HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թրանսփարենսի Ինթերնեշնլը Միհրան Պողոսյանի գործը կարճելու նախադեպ է համարում նաև Տիգրան Սարգսյանի գործով անհետևողականությունը

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ քրեական գործով վարույթը կարճելու մասին հայտարարություն է տարածել:

«Որպես ՀՀ ժողովրդավարացման և լավ կառավարման ջատագով հասարակական կազմակերպություն՝ անթույլատրելի ենք համարում այս գործի կոծկումը և հետամուտ չլինելը, ինչպես նաև՝ ցանկացած կուսակցության ցուցակում Միհրան Պողոսյանի ընդգրկումը, ով պաշտոնավարման ընթացքում զբաղվել է ձեռնարկատիրությամբ, ներգրավված է կոռուպցիոն և այլ սկանդալներում՝ հաճախ հայտնվելով ԶԼՄ-ների հրապարակումներում»,- գրված է հակակոռուպցիոն կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:

Հատուկ քննչական ծառայությունում քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի հատկանիշներով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) քրեական գործ էր հարուցվել 2016թ. ապրիլի 4-ին «Հետք»-ի հրապարակման հիման վրա: Գաղտնազերծված փաստաթղթերի համաձայն` Պողոսյանը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների, որոնցից երկուսի բաժնեմասը նա ստանձնել է 2011թ. մարտ ամսին, այսինքն` այն ժամանակ, երբ արդեն զբաղեցնում էր ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը:

2017թ․ հունվարի 23-ին Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացել Միհրան Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Նախաքննական մարմինը պատճառաբանել է, թե իրավական օգնություն հայցելու մասին ՀՔԾ-ի միջնորդությունները Պանամայի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության իրավապահ իրավասու մարմինների կողմից չեն բավարարվել կամ շուրջ ութ ամիս տևած նախաքննության ընթացքում որևէ պատասխան չի ստացվել:

«Կարծում ենք, որ նախկինում նմանատիպ կոռուպցիոն բացահայտումների նկատմամբ գործող իշխանությունների հովանավորչությունը, անհետևողականությունն ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը նույնպես նախադեպ է հանդիսացել Մ․Պողոսյանի քրեական գործը կարճելու համար, ինչպիսին, օրինակ՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերության բաժնետեր հանդիսանալու սկանդալն էր»,- գրել է Թրանսփարենսի Ինթերնեշնլը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter