HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ն. Փաշինյան. «Կոնֆետ, բրինձ, լիմոնադ, տոլմայի ֆարշ վերցնենք գնանք ընտրողների մո՞տ»

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձևավորման աղբյուրները և գույքային վիճակն ուսումնասիրող  ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Ըստ նախագծի՝ ժամանակավոր հանձնաժողովը պետք է ուսումնասիրի բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների ձևավորման աղբյուրները, ինչպես նաև նրանց գույքային վիճակը, դրամական միջոցների և գույքի աղբյուրների օրինականությունը, նրանց դրամական միջոցների և գույքի ձևավորման հետ կապված հնարավոր կոռուպցիոն երևույթները:

Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ նման հանձնաժողով ձևավորելու հարցը վաղուց կա Հայաստանի հանրային օրակարգում, սակայն այս նախագծի ստեղծման ֆորմալ առիթը 1000 դրամների մասին հայտնի նախագիծն էր: Ըստ պատգամավորի՝ արդարացի հարց էր բարձրացվում, թե այն ծախսերը, որ պետք է կատարվեն պետական բյուջեից, ինչու են արվում ոչ պետական բյուջեից: Պատասխանը՝ բյուջեում փող չլինելն է:

«Սրան էլ հնչում է հակադարձ հարցը, իսկ ինչու փող չկա, չէ որ մենք ավելի քան 25 տարվա պետություն ենք և Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող էին հույս ունենալ, որ 25 տարվա պետականության կառուցման արդյունքում մենք պետք է ունենայինք այնպիսի կառավարում և այնպիսի պետական բյուջե, այնպիսի իրավիճակ, երբ Հայաստանի Հանրապետության բյուջեն պետությունն ի վիճակի է ծախսել երկրի անվտանգության, բարեկեցության և զարգացման համար»,-ասում է Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորը նշեց, որ այսօր հանրային ընկալումն այնպիսին է, որ այս 25 տարիների ընթացքում կառավարիչներն ու իշխողներն իրականացրել են ազգային հարստության, ունեցվածքի ոչ արդյունավետ կառավարում: Հնչում են նույնիսկ ավելի խիստ գնահատականներ, որ ազգային հարստությունը թալանվել է:

«Հետևաբար այս նախագծի նպատակն է ստեղծել մարմին, Ազգային ժողովի հանձնաժողով, որը կուսումնասիրի վերջին 25 տարվա ընթացքում բարձրաստիճան պաշտոնյա հանդիսացած և նրանց հետ փոխկապակցված անձանց գույքային վիճակը, այդ գույքի ծագումնաբանությունը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ի վերջո կունենան շատ հստակ և պարզ հարցի պատասխանը՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից ով ինչքան ունեցվածք, հարստություն կամ գույք է կուտակել իր պաշտոնավարման ընթացքում»,-նշեց Ն. Փաշինյանը՝ հավելելով, որ եթե նախագիծը մտնի ԱԺ մեծ օրակարգ ժամկետների հստակեցում կլինի:

Պատգամավորն ասաց, որ այս պահին խնդիր է դրվել, որպեսզի ՀՀ քաղաքացիներն իմանան ամբողջական տեղեկատվություն՝ պաշտոնյաների գույքի ու եկամուտների մասին:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թեև այսօր գործում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքն ու եկամուտներն ուսումնասիրող հանձնաժողով, սակայն այն լիարժեք չի գործում: Նախ, չկան ստուգման մեխանիզմներ, թե պաշտոնյաները որքանով են ճիշտ տեղեկատվություն տալիս իրենց գույքի և ունեցվածքի մասին: Բացի այդ, հայտարարագրման մեխանիզմը թույլ չի տալիս պատկերացում կազմել բոլոր փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների մասին:

Պատգամավորը նաև նշեց, որ հատկապես վերջին շրջանում մամուլը գրում է օֆշորային գոտիներում, արտերկրների բանկերում կամ ֆինանսական կազմակերպություններում պահվող պաշտոնյաների գումարների մասին: Հրապարակումներ են լինում բնակարանի, գործարանի ձեռքբերման մասին, սակայն այսօր հանրությունը չունի դրանք ճշտելու գործուն մեխանիզմներ:

Նիկոլ Փաշինյանի կարծիքով պետք է օրենսդրական փոփոխություն լինի և բարձրաստիճան պաշտոնյաները կամ դրանց հավակնողները նոտարական կարգով լիազորեն հանձնաժողովին, որպեսզի վերջինս ամբողջ աշխարհում կատարի հարցումներ և ստանա տեղեկատվություն այդ անձանց գույքի և ֆինանսական շարժի վերաբերյալ:

«Եթե որևէ անձ ուզում է կառավարել Հայաստանի Հանրապետությունը և կառավարմանը մասնակցել, պետք է ՀՀ քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությանը տա հնարավորություն, որ պատկերացում կազմեն, թե այդ մարդը, օրինակ՝ շվեցարական բանկերում գումարներ ունի, թե չունի, օֆշորային գոտիներում ինչ որ փայամասեր ունի, թե չունի, Եվրոպայում, Ամերիկայում հանքեր, գործարաններ, շարժական և անշարժ գույք ունի, թե չունի»,-ասում է Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ եթե անձը չի ցանկանում այդ տեղեկատվությունը հասանելի լինի հանրությանը չպետք է բարձր պաշտոններ զբաղեցնի:

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ բոլոր պատգամավորները պետք է շահագրգիռ լինեն այս հարցով:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը դիմելով նախագծի հեղինակ Փաշինյանին, ասաց, որ վերջերս ընդունվել է ապօրինի հարստացման վերաբերյալ նախագիծ, որտեղ նախատեսված է քրեական պատասխանատվություն բարձրաձայնված դեպքերի համար: Վ. Մկրտչյանը դիմելով Փաշինյանին, ասաց՝ կարծում է, որ այս նախագծի ժամանակը չէ: Բացի այդ, պատգամավորը նախագծի և ընտրությունների միջև կապ տեսավ:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ապօրինի հարստացման վերաբերյալ ընդունված նախագիծը հետադարձ ուժ չունի, հետևաբար այդ հոդվածով օրենքի ընդունումից առաջ որևէ դեպքով չի կարող նախատեսվել քրեական պատասխանատվություն: Իսկ իր ներկայացրած նախագծով անդրադարձ է կատարվելու նաև նախկին դեպքերին: Ըստ պատգամավորի՝ մամուլը գրում է, որ Սերժ Սարգսյանի եղբայրը 50% «փայ» ունի բիզնեսներում, իսկ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ունեցվածի մասին լեգենդներ են շրջանառվում, իսկ Հովիկ Աբրահամյանի գյուղմթերքների իրացումից ստացված գումարների առեղծվածն այդպես էլ մնաց չպարզաբանված: Արդյունքում  հանրությունն օբյեկտիվ պատկեր չունի:

«Ընտրությունը քաղաքական բովանդակության քննարկում է: Բա ինչ անենք, այս քաղաքական բովանդակությունը տանենք դարակներում պահենք, կոնֆետ, բրինձ, լիմոնադ, տոլմայի ֆարշ վերցնենք գնանք ընտրողների մո՞տ, ասենք՝ մենք եկել ենք ձեր հետ…այ, տեսեք, քաղաքական բովանդակություն չի, հանկարց չմտածեք, մենք տոլմա ենք բերել, լիմոնադ ենք բերել»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀԿ խմբակցությունից մեկ այլ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն էլ նշեց, որ դեմ չէ նախընտրական շրջանում նման նախագծերի ներկայացմանը, սակայն ցանկանում էր իմանալ, թե որն է նպատակը, քանի որ ներկայացվածից չի հասկացել, թե որն է լինելու արդյունքը:

Փաշինյանն էլ ասաց, որ արդյունքն այն է, որ ՀՀ քաղաքացիները պետք է իմանան, թե պաշտոնյաները, որոնք պետք է ծառայեին ժողովրդին, այդ ծառայության ընթացքում որքանով են նպաստել իրենց երկրի բարեկեցությանը և որքանով են նպաստել իրենց և իրենց ընտանիքների բարեկեցությանը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ հետաքրքրվեց, թե որքան ժամանակահատված է անհրաժեշտ նշված պաշտոնյաների գույքային վիճակն ուսումնասիրելու համար, ինչին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ դա կախված է նրանից, թե այդ պաշտոնյաները որքան գույք ունեն: Ն. Փաշինյանը նշեց, որ ուսումնասիրությունն իրականացվելու է փուլերով, իսկ եթե հաշվի առնեն մամուլում հրապարակված փաստերը կոնկրետ պաշտոնյաների ունեցվածքի վերաբերյալ, ապա երկար ժամանակ կպահանջվի: Պատգամավորի խոսքերով այդ ժամանակն արժե արդյունքի հասնելու համար:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց օրենսդրական մի շարք փոփոխություններ, որոնք նպաստելու են բարձրացված հարցի լուծմանը: Նախարարը նշեց, որ երկրորդ ընթերցմամբ այժմ էլ քննարկվում է հայտարարագրերի սխալ, ժամկետների խախտումով ներկայացնելու վերաբերյալ օրինագիծը, ինչը նախատեսում է պատասխանատվության միջոցներ: Բացի այդ, քաղաքացիներին հնարավորություն է տրվելու անանուն հայտարարություններ տալ այս կամ այն պաշտոնյաների կողմից կաշառք վերցնելու վերաբերյալ և այլն:

ԱԺ որոշման նախագիծը չարժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը: Կողմ քվեարկեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ հանդիսացող մեկ պատգամավոր՝ Գագիկ Ջհանգիրյանը, դեմ՝ 5 պատգամավոր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter