HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապրիլյան քառօրյայում փայծաղը կորցրած Արսենն ասում է, որ նաև կոնտուզիա է տարել. նրան հաշմանդամ չեն ճանաչել

Դժվար է հասկանալ, թե ինչ է զգում երիտասարդը, ով կամավորագրվել է ապրիլյան քառօրյա պատերազմին, վիրավորվել և այժմ փնտրում է հարցի պատասխանը, թե ինչու հաշմանդամության կարգ չի ստացել:

Արսեն Բադալյանը 23 տարեկան է, ապրում է Կապանում: Ժամկետային ծառայությունն անցել է Արցախի պաշտպանության բանակում: Ասում է՝ ծառայության կեսից ավելին դիրքերում է եղել, և երբ սկսեց քառօրյան, ընկերներով որոշեցին մասնակցել: Ապրիլի 2-ին կամավորագրվել են ԵԿՄ-ին, հաջորդը օրը ճանապարհվել են Գորիս, որտեղ համազգեստ ու զենք են ստացել, ապա մեկնել Ստեփանակերտ, այնտեղից՝ Մատաղիս:

Ասում է՝ պատերազմին մասնակցելը չի ենթադրում, թե դու մտածում ես ինչ-որ օգուտներ քաղելու կամ քո շահերի մասին: «Դա առևտուր չէ,- ասում է Արսենը,- պարտք է քո հողի, հայրենիքի հանդեպ, որ պիտի կատարես»:

Ապրիլի 4-ին արդեն Մատաղիսում էին: Ծառայության ընթացքում եղածն ու այդ օրերին տեսածը տարբերվում են: «Պատերազմական վիճակ էր, բառերով չեմ կարող նկարագրել, անընդհատ արկեր էին ընկնում… Կռիվ էր»,- նշում է Արսենը: Խուճապը միայն առաջին րոպեներին էր, հետո անցավ, որովհետև, ըստ կամավորականի, երբ քայլդ գիտակցված է, վախերը հաղթահարելի են դառնում:

Ապրիլի 6-ին Արսենը վիրավորվել է ականի պայթյունից: Այդ օրը, նրա հիշելով, ևս մի քանի հոգի է վիրավորվել իրենց դիրքում: «Այդ օրը զոհ տվեցինք՝ Գասպարյան Մակիչը զոհվեց...»,- հիշում է նա:

«ԴՇԿ-ով էին խփում, մինամյոտով, կրակային դիրքի փոփոխության ժամանակ մի խրամաբջջից մի ուրիշ խրամաբջիջ էի տեղափոխվում, էդ ընթացքում հիշում եմ, որ գետնին ընկա, չհասցրեցի տեղափոխվել»,- պատմում է զրուցակիցս՝ շարունակելով, որ փայծաղն է պայթել, ստամոքսը վնասվել է, ցնցակաթված (կոնտուզիա) է տարել:

«Առաջին ձմեռն է, մեջքս ցավում է, գիշերները երբ աչքերս փակում եմ, երբ մարդ չի լինում մոտս, էդ ժամանակ ականջս շումիտ է անում, գլուխս ցավում է: Դա կոնտուզիայից է, բայց երբ տարան հիվանդանոց, այդ ժամանակ առաջնայինը դա չէի համարում»,- ասում է Արսենը, ապա ավելացնում, որ այդ մասին բժիշկներին չի հայտնել:

Վիրավորվելուց հետո նրան տեղափոխել են Մարտակերտ, որտեղ էլ հեռացրել են փայծաղը, ստամոքսն են վիրահատել, մինչ օրս, սակայն, մեջքի ձախ մասում ականի բեկոր ունի: Ասում է, որ կատարվածից շատ քիչ բան է հիշում, Արցախից վիրավորներին, այդ թվում՝ իրեն, ուղղաթիռով տեղափոխել են Երևան: 8 օր գտնվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, դուրս գրվելուց առաջ բժիշկը խորհուրդ է տվել ևս մի քանի օր մնալ հիվանդանոցում, Արսենը հրաժարվել է՝ ասելով, որ ոտքի վրա ավելի հեշտ կապաքինվի: Բժիշկը նաև, ըստ Արսենի, զգուշացրել է, որ հետագայում ծանր աշխատանք չի կարողանալու անել:

Հաշմանդամության կարգ ստանալու համար Արսենը դիմել է Սյունիքի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով (նախագահ՝ Անուշ Օրբելյան), որի որոշմամբ հաշմանդամ չի ճանաչվել: «Պատճառաբանել են, որ քո օրգանիզմը ֆունկցիոնալ խանգարվածություն չունի, նշում են, որ փայծաղը կենսական կարևորության օրգան չէ, առաջնահերթ չէ, ես էլ ասում եմ՝ ո՞րն է առաջնահերթ, ասեք՝ իմանամ, ասում են՝ լյարդը, սիրտը… Բա եթե սիրտս լիներ, կմեռնեի»,- ի պատասխան հանձնաժողովի որոշմանը՝ նշում է Արսենը, հետո ավելացնում, որ Երևանից էլ են հաստատել, որ հաշմանդամության կարգ չի կարող ստանալ:

«Հիմա ծանր աշխատանք չեմ կարող անել, դիետիկ սնունդ են նշանակել, ու որ չեմ կարող աշխատել, մտածում եմ՝ գոնե պետությունից ստացած հաշմանդամության թոշակով մի բեռից կազատվեմ»,- պարզաբանում է Արսենը:

Հարցնում եմ, թե լինում է արդյոք պահ, երբ ափսոսում է պատերազմին մասնակցելու համար, անմիջապես է պատասխանում. «Չեմ փոշմանում, ո՞նց կարամ փոշմանեմ, եթե փոշմանեի, չէի անի: Գնացի, որովհետև ամեն մեկիս պարտականությունն է, մեր պարտքն է, որ պիտի տանք»:

Ձեռքբերումների ու կորուստների մասին ենք խոսում: Արսենն ասում է, որ միայն փորձ ձեռք բերեց, իսկ կորցրեց այն, ինչ բոլորը՝ մեր տղաներին: «Ես էլ ուրիշ կորցնելու բան չունեմ»,- ավելացնում է:

Լուսանկարում ձախից՝ Ա. Բադալյանը

Մեկնաբանություններ (1)

Հերմինե
http://sosi-tv.com/2624--.html

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter