
Փոփոխություններ են եղել բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին օրենքում
Կառավարությունն այսօր հավանություն է տվել 2017-2018թթ. ՀՀ էներգախնայողության գործողությունների ծրագրի երկրորդ փուլին:
Կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ` գործադիրը առաջնային է համարում էներգախնայողությունը և էներգաարդյունավետությունը որպես երկրի էներգետիկ անվտանգության, տնտեսական մրցունակության բարձրացման և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցման միջոց: «Ծրագրով սահմանված միջոցառումները կօժանդակեն ՀՀ էներգախնայողության քաղաքականության հետագա ձևավորմանը և դրա իրականացման կոնկրետ քայլերի որոշակիացմանը»,- գրված է կառավարության կայքում:
Ծրագրի առաջին փուլի արդյունքներով խնայողությունը կազմել է 8,6 տոկոս, ընթացիկ տարում նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 17,9 տոկոսի: Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է ծրագիրը և հանձնարարել դրա իրականացման նկատմամբ սահմանել հատուկ հսկողություն. «Մենք այստեղ ունենք շատ ռեսուրսներ և արդյունավետության բարձրացման խնդիր»:
Կառավարության հավանությանն է արժանացել նաև «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:
Օրինագծերի ընդունումն անհրաժեշտ է ՀՀ հարկային նոր օրենսգրքով սահմանված՝ մետաղական օգտակար հանածոների վերամշակման արդյունքում խտանյութերի կամ ձուլվածքի ձևով ստացված վերջնական արտադրանքի իրացման համար սահմանված ռոյալթիների հաշվարկման և վճարման կարգը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, ռոյալթիի հաշվարկման բազայի հիմնական մեթոդի կիրառության հիմքերը վերականգնելու նպատակով։
Նախագծով առաջարկվում է հարկային մարմնի կողմից ռոյալթիի բազայի անուղղակի գնահատման եղանակի կիրառության դեպքում կիրառել 80% սահմանաչափ: Սահմանվել է նաև՝ մինչև սույն օրենքի ընդունումը հարկային մարմնի կողմից անուղղակի եղանակով ռոյալթիների վերահաշվարկման դեպքում տույժերից և տուգանքներից ազատումը, անուղղակի եղանակով վերահաշվարկված ռոյալթիների համար հարկային մարմնի ղեկավարին ժամանակացույց սահմանելու իրավասության վերապահումը, նկատի ունենալով օրենքի ուժի մեջ մտնելու հնարավոր ժամկետները՝ 2017թ. հունվարի 1-ից կիրառության կարգավորումը։
Կարեն Կարապետյանը, անդրադառնալով օրինագծերին, կարևորել է դրանց ընդունումը. «Մեր գործարար աշխարհի գործընկերներն են խնդրել այս հարցին ուշադրություն դարձնել: Մաքսիմալ ուշադիր եղեք»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել