HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էկոտուրիզմը Հայաստանում

Մինչև 2020թ.-ի կեսերը էկոտուրիզմը կարող է կազմել համաշխարհային զբոսաշրջության շուկայի 25%-ը։ Իսկ դրանից ակնկալվող եկամուտը կհասնի 470 միլիարդ դոլարի։ Այս հաշվարկները ներկայացրել է Էկոտուրիզմի միջազգային ընկերակցությունը։

Մասնագետները համոզված են, որ Հայաստանն էկոտուրիզմը զարգացնելու մեծ պոտենցիալ ունի։

Մեր երկրում կա 4 ազգային պարկ, 3 արգելոց, 27 արգելավայր և որպես զբոսաշրջիկին հասանելի էկոտուրիզմի ռեսուրս՝ ավելի քան 40  գետ , 7 լիճ, մոտ 300 տեսակի թռչուն (որոնցից 260-ը ձվադրում են Լոռու մարզի տարածքում), 3500 տեսակի բույս, 220 տեսակի թիթեռ, կենդանիներ, որոնք ընդգրկված են Կարմիր գրքում, 100-ից ավելի քարանձավներ․․․

Հայաստանում, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, զարգանում է նաև ներքին տուրիզմը։ Այն, բնականաբար, ինչ որ չափով նպաստում է մարզերի զարգացմանը, սակայն միջոցների անհամաչափ բաշխումը, միևնույնն է, էապես խանգարում է տուրիզմի համաչափ զարգացմանը Հայաստանի բոլոր շրջաններում: Այժմ տուրիզմի զարգացման և ապակենտրոնացման համար մի քանի նոր նախագծեր են հաստատվել, որոնց արդյունավետ օգտագործման դեպքում կլուծվեն մի շարք ենթակառուցվածքային խնդիրներ:

Տարածքների համաչափ զարգացման համար Հայաստանի 9 քաղաքներում մեկնարկում են ծրագրեր։ Վանաձոր, Զերմուկ, Դիլիջան, Ծաղկաձոր և Աշտարակ քաղաքներում աշխատանքները արդեն սկսվել են: Ծրագրերն իրականացվում են Ասիական զարգացման բանկի տրամադրած վարկի միջոցով։

Նախատեսված է առաջին փուլում ներդնել  50 մլն դոլար (Վանաձորում՝20 միլիոն դոլար, Ջերմուկում՝ 10 միլիոն, Ծաղկաձորում՝10 միլիոն, Դիլիջանում՝ 6 միլիոն, Աշտարակում՝4 միլիոն):

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիդ Լոքյանը 2016 դեկտեմբերի 13-ին Ջերմուկում՝ զբոսաշրջությանը զարգացմանը նվիրված խոհրդակցության ժամանակ, ասել է, որ Ռուսաստանը 3 մլն դոլար դրամաշնորհ է հատկացրել Հայաստանին՝ գյուղական տուրիզմը զարգացնելու համար, ծրագրի մեջ նախատեսվում է ընդգրկել 60 բնակավայր:

IDeA հիմնադրամը  և ԵՄ–ն նույնպես զբոսաշրջության զարգացման ծրագիր են սկսելու Դիլիջանում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1,195 մլն եվրո, որից 780 հազարը Եվրամիության տրամադրած դրամաշնորհն է, 195 հազարը` ազգային համաֆինանսավորումը, 140 հազարը` IDeA–ի համաֆինանսավորումը:

Եվրոպական Տարածաշրջանային Ակադեմիայի զբոսաշրջության ամբիոնի դասախոս Անահիտ Ոսկանյանն ասում է. «Էկոտուրիզմի զարգացման շատ լուրջ նախադրյալներ կան Հայաստանում, որոնք ներկայումս մասամբ մատուցվում են զբոսաշրջության այլ տեսակների հետ միաժամանակ:

Հայաստանում պետական հոգածության կարիք է զգացվում այս ասպարեզում: Օրինակ` կան մշակված էկոտուրեր, բայց դրանց շահարկումը լիարժեք չի իրականացվում, քանի որ շրջակա միջավայրի վրա ազդող բազմաթիվ բացասական գործոններ կան. պոչամբարները, անխնա շահագործվող բազմաթիվ հանքերը խաթարում են այն ցանկալի էկոմիջավայրը, որն անհրաժեշտ է էկոտուրերի իրականացման համար: Հարկ է նշել նաև որսագողությունը, անտառահատումները, որոնք մատնանշված անուշադրության են մատնվում պետական կառույցների կողմից:

Թեև վերջին տարիներին Հայաստանում զարգանում է գյուղական զբոսաշրջությունը, որն իր մեջ ներառում է էկոտուրիզմի բազմաթիվ բաղադրիչներ: Եվ այն գյուղերում, որտեղ զբոսաշրջությունն ակտիվանում է, նկատվում է նաև շրջակա միջավայրի հանդեպ հոգածություն:

Ազգային պարկերում, արգելոցներում էկոտուրերի գրագետ կազմակերպումը ֆինանսական հոսքերի աղբյուր կարող է հանդիսանալ և այնպիսի խնդիրներ լուծի, որոնց համար անհրաժեշտ գումար այդ տեղանքներին դեռ չեն հատկացվում»:

Հայկական աշխարհագրական նախագծի նախագահ և ArmGeo արշավային ակումբի ղեկավար Տիգրան Շահբազյանի կարծիքով՝ Էկոտուրիզմի զարգացման առաջին նախադրյալը մեր բնությունն է․

«Հայաստանի ամենամեծ առավելություններից է լանդշաֆտի փոփոխությունը տասնյակ կիլոմետրերի վրա: Մեր փոքր երկրում այնքան տեսնելու բան կա, որ մարդիկ չեն հասցնում ձանձրանալ, իհարկե եթե ուղեկցորդ-զբոսավարը տեղյակ է այդ ամենին և կարող է կրեատիվ ներկայացնել Հայաստանը:

Վանք ու եկեղեցիներն առաջին հայացքից են շատ տպավորիչ, բայց նույն տիպի մի քանի պատմամշակութային հուշարձան այցելելուց հետո զբոսաշրջիկները հոգնում են, իսկ մենք ունենք շատ տարբեր բաներ ցույց տալու և որ ամենակարևորն է բոլոր հետաքրքրությունները կարելի է համադրել: Ճանապարհորդությունը սկսվում է գյուղից, ծանոթանում են գյուղացու կենցաղին, ապրում են գյուղական տանը, ուտում են գյուղական ուտեստները, կարող են իրանց ձեռքով էլ պատրաստել: Գյուղից մեկնարկում է քայլարշավ դեպի սարեր-ձորեր, ճանապարհին տեսնում են պատմամշակութային և բնության հուշարձաններ, իջնում են կիրճ, լողում են սառը գետում, բարձրանում են լեռներ հիանում գագաթից բացվող տեսարանով և այսպես կարելի է շարունակել:

Հայաստանը անվերջ բացահայտումների երկիր է: Այդ ամենը պետք է ճիշտ մատուցել, պետք է ունենալ հայկական բրենդ, բայց առանց պաթոսի, որին հավատում են միայն հայերը: Պետք է այնպիսի բան որ բոլորին դուր գա, իսկ մենք ի տարբերություն շատ երկրների այն ունենք մնում է ճիշտ ներկայացնել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter