HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արծվիկ Մինասյան. «Հայաստանի շրջակա միջավայրը հայտնվել է ծանր վիճակում»

«Հետքի» հարցերին պատասխանում է Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը

-Ինչպե՞ս եք գնահատում մեր երկրի բնապահպանական անվտանգությունը: 

-Անկեղծ պետք է ասեմ, որ իմ գնահատականը բարձր չէ: Ավելին, կան հսկայական ռիսկեր, որոնք առանձին դեպքերում առարկայական դրսևորում են ստացել, որի հետևանքով այսօր  շրջակա միջավայրը հայտնվել է ծանր վիճակում: Սրա հիմնական պատճառն այն է, որ տնտեսական և բնապահպանական նախաձեռնությունների հավասարակշռումը միշտ ստորադասվել է առաջին գործողությանը՝ տնտեսական նախաձեռնությանը: Իմ խորին համոզմամբ, բնական կապիտալը, որ մեր շրջակա միջավայրն է իր բոլոր տարրերով՝ հող, ջուր, ընդերք, մթնոլորտ, բուսական, կենդանական աշխարհն ու դրանց  դրսևորումները մենք որպես պետություն չենք արժևորել: Իսկ ցանկացած գործունեություն, որպեսզի կարողանանք գնահատել, պետք է իմանանք, թե ինչ արժեքի դիմաց է դա իրականացվում: Եթե մենք բնական կապիտալը արժևորած լինեինք, վստահ եմ,որ հանքարդյունաբերական շատ նախաձեռնություններ կամ չէին իրականացվի, կամ կիրականացվեին այնպիսի պահանջներով, որոնք թույլ չէին տա նման վիճակի առաջացում: Իսկ վիճակի արտացոլանքը նաև մարդկանց առողջության վրա է: Այս տեսակետից մենք ունենք անվտանգության շատ լուրջ խնդիր: Մենք խոսում ենք արդեն սերունդների անվտանգության մասին: 

- Ալավերդին այդ արտացոլանքներից է, 700-ից ավելի քաղցկեղով հիվանդ է գրանցված բժշկական կենտրոնում: Մի մասը նաև հարևան գյուղերից է: Պատճառը այդպես էլ չի բացահայտվում: 

-Ես ուզում եմ այդ առնչությամբ արձագանքել, որ մեր համակարգի բացասական կողմերից մեկն էլ այն է, որ պատճառահետևանքային կապը լիարժեք չի ներկայացվում, և սա խնդիր է: Այդ հարցադրումը մենք դրել ենք. «Լավ, այդտեղ ունենք հանքարդյունաբերական ձեռնարկություն, որն արտանետումներ է իրականացնում: Որքա՞ն պատճառական կապ կա այդ տարածքում ապրող բնակչության հիվանդությունների և ձեր արտանետումների միջև»: Այդ ձեռնակությունների տերերը մեզ հետ շանտաժի լեզվով էլ խոսում են, ասում են՝ մի հատ նախ ապացուցեք՝ արդյոք մեր գործունեության հետևանքով է դա, ապա մեր նկատմամբ պահանջներ սահմանեք: Սա պարտադրում է մեզ հիմնարար քայլեր իրականացնել: Դրա համար եմ ասում, որ բնապահպանական անվտանգության և առհասարակ շրջակա միջավայրի պահպանության շատ լուրջ վերանայումների կարիք ունենք: 

-2016թ. սեպտեմբերի 23-ին «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը  խնդրել  էր  կառավարությանը ևս 5 տարով երկարաձգել Ալավերդու պղնձաձուլական գործարանի  անթույլատրելի արտանետումները: Ի՞նչ լուծում է ստացել ընկերության պահանջը: 

-Կառավարությունից գրությունը եկել է բնապահպանության նախարարություն: Մենք մի քանի քննարկում ենք իրականացրել և  եկել ենք այն համոզման, որ այս պահին դրա իրավասությունը չունենք: Ավելին, դա չունի նաև կառավարությունը, որովհետև ընկերությանը տրված է եղել պղնձաձուլական գործարանի տեխնոլոգիաները արդիականացնելու և արտանետումները նվազեցնելու հնարավորություն: Եթե ընկերությանը դա չի հաջողվել, ապա հարցի լուծումը այլևս գործադիր մարմնի իրավասությունից դուրս է: Այդ հարցը կարող է լուծվել միայն օրենսդիր մարմնում, մասնավորապես՝ այն դեպքում, եթե հստակ օրենքում նախատեսված երաշխիքներ լինեն, որ ներդրվելու են ժամանակակից տեխնոլոգիաներ: Ի վերջո, որպես բնապահպանության նախարար ինձ չեն հետաքրքրում նրանց բնապահպանական և բնօգտագործման վճարները: Ավելի լավ է էդ վճարները չտան, բայց կիրառեն ժամանակակից նորմալ տեխնոլոգիաներ: Եթե ի վիճակի չեն փոխել տեխնոլոգիաները, առաջարկվել է ներկայացնել շատ ավելի հիմնարար՝ պղնձաձուլարանի կառուցման ծրագիր: Երբ կներկայացվի համարժեք ներդրումային ծրագիր, որը թույլ կտա հարցը հիմնարար ձեւով լուծել, այն ժամանակ օրենսդիր մարմինը այս հարցը կարող է քննարկել: 

-Կարո՞ղ ենք ընդունել, որ կառավարությունը մերժել է ընկերության առաջարկը: 

-Սահմանված նորմերի չափաքանակների ժամկետները ավարտվելուց հետո ցանկացած արտանետում ընկերությանը բերելու է մեծածավալ ֆինանսական տույժեր: Ես հասկանում եմ հասարակության այն մասին, որին չեն հետաքրքրում արտանետումները, որին ամեն գնով հետաքրքրում է իր աշխատանքը: Բայց մեր մոտեցումը շատ պարզ է՝ եթե  դուք անգամ այսօր գերադասում եք Ձեր աշխատատեղը, բայց չունեք վաղվա նկատմամբ պատկերացումներ, թե ինչպես պետք է Ձեր սերունդներն ապրեն, այդպիսի որոշումը ենթակա է վերանայման: Մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ ընկերությունը հիմնովին լուծի հարցը: 

-Տեղեկատվություն ունենք, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի  պոչամբարի ջրի փակ շրջանառու համակարգը չի գործում, և պոչանքները հատկապես գիշերները թափվում են Շնող գետը, այնտեղից էլ՝ Դեբեդ: Դա նկատում են նաև Շնողի այգեգործները՝ իրենց այգիները ջրելիս: Ի՞նչ կասեք այս մասին: 

- Անկեղծ ասած՝ այդ տեղեկատվությունը մենք չունենք: Հակառակը, Լոռու մարզի մեր բնապահպանական տեսչությունը, որ պարբերաբար այցեր է իրականացնում, արձանագրում է, որ գործում է համակարգը:Սակայն, տեսչությունը ինքը քաղաքացիական ծառայության համակարգում գործող կառույց է: Նրանց աշխատանքային օրը սկսվում է առավոտյան ժամը 9-ին և ավարտվում է ժամը 18:00-ին: Շաբաթ, կիրակի օրերին էլ չի աշխատում: Որպեսզի հսկողությունը լինի ավելի արդյունավետ՝ տեսչությունը պետք է լինի հատուկ ծառայության կարգավիճակի կառույց՝ գիշեր-ցերեկ կարողանա իրականացնել պատշաճ հսկողություն: Այնուամենայնիվ, Ձեր կողմից մատնանշվող դեպքը մենք կփորձենք արտաժամյա աշխատանքի ներգրավմամբ բացահայտել: Ցավոք, մեր հնարավորությունները թույլ չեն տալիս, որ մենք ունենանք այնպիսի մշտական դիտակետեր, որ նաև ժամանակակից տեխնոլոգիաներով կարողանանք անընդհատ ինֆորմացիա ստանալ: Այս հարցը մենք ներառել ենք մեր բարեփոխումների ծրագրում: 

-Համայնքների ղեկավարները դժգոհում են, որ բնապահպանական սուբվենցիաները բաշխելիս ազդակիր համայնքներում շատ դեպքերում մոնիտորինգ չի իրականացվում: Ինչու՞: 

-Իրականում սա կարևոր ոլորտներից մեկն է: Ցավոք, այսօրվա գործող օրենսդրությունը լիարժեք չի լուծում խնդիրը: Մենք ունենք օրենք, որի սահմանած բանաձևն այնպիսին է, որ ամեն տարի չի ենթադրում տվյալ համայնքում շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված սուբվենցիաներ: Սուբվենցիաների բաշխման համակարգն այսօր վերանայման կարիք ունի: Մյուս կողմից՝ մենք նկատում ենք, որ չունենք այն մասնագիտական մակարդակը, որպեսզի համայնքների պատասխանատուները ներկայացնեն իսկապես շրջակա միջավայրի բարելավման ծրագրեր: Ներկայացվող ծրագրերի մի էական հատվածը քաղաքաշինական ուղղվածության կամ ասֆալտապատման ծրագրեր են, որը շեղում է հիմնական նպատակից: Մենք  ուզում ենք այլ համակարգ կիրառել: Նախ՝ ազդակիր համայնքներում անընդհատ տեղեկատվության և ուսուցման աշխատանքներ ենք իրականացնելու, որպեսզի համայնքների պատասխանատուները ի վիճակի լինեն ներկայացնել շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված ծրագրեր:

Երկրորդ կարևոր քայլն այն է, որ առաջիկա բյուջետային գործընթացում, ամբողջ երկրի մասշտաբով, մենք առաջարկելու ենք, որ շրջակա միջավայրից վերցված գումարները՝ դրանք կարող են լինել ռոյալթիների և բնօգտագործման վճարների տեսքով, ամբողջությամբ վերաձևակերպվեն որպես շրջակա միջավայրի բարելավման ծրագրեր՝ կանաչ էկոնոմիկայի լույսի ներքո: Սա նշանակում է, որ մենք հետայսու կունենանք ոչ թե առավելագույնը 8 մլրդ դրամի  բյուջե, այլ շրջակա միջավայրից վերցվող ամբողջ 31-35 մլրդ դրամի ծավալը՝ ուղղված շրջակա միջավայրի բարելավման ծրագրեր իրականացնելուն: 

Երրորդ կարևոր քայլը, որ մենք փորձում ենք իրականացնել, Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Պարտքի դիմաց բնապահպանական ծրագրեր» բանաձևն է: Այս փոփոխության նախնական տարբերակը մենք արդեն քննարկել ենք միջազգային կառույցների հետ: Կհաջողվի՞ մեզ դա անել առաջիկայում, կնշանակի, որ 2018թ. կունենանք ազդակիր համայնքների բյուջետային սուբվենցիաների բաշխման ուրիշ մեխանիզմ: Չի՞ հաջողվի, ասօրվա համակարգը պետք է շարունակի գործել, բայց այդ  համակարգն արդեն սպառել է իրեն: 

-Տարիներ շարունակ չի լուծվում Ախթալայից Միքայել Արամյանցի տուն գնացող ճանապարհի եզրին կուտակված շուրջ 69 հազար խմ պոչանքների տեղափոխման խնդիրը: Կարո՞ղ եք ներազդել Ախթալայի ԼՀԿ-ի սեփականատիրոջ վրա՝ դրանք  տեղափոխելու գործում: 

-Այո, մենք կարող ենք պատրաստել զեկուցագիր՝ ուղղված վարչապետին, որպեսզի իրականացնենք լրացուցիչ միջոցառումներ: Եթե պոչանքի դրսևորումներ են, ապա դրանք պատասխանատվության ենթակա գործողություններ են, և մենք կձեռնարկենք միջոցներ: 

- «Վանաձոր Քիմպրոմ»-ը լուծարման շեմին է: Քիմպրոմի աշխատողները պարբերաբար ահազանգում են այնտեղ առկա խիստ վտանգավոր քիմիական նյութերի սպառնալիքների մասին:  Տեղյա՞կ եք այդ մասին: 

-Քիմիական նյութերի վտանգների կանխման համար մեր կողմից արդեն աշխատանքներ են իրականացվել: Մենք կարողացանք ունենալ համակարգ, որի միջոցով խիստ վտանգավոր քիմիական նյութերը կվերացնենք: Քիչ վտանգավոր նյութերը, որոնք թեև խիստ բացասական ազդեցություն չունեն, բայց ժամանակի ընթացքում կարող են վերածվել ավելի վտանգավոր նյութերի, դրանց առնչությամբ նույնպես գործողություններ են ձեռնարկվել: Ձեռնարկության լուծարման դեպքում առհասարակ շրջակա միջավայրում ստեղծվող վիճակի վերաբերյալ փաթեթներ են ներկայացվում: Ուզում եմ ասել, որ մենք այս մասին արդեն ունենք տեղեկատվություն և առաջիկայում, երբ կամփոփենք, կներկայացնենք նաեւ լրատվամիջոցներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter