HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոնարհվել է Բաթումի հայ կաթոլիկ եկեղեցին. հայ համայնքը պահանջում է վերադարձնել շենքը

Փետրվարի 4-ին փլուզվել է Բաթում քաղաքի Գամսախուրդիա 35 հասցեում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցու տանիքը:

Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ Արարատ Գումբալյանը «Հետքի» հետ զրույցում պատմեց, որ շենքը վթարային վիճակում էր. ըստ ամենայնի` չի դիմացել առատ ձյան տեղումների ծանությանը և խոնարհվել է:

Արարատ քահանա Գումբալյանի տեղեկություններով` եկեղեցին 1877-ին կառուցել են հայ կաթոլիկները: Այն փակվել էր խորհրդային տարիներին և օգտագործվել որպես սպորտ-դպրոց: Անկախացումից հետո սպորտ-դպրոցը ևս փակվել է և այլևս չի վերաբացվել: 2011 թվականին Վրաստանի կառավարությունը շենքը նվիրել է վրացական եկեղեցուն, որն էլ որևէ գործողություն և քայլ չի ձեռնարկել այն վերականգնելու կամ որևէ նպատակով օգտագործելու համար:

«Քանի որ ոչ մի բան չեն անում և չեն վերականգնում, մենք` Հայ առաքելական եկեղեցին կոչով դիմում է իշխանություններին, որ շենքը վերադարձնեն հայ համայնքին և Հայ եկեղեցուն, և մենք փորձենք վերականգնել այս հոգևոր կառույցը»,- ասում է Տեր Հայրը:

Քահանան պատմում է, որ Բաթումում այժմ հայ կաթոլիկներ, որպես այդպիսին, չեն առանձնացվում, և բոլոր հայերը հաճախում են Բաթումի հայ առաքելական Սուրբ Փրկիչ եկեղեցի:

«Մենք մեր գործունեության մեջ չենք տարանջատում հայ համայնքին, դրա համար ուզում ենք եկեղեցին վերադարձնել և հոգևոր կենտրոն դարձնել: Իրենք էլ ասում են` չեն կարող վերականգնել, գումար չունեն և այլն: Մենք էլ ասում ենք` եթե դուք չունեք, տվեք` մենք տեր կկանգնենք էդ կառույցին: Մենք պետությունից ենք ուզում, հայտարարել ենք և երևի նամակով էլ դիմենք, որ վերադարձնենք եկեղեցին: Հոգևոր կառույցը պիտի գործի, դա հոգևոր արժեք է և քաղաքի համար, և հայության համար ընդհանրապես»,- ասում է Արարատ քահանա Գումբասարյանը:

Նա վստահ է, որ վթարային եկեղեցին հնարավոր է վերակառուցել, քանի որ պատերը կանգուն են: Կտուրն է հին եղել, որը և փլուզվել է:

Թե կոնկրետ ինչ են անելու այդ եկեղեցու հետ վերադարձից հետո, Տեր Հայրը դեռևս չգիտի: Պնդում է, որ կարևորը հոգևոր կենտրոնը փրկելն է, առաջնահերթը եկեղեցու շենքի փրկությունն է:

«Երբ որ փլուզված չէր, ասում էին` կաթոլիկ եկեղեցի է, երբ որ արդեն վատ վիճակում է, խոնարհված է` ասում են հայ կաթոլիկ է: Քանդվածին տեր չեն փորձում լինել, բայց մենք մեր քանդվածին էլ պիտի տեր լինենք, սա է մեր խնդիրը»,- ամփոփում է Տեր Հայրը: 

Վրաստանի իշխանություններից դեռևս արձագանք չեն ստացել: Սակայն պատրաստ են նաև գրավոր դիմել կառավարությանը:

Եկեղեցու լուսանկարը` batumelebi.netgazeti.ge-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter