HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

92 միլիոն դրամ` 2017 թվականի «Արի տուն» ծրագրի համար

Գործադիր մարմինը այսօրվա նիստում հավանության արժանացրեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի` սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2017 թվականի ծրագրի շարունակությանը։

Կառավարություն ներկայացված որոշման նախագծում նշվում է, որ 2016 թվականին «Արի տուն» ծրագրին 8 փուլով մասնակցել է շուրջ 900 սփյուռքահայ երիտասարդ աշխարհի 38 երկրից, և 2017 թվականին ակնկալվում է մինչև 1000 սփյուռքահայ երիտասարդի այցելություն Հայաստան, որոնք նախ կհյուրընկալվեն հայաստանյան ընտանիքներում, ապա իրենց հասակակիցների հետ կմասնակցեն «Արի տուն» ճամբարին, որին սփյուռքահայ երիտասարդների հետ կմասնակցեն իրենց հայաստանցի հասակակիցները հյուրընկալ ընտանիքներից։

Սփյուռքի նախարարությունից «Հետք»-ին տեղեկացրին, որ 2017 թվականի «Արի տուն» ծրագրի համար պետական բյուջեից կհատկացվի 92 միլիոն դրամ։

Այս տարի նախատեսվել է «Արի տուն» ծրագիրը զուգահեռաբար իրականացնել երկու տարիքային խմբերի համար` 13-15 և 16-18։ Հայաստան այցելած սփյուռքահայ երիտասարդների համար կկազմակերպվեն ուսուցողական դասընթացներ, կմշակվեն կրթական, մշակութային և այլ միջոցառումներ, կլինեն հանդիպումներ պետական պաշտոնյաների և տարբեր ոլորտների հայտնի գործիչների հետ։

«Ծրագիրը նպատակ ունի, մասնավորապես, աշխարհասփյուռ հայ երիտասարդների համար ճանաչելի դարձնել Հայաստան-հայրենիքը, աջակցել նրանց հայրենասիրական դաստիարակությանը, ներկայացնել հայ ժողովրդի սովորույթների ու ավանդույթների, հայ ընտանիքի և հայ մարդու կերպարի առանձնահատկությունները, նպաստել սփյուռքահայ երիտասարդության մոտ ազգային գիտակցության ձևավորմանը և զարգացմանը, Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային միասնությանը, և, վերջին հաշվով,  երիտասարդության հայադարձությանը»,- ասվում է  որոշման նախագծում։

Ծրագրի իրականացման աշխատանքները համակարգելու և պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով կստեղծվի ծրագրի իրականացման միջգերատեսչական համակարգող հանձնաժողով և աշխատանքային խումբ:

Հավելենք, որ «Արի տուն» ծրագիրը իրականացվում է 2009 թվականից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter