HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Նորածինները կստանան իրենց դրամական օժանդակությունը

Կարինե Դանիելյան
Սառա Պետրոսյան

Եթե կարողանան հաղթահարել բոլոր պայմանականությունները

Կամարիսցի Գայանե Ներսիսյանի երեք երեխաները չունեն ծննդյան վկայականներ: Հայաստանի կառավարության որոշմամբ հոկտեմբերի 1-ից նորածիններին իբրեւ օժանդակություն տրվող միանվագ նպաստը նախկին 5900 դրամի փոխարեն դարձավ 35 հազար դրամ: Մասնագետները գտնում են, որ գումարի հավելումը կնպաստի նորածինների ծնունդը ժամանակին գրանցելուն, որն էլ իր հերթին որոշ չափով կնպաստի հանրապետությունում ծնելիության ճիշտ վիճակագրության ձեւավորմանը: Իհարկե, գումարի չափը շահագրգռող է քաղաքացու ծնունդը ժամանակին գրանցելու հարցում, սակայն, այն էական ազդեցություն չի կարող ունենալ, քանի դեռ ոչինչ չի արվել քաղաքացու ծննդի գրանցումը կարգավորելու եւ տնային ծնունդները բացառելու համար, որոնք մեծ տոկոս են կազմում հանրապետությունում: 

Ընդ որում, մեր կատարած հետազոտությունները, ինչպես նաեւ խնդրին առնչվող մասնագետները հաստատում են, որ բազում դժվարություններ կան ոչ միայն տնային ծնունդները այլեւ ծննդատանը ծնվածներին գրանցելու հարցում: Երեխաներից շատերի ծնունդը չի գրանցվում հենց միայն այն պատճառով, որ ծնողը նոր անձնագիր չունի: Մարդու իրավունքների պաշտպաններն այս փաստարկը երեխայի իրավունքի ոտնահարում են համարում, ասելով, որ պետությունը պարտավոր է ցանկացած ծնված երեխայի գրանցել առանց նախապայմանի եւ անվճար, հետագայում էլ անվճար անձնագիր տալ:

Մասնագետների կարծիքով այստեղ օրենսդրական բաց կա, որն անպայմանորեն պետք է շտկվի, քանի որ սա վիճակագրական խնդիր է պետության համար: Գործող կարգի համաձայն երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ դրամական նպաստը կարող են ստանալ երեխայի ծնվելուց մինչեւ 6 ամսվա ընթացքում՝ սոցիալական ապահովության տարածքային կենտրոնից: Այսինքն, երեխայի ծնունդը 6 ամիս հետո գրանցելու դեպքում նրանք զրկվում են նպաստից: Հետեւելով միայն տարվա ընթացքում ՔԿԱԳ յուրաքանչյուր բաժնում գրանցված ծննդի վերականգնումների թվին՝ իսկ վերականգնում կատարվում է երեխայի 1 տարին լրանալուց հետո՝ պարզ կդառնա, թե քանիսին է հասու միանվագ նպաստը: Միայն Աբովյանի վարչատարածքում 2003թ.-ի սեպտեմբեր ամսվա տվյալներով 57 ծննդի վերականգնում է արվել, սակայն մենք բացահայտեցինք մեծ թվով երեխաների, որոնք արդեն նախադպրոցական տարիքում էին, բայց նրանց ծնունդը գրանցված չէր: Մի մասը տեղյակ չէր, որ նման նպաստ գոյություն ունի: Ոմանք էլ նշում էին, որ երեխաներից մեկի համար ստացել են, իսկ մյուսին՝ անհասկանալի պատճառներով չեն տվել: 

 Նպաստից զրկվելու այլ պատճառներ էլ կան. որեւէ օրենքով չի սահմանվում նույնպես, որ գյուղացուն կարող են զրկել անհրաժեշտ տեղեկանքներից, եթե կենսաթոշակային ֆոնդին վճարումներ չի արել կամ հողի հարկը չի մուծել: Սակայն, կենսաթոշակային ֆոնդը նույնպես սահմանվածից դուրս հավելյալ պահանջվող փաստաթղթերով, որոնք, նրանց ասելով, իրենց ապահովագրելու համար են, գյուղաբնակներին պարտադրում են անպայման ներկայանալ համայնքապետարան եւ տեղեկանքն ստանալու համար առաջին հերթին վճարել հարկերը: Գյուղապետարանն, իհարկե, տեղեկանքներ չի տա, եթե հողի հարկը չեն վճարել կամ հողի եկամտից կենսաթոշակային ֆոնդին վճարումներ չեն արել: 

Բացի նշվածներից, գյուղաբնակների միանվագ նպաստն ստանալուն շատ դեպքերում խանգարում է նաեւ գյուղերի հեռավորությունն ու կտրվածությունը շրջկենտրոնից: Եղվարդի սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի առաջատար մասնագետ Սեյրան Կոնդյանը նույնպես համոզված է, որ շատերը գալու համար են դժվարանում, այդ պատճառով էլ հրաժարվում են միանվագ նպաստից: «Երեխայի ծնունդը գրանցելուց հետո մեզ հարցնում են, թե ինչ փաստաթուղթ է պետք, հետո մեկ անգամ պետք է գա փաստաթղթերը ներկայացնի, մեկ անգամ էլ պետք է գա գումարը ստանալու, մինչդեռ կարելի էր նույնիսկ փոստով փոխանցել»: Լուրջ դժվարություն է առաջացնում նաեւ այն պարտադիր պայմանը, որ նպաստն անպայման պետք է մայրը ստանա: Մոր ներկայանալը դժվար է, որովհետեւ երեխային կերակրում է եւ ժամերով չի կարող բացակայել: Պրն. Կոնդյանի կարծիքով, նկատի չի առնվել այն հանգամանքը, որ բազմաթիվ գյուղեր կամ զրկված են փոխադրամիջոցից, կամ օրվա մեջ մեկ անգամ է այնտեղ տրանսպորտ մտնում: Նման դեպքերում մայրը, բնականաբար, չի կարող դիմել գումարն ստանալու համար: 

 Շատերը հայտնում էին, որ, նշված պատճառներից ելնելով, կամովին հրաժարվել են երեխայի միանվագ նպաստից. փաստաթղթերը չեն ներկայացրել կամ ներկայացրել են՝ չեն տվել հողի հարկը չվճարելու պատճառով: Սակայն, Աբովյանի վարչատարածքի կենսաթոշակների նշանակման բաժնի պետ Գայանե Ղազարյանն ասաց, որ իրենք նպաստները հողի հարկի չվճարումով չեն պայմանավորում: Հայտնեց, որ 99թ. բոլոր մարզպետներին, քաղաքապետերին, թաղապետերին գրավոր զգուշացված է, որ տեղեկանքների տրամադրումը չկապեն ընտանիքի, բնակարանային, կոմունալ եւ այլ վարձերի հետ: Պարզաբանեց նաեւ, որ սոցիալական ծառայության աշխատակիցը չի կարող հսկել գյուղապետերի այս կամ այն տեղեկանքը չտրամադրելու պատճառները եւ ոչ էլ կարող է ամեն մեկի հետ գնալ երբեմն մինչեւ ծայրամասային գյուղեր՝ իսկությունը պարզելու համար: Գ. Ղազարյանը նույնպես գտնում է, որ միանվագ նպաստն ստանալու ներկայիս սահմանված կարգը արդարացված չէ: «Քիչ է լինում, որ մարդիկ տեղականքներն ուշացնեն, չգան ստանան: Բայց, մի անգամ պետք է գա հարցնի՝ թե ինչ տեղեկանք է անհրաժեշտ, հետո պետք է փաստաթղթերը ներկայացնի, կարող է մի անգամ էլ գա ու գումար չլինի: Մի խոսքով, գումարը ծախսի ճանապարհին ու գնա»: 

Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նպաստից զրկվելու հիմնավոր պատճառ է նաեւ տեղեկատվություն չունենալը. ովքեր ժամանակին չեն դիմել երեխայի ծնունդը գրանցելու համար, անտեղյակ են, որ միանվագ դրամական օժանդակություն կարող են ստանալ: Բազմաթիվ էին դեպքերը, երբ մայրերը պատմում էին, որ երեխաներից մեկի ծննդյան միանվագ նպաստն ստացել են, մյուսինը` ոչ եւ չգիտեն, թե ինչու չեն տալիս: Նման դեպքերում, իհարկե, քաղաքացիները մերժելու պատճառները պարզելու նախաձեռնություն հանդես չեն բերում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter