HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանից դուրս հայկական օդանավերը «թեւեր են առնում»

«Հետքը» պարբերաբար գրել է, որ Հայաստանում գրանցված օդանավերը՝ բեռնատար, թե մարդատար, գլխավորապես աշխատում են արտերկրում, ինչը հետեւանք է մի շարք գործոնների, այդ թվում եւ՝ նրա, որ ՀՀ-ում ավիացիոն տնտեսվարողների համար միջավայրն այնքան բարենպաստ չէ, որքան արտերկրում:

2016-ի ապրիլի դրությամբ ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցված էր 29 օդանավ, ինչը չնչին թիվ է մի ամբողջ երկրի պարագայում: Դրանց գերակշիռ մասն աշխատել է դրսում: Վիճակը չի փոխվել նաեւ այսօր:

Այն ժամանակ Հայաստանը չուներ գեթ մեկ ավիափոխադրող, ով պետական համապատասխան ատյաններից կանոնավոր ուղեւորափոխադրումներ կատարելու թույլտվություն կունենար: Հիմա նման իրավունք ունեն «Արմենիան» եւ «Տարոն-Ավիան»: Սակայն առաջինը, որը վրացական կապիտալով ընկերություն է, Հայաստանում շահագործում է միայն մեկ հատ «Boeing 737-500» (գրանցման համարը՝ EK-73736), երկրորդ օդանավը, չնայած նույնպես գրանցված է Հայաստանում («Boeing 737-700», EK-73786), թռչում է Թբիլիսի-Մոսկվա գծով: Իսկ «Տարոն-Ավիայի» 3 հատ «Boeing 737-500»-ներից երկուսը (EK-73775 եւ EK-73772) 2015-ից վարձակալական հիմունքներով շահագործվում են սուդանական «Badr Airlines»-ի կողմից: Ընկերության 3-րդ նմանատիպ ինքնաթիռը Կոնգոյում եւ Սուդանում որոշ ժամանակ շահագործվելուց հետո հիմա, ըստ ավիացիոն տեղեկատուների, կանգնած է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում:

«Զվարթնոց» օդանավակայանում բավականին երկար ժամանակ պարապուրդի մատնված մեկ այլ հայկական ինքնաթիռ այսօր շահագործվում է Մոլդովայում: Խոսքը EK-32008 գրանցման համարով «Airbus 320-211»-ի մասին է: Այս օդանավին նախկինում տարբեր առիթներով անդրադարձել ենք: 2003-2013 թթ. այն գտնվում էր Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիայի» շարժակազմում: «Արմավիայի» անկումից հետո դրա շահագործող գրանցվեց հայկական «Atlantis European Airways» ընկերությունը, որը պատկանում է ՔԱԳՎ պետի նախկին տեղակալ, ՀՀ-ում Ավստրիայի պատվո հյուպատոս Արամ Մարությանին: Իսկ օդանավի սեփականատերը «Յունիբանկն» է, որը սնանկացած «Արմավիայի» գլխավոր պարտատերերից է:

ՔԱԳՎ-ում «Atlantis»-ի անունով գրանցված օդանավն այդպես էլ չշահագործվեց՝ միայն հատուկենտ տեխնիկական թռիչքներ կատարելով: Հիշեցնենք, որ Մարությանի՝ օդանավ շահագործողի վկայական եւ IATA-ի ու ICAO-ի կոդեր ունեցող ավիաընկերությունը բավարարվում է համատեղ (codeshare) թռիչքներ կատարելով «Ավստրիական ավիաուղիների» հետ (նախկինում՝ նաեւ «Չեխականի»), այսինքն՝ հայկական ընկերությունը միայն տոմսեր է վաճառում:

Ավիացիոն տեղեկատուները հայտնում են, որ 2016-ի օգոստոսից EK-32008-ը վարձակալական հիմունքներով մոլդովական «Fly One» ավիաընկերության տրամադրության տակ է: Եթե ինքնաթիռը կրում է հայկական համար, ուրեմն գրանցված է ՀՀ-ում եւ, ըստ էության, հենց «Atlantis»-ի պատասխանատվության ներքո է: Իրավիճակը նման է «Տարոն-Ավիայի» օդանավերի պարագային, որոնք Աֆրիկայում շահագործվում են հայկական անձնակազմերի կողմից: Նման վարձակալությունը, երբ օդանավը, անձնակազմը, տեխսպասարկումն ու  ապահովագրությունը մատակարարի՝ վարձով տվողի պատասխանատվության տակ են, կոչվում է «թաց լիզինգ»:

«Fly One»-ը, ի տարբերություն 1999-ին հիմնադրված «Atlantis»-ի, երիտասարդ ընկերություն է, ստեղծվել է 2015-ի սեպտեմբերին Քիշնեւում, իսկ արդեն 2016-ի մարտին ստացել օդանավ շահագործողի վկայական ու ապրիլից սկսել թռիչքները: Ընկերությունը, ըստ պաշտոնական կայքի, ներկայում շահագործում է 13 ուղղություն, որոնք մեծ պահանջարկ ունեն: Ըստ մոլդովական մամուլի՝ այս նորաթուխ ընկերությանը տրված նման հնարավորությունը մեծապես վնասում է ազգային ավիափոխադրող «Air Moldova»-ի շահերին: Բայց հետաքրքիրն այն է, որ «Fly One»-ը ունի ընդամենը 3 ինքնաթիռ, որոնցից երկուսը վարձակալված են Հայաստանից եւ Լիտվայից:

Իսկ ընկերության առաջընթացի գաղտնիքներից մեկն այն է, որ դրա հիմնադրման ժամանակ 40-ական տոկոսի բաժնետեր են եղել Մարիա Չեբոտարը, որը Մոլդովայի արդարադատության նախարարի կինն է, եւ Տուդոր Կարաբաջակը, որին կապում են երկրի քաղավիացիայի գերատեսչության նախկին ղեկավար Միրչա Մալեկայի հետ: Մնացած 20 տոկոսի սեփականատերը ռումինացի օդաչու Նիկու-Ադրիան Բերլան է: Անցյալ աշնանը մոլդովական մամուլը գրեց, որ նախարարի կինն իր 40 տոկոսը փոխանցել է Անդրեյ Ցուրկանին, ով նախարար Վլադիմիր Չեբոտարի հետ նախկինում աշխատել է «Air Moldova»-ում:

Ներկայում հայկական EK-32008-ը Քիշնեւից չվերթներ է կատարում տարբեր ուղղություններով: Հարց է ծագում՝ ավելի լավ է, որ ՀՀ գրանցում ունեցող օդանավը մնա Հայաստանում, բայց չշահագործվի՞, թե՞ օտար երկնքում ծառայի իր վարձակալին՝ անմասն չթողնելով նաեւ հայ տերերին: Պատասխանն ակնհայտ է:      

Լուսանկարում՝ մոլդովական փոխադրողի հայկական օդանավը՝ Մոսկվայում (Դմիտրի Օսիպով, airliners.net)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter