HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը ազատազրկվեց 15 տարով

«Եթե ես երբեւէ որեւէ մեկին ասել եմ, պահանջել եմ, առաջարկել կամ ակնարկել եմ սպանել Տիգրան Նաղդալյանին՝ թող իմ տղան էլ Տիգրան Նաղդալյանի ճակատագրին արժանանա»,- այս նախադասությամբ եզրափակեց իր պաշտպանական խոսքը Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Արմեն Սարգսյանը: 

 Նոյեմբերի 11-ին ամբստանյալ Արմեն Սարգսյանի` դատարանում արած այս հայտարարությունը, մեղմ ասած, ցնցեց դահլիճում գտնվողներին: Հայ ավանդական ընտանիքում երեխայի անունով հազվադեպ են երդվում. երդվում են միայն կանայք, տղամարդիկ գրեթե երդում չեն տալիս, այն էլ` իրենց զավակներով: Երեք ամիս տեւած դատավարությունը մոտենում է ավարտին: Դատավոր Սարո Արամյանը մտավ խորհրդակցական սենյակ եւ առաջիկա տաս օրվա ընթացքում դատավճիռ կկայացնի: Իսկ մինչ այդ արտասանվեցին պաշտպանական ճառերը եւ ամբաստանյալներն ասացին իրենց վերջին խոսքը: 

 2002թ. դեկտեմբերի 28-ին ծնողների տան շքամուտքում գլխին ստացած հրազենի կրակոցից մահացած Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրած եւ իրականացրած անձանց դատվարությունը սկսվել էր հուլիսի 28-ին: Հիշեցնենք, որ սպանությունը բացահայտվեց շատ արագ` մարտի հինգի երեկոյան. նախագահական ընտրությունների օրն այդ մասին հայտարարվեց հանրային հեռուստատեսությամբ: Այս դեպքն առանձնահատուկ էր նաեւ այն իմաստով, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ սպանության բացահայտման համար նշանակվել էր 250 հազար դոլար պարգեւ: 

Դատախազության ներկայացրած մեղադրանքով սպանության պատվիրատուն Արմեն Սարգսյանն է` 1999թ. խորհրդարանում ահաբեկչության զոհ դարձած վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը: Արմեն Սարգսյանի մյուս եղբայրը` Արամը, ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության ղեկավարներից է: 

Մեղադրող կողմը դատարանից պահանջել է 15-ական տարվա ազատազրկման դատապարտել Տ. Նաղդալյանի սպանության պատվիրատու Արմեն Սարգսյանին եւ սպանությունն իրականացրած æոն Հարությունյանին: Տիգրան Նաղդալյանի հարազատները դժգոհ են մեղադրողների պահանջած պատժաչափից, նրանք գտնում են, որ պատիժը շատ մեղմ է: 

Մեղադրող կողմն ապացուցված է համարել, որ Տ.Նաղդալյանի սպանությունը պատվիրել է Արմեն Սարգսյանը՝ նրա ծառայողական գործունեության համար, իսկ սպանությունն իրականացրել է Ջոն Հարությունյանը։ 

Ա.Սարգսյանն իր վերջին խոսքում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նախաքննության ողջ ընթացքում նախկին մեղադրյալների գրեթե բոլոր ցուցմունքները հակասել են ոչ միայն իրենց, այլեւ մյուս մեղադրյալների ցուցմունքներին: Նա նշեց, որ այդ ցուցմունքները նախաքննության ընթացքում հարմարեցվել են իր ցուցմունքներին: Ա. Սարգսյանը գտնում է, որ դատաքննությունն այս գործով ոչինչ չի պարզել: 

Արմեն Սարգսյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանն իր պաշտպանական ճառում հայտարարեց, որ քրգործի եւ նախաքննությունը, եւ դատաքննությունը մեղադրողներն օգտագործեցին ոչ թե սպանությունը համակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննելու, հանցագործությունը բացահայտելու, այլ սպանությունը Ա. Սարգսյանի վրա բարդելու համար: Նրա կարծիքով` ոչ նախաքննությամբ, ոչ դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար չեն: Ռ. Գրիգորյանը Ա.Սարգսյանին առաջադրված մեղադրանքները անհիմն համարեց եւ դատարանին միջնորդեց նրա մասով կայացնել արդարացման վճիռ: 

Ըստ գործի` պատվիրատուի եւ կատարողների միջեւ կապող օղակ են եղել Հովհաննես Հարությունյանն (մականունը` «Ապեր») ու Գեղամ Շահբազյանը։ 

Հովհաննես Հարությունյանի համար մեղադրող կողմը պահանջեց 7 տարի ազատազրկում: Նշենք, որ ըստ գործի նյութերի` Հ. Հարությունյանը հանցագործության կատարման մեջ հանդես էր գալիս որպես միջնորդ եւ կապավոր: Նա կատարում էր Արմեն Սարգսյանի հանձնարարություննեհո: Սպանությունը կատարելու համար 75 հազար դոլարը նա է վերցրել Ա.Սարգսյանից եւ դրա մի մասը փոխանցել մարդասպանին: Ինչու՞ այսքան մեղմ է վերջինիս պատիժը: Սրա բացատրությունը նույնպես տվեց մեղադրող կողմը. Հ.Հարությունյանը «օժանդակել է հանցագործության բացահայտմանը, աջակցել է հանցագործության մյուս մասնակիցներին մերկացնելուն»: 

Դատարանում ամբաստանյալ Ա. Սարգսյանը նաեւ արձանագրեց, որ դատելով քրգործի նյութերից, «Ապերը» Տ. Նաղդալյանին սպանելուց հետո եւ մինչ այդ էլ հանցախմբի անդամներին ֆինանսավորել է: Այսպես, մինչեւ Ա. Սարգսյանից փող ստանալը սպանության անմիջական մասնակիցներին արդեն 25 հազար դոլար էր տվել: 

Պաշտպան Ռոբերտ Գրիգորյանի համոզմամբ, հենց Ապերի ցուցմունքներով հերքված է, որ 2002թ. դեկտեմբերի 15-ին Ա. Սարգսյանն, իբր, նրան պատվիրել է սպանել Տ. Նաղդալյանին: «Գործով հաստատված է, որ հանցավոր խումբը ձեռնամուխ է եղել Տ. Նաղդալյանի սպանությունն իրականացնելուն Ապերի նշած ժամկետից՝ 15.12.2002թ. ավելի վաղ, երբ դեռ չկար Ա. Սարգսյանից «ստացված պատվերը»: «Ա. Սարգսյանի կողմից Տ. Նաղդալյանին վրեժխնդրության շարժառիթով սպանել տալու վերաբերյալ առաջ քաշված թեզը ոչ նախաքննությամբ, ոչ դատաքննությամբ հաստատող որեւէ ապացույց ձեռք չի բերվել: Չկա մի ցուցմունք, որը կվկայի, թե Ա. Սարգսյանը դժգոհել է Տ. Նաղդալյանի գործունեությունից»,- պաշտպանական ճառում նշել է Ռ.Գրիգորյանը: Մեղադրող կողմը Արմեն Սարգսյանի դեպքում իբրեւ մեղմացուցիչ հանգամանք է դիտել խնամքի տակ գտնվող անչափահաս երեխաները, ՀՀ և ԼՂՀ պաշտպանության համար մղված մարտերին ունեցած մասնակցությունը և «Երկրապահ» շքանշանով պարգևատրված լինելը: 

 Արմեն Սարգսյանի վերջին խոսքը. «Ես խնդրում եմ դատարանին խորը, մանրակրկիտ ուսումնասիրել փաստերը, եւ եթե կգտնի, որ ես եմ Տիգրան Նաղդալյանի սպանության պատվիրատուն, ուրեմն ճիշտ է տուժողը՝ պատվիրատուին ցմահ բանտարկություն է հասնում»:

Հ.Գ. Նոյեմբերի 18-ին դատավոր Սարո Աբրահամյանը հրապարակեց Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատավճիռը: Հիմնականում նույնությամբ պահպանվել են մեղադրող կողմի առաջարկած պատժաչափերը: Արմեն Սարգսյանը, որպես սպանության պատվիրատու, Ջոն Հարությունյանը, որպես սպանությունն իրականացնող դատապարտվեցին 15 տարի ազատազրկման: Դատավճիռից դժգոհ են թե տուժողի` Տիգրան Նաղդալյանի իրավահաջորդները, թե Արմեն Սարգսյանի պաշտպանները: Վերջիններս դատարանում միանգամից հայտնեցին, որ վճիռը բողոքարկելու են վերաքննիչ դատարանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter