HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանադան մտադիր է ակտիվացնել գործարար կապերը Հայաստանում. դեսպան

Կանադան մտադիր է ակտիվացնել գործարար կապերը Հայաստանում: Այս մասին Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ հանդիպմանը երեկ ասել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քյուրին:

Նշելով, որ այս տարի լրանում է ՀՀ-ի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը` դեսպանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում նախատեսվում է Հայաստանում իրականացնել մի շարք միջոցառումներ, այդ թվում` նաև գյուղատնտեսության ոլորտում: Այդ նպատակով Ջոն Քյուրն առաջարկել է Կանադայի անասնաբուծության գենետիկ ասոցիացիայի, Կանադայի խոզի մսի և Կանադայի անասնակերի և արոտավայրերի ասոցիացիայի և Հայաստանի Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի (CARD) միջև փոխըմբռնման հուշագիրը ստորագրել մարտ ամսին Երևանում:

Հուշագրի ստորագրումից բացի, գյուղատնտեսության նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն, նախատեսվում է նաև կանադացի գործարարների այց Հայաաստան: Միաժամանակ դեսպանը հավելել է, որ կանադական կողմը նպատակադրված է կազմակերպել նաև հայ բիզնեսմենների այց Կանադա` տեղում գյուղատնտեսության բնագավառում երկրի փորձը ուսումնասիրելու և գործարար կապեր հաստատելու նպատակով:

Երկկողմ համագործակցությունն ավելի ամուր հիմքերի վրա դնելու նպատակով նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է քննարկել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը` պատրաստի արտադրանքը հետագայում ԵՏՄ երկրներ արտահանելու հեռանկարով: «Մենք ուրախ ենք, որ կանադական ագրարային բիզնեսը մուտք է գործում Հայաստան, և մեր կողմից պատրաստ ենք հնարավորինս աջակցել երկկողմ ծրագրերի իրականացմանը»,- նշել է նա:

Անդրադառնալով գյուղատնտեսության բնագավառում Կանադայի հետ համագործակցության առավել հեռանկարային ճյուղերին` գյուղատնտեսության նախարարը, մասնավորապես մատնանշել է տավարաբուծության և խոզաբուծության ոլորտները: Կարևորելով Կանադայում մասնագիտացված ճյուղային խորհուրդների մեծ ազդեցությունը մասնավոր հատված-պետութուն հարաբերություններում' նախարարն ընդգծել է, որ այս հարցում կանադական փորձն ուսանելի է Հայաստանի համար և հայկական կողմը կուսումնասիրի դրա տեղայնացման հնարավորությունը Հայաստանում:

Հանդիպման ընթացքում դեսպան Ջոն Քյուրն առաջարկել է Իգնատի Առաքելյանին այցելել Կանադա` իր գործընկերոջ հետ հանդիպելու և փոխգործակցության շրջանակների ընդլայնման նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter