացնում 1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում կատարված ահաբեկչական գործողության շուրջ: Հիշեցնենք, որ այս ահաբեկչական գործողության արդյունքում սպանվել էին 8 պետական գործիչներ, այդ թվում` երկրի վարչապետը եւ Ազգային ժողովի նախագահը: 

Ահաբեկչական այս գործողության վերաբերյալ Վ. Ղուկասյանի լրագրողական հետաքննությունները տպագրվել են «Հայկական ժամանակ» օրաթերթում եւ երեք առանձին գրքույկներով: Վերջին երեք տարիներին Վ. Ղուկասյանը անհայտ անձանց կողմից պարբերաբար ենթարկվել է հարձակումների եւ սպառնալիքների: 2001թ. հրկիզվել է նրա ավտոբուս-արհեստանոցը: 2003 թ. սկզբներին նա դիմել է տարբեր երկրների դեսպանատներ` քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով: 

Իմ հարցին, թե «մեզ` լրագրողներիս վրա պարբերաբար ճնշումներ, զանգեր, սպառնալիքներ լինում են, սակայն չենք լքում Հայաստանը, դու մինչեւ վերջ մտած՞լ ես նման քայլ անելուց առաջ», Վ. Ղուկասյանը պատասխանել է. «Ինչ խոսք, համաձայն եմ, եթե ինքներս մեր առջեւ նման պատասխանատվություն ենք վերցնում, ապա ավելի ճիշտ կլինի մինչեւ վերջ վճռական գտնվել ու պայքարել առանց վախենալու դժվարություններից: Բայց իմ դեպքում կա երկու մտահոգություն եւ պարտականություն, որոնց հետ ես ուղղակի պարտավոր եմ հաշվի նստել»: 

Վահագն Ղուկասյանը 1986թ. կալանավորվել է գողության մեղադրանքով, դատապարտվել 4 տարի ազատազրկման: Ընկերների կատարած գողությունը ամբողջովին վերցրել էր իր վրա: Բանտում անցկացրել է 2 տարի ութ ամիս: «Երկրորդ անգամ այնտեղ հայտնվելու դեպքում հոգեպես չեմ դիմանա... Սա վերեւում նշած մտահոգությունս է, որն էլ գիտակցելով չեմ ցանկանում նույնիսկ 1 տոկոս ռիսկի դիմել եւ ուզում եմ հեռանալ»,-ինձ ուղղված նամակում գրում է Վ. Ղուկասյանը: Նամակում նա մանրամասն նկարագրել էր բանտային կյանքի ծանր տարիները: 

Վ. Ղուկասյանը առաջին անգամ հոդված է գրել 1998-ին «Օրագիր» թերթում: 

«27-ի դեպքերը մեծ հարված ընկալեցի, չնայած չէի ընդունում ոչ Վազգենին, եւ ոչ էլ Դեմիրճյանին, բայց գտնում էի, որ կրակել են նաեւ իմ վրա, քո վրա, բոլորիս վրա…»,-շարունակում է Վ. Ղուկասյանը: Վ. Ղուկասյանի վերեւում նշած պարտականությունը ընտանիքն է` կինը, երեք երեխաները եւ մայրը: Ընտանիքի ամբողջ հոգսն ընկել է մոր վրա: Հենց ընտանիքն է պարտավորեցնում, որպեսզի նրանց հետ «որոշ ժամանակով» հեռանա Հայաստանից: «Այո, ես այսօր վախենում եմ Հայաստանում մնալուց, բայց վախկոտ չեմ եւ կարծում եմ, որ ցանկացած նորմալ մարդ պիտի վախենա հոսանքի լարին ձեռք տալ...»:  Սա Վ. Ղուկասյանի` ինձ գրած նամակներից մեկի վերջին նախադասությունն է: 

«Հայաստանից հեռանալու որոշումը մեծ դժվարությամբ եմ ընդունել, որովհետեւ իրոք այլ տարբերակ չեմ տեսնում, իհարկե, ոչ ընդմիշտ: Ստիպված եմ, որովհետեւ կյանքիս դեմ լուրջ սպառնալիք է դարձել վերջին 4 տարվա իմ կատարածը: Նկատի ունեմ «27-ի» գործին հրապարակավ անդրադառնալս: Անկեղծորեն ուզում եմ ասել, որ ես իրոք այն կարծիքին եմ, որ դեռեւս շատ հեռու եմ լրագրող համարվելուց, բայց կոնկրետվ «27-ի» գործով շատ եմ խորացել ու տիրապետել այնպիսի տեղեկությունների, որոնք լուրջ անհանգստությունների առիթ են դարձել ոմանց համար:

Դեռեւս նախորդ տարվա հոկտեմբերին ես ձեռք եմ բերել մի կարեւոր տեղեկություն (անժխտելի իրեղեն ապացույց), որն էլ լրջացրեց այս ամենը: Ես համոզված եմ եղել, որ Ազգային անվտանգության նախարարությունը գլխի է ընկել, որ ձեռք եմ բերել այդ իրեղեն ապացույցը, որով կոնկրետ մի դրվագում հաստատ իրենց մերկացնելու եմ: Մի խոսքով, ձեռքիս տակ ունեմ իրեղեն, անհերքելի մի ապացույց, որը կհնչեցնեմ միայն իմ ու ընտանիքիս անվտանգության խնդիրը լուծելուց հետո: Առայժմ կարող եմ ասել, որ այն այնքան լուրջ է, որ նրանք նպատակահարմար գտան ինչ-որ չափով ապահովել իրենց, եւ արդյունքում իրացվեց դեկտեմբերի 28-ի Տիկոյի (խոսքը Տիգրան Նաղդալյանի մասին է) սպանությունը: Իհարկե, դրանով փորձեցին ընդամենը կտրել դեպի կազմակերպիչներ տանող թելերից մեկը, բայց դա էլի իրենց չի օգնելու, որովհետեւ ժամանակը կգա ու ես կապացուցեմ, թե ինչն ինչոց է»: 

Եթե Գերմանիայի իշխանությունները ընդունեն որ Վահագն Ղուկասյանը իշխանությունների կողմից հետապնդվում էր իր լրագրողական գործունեության համար եւ քաղաքական ապաստան տա, ապա սա երրորդ հանրապետության պատմության մեջ կլինի առաջին դեպքը: «Ասեմ, որ այս պահին բազմաթիվ փաստաթղթեր ունեմ ձեռքիս տակ, որոնք 100 տոկոսով բավարար են քաղաքական ապաստան ստանալու համար»,- գրել Վ.Ղուկասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter