HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ վարչապետին. գիտության բնագավառի բարեփոխումների քննադատություն և առաջարկներ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կենսագիտության ամբիոնի վարիչ, «Համահայկական գիտական խորհուրդ» հ/կ նախագահ, պրոֆ. Սիներիկ Հայրապետյանը վարչապետ Կարեն Կարապետյանին բաց նամակ է ուղղել, որը ներկայացնում ենք նույնությամբ.

«Մեծարգո՛ Վարչապետ

Հետևելով Ձեր կոչին՝ «Քննադատել Ձեր սխալները և տալ մասնագիտական առաջարկներ»`թույլ տվեք ներկայացնել Ձեզ իմ անձնական և «Համահայկական գիտական խորհուրդ» հ/կ նախագահության մյուս անդամների կարծիքները, որոնք վերաբերում են գիտության բնագավառի բարեփոխմանն ուղղված Ձեր նախնական քայլերին:

Բաց նամակիս ձևը թելադրված է ամիսներ առաջ իմ և Մ. Կյուրիի մրցանակակիր Պրոֆ. Գրիգոր Բարսեղյանի կողմից Ձեզ ուղարկված մեր առաջարկի վերաբերյալ ոչ համարժեք վերաբերմունքով, որը հիմք է տալիս ենթադրելու, որ այն կատարվել է ոչ Ձեր հանձնարարությամբ, քանզի այն չի համապատասխանում Ձեր գործելաոճին:

Քննադատություն

Ակնհայտ էր, որ Խորհրդային միությունից ժառանգած հսկայական գիտական ներուժը ՀՀ-ն անկարող էր պահպանել իր տկար բյուջեով, եթե այն սպառողականից չդարձներ շահութաբեր, որի համար առկա էին բոլոր նախադրյալները, որպեսզի ՀՀ-ը դառնար տարածաշրջանի ժամանակակից գիտատեխնիկական առաջընթացով զինված տնտեսություն ու պաշտպանություն ունեցող երկիր, ինչպիսին Իսրայելն է: Սակայն ՀՀ բարձրագույն իշխանությունների՝ գիտության նկատմամբ ոչ համարժեք վերաբերմունքի արդյունքում ու գիտավարչական քաղաքականության հետևանքով համարյա ոչնչացվեց երկրի երբեմնի հզոր գիտատեխնիկական ներուժը և հասցվեց ներկայիս կաթվածահար վիճակին: Ցավոք, Դուք շարունակում եք այդ սխալ գիտավարչական քաղաքականությունն այսօր ևս: Դրանք են՝

  1. Շուկայական հարաբերությունների զարգացման ուղին ընտրած ՀՀ գիտատեխնիկական քաղաքականության իրականացումը խորհրդային կարգերից ժառանգած, շուկայական հարաբերություններին խորթ ու կործանիչ գիտավարչական համակարգով:

Սակավաթիվ բնակչություն ունեցող երկրում իրարից զատ գործող ակադեմիական, գիտության և համալսարանական կրթության համակարգերի պահպանումը անթույլատրելի շռայլություն է և կործանիչ, որի ապացույցն է նրանց ներկայիս հոգեվարքային վիճակները: Ակնհայտ է, որ նման համակարգով պատրաստված խոտան կադրերի միջոցով անհնար է իրականացնել երկրում ժամանակակից սոցիալ-տնտեսական զարգացում:

  1. ՀՀ գիտական քաղաքականության իրականացումը` ապավինելով  միայն կուսակցական և խմբակային սկզբունքներով ընտրված ԿԳՆ-ի չինովնիկների մտավոր կարողություններին:

Ակնհայտ է, որ միջակություններով մրցակցային գիտական համակարգի ստեղծումը անիրատեսական է:

  1. Սպասվում էր, որ բնագավառի բարեփոխման Ձեր առաջին քայլը կսկսեք հանրապետության իրական գիտական ներուժի փաստագրմամբ, քանզի ինչպես ժողովուրդն է ասում՝ «Ծառը ջրելուց առաջ պիտի ճանաչել այն»:

Ակնհայտ է, որ հանրապետության գիտական ներուժի գնահատումը անբարոյական կանոնակարգով ընտրված ակադեմիկոսների և ԳՊԿ-ի կողմից ավելի տգետ սկզբունքով ընտրված «Արդյունավետ աշխատող գիտնականների» թվաքանակով նշանակում է ինքնախաբեությամբ տարվել և օժանդակել գիտության բնագավառի կոռումպացմանն ու կործանմանը: Գիտության բնագավառում տիրող ներկա կոռումպածին իրավիճակի մասին կարելի է դատել՝ ծանոթանալով դեռ տարիներ առաջ ՀՀ Նախագահի ՎԾ և ՀՀ ՎՊ-ի կողմից ԳՊԿ-ի և ԳԱԱ-ի ֆինանսատնտեսական գործունեության ստուգումների արդյունքներին, որոնց, ցավոք, չհետևեց ոչ մի բարեփոխում, իսկ զարգացման «մրցակցային» ուղին ընտրած Հայաստանում ոչ մի գիտական կազմակերպություն չլուծարվեց, այլ դրանց թիվը միայն աճեց:

  1. Շարունակում եք իշխանությունների՝  կոռուպցիոն ռիսկի տեսակետից այն կոպիտ սխալը, որ գիտությանը ֆինանսավորող վարչատնտեսական մարմնին՝ ԳՊԿ-ին եք հանձնում երկրի գիտության աբողջ փորձագիտությունը:

Սպասելի է, որ նման պայմաններում ԳՊԿ-ն դարձել է գիտության միջոցների խմբակային թալանով զբաղվող պետական մարմին: Դրա մասին է վկայում այն, որ գիտական հոդվածների համահեղինակների կամ նույնիսկ թեմաների ղեկավարների դերում հաճախ կարելի է հանդիպել ԳՊԿ-ի նախագահի և այլ պաշտոնյաների անուններին: Կարծես թե նրանք ցերեկները պաշտոնավարում են, իսկ գիշերները՝ գիտությամբ զբաղվում: ԳՊԿ-ի գիտաավերիչ գործունեության մասին ավելի պարզ պատկերացում կազմելու համար բավական է փորձել հասկանալ, թե ինչ նպատակով է աշխարհահռչակ Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտը վերածվել լաբորատորիայի, իսկ գիտությանն անհայտ մեկ աշխատակցի համար ստեղծվել նոր «Քենդլ»՝ իբր սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ, որը 16 տարի շարունակ շռայլ ֆինանսավորվում է պետական բյուջեից (միայն 2016 թվականին՝ 290 մլն. դրամ)՝ առանց երկրին տալու որևէ շոշափելի արդյունք: Իսկ թե ինչպես է ընդամենը տեղական հեռակա ասպիրանտուրան ավարտած և գիտությանը անհայտ ԳՊԿ-ի նախագահը նման կամայականություններով շռայլ ֆինանսավորում յուրայիններին, իսկ ոչ յուայիններին՝ ֆինանսատնտեսական տեռորի ենթարկում կամ իր աղմկահարույց գիտական շառլատանություններով վարկաբեկում երկիրը միջազգային ասպարեզում, կարելի է տեղեկանալ հանրապետության մամուլի բազմաթիվ հրապարակումներից: Ուստի, ԳՊԿ-ի և նրա նախագահի նման գիտաավերիչ գործունեության նկատմամբ ԿԳՆ-ի նախարարի և Ձեր հանդուրժողականությունը արժանի է խիստ քննադատության:

Առաջարկություններ

  1. ՀՀ վարչապետին կից կազմակերպել հանրապետության և սփյուռքի միջազգային  հեղինակություն վայելող գիտնականներից բաղկացած պետական բարձրագույն փորձագիտական մարմին (Ազգային գիտական խորհուրդ (ԱԳԽ)):

Նման խորհրդի առկայության պայմաններում ԿԳՆ-ը կազատվի իրեն ոչ հատուկ և կոռումպածին փորձագիտական գործառույթներից՝ ազատվելով պետական բյուջեի համար հսկայական բեռ դարձած ԳՊԿ-ի և ԿԳՆ-ի համապատասխան  ստորաբաժանումներից, ինչպես նաև գիտության հետ կապը ընդհատած ԳԱԱ-ի ակադեմիկոսների ու թղթակից անդամների հսկայական բանակից:

  1. ԱԳԽ-ի օգնությամբ մշակել  և սահմանել գիտնականների ակտիվության գնահատման և նրանց համապատասխան վարձատրման ժամանակակից համակարգ՝ հրաժարվելով ԽՄ-ից ժառանգած, գիտական ակտիվության հետ կապ չունեցող, տիտուլավճարային վարձատրման արատավոր համակարգերից, ինչպես նաև ԳՊԿ-ի գիտնականների աշխատանքների արդյունավետության գնահատման տգետ մեթոդներից:

  2. Վերը նշված չափորոշիչներով ատեստավորել ԳՊԿ-ի կողմից ֆինանսավորվող գիտական թեմաների ղեկավարներին, ԳԱԱ-ի ակադեմիկոսներին ու թղթակիցներին:

Դրանով իսկ գնահատել ու փաստագրել երկրի իրական գիտական ներուժը: Որպես ելակետային տարբերակ կառաջարկեի օգտագործել 1995 թվականին ՀՀ փոխնախագահ Գագիկ Հարությունյանի ղեկավարությամբ մի խումբ գիտնականների կողմից մշակված գիտնականների ակտիվության գնահատման սանդղակը («Նպատակ» 14.08.1995):

  1. ԱԳԽ-ի օգնությամբ սահմանել գիտական կազմակերպությունների ու խմբերի արդյունավետության  գնահատման չափորոշիչներ, որոնց չբավարարելու դեպքում կազմակերպությունները ենթակա կլինեն լուծարման:

Որպես առաջին քայլ՝ ստուգել միայն 2016թ.-ի գիտական կազմակերպությունների ֆինանսավորման ծավալների համապատասխանությունը նրանց 2016թ.-ի հաշվետվությունների հետ:

  1. Գիտության օպտիմալացումը իրականացնել ոչ թե աղքատությանը գամված գիտաշխատողների թվի կրճատմամբ, այլ իրական գիտաշխատողների թվին գերազանցող գիտավարչական կազմի կրճատմամբ:

Դրա համար անհրաժեշտ է ԳԱԱ-ի համակարգում և հանրապետությունում գործող բազմաթիվ գիտական հաստատությունների ինտեգրացմամբ կազմակերպել 4-5 հետբուհական կրթության գիտաուսումնակիրառական միջազգային կենտրոններ, որոնք կաշխատեն հետբուհական կրթության իրական, այլ ոչ ներկայիս ձևական, կրեդիտային համակարգերով և ի վիճակի կլինեն բնագավառը սպառողականից դարձնել շահութաբեր՝ արտերկրից ֆինանսական միջոցների ներհոսքի հաշվին: Ազատված գիտավարչական կազմի տիտուլավարձերի կրճատումից և ավելորդ անշարժ գույքի վաճառքից առաջացած գումարների հաշվին ամրապնդել վերը նշված կենտրոնների գիտատեխնիկական բազաները ու նրանց գիտաշխատակիցների ներկայիս ամոթալի աղքատավարձը փոխարինել գիտնականին արժանապատիվ աշխատավարձով, որով կխթանվի երիտասարդ գիտնականների մուտքը գիտություն, և կկասեցվի նրանց համատարած արտահոսքը երկրից:

  1. Ժամանակակից դինամիկ զարգացող գիտության դարում, հրաժարվել քարացած գիտակառուցվածքային և հնացած ծրագրերով աշխատող գիտաուսումնական կառույցներից և հանրապետությունում կազմակերպել 3-5 տարով ժամանակավոր կոլեկտիվներ, հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանն անմիջական օժանդակող նորագույն գիտաուսումնակիրառական կենտրոններ, որոնք և կպատրաստեն համապատասխան ուղղություններով գիտական կադրեր՝ չկաղապարվելով ԲՈՀ-ի՝ իրենց արդիականությունը կորցրած մասնագիտական ցուցակներով:

Նախորդ տարիների դառը փորձը հուշում է, որ վերը նշված և չնշված բարեփոխումները չեն կարող կյանքի կոչվել առանց գործող գիտավարչակազմի վերափոխմամբ, որը խափանում է ազգային շահից բխող, բայց կոռուպցիոն շահին հակասող բարեփոխմանն ուղղված ցանկացած քայլ: Իսկ թե ինչպես կարելի է վերակենդանացնել գիտության բնագավառը և նրա ածանցյալը հանդիսացող համալսարանական համակարգը, ավելի մանրամասն շարադրված է Ձեզ ուղարկվող «Հայաստանի Հանրապետությունում դեռ տգիտությունն է ջախջախում գիտությունը» իմ հեղինակած գրքում, որում բերված են Հայաստանի և սփյուռքի մի շարք առաջատար գիտնականների կարծիքները գիտահամալսարանական համակարգի բարեփոխման վերաբերյալ:

Հուսով եմ, որ իմ` ազգային շահով թելադրված քննադատություններն ու առաջարկություններն օգտակար կլինեն Ձեր կողմից ձեռնարկված, խիստ հուսադրող ու ազգանվեր քայլերը ավելի արդյունավետ դարձնելուն, նաև գիտությունը ներկա կոռուպցիոն դաշտից նորմալ մրցակցային դաշտ տեղափոխելու գործում:

Խորին հարգանքով՝

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կենսագիտության ամբիոնի վարիչ,

«Համահայկական գիտական խորհուրդ» հ/կ նախագահ

Պրոֆ. Սիներիկ Հայրապետյան»

լուսանկարը` am.hayazg.info

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter