HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ասմունքի երեկոյից մինչև կանանց մեծարման երեկոներ. մարզերի մշակութային ծրագրերն ու հատկացված գումարները

2017 թ.-ի բյուջեի հավելվածում ներկայացված են նաև մարզպետարանների կողմից իրականացվելիք մշակութային միջոցառումները: Դրանց ցանկը հիմնականում նույնն է՝ գումարներ են տրամադրվում անկախության օրվա, երգի, պարի փառատոների, ասմունքի, նաև կանանց մեծարման երեկոների համար:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս մարզերի մշակութային ծրագրերի համար ամենամեծ գումարը հատակցվել է Սյունիքի մարզպետարանին՝ 7 մլն 171 հազ. դրամ: Այդ գումարից 1 մլն 900 հազ. տրամադրվելու է «Ոսկե աշուն. Սյունիք 2017»-ի, 2 մլն-ը՝ սյունիքյան ամանորի անցկացմանը, 800 հազարական դրամներ՝ «Սյունիք», «Երազ իմ երկիր» փառատոներին, «Սյունիքի մշակութային օրերը ԼՂՀ-ում» շարքին, 817 հազ. դրամ էլ՝ «Մենք ուխտ ունենք միշտ դեպի վեր» ավանդական միջոցառմանը:

Երկրորդ հորիզանականում է Վայոց ձորի մարզպետարանը՝ 4 մլն 938 հազ. դրամ: Հայաստանի անկախության տոնին նվիրված միջոցառման համար 250 հազ. է հատկացվել, նույնքան գումար՝ ստեղծագործող կանանց մեծարման երեկոյի համար, «Մշակութային Վայոց ձոր» լուսանկարիչների ցուցահանդեսին: Ամենամեծ գումարը՝ 768 հազ. դրամ, ուղղվելու է «Բերքի տոն» գյուղատնտեսական ցուցահանդեսին, 360 հազ.՝ «Երգող Վայոց ձոր» մարզային երգչախմբային փառատոնին, 350 հազ.՝ ուսուցչի տոնին նվիրված միջոցառմանը, 300 հազարական դրամ էլ՝ տարեմուտի հանդեսին, կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, դեկորատիվ-կիրառական արվեստի, մանկական թատերական, «Ժողովրդական արվեստ» մանկապատանեկան երաժշտական փառատոներին: 205 հազարական դրամ էլ տրամադրվելու է «Կոմիտասյան օրեր» և «Ֆրանկոֆոնիայի օրը Վայոց ձորում» միջոցառումներին:

Լոռու մարզպետարանին տրամադրված 3 մլն 542 հազ. դրամից 1 մլն 105 հազ.-ը ազգային նվագարանների, ժողովրդական երգի, պարի և ասմունքի մրցույթ-փառատոնին է ուղղվելու, 880 հազ.-ը՝ «Վարդավառ» ժողովրդական տոնի կազմակերպմանը, 900 հազ.-ը՝ «Լոռի-Արցախ» մշակութային օրվան:

Արագածոտնի մարզպետարանին հատկացվել է 3 մլն 278 հազ. դրամ: Այստեղ ամենամեծ գումարը՝ 860 հազ. դրամ, Հայաստանի անկախության օրվան նվիրված միջոցառմանն է ուղղվելու: Վարդգես Պետրոսյանի 85-ամյակի և Պերճ Պռոշյանի 180-ամյակին նվիրված միջոցառումներին էլ՝ 300 և 400 հազ. դրամ:

Արարատի մարզպետարանին տրամադրվել է 3 մլն 195 հազ. դրամ: Այդ գումարից դասական երաժշտության մարզային փառատոնին՝ 520 հազ., պոեզիայի տոնի համար՝ 245 հազ., ասմունքի մարզային փառատոնին՝ 480 հազ. դրամ, իսկ «Մշակույթի ոլորտի շնորհալիները» միջոցառմանը՝ 500 հազ. դրամ:

Արմավիրի մարզպետարանում միջոցառումների ցանկն ավելի սեղմ է: Բյուջեից տրամադրված 2 մլն 563 հազ. դրամից ավելի քան 1 մլն-ը հատկացվելու Հայաստանի անկախության տոնի միջոցառմանը, 1 մլն 550 հազ.-ն էլ՝ Սարդարապատի հերոսամարտի և հայոց պետականության վերականգնման օրվան նվիրված միջոցառմանը:

Գեղարքունիքի մարզպետարանին հատկացվել է 3 մլն 278 հազ. դրամ: Այստեղ գումարն ուղղվելու է «Գեղամա աշխարհ» ժողովրդական երգի մարզային մրցույթ-փառատոնին՝ 405 հազ., «Հայրենի եզերք» բարբառների փառատոնին՝ 350 հազ. դրամ, Գեղարքունիք-Արցախ մշակութային օրվան՝ 530 հազ., և այլն:

2 մլն 404 հազ. դրամ ուղղվել է Կոտայքի մարզպետարանին: Միջոցառումների մեջ տեղ են գտել ասմունքի մարզային մրցույթ-փառատոնը՝ 260 հազ. դրամ, «Կոտայքի ձմեռ» մարզային տոնախմբությունը՝ 470 հազ., ժողովրդական արհեստագործության պահպանմանն ու զարգացմանը նվիրված մարզային ցուցահանդեսին՝ 354 հազ. դրամ, և այլն:

Շիրակի մարզպետարանի 3 մլն 457 հազ. դրամից ամենամեծ գումարը՝ 1 մլն 600 հազ.-ը, տրամադրվելու է «Մինասի գույներով» խորագիրը կրող երիտասարդ նկարիչների պլեներ (նկարչություն բաց երկնքի տակ) միջոցառման համար, 400 հազ. էլ հատակցվելու է Շիրակ-Ջավախք մշակութային միջոցառմանը:

Տավուշի մարզպետարանին տրվելիք 3 մլն 442 հազ. դրամից 700 հազ.-ն ուղղվելու է «Մեծարման երեկո»-ին, 690 հազ.-ը՝ «Հանդիպում հրաշքի հետ» (երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառում), 725 հազ.-ը՝ «Տավուշ աշխարհի հրաշեկ գույները», 677 հազ.-՝ «Հանդիպում գարնան և հաղթանակների հետ» միջոցառումներին:

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter