HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Բոբի Մըքֆերին. նա գիտի, թե որտեղ է պահված երջանկության բանալին

«In every life we have some trouble

But when you worry you make it double

Don’t worry, be happy

Don’t worry, be happy now

 

Ain’t got no place to lay your head

Somebody came and took your bed

Don’t worry, be happy…»

«Անհոգ ու երջանիկ լինելու» նման դեղատոմով ևս 5-6 տող է ընդգրկում այս երգը, որից հանդիսատեսը երեք տասնամյակ շարունակ հիմնականում հիշում է մեկ տող՝ «Don’t worry, be happy…»: Երևի ճիշտ այն, ինչ իրեն պետք է: Եվ արտահայտության շարունակ հնչելն էլ երևի հենց այդպես մարդկանց մեջ ապրելու ցանկությունն ուներ: Աշխարհում ամենահայտնի ու ամենասիրված երգերից մեկը, որը մեզ է հասել 80-ականներից և որը հավասար ջերմությամբ հնչում է մինչ օրս, շատերի համոզմամբ Բոբ Մառլիինն է: Մինչ օրս, երաժշտասերների մեծ մասը կարծում է, որ այն կամ գրել է Մառլին, կամ էլ հենց ինքն է կատարում: Մինչդեռ ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը: Բացի այդ, բավական է միայն հիշել, որ Մառլին մահացել է 1981թ, իսկ վերոնշյալ «անհոգ ու երջանիկ լինելու» բանաձևը հայտնագործվեց 1988-ին:

Բոբի Մըքֆերին. վոկալային անկրկնելի իմպրովիզացիաներով հայտնի այս երգչին վիճակված էր, առանց գործիքային երաժշտության միջամտության, առանց ձայնագրման ու հնչյունային համադրության բարդությունների՝ պարզ ու սովորական երգը հասցնել հիթային բարձունքների: Անհոգ մի սուլոցի ուղեկցությամբ ակապելլան պայթեցրեց երաժշտական աշխարհը՝ հաստատելով, որ լավ երգ ստանալու համար հավելյալ ձևավորումներն ու ջանքերը այնքան էլ պարտադիր չեն:

«Don’t worry, be happy». հենց այդպես էլ կոչվում էր երգը, որը թողարկվեց 1988թ. սեպտեմբերին՝ երգչի 4-րդ ալբոմի կազմում («Simple Pleasure»): «Billboard Hot 100»-ում այն կառուցվածքային նման առանձնահատկությամբ առաջին երգն էր, որը գրավեց աշխարհի հարյուրյակի առաջին հորիզոնականը՝ մնալով այնտեղ երկու շաբաթ: Երգի ճանաչումն ու հաջողությունները տեղափոխվեցին նաև խստապահանջ երաժշտական Անգլիա. «UK Singles Chart»-ում այն 2-րդ հորիզոնականում էր: Իսկ ահա «Գրեմմի»–ն, 1989 թվականին ամփոփելով նախորդ տարվա ձեռքբերումները, «Don’t worry, be happy»-ն գնահատեց երեք անվանակարգերում՝ «Տարվա երգ», «Փոփ երաժշտության մեջ տարվա լավագույն վոկալ (տղամարդու)» և երգն ընդգրկող ալբոմը՝«Տարվա ձայնագրություն»:

Կյանքի խնդիրներին թեթև վերաբերվելու և երջանիկ լինելու գիտակցությամբ ներշնչող այս երգը Բոբի Մըքֆերինը գրեց հենց նման մի սկզբունքից, կամ ավելի ճիշտ՝ փիլիսոփայական  մտքից ոգեշնչված: Բանն այն է, որ «Don’t worry, be happy» արտահայտությունը (Մի նեղվիր, երջանիկ եղիր) պատկանում է հնդիկ փիլիսոփա, հոգևոր ուսուցիչ և միստիկ Մեհեր Բաբային (1894-1969թթ.): Նա հաճախ էր այն գործածում, հատկապես, Արևմուտքում ապրող իր հետնորդներին նամակ-հաղորդագրություններ գրելիս: Այդ միտք-բանաձևը նա գործածում էր տարբեր շերտերով: 60-ական թվականներին այս արտահայտությունը շատ պոպուլյար դարձավ որոշ ասպարեզներում: Այդ շրջանում մեծ տարածում ունեցան «Don’t worry, be happy» գրությամբ էզոթերիկ խաղաքարտերն ու պաստառները:

Եվ ահա երկու տասնամյակ անց, դրանցից մեկին էլ տրված էր կյանքի կոչել այս փիլիսոփայությունը երգի միջոցով: Մըքֆերինը Սան Ֆրանցիսկոյում էր: Նա հյուրընկալվել էր «Tuck & Patti» ջազ խմբին, երբ նրանց բնակարանում պատահաբար աչքովն ընկավ հետաքրքիր մի պաստառ՝ իր չափազանց կանչող վերնագրով՝ «Don’t worry, be happy»: Բոբիին այդ խոսքը շատ պարզ ու միևնույն ժամանակ խորը փիլիսոփայություն թվաց: Այդ մի քանի բառերի խորքում թաքնված ճշմարտությունը նա տեսավ կյանքի փոքրիկ ակնթարթներում անգամ: «Երբ նայում ես Մեհեր Բաբայի պաստառին, սովորաբար անպայման տեսնում ես «մի նեղվիր, երջանիկ եղիր» խոսքը: Այն չորս բառի մեջ ամփոփված փիլիսոփայական հստակ ուսմունք է: Ես այդպես եմ այն ընկալում»,- ասել է Բ. Մըքֆերինը հարցազրույցներից մեկում:

Եվ այս արտահայտությունը դարձավ նոր երգի ու նոր փիլիսոփայության երաժշտական բանալին:

Don’t worry, be happy»-ն առաջին անգամ հնչեց «Կոկտեյլ» ֆիլմում, իսկ մեկ տարի անց, արդեն սիրված սաունդթրեքը սինգլի տարբերակով համաշխարհային հիթի վերածվեց: Մըքֆերինը հատուկ յամայկյան ակցենտ ներմուծեց երգում, որն էլ հավանաբար պատճառ դարձավ կատարումը վերագրելու Բոբ Մառլիին: Այս երգը Մըքֆերինին մեծ ճանաչում բերեց, ինչը չէր հաջողվել չորս տարի առաջ թողարկված  «The Voice» խորագրով ալբոմին: Թեև այս ալբոմում արդեն բացահայտվել էր ձայնային նոր տեխնիկայով ու ջազային նոր մոտեցմամբ առանձնացող երգիչը: Երգի տեսահոլովակը, որը կատակերգական ժանրում ներկայացվեց, նկարահանվեց անկրկնելի Ռոբին Ուիլյամսի և Բիլ Իռվինի մասնակցությամբ:

«Don’t worry, be happy»-ն իր ոճային անհատականությամբ առանձնացնող այս երաժշտի կյանքում միգուցե այցեքարտային էր, սակայն, չնայած մինչ օրս նրա ճանաչման անսահմանությանը, Մըքֆերինը փոփ-աստղ չդարձավ, ու չկառչեց հեռուստաէկրաններից: Նա շարունակեց հավատարիմ մնալ ջազային իր աշխարհի սկզբունքներին՝ ստեղծագործելով իրե՛ն հետաքրքրող ճանապարհով: Մըքֆերինը համագործակցել է ջազի լեգենդար արտիստների հետ, հանդես եկել նվագախմբային համերգներով (ջազ և դասական), որոնցում նա փայլուն դրսևորել է իրեն նաև դիրիժորական արվեստում: Այսպես ուրեմն. որպես հրավիրյալ դիրիժոր՝ նա կանոնավոր շրջագայություններ է ունենում Լոնդոնի, Իսրայելի, Վիեննայի, Ֆիլադելֆիայի, Լոս-Անջելեսի ֆիլհարմոնիկ և Սան Ֆրանցիսկոյի, Չիկագոյի, Դետրոյթի և այլ սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Դասական երաժշտության այս ճամփորդությունն առավել տպավորիչ է դառնում, երբ ամենաանակնկալ պահին և ամենալուրջ հատվածներում հանկարծ օդում պարող հնչյուններին միանում են Մըքֆերրինի ինքնատիպ վոկալ իմպրովիզացիաները: Դրանց երբեմն ստիպված է լինում մասնակցել ոչ միայն նվագախումբը, այլև այս ամենից անտեղյակ հանդիսատեսը:

Երգիչ, երգահան, կոմպոզիտոր և դիրիժոր Բոբի Մըքֆերինը պարբերաբար մասնակցում է կրթական ծրագրերի: Որպես հրավիրյալ դասախոս, իսկ առավել հաճախ՝ կամավոր սկզբունքներով, նա վարպետության դասեր է անցկացնում տարբեր հանրային և երաժշտական դպրոցներում:

Լուսանկարները վերցված են երգչի կայքից՝ www. bobbymcferrin.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter