HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Պատգամավոր Հարություն Փամբուկյանի ներկայացուցիչներն ահաբեկել են 88-ամյա կնոջը

Էդիկ Բաղդասարյան
Վարդուհի Զաքարյան

«13 տարի մշակում ենք այս այգին: Քարքարոտ տարածք էր , տանջվեցինք, բայց հրաշալի այգի դարձավ: Հիմա խլում են մեզնից: Մկրտիչ Առաքելյանը եկավ, տհաճ խոսքերով պահանջեց գրություն տանք, որ հրաժարվում ենք մեր հողամասից: Ասացինք` ոչ մեկին չենք տա մեր այգին: Նա մի անգամ էլ ասաց, որ իր վրա է վերցնում, որ հետո մեզ փողը կտան: Առաքելյան Մկրտիչը հիմա Բանգլադեշի էլեկտրացանցում է աշխատում: Հետո պարզվեց, որ նա պատգամավոր Հարություն Փամբուկյանի ներկայացուցիչն է: Մեկ տարի ու կես մեզ ուղղակի տանջել են, տարբեր մարդիկ սպառնում, ծաղրում էին` ասելով, թե դուք ով եք, որ ձեզ հողամաս տան: Նրանք Փամբուկյանի ներկայացուցիչներն էին: Փամբուկյանի անունը մինչ այդ ոչ մի տեղ չի ասվել: Դիմեցինք թաղապետարան, ասացին եկողներին զգուշացնենք, որ եթե մեկ անգամ էլ գան ու անհանգստացնեն ձեզ, այդ ժամանակ ուրիշ ձեւ կլինի»,- պատմում է Ռոզա Հայրապետյանը: 

2001թ. հոկտեմբերի 5-ին քաղաքապետ Ռ.Նազարյանի թիվ 1212 որոշմամբ հաստատվեց սեպտեմբերի 26-ին կայացած աճուրդային վաճառքի արդյունքները: Ըստ արդյունքների` հաղթող էր ճանաչվել ԱԺ պատգամավոր Հարություն Փամբուկյանը: Կարծես թե ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել:

ՀՀ քաղաքացի Հ. Փամբուկյանը անհատական բնակելի տան կառուցման համար երկու մլն չորս հարյուր վաթսունմեկ հազար երկու հարյուր դրամով Երեւանի Հալաբյան փողոցին հարող տարածքում գնել էր 1600 քմ հողամաս: Ամեն ինչ կարելի էր նորմալ համարել, եթե չլիներ հատկացված տարածքում 1300 քմ վրա գտնվող այգին, տնակը եւ փոքրիկ լողավազանը: 

Այդ տարածքում այգի է գցել 88-ամյա Արաքսյա Հայրապետյանը: Նա ապրում է Ֆիզիկայի ինստիտուտի ՙգարադոկում՚: Որդին` ֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Սլավիկ Հայրապետյանը,1990-ին զոհվել է պատերազմում: Այգին, որտեղ աճում են 17 տեսակի 200 ծառ, արդեն 13 տարվա պատմություն ունի: Բոլոր ծառերը բերքատու են: Հողը եւ այգին Ա.Հայրապետյանը մշակում է աղջիկների` Ռոզայի եւ Ռիմայի հետ: Բոլորն էլ թոշակառուներ են:

ՙԵս մի քանի անգամ դիմել եմ թաղապետարան` խնդրելով, որ այդ հողամասը վարձակալության տան ինձ, սակայն պատասխանել են, որ այդտեղով պիտի անցնի մետրոն՚,- անկողնում պառկած պատմում է Արաքսյա Հայրապետյանը:

Նրա գրավոր խնդրանքին 2002թ. դեկտեմբերին քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Ս. Կոտոլիկյանը պատասխանել է. ՙՖիզիկայի ինստիտուտի հարավային մասում 1991թ. Ձեր կողմից օգտագործվող հողամասի (մոտ 1300 քմ) տրամադրման վերաբերյալ հայտնում ենք, որ հիշյալ հողամասը գտնվում է Երեւանի մետրոպոլիտենի կամրջային անցման շինարարության նպատակով հատկացված հողատարածքի մեջ, ուստի հարցին ընթացք տալ չենք կարող՚:

«Ես Դիլիջանում էի ապրում, երբ եղբայրս զոհվեց, եկա մորս մոտ: Բոլորս այգի ենք մշակում, ուրիշ աշխատանք չունենք: Եվ արդեն վախենում ենք էդ եկողներից: Վերջին անգամ մարդիկ եկան, ասացին` ու±ր են հիմա Դեմիրճյանը, Սարգսյանը: Ձեզ էլ կարող են վերացնել, եթե հողամասը չտաք: Նրանց ամեն գալուց հետո մայրս հիվանդանում է: Ընտրությունների ժամանակ մարդիկ խորհուրդ տվեցին զանգահարել նախագահի վստահության հեռախոսահամարով: Զանգեցինք, ասացին, որ մեր հարցը լուրջ է եւ պետք է նամակ գրենք: Գրեցինք»,- շարունակեց Ռոզա Հայրապետյանը:

Եւ ահա թե ինչ է գրել այս անգամ Ս.Կոտոլիկյանն իր առաջին պատասխանից ուղիղ երկու ամիս անց. «Ֆիզիկայի ինստիտուտի հարավային մասում գտնվող Ձեր կողմից մշակվող հողամասի տրամադրման մասին ՀՀ Նախագահին ուղղված դիմումի վերաբերյալ հայտնում ենք, որ վերոհիշյալ տարածքի մի մասը Աջափնյակի թաղապետարանի առաջարկությամբ ներկայացվել է աճուրդի: Աճուրդի անցկացման մասին նախապես տրվել է հայտարարություն մամուլում: Երեւանի քաղաքապետի 05.10.2001թ. h 1212 որոշումամբ նշված հողամասը տրամադրվել է աճուրդում հաղթող ճանաչված Հարություն Փամբուկյանին: Հողամասի մնացած մասը գտնվում է Երեւանի մետրոպոլիտենի Հրազդան գետի վրայով անցնող նախագծային կամրջի հատվածի համար հատկացված հողամասի սահմանների մեջ: Հաշվի առնելով վերոհիշյալը` Ձեր խնդրանքը բավարարել չենք կարող»:

Ա.Հայրապետյանին այդ ընթացքում էլ շարունակել են այցելել տարբեր մարդիկ` պահանջելով ազատել այդ տարածքը: Սակայն, նրանք նման մտադրություն չունեն: 

Եվ ահա, 2003թ. հոկտեմբերին Հարություն Փամբուկյանը դիմել է Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարան` խնդրելով Արաքսյա Հայրապետյանին վտարել իր սեփականությունը հանդիսացող հողատարածքից: Դատարանը` Ե. Դանիելյանի նախագահությամբ, նոյմեբերի 13-ին վճռեց Հ. Փամբուկյանի հայցը բավարարել: ՙՎճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին՚: 

ՙԴատարանում ասացի, որ այնտեղ 200-ից ավել բերքատու ծառեր ու թփեր կան, լողավազան, քարից պատրաստված լոգարան ու զուգարան կա: Ասացին, թե դրանց գումարը նրանք պատրաստ են վճարել: Ես էլ պատասխանեցի, որ մեզ գումար պետք չէ: Ասացի, որ աճուրդի մասին մենք չենք իմացել, մենք էլ ենք պատրաստ հողամասի համար վճարել: Ասացի` 91թ.-ից մշակել ենք այդ հողը: Մենք օրինավոր տեր չենք դարձել, քանի որ մեզ թույլ չեն տվել: Ու հիմա ուրիշին են վաճառել՚,- շարունակում է Արաքսյա Հայրապետյանի մյուս աղջիկը` Ռիման: 

Նրանք առայժմ հավատում են, որ եթե իրենք զոհվածի ընտանիք են, 13 տարի մշակում են այդ այգին, ուրեմն դա կմնա իրենց եւ բողոքարկել են դատարանի վճիռը: Նրանք դեռ հավատում են, որ այս երկրում իրենց իրավունքները հնարավոր է պաշտպանել, նույնիսկ եթե այն խախտում է Ազգային ժողովի պատգամավորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter