HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեք տարվա ազատազրկում՝ Խորենացիում տեղի ունեցածի համար

Ամալյա Մարգարյան

Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի այսօրվա վճռով՝ Խորենացու պողոտայում 2016թ. հուլիսի 20-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործելու մեջ մեղադրվող Սոսո Մարգարյանը, Գագիկ Միքայելյանը և Արսեն Մկրտումյանը դատապարտվեցին երեք տարվա ազատազրկման։

«Ես մասնակցել եմ ցույցին, ընդունել եմ մեղքս, որ քար եմ նետել։ Եթե մեր իշխանությունը նպատակ ունի հայրենասեր ջահել տղերքին դարձնի հանցագործ, տարօրինակ է։ Մենք փորձել ենք թույլ չտալ կատարել արյունահեղություն, մենք լավն ենք ցանկացել»,-դատարանում հայտարարեց Սոսո Մարգարյանը, նշելով, որ հավաքին մասնակցելու անձնական շահ չի ունեցել։

ՌԴ քաղաքացի Սոսո Մարգայանի պաշտպան Արա Զաքարյանը հանդես եկավ միջնորդությամբ, անդրադարձավ ՊՊԾ գնդի գրավմանը և դրան հաջորդող օրերին հասարակության կողմից կազմակերպված հավաքներին, որոնց ժամանակ մասնակցել է նաև իր պաշտպանյալը

«Սոսո Մարգարյանն իր նման մի շարք անձանց հետ գնացել է ՊՊԾ գնդի մոտակա տարածք, որպեսզի իր բացասական համոզմունքը հայտնի իշխանության կողմից «Սասնա ծռերի» դեմ ուժի կիրառմանը, որի դեպքում հնարավոր էր երկու կողմից լինեին զոհեր և վիրավորներ։ Պաշտպանյալս չի կարող ենթարկվել քրեական հետապնդման, քանի որ նրա գործողություններն ուղղված են եղել անիմաստ արյունահեղության կանխմանը, կատարվել են ծայրահեղ անհրաժեշտության արդյունքում»։

Փաստաբանը հավելեց նաև, որ ամբաստանյալը մի քար է նետել այն դեպքում, երբ ոստիկանության կողմից արձակված լուսային նռնակը պայթել է նրա ոտքի մոտ և բեկորային վնասվածք հասցրել։

«Պաշտպանյալիս կողմից նետած քարը մի քանի մետր է թռել և չի կպել որևէ մեկին կամ որևէ մեկի գույքին»,- հավելեց Արա Զաքարյանը։

Պաշտպանն ուշադրության հրավիրեց նաև այն հանգամանքին, որ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ, առանց հավաքը ցրելու համար ժամանակ տրամադրելու։

Ամբաստանյալ Գագիկ Միքայելյանի պաշտպան Անի Զատինյանը դատարան ներկայացրեց իր պաշտպանյալին վերաբերող դրական բնութագրեր, որտեղ նշվում էր, որ Միքայելյանն աշխատում է 142 դպրոցում՝ որպես պատմության  ուսուցիչ, աշխատել է նաև ԳԱԱ-ում։ Ամբաստանյալն իր խնամքի տակ ունի երկու տարեկան երեխա։

Ամբաստանյալ Արսեն Մրտումյանը նույնպես հանդես եկավ վերջին խոսքի«Ես ընդունում եմ իմ մեղքը, զղջում եմ արարքիս համար, խնդրում եմ հնարավորություն տալ ապացուցել, որ այդ արարքն ինքնաբերաբար է կատարվել»։

Բոլոր երեք ամբաստանյալների համար փաստաբանները խնդրեցին կիրառել մեղմ պատիժ կամ պատժի պայմանական չկիրառում։

Դատախազ Հայկ Պետրոսյանը անդրադառնելով պաշտպանական կողմի ելույթերին, նշեց, որ դրանց մեջ առկա են այլընտրանքային տարրեր, իսկ պաշտպան ԱԶաքարյանի ելույթում քաղաքական ենթատեքստ տեսավ

«Ով է ասել, որ իշխանությունը փորձել է հաշվեհարդար տեսնել այդ մարդկանց հետ, իսկ զանգվածային  անկարգությունների մասնակիցները կարողացել են կանխել այն՝ քար նետելով կամ այլ ձևով։ Այդ օրը ոստիկանության աշխատակիցները դրսևորել են ծայրահեղ զսպվածություն»։

Հիշեցնենք, որ դատախազը ամբաստանյալների նկատմամբ երեք տարվա ազատազրկման պատժի կիրառում էր պահանջել։

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի
Սերժ Սարգսյանը «շնորհակալություն» հայտնեց ոստիկաններին, անգամ այն բանից հետո,երբ 2016 թ. հուլիսի 29-ին նույն ոստիկանները՝ խուժան-կրիմինալի հետ միասին՝ խաղաղ ցուցարարներին ու բնակիչներին այդպիսի այլանդա՛կ ձևով վերաբերվեցին: Սերժ Սարգսյանը փաստորեն ողջ աշխարհին ցույց տվեց,որ ինքը նմա՛ն «ոստիկանության» ու խուժան-կրիմինալի կողմի՞ց է: Հուլիսի 29-ին բոլո՛րը տեսան ՀՀ Ոստիկանության իսկական դեմքը: Պերմյակովի գործի ժամանակ ծակները մտած մկնիկներ էին դարձել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter