
Վարչապետն իրավապահներին առաջարկել է խուսափել տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը միջամտելուց
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականը վերաբերել է գործարարության զարգացման և խրախուսմանն ուղղված քայլերին:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համար մեծ կարևորություն ունի պետական մարմինների կողմից բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված նպաստավոր պայմանների ստեղծումը և այնպիսի միջոցառումների ձեռնարկումը, որոնք կապահովեն գործարար միջավայրի անխոչընդոտ զարգացումը: «Այս առումով, շատ կարևոր է նաև ՀՀ կառավարության կողմից ՀՀ քրեական օրենսգրքում՝ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու հանցակազմի հստակեցմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների նախաձեռնումը»,- կառավարության կայքի փոխանցմամբ` նշել է Կարեն Կարապետյանը:
Հաշվի առնելով գործարարության զարգացման և խրախուսմանն ուղղված քայլերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը՝ կառավարության ղեկավարն առաջարկել է ՀՀ իրավապահ մարմիններին, հանցավորության դեմ պայքարում իրենց իրավասության շրջանակում հայեցողական լիազորություններն իրականացնելիս, հնարավորինս խուսափել միջամտելու տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը, իսկ վերջիններիս նկատմամբ բիզնեսը խարխլող կամ այլ կերպ վատթարացնող հարկադրական միջոցներ ձեռնարկել միմիայն ծայրահեղ դեպքերում:
Մեկնաբանել