ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Հեղափոխությու՞ն, թե՞ վերածնունդ



Քսան տարվա դադարից հետո Հայաստան է վերադարձել գեղագիր Ռուբեն Մալայանը: Երկար տարիների բացակայությունից հետո Ռուբենի համար Հայաստան վերադառնալը գիտակցական եւ խիստ կարեւոր հարց է եղել: Այնտեղ, որտեղ զրուցում էինք Ռուբենի հետ, սեղանին դրված էր Գեղագրության դասագրքի նմուշը: Ռուբենը վերադարձել է Հայաստան` փոփոխություններ անելու կամային որոշմամբ:

Իսրայել, Հնդկաստան, Հոլանդիա... Այստեղից գնալիս քսան տարի առաջ ինչ-որ հարցեր, խնդիրներ կային: Եվ ահա, այդքան մեծ ընդմիջումից հետո դու Հայաստանում ես: Այդ հարցերի պատասխաններն արդեն ստացա՞ր:

Ինչ-որ մեկը, եթե երկար ապրում է դրսում եւ հետ է գալիս, ինչ-որ հարցեր եւ խնդիրներ է ունենում: Ես գնալուց առաջ 21 տարի Հայաստանում եմ ապրել: Այստեղ եմ դպրոց գնացել, ավարտել Գեղարվեստի ակադեմիան, բայց ոտքի կանգնել եմ դրսում: Ինձ համար քսան տարվա բացակայությունը (ոչ միայն Երեւանից, քանի որ Հայաստանը շատ ավելի լայն է, քան քաղաքը), երկու տեսակի փոփոխության է հանգեցրել. ապրել ենք քսան տարի ես եւ Հայաստանը. ես` անձնական փոփոխություն, Հայաստանը` ներքին:

Սա դառնում է հոգեբանական խնդիր... Ու, եթե արվեստի մարդ չլինեի, ավելի տրիվիալ խնդիրների առաջ կկանգնեի... Հիմա ինձ հետաքրքում է` իմ երկիրն ինչի՞ միջով է անցել, ես ո՞նց պետք է ընդունեմ...Պատասխաններ շատ քիչ ունեմ: Բայց ամենակարեւոր պատասխանն, իհարկե, իմ մեջ կա. դա այն է, որ, այո, ես ուզում էի հետ գալ, այստեղ ապրել... Մնացյալն ընթացքի հարցեր են:

հայկական երկաթագիր այբուբեն

Խոսքն ամեն երկրում եւ քաղաքում առաջացող հարցերի մասին չէ: Դու գնացիր Հայաստանից այն տարիներին, երբ երկիրն իր առջեւ դրված շատ հարցեր ուներ... Հայաստանը դեռ ունի՞ այդ հարցերը, թե՞ դրանց պատասխանները դու ունես:

Ես միակ դեպքը չեմ: Գնալ, լքել Հայաստանը` իմ որոշումը չէր. քսանմեկ տարեկան էի, հայրս կարիք ուներ վիրահատության, երբ 1993 թ. նույնիսկ լույս չկար: Ես ստիպված էի գնալ, քանի որ նրան այստեղ վիրահատել չէին կարող... Բայց, այ, հետ գալ Հայաստան` իմ որոշումն էր: Հոգեբանական առումով մեծ տարբերություն կա. դու պայքարում ես մի որոշման դեմ երկար տարիներ, որ դու չես կայացրել: Եվ, ի վերջո, կայացնում ես քո որոշումը: Իմ վերադարձը լրիվ տրամաբանական եւ հոգեկան որոշում էր: Ես պատրաստ եմ հարցեր լուծելու:

Գեղագրությունը, որով դու զբաղվում ես, շատ դժվարամարս արվեստ եւ մտածողության ձեւ է ... Հայաստանն այժմ, կարծես թե, նորն է ընդունում, իսկ դու այդ արվեստով հինն ես վերածնելու...Կկարողանա՞ս այս հանրույթի համար ինչ-որ բան անել:

Իմ նպատակը շատ ավելի լայն է, քան այստեղ գիրք հրատարակելը գեղագրության մասին: Այս պահին չկա մի գիրք, որը նվիրված է գեղագրությանը: Իսկ դա մեր պատմությունն է յուրովի: Իմ նպատակն այս առումով շատ կարեւոր է. գեղագրությունը հետ բերել դպրոց, քանի որ դասական կրթության մի մասն է:

Մենք շատ տարբեր տեղերում ունենք գեղագրությանը նվիրված գրքեր` Նոր Նախիջեւանից սկսած, վերջացրած Լայպցիգով եւ Մոսկվայով: Եվ գիտեմ` դա ինչ փոփոխություն կլինի ապագա սերնդի համար: Ես ինքս կկարողանամ դա անել, բայց գեղագրությունը որպես առարկա դպրոցական ծրագրում ներառելը պետության աջակցության կարիքն ունի: Սա եւ մեր, եւ սփյուռքի խնդիրն է: Իսկ այսպես եթե շարունակվի, կրթական համակարգում քարը քարի վրա չի մնա:

նոտրգիր տառատեսակների կառուցում

Պատկերացնենք` դասագիրքը պատրաստ է, եւ դու ստացել ես պետական աջակցություն. գիրքը աշակերտի սեղանին է... Մեխանիզմներ կա՞ն, որոնք ծրագիրը կծառայեցնեն իր բուն նպատակին:

Օրինակ բերեմ. անցյալ տարի մեկ ամսով եկա Հայաստան եւ վերադառնալուս նախորդ օրը մտա երեւանյան դպրոցներից մեկը: Տնօրենի հետ խոսեցի, բացատրեցի` ես ով եմ եւ ասացի` լուսանկարներ եմ ուզում անել, թե ինչպես են երեխաները սովորում գրել: Ասաց` խնդրեմ: Մտա առաջին դասարան: Արտագրում էին իրենց դիմաց դրված հայկական այբուբենը, որն ամենատգեղ եւ պրիմիտիվ տեսակն է մեր գրերի:

Հասարակ մի բան. եթե երեխաներն իրենց օրը սկսեն գեղեցիկ տառ գրելով ու «Այբ»-ի նոր ձեւ սովորեն, իրենց ամբողջ օրը ընթանալու է այդ տրամադրությամբ: Գեղեցիկի տրամադրությամբ: Այն փոխելու է մտածողության ձեւը: Աշակերտը պետք է մտածի` մի ֆորման ինչպես է փոխվում մյուսի:

Ես, կրթական համակարգի ներկայիս խնդիրներն իմանալով, այլ լուծումներ եմ տեսնում: Իմ կարծիքով` ավելի պրակտիկ կլինի ստեղծել մի ֆոնդ, որը տարբեր ֆինանսական ռեսուրսներ կունենա: Այնուհետեւ պատրաստել հատուկ ուսուցիչների եւ պետությունից միայն խնդրել դպրոցական հիմնական ծրագրում ներառել առարկան: Մեզ գումար պետք չէ. միայն թույլտվություն:

Հիմա դպրոցներում շախմատի ուսուցման առարկա կա, չէ՞... Ու էդ շախմատային մեկ քայլով կարող է մի ամբողջ նոր սերունդ մեծանալ... Այսպիսի փոփոխություններ են պետք... Այլապես ապագա սերունդը հույս չունի ստեղծարար մեծանալու: Այս դեպքում ինչու՞ չկիրառել գեղագրություն սովորելու փորձը. սա գիտակցական, հեղափոխական քայլ կլինի:

աղվանագիր

Քո նշած «գաղափարական» սերունդն աճելու է եւ լքի՞ երկիրը ստեղծարար հարթակ չունենալու պատճառով...

Հիմա մենք կորցրել ենք մեր հպարտությունը, մենք կորցրել ենք «հայի» հասկացությունը: Շատերը չեն կարող միանշանակ պատասխան տալ` հայ լինելով հանդերձ: Դրա համար պետք է կարեւորվի մշակույթը. ազգը վերածնունդ ապրի: Միայն այդպես մենք կկարողանանք հպարտ սերունդ մեծացնել` ազգային մշակույթի կարեւորության գիտակցությամբ: Փոփոխությունը մեր տանը կանենք: Նրանք կգնան, կճամփորդեն, կսովորեն եւ կվեարդառնան:

Վերադարձողներն իրենց հետ բերում են այնտեղ ձեւավորված արժեքները...

Այո, մենք նորն ընդունում ենք` ոչնչացնելով մեր արմատները, մենք կառուցում ենք շենքը ոչ թե հիմքից, այլ կտուրից... Էն մարդիկ, որոնք կարճ ճանապարհ են ընտրում, ամենն անում են ազդեցության տակ, բայց ամեն փայլող բան չի, որ ոսկի է... Մենք լավը վատից հիմա չենք տարբերում: Հայրս էլ, խորապես համոզված լինելով դրանում, գծանկարչություն էր դասավանդում եւ հետո միայն այդ հիմքի վրա ասում էր` դու ազատ ես ընտրելու ոճը, ազդեցությունը:

Մեր դասական արվեստը չենք կարող ոչնչացնել ու էդ քարերի վրա փոփ-արտ ստեղծել: Հնարավոր է նույնիսկ` էդ փոփ-արտը մի քանի տարի անց իսպառ վերանա, որովհետեւ ժամանակով ստուգված չի ...Իսկ դասական արվեստը ժամանակի միջով է անցել, ստուգված է: Եվ հենց դրա համար երկրից դուրս եկած հայն արդեն ֆունդամենտալ գիտելիքներ պետք է ունենա:

Ամեն հինը չես կարող բերել, ներդնել: Հինն էլ պետք է հարմարվի 21-րդ դարին: Ես կհարմարվեմ տեխնոլոգիային, բայց արժեքը նույնը կմնա:

Ինչպես լավ մարդը չի կորցնում իր տեսակը` որ դարում էլ ապրելիս լինի, այնպես էլ արժեքները չեն փոխվում. փոխվում է միայն իրավիճակը: Այդպես է նաեւ քաղաքականության մեջ. մեզ հիմա հեղափոխություն պետք չի. քարը քարի վրա չի մնա: Մեզ վերածնունդ է պետք... Մենք պետք է արժեքներ հետ բերենք:

Ռուբեն Մալայանը վերադարձել է Հայաստան «վերածննդի» իր ծրագրով... Այո՞:

Ոչ միայն ես... Այդպիսի նպատակ ունեն իմ ընկերները, ովքեր երկար տարիներ ապրել են դրսում: Ես, մենք գնալու տեղ չունենք ... Ունեմ անձնագիր, որն ինձ թույլ է տալիս ամեն տեղ գնալ, բայց սրտիս համար այդպիսի սահմանումներ չկան...Իսկ ներքին խնդիրները կարճատեսության արդյունք են: Եթե մենք շարունակենք կարճատես մնալ, ոչինչ իրականացնել չենք կարող: Հարցնենք պատահական մարդու. 30 տարի անց կլինի՞ Հայաստան... Այս հարցը ծագում է միայն այն պատճառով, որ մենք չունենք մշակված խորը ծրագիր. օդ շարժելու փոխարեն հստակ կոնսենսուսով ծրագիր է պետք ունենալ, որը մեզ ցույց կտա ճիշտ ճանապարհը...Ու էս քաոսը կվերանա...

Հ.Գ. Ռուբեն Մալայանի աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ` http://15levels.com/ art/armeniancalligraphy


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (3)
1. Ընթերցող15:51 - 3 դեկտեմբերի, 2011
հրաշալի աշխատանքներ են )
2. parz hay mard01:15 - 5 դեկտեմբերի, 2011
Ճիշտ է, վերածնունդ և բարեփոխումներ, սակայն ոչ երբեք Հեղափոխություն։ Չարաբաստիկ հեղափոխություններն իրենց հետ բերում են միշտ բացսական հետևանքններ։ Մենք փոքր ազգ ենք, այդպիսի ակածախնդրությունների կարիքը չունենք։
3. Թլկատինցի20:50 - 16 հուլիսի, 2013
Մտքի յեղափոխութիւն՝ անպայման:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ