HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարուստ ընդերքի անխնա շահագործում՝ բնակիչների և բնության հաշվին

Փառանձեմ Հովհաննիսյան

Կապան քաղաքի Գեղանուշ համայնք գնալիս տաքսիները դժվարությամբ են հաղթահարում քարուքանդ ճանապարհը, սովորաբար չեն կանգնում գյուղի սկզբնամասում՝ հենց ճանապարհի վրա գտնվող Կապանի լեռնահարստացման կոմբինատին պատկանող պոչամբարի մոտ: Այս անգամ բացառություն էր, սակայն տաքսու վարորդը խնդրեց 10 րոպեից ավելի այնտեղ չմնալ, ասում է՝ գլխապտույտ ու սրտխառնոց է առաջացնում:

Քարքարոտ ճանապարհը ուղեկցում է դեպի գյուղամեջ։

78-ամյա տիկին Քնարիկը կովը ջրի է տանում ու հիշում, որ իրենց գյուղից որևէ մեկը աղքատ չի եղել, իրենք ցանել ու հնձել են, իսկ այժմ բերք չեն ստանում. «Բազմիցս բողոքել ենք, բայց սայլը տեղից չի շարժվում, միայն բնությունը չի վատ զգում, մենք էլ ենք վատ զգում»:

Քնարիկ տատիկը թվարկում է տները, որոնց կովերը պոչամբարի զոհ են դարձել՝ խեղդվել են պոչամբարում, դրա համար այժմ գյուղացիները կովերին փակի տակ են պահում, իրենք են տանում աղբյուրի մոտ ջուր տալիս ու հետ բերում:

Նա հիշում է՝ կար ժամանակ, երբ 125 տոննա կարտոֆիլ էին ստանում դաշտերում, իսկ հիմա դրանք դատարկ են, մարդիկ իրենց առողջության համար են սկսել վախենալ, Կապանի լեռնահարստացման կոմբինատի (այժմ «Պոլիմետալ» ռուսական ընկերության մասնաճյուղ, տնօրեն Դմիտրի Ուշկով) պոչամբարը տեղակայված է Գեղանուշ գետի հարևանությամբ, որտեղ մի ժամանակ կեռասի ծառերն էին ու գյուղի ամենաբերքատու այգիները:

Մինչ գյուղամիջի աղբյուրի մոտ կովերը ջրի հերթի մեջ են, կանայք հավաքվել են զրույցի, նրանք հաշվում են Գեղանուշ գետից մինչև գյուղամեջ տներն ու ցավում, որ այդ տների տղամարդիկ մահացել են հիմնականում քաղցկեղից: Տարեց կանանցից մեկը հիշում է, թե որքան առողջ էր սերունդն իր ժամանակ, ինքը գյուղի կանանց էր օգնում ծննդաբերելիս, ամուսինն էլ գյուղի անասունների ծնունդներն էր ընդունում, իսկ հիմա ցավ է ապրում, երբ գյուղում կանայք հաճախակի վիժում են, երբ անասունները անպտուղ են լինում, հորթերը մի քանի գլխանի են ծնվում. «Պետությունը ես եմ, դու ես, բնությունն է, իսկ կոմբինատն այսօր իր պոչամբարով թքում է բոլորիս երեսին ու ասում՝ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»։

Գեղանուշի գյուղապետ Իվան Կոստանդյանը նշում է, որ այգիների մշակման ու դաշտերի մաքրման հարցում որևէ գյուղտեխնիկա չկա, դրան զուգահեռ էլ գյուղացին չի կարողանում իր չարչարանքի դիմաց բերք ստանալ. «70 տոկոսով մեր գյուղի բերքատվությունը նվազել է, պոչամբարի շուրջբոլորը սեփականաշնորհված այգիներ կան, տարեկան հարկ են վճարում մարդիկ, սակայն այդ այգիները դարձել են ամայի տարածքներ, որևէ բերք հնարավոր չէ ստանալ»:

Գյուղապետը հիշում է՝ մինչև պոչամբարի գործարկվելը՝ 2004 թիվը, նման որևէ խնդիր չկար, տարին երկու անգամ էին բերք հավաքում:

«Ինչ անորմալ երևույթներ ասես մեր գյուղում նկատվում է, հարցերը մենք ներկայացնում ենք, սակայն որևէ մեկը չի գալիս ստուգելու, կովը երկգլխանի հորթ է տալիս, գառները բանի պետք չեն: Մենք պայքարում ենք, բայց անօգուտ, ո՞ւմ է պետք մեր պայքարը, եթե այն ոչինչ չի փոխում, միայն բարձրաձայնում ենք, հետաքրքրվող չկա»,- ասում է Իվան Կոստանյանը:

2004-ից շահագործվող պոչամբարում 2011-ի տվյալներով տարեկան կտրվածքով առաջացել են վտանգավորության հետևյալ դասի և քանակության թափոններ՝ 2-րդ դաս՝ 1.45 տ, 3-րդ դաս՝ 14 տ, 4-րդ դաս՝ 528.61 տ, ինչպես նաև 13.09 տ ոչ վտանգավոր թափոններ և 128.875 տ դատարկ ապար և 688.266 տ հարստացման պոչեր (ըստ 2013-ին Կապանի լեռնահարստացման կոմբինատ ուղարկված հարցման պատասխանի):  

Կոմբինատի ներկայիս տնօրեն Դմիտրի Ուշկովը իր վարչախմբի, հանրային կապերի պատասխանատու Գայանե Թադևոսյանի և լրագրողների հետ կապի մյուս մասնագետների հետ միասին ականջալուր չեն որևէ լրագրողական հարցման, 2016-ի օգոստոսի 4-ից մինչ օրս բոլոր հնարավոր խողովակներով ուղարկված հարցումներն անպատասխան են մնացել։ Իսկ կոմբինատի նախկին («Դենո Գոլդ մայնինգ» ՓԲԸ) գործադիր տնօրեն Հրաչ Ջաբրայանը 2013-ին մեզ հետ հսրցազրույցում ասել էր, որ թվերից չպիտի վախենալ, քանի որ պոչամբարը մշտական հսկողության տակ է և համապատասխանում է միջազգային չափանիշներին:

«Եթե որևէ սեփականատեր աշխատում է այն սկզբունքով, որ ինքը անուշադիր պիտի լինի բնության հանդեպ, ավելի լավ է փակեն իրենց հանքերն ու գնան տուն, մենք տեղյակ ենք այդ բոլորին ու ակտիվ ենք: Մենք ամսական արտադրում ենք 50 հազար տոննա հանքաքար, մենք փոքր հանք ենք, քանի որ պարզապես հանքի պաշարն այդ է, մեր արտադրությունը քիչ է, Կանադայում, օրինակ, թվերն ահռելի են»,- ասել էր Հ. Ջաբրայանը:

Նա նշել էր, որ Գեղանուշ համայնքի այգիների պտղաբերության նվազման մասին ինքը ոչինչ չգիտի:

«Կայուն զարգացում» ՀԿ նախագահ, բնապահպան, ակտիվիստ Արմեն Փարսադանյանը նշում է, որ ռեկուլտիվացված, չգործող պոչամբարներ Կապան-Քաջարան երկայնքով որքան ասես կա. «Ռեկուլտիվացված պոչամբարները շուրջ կես մետր բարձրությամբ հողաշերտով են պատված, բայց նկատելի է, որ պոչամբարից անձրևահոսք կա դեպի շրջակա գետեր, և քանի որ պոչամբարները մեծ քանակությամբ տոքսիկ նյութեր են պարունակում, ջրային ավազան արտահոսքի դեպքում ռիսկերն անվերահսկելի են»:

Փարսադանյանն ասում է, որ պոչամբարների տեխնիկական վիճակը գնահատելու և համեմատություններ անելու համար անհրաժեշտ են մասնագիտական խորը ուսումնասիրություններ. «Համենայնդեպս, Գեղանուշի պոչամբարի նախագծից պատկան կառույցը հայտնաբերել էր շեղումներ: Պոչամբարները բնապահպանական տեսանկյունից  հանքարդյունաբերական ընկերությունների ամենախոցելի տեղամասերն են, քանի որ բացի մշակված հանքաքարում առկա ծանր մետաղներից, պոչերում առկա են նաև տեխնոլոգիական գործընթացն ապահովելու համար ռեագենտներ, որոնք տոքսիկ են: Դեռևս չկա մետաղական հանքերի շահագործման տեխնոլոգիա առանց պոչամբարների, և խնդիրը շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազեցնելն է»: 

Բնապահպանը նշում է, որ Հայաստանի փոքր տարածքով պայմանավորված՝ պաչամբարի համար նախատեսված ցանկացած տեղանք անհարմար է, քանի որ հարակից տարածքում գտնվում է որևէ գյուղական համայնք: Տեղակայման տեսանկյունից նա առավել խոցելի է համարում Գեղանուշի պոչամբարը, որը շատ մոտ է Կապան քաղաքին:

Իրավապաշտպան Մհեր Բադալյանը գեղանուշցի է, նրա վստահմամբ՝ իրավական տեսակետից բոլոր բնակիչներին պետք է փոխհատուցում հատկացվի կոմբինատի կողմից։ «Տնօրեններն ասում են, թե բնակիչը պետք է ապացուցի, որ պոչամբարը վնաս է տալիս, կփոխհատուցեն, քաղաքացին տեխնիկապես, ֆինանսապես, իրավական առումներով չի կարող ապացուցել, կոմբինատը պետք է փոխհատուցում տա։ Պոչամբարը պետք է արդեն փակած լինեին, սակայն դեռ շարունակում են լցնել, եթե այդքան լավ է մեր պոչամբարը, եթե վնասակար չէ, եկե'ք վրան խփեք պոչամբարների մոտ, հանգստացեք»,- կոմբինատի տնօրեններին կոչ է անում իրավապաշտպանը։

«Կայուն զարգացում» ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյանը նշում է, որ անհամեմատ  լուրջ խնդիր է ներկայացնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից շահագործվող Արծվանիկի պոչամբարը՝ իր մասշտաբներով և պարբերաբար տեղի ունեցող վթարներով. «Ըստ ԶՊՄԿ ՓԲ ընկերության նախկին տեխնիկական գծով տնօրեն Աշոտ Մարգարյանի՝ Արծվանիկի պոչամբարը ենթակա է շահագործման առավելագույնը 10-12 տարի»:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին ուղղված հարցերն ու հարցումները ևս անպատասխան են մնացել: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկ գյուղում տեղակայված պոչամբարը շահագործման է հանձնվել 1972-73թթ., գտնվում է գյուղի ստորին հատվածում, 540 հա տարածք ուներ, 2006-ին 100 հեկտարի չափ տարածք ևս տրամադրվեց: Պարբերաբար տեղի ունեցող վթարներից վերջինը այս տարվա հունվարի 25-ին էր։ Բնապահպանը նշում է, որ նկարահանելու պահին Արծվանիկի պոչամբարի ղեկավարը գտնվում էր տեղում և հայտնեց, որ աշխատանքներ են տարվում վթարի պատճառները վերացնելու ուղղությամբ. «Դա կարծես ահռելի աշխատանք է պահանջում: Վթարի հետևանքների շարունակականության մասին տեղեկացրել եմ բնապահպանության տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետին: Կարծում եմ վաղուց ժամանակն է, որպեսզի ընկերության ղեկավարությունը հրապարակավ բացատրություն ներկայացնի հանրությանը այս խնդրի վերաբերյալ»։

Արծվանիկի բնակիչ Հրանտիկ պապիկը հիմա հազվադեպ է այգի գնում, ասում է՝ ամեն անգամ մանկան պես լաց է լինում, երբ հիշում է՝ էլ առաջվա պես չի, էլ ցորեն ու գարի չկա. «Հիմա սարսափելի վիճակ է, 500 մետր վարելահողերից 150 հա-ն մնացել է պոչամբարի տակ, մնացած տարածքներն էլ գյուղացիները չեն կարողանում մշակել՝ սերմերի, մեխանիզմների պատճառով: Անցած տարի երկու մեշոկ ցորեն ենք ցանել, չորս մեշոկ ստացել, իսկ շատ գյուղացիներ էդ երկու մեշոկն էլ չեն ստացել էն դեպքում, երբ սովետի ժամանակ մինչև 2 տոննա բերք էինք ստանում»:

83-ամյա Հրանտիկ Հարությունյանը չի հիշում ավելի վատ ժամանակներ, քան հիմա է, ասում է՝ կամ պիտի էստեղից թողնեն դուրս գան, կամ էլ պիտի էսպես մնան մինչև մեռնելու իրենց հերթը գա. «Ամռանը քամիները պոչամբարի փոշին լցնում են գյուղով մեկ, առաջ մեր գյուղի պամիդորի, վարունգի համար շուկաներում կռիվ էր գնում, իսկ հիմա վեց տարի ա՝ պամիդորի երես չենք տեսնում, բերքից զրկվել ենք, օդը կեղտոտվել ա, տերևների վրա հաստ շերտով կոնցենտրատի փոշի է նստում»:

Հրանտիկ պապիկը վերջը չի տեսնում, ասում է՝ խոսքը տեղ չի հասնում, պետությունը իրենց ձայնը չի լսում. «Մի անգամ կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հետ խոսում էինք գյուղացիներով, ասի` ժողովրդի վիճակը շատ վատ է, երիտասարդների մեծ մասը գնացել է գյուղից, մնացել ենք ծերերով, հարևան գյուղերով հանդերձ ծերացել ենք՝ Մողես, Ուժանիս և շատ այլ գյուղեր 10 տարի հետո չեն լինելու, ամեն գյուղում մի երկու բիձա է մնացել, նա էլ, թե բա` ի՞նչ անեմ, ի՞նչ պիտի անի, 33 մլն դրամ աշխատավարձ է ստանում, բա դա արդարացի՞ է»:

Գյուղացիները նշում են, որ գյուղը վարելու, ցանելու հետ սեր ունեցող մարդկանց համար է, որ եթե գյուղացիներին տեր չեն կանգնում, գյուղն էլ վերանում է։

«Կայուն զարգացում» ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյանը նշում է, որ պոչամբարը տնտեսապես հարմար չէ օգտագործել, սակայն կգա ժամանակ, երբ արդեն պաշարները սպառված կլինեն ու անցում կկատարվի պոչամբարների շահագործմանը, դրանով է նաև հենց տնտեսվարողների համար կարևոր պոչամբարի օգտագործումից հետո չափանիշներին համապատասպան ռեկուլտիվացիա կատարել:

«Պետական մարմիններն իրենց տեղում չեն: Պոչամբարների շահագործման հետ կապված ընդհանրապես ռիսկերը մեծ են, պետք է տնտեսվարողները լուրջ ներդրումներ կատարեն ու կանխեն նման վթարները, սակայն դրանք չեն արվում, ուստի որևէ վթարի դեպքում հետևանքներն անխուսափելի են»,- ասում է բնապահպանը:

Որպես Սյունիքի մարզում բնապահպանական կարևոր խնդիրներ՝ նա առանձնացնում է նաև հատկապես ԶՊՄԿ ՓԲ ընկերության արտադրողականության ծավալների ընդլայնումը, ինչը ենթադրում է նոր խոշոր պոչամբարի կառուցում և շահագործում և «Գեղի գօլդ» ՍՊ ընկերությունը, որը Կապան մատակարարվող խմելու ջրի ակունքում նախատեսում է հանք շահագործել:

Վերջերս Հայաստանի ամերիկյան համալսարանի պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը Կապան մատակարարվող խմելու ջրի հետազոտություններ է իրականացրել: Բնապահպանն ահազանգում է, որ Կապան մատակարարվող խմելու ջրի համար լուրջ ռիսկեր է պարունակում «Գեղի գօլդ» ՍՊ ընկերության գործունեությունը, որը նպատակ ունի ակունքի վերին հատվածում ոսկու հանք շահագործել. «Հանքարդյունաբերական ընկերությունների գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի և հարակից բնակավայրերի բնակչության վրա գնահատելու համար անհրաժեշտ է պարբերաբար մասնագիտական խորը հետազոտություններ իրականացնել, որը, ցավոք, չի արվում»։

Մինչ անխնա օգտագործվում է հանքանյութերով հարուստ շրջանի ընդերքը, ամբողջ գյուղեր են տարհանվել, վերացել, փոխել տեղակայվածության վայրերը՝ իրենց հետևից թողնելով դեղնահողի սարսափելի մի շերտ, հիշողություններ ու անսառ զրույցներ «քյոհնա շենի» զորության, հարստության մասին։

Մեկնաբանություններ (4)

Վարազ Սյունի
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՓԱՍՏԵՐ՝ Ա) Մինչև 2002 թ. ՀՀ Բնապահպանության նախարարությունը (իր տարեկան հաշվետվություններում) պարտադիր հրապարակում էր պոչամբարների ցանկը, դասակարգումն ու վտանգավորության աստիճանը: 2002 թ.-ից սա դադարեցվել է (գաղտնի է պահվում):.......................Բ) Պոչամբարների հատակը պիտի՛ բետոնից լինի՝ էլաստիվ նյութերով ծածկված, իսկ պատվարները՝ երկաթ-բետոնից: Գեղանուշի փոչամբարն էլ (Հայաստանի մյուս պոչամբարների նման) այս նորմին չի համապատասխանում:.....................Գ) Այլ երկրներում հանքատերերը պարտադիր վճարում են հատուկ հարկ՝ պոչամբարի անվտանգությունն ապահովելու համար: Այլ երկրներում՝ շահագործումից հետո՝ ընկերությունը պարտավորվու՛մ է ՏԱՍՆՅԱԿ ՏԱՐԻՆԵՐ խնամել պոչամբարը/անվտանգությունը: Հայաստանում՝ շահագործումից հետո՝ որոշ ռեկուլտիվացիոն աշխատանքներ անելը բավարար չէ:
Իվան Կոստանդյան
Ես` Գեղանուշ համայնքի ղեկավար Իվան Կոստանդյանս, փորձում եմ մտաբերել այս նյութը հրապարակողին` Փառանձեմ Հովհաննիսյանին, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում: Պարզապես խնդրում եմ իմ հարցազրույցները հրապարակել ճշգրիտ, այլ ոչ թե կիսատ պռատ, կամ իմ անվան տակ չհրապարակել մի բանի մասին որի հեղինակը ես չեմ:
Վարազ Սյունի
«Դանդի փրեշս մեթալս Կապան» ընկերությանը, իսկ հիմա՝ «Պոլիմետալ» ռուսական ընկերությանը պատկանող Գեղանուշի պոչամբարը զբաղեցնում է 30 հա տարածք ու գտնվում է Կապան քաղաքի անմիջական հարևանությամբ: Գեղանուշի պոչամբարը կառուցված է Գեղանուշ գետի հենքի վրա. գետի հունը փոխեցին: 2009 թ, սրա հետևանքով, գետը վարարեց ու բետոնե պատը փլվեց: Սրանից վնասված մի շարք հարակից տուն-շենք-շինությունների տերերը 10 մլն. դրամ վնասի փոխհատուցման պահանջով դիմեցին դատարան: 5 ՏԱՐԻ տևած պայքարի արդյունքում ջրի երես դուրս եկան այլ փաստեր: Խնդրին վերջնական լուծում տալու համար գործին խառնվեց ՀՀ Փորձաքննությունների Ազգային Բյուրո ՊՈԱԿ-ը: Ըստ վերջինիս մասնագիտական եզրակացության՝ Գեղանուշի պոչամբարը ՍԽԱԼ է կառուցված (փորձագետ՝ Զ. Խլղաթյան): «ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ կողմից իրականացված «Գեղանուշի» պոչամբարի շինարարությունը կատարվել է նախագծային փաստաթղթերին ու առաջադրանքներին ոչ համապատասխան:
Վարազ Սյունի
«Ուժաս»:Սյունիքի հանդեպ հանքային տեռորիզմը անպատիժ շարունակվում է:Այդ պոչամբարները ԱՀԱՎՈՐ ՉԱՐԻՔ են՝ կպած Կապանի ու կապանցիների ջանին: Որտե՞ղ են համապատասխան պետական մարմինները: Այդ հանքային ձեռնարկությունները (Կապանի) քաղաքապետարանին չնչին գումարներ են նվիրում՝ որպես «բարեգործություն»,ու բերանները փակել տալիս: Ո՞Վ և ու՞մ փողերով պիտի կառավարվի այդ մահաբեր պոչամբարները,երբ այդ հանքերը փակվեն: Սա շատ կարևոր հարց է,որի մասին ՀԻՄԱ պիտի մտածվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter