HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնածին արատի պատճառով լքված Լևոնը ողջ կյանքում որոնել է ծնողներին. 28 տարի անց գտնելուց հետո նրան չեն ընդունել

Գայանե Սարգսյան

Գայլի երախով-նապաստակի շրթունքով ծնված Լևոնին ծնողները ծնվելուց կարճ ժամանակ անց լքել են: Տարիներ շարունակ Լևոնին մի հարց է հուզել՝ ինչո՞ւ:

 -Չգիտեմ, թե ինչպես եմ հայտնվել մանկատանը, բայց հասկանում եմ, որ երևի  ծննդատնից են ինձ տարել մանկատուն: Մանկությունս անցել է Երևանի Խարբերդի  մանկատանը: Երբ վեց տարեկան դարձա,  մանկատնից տեղափոխեցին Նուբարաշենի թիվ 11 օժանդակ գիշերօթիկ դպրոց:

Ինչքան մեծանում էի, այնքան տպավորվում էր մեջս միտքը, որ պետք է փորձեմ գտնել ծնողներիս: Տեսնելով դասընկերներիս, որոնց ծնողները շաբաթ-կիրակի գալիս ու տանում էին, հասկանում էի, որ իրենք տուն են գնում, իսկ ես մենակ եմ:

Երկրորդ դասարան էի, որ ասում էի՝ ե՞րբ պետք է իմ ծնողներն էլ գան, ինձ տուն տանեն… Սկսել էր խորանալ այդ զգացումը: Մեծանում էի ու ծնողական սեր, ջերմություն, վերաբերմունք չէի տեսնում:

Այդ տարիներին ինձ առաջարկեցին որդեգրել: Համաձայնվեցի: Նրանք Աշտարակից էին: Այդ ժամանակ երրորդ դասարան էի՝ 9 տարեկան: Շաբաթ-կիրակի գալիս, տանում էին իրենց տուն: Նրանք երեք երեխա ունեին, ինձ շատ լավ էին վերաբերվում, իմ համար հեծանիվ էին գնել:  Ասում էին՝ մեզ կարող ես ասել հայրիկ, մայրիկ, բայց ժամանակի ընթացքում ես հասկացա, որ չեմ կարող հայրիկ, մայրիկ ասել նրանց, ովքեր իմ ծնողները չեն:

Մերժեցի, ասացի՝ կներեք, չեմ կարող ձեզ այդպես կոչել, ուզում եմ մնալ գիշերօթիկում: Նրանք շատ ծանր տարան, իսկ ես իմ մեջ գիտակցում էի, որ իրենք իմ ծնողները չեն, որ մի գեղեցիկ օր ես կգտնեմ իմ ծնողներին, եթե նրանք դեռ կան…

Ինչքան մեծանում, այնքան հասկանում էի, որ ինձնից ինչ-որ բան պակաս է: Յոթերորդ դասարանում դիմեցի սիրելի ուսուցչուհուս, ասի՝ մտադիր եմ ծնողներիս գտնել: Ասաց՝ դժվար ողջ լինեն, տղա՛ս: Միառժամանակ թողեցի այդ թեման:

Երբ փոխադրվեցի 9-րդ դասարան, մի խումբ ֆրանսահայ բժիշկներ եկան Հայաստան: Իմ սիրելի ուսուցչուհին՝ Ֆլորա Մարտիրոսյանն ասաց՝ Լևոն, Երևան է եկել ֆրանսահայ Շառլ Ազնավուրի խումբը, քիթ-կոկորդի բժիշկներ են: Գնացինք: Ֆրանսահայերը նայեցին ինձ ու ասացին՝ 12 օրից պետք է լինես Փարիզում, որ վիրահատենք:

Սկսեցին իմ փաստաթղթերը պատրաստել: 1991 թ.-ի ապրիլի 25-ին գնացի Ֆրանսիա,   իմ բոլոր ծախսերը հոգացին Շ. Ազնավուրն ու Ֆրանսիայի շատ անվանի հայեր: Երեք ամսվա ընթացքում երեք վիրահատություն տարա: Երբ վիրահատությունից հետո աչքերս բացեցի, շուրջբոլորս մեր ֆրանսահայերն էին: Միայն մի բան էր պակասում. ծնողներս էլի կողքիս չէին:

Մի հարուստ ֆրանսահայ ընտանիք կար՝ Հարութ և Նվարդ Իզեթյանները, հագուստի արտադրամաս ունեին, մեծ բնակարան, ասում էին՝ օր մը կգնանք Հայաստան, ծնողներիդ կգտնենք, հոգ մի տար, դուն մեզ հետ ըլլա, ամեն ինչ լավ պիտի ըլլա: Բայց չմնացի, միայն մի բան էի մտածում՝ վաղվա օրս թող լինի Հայաստանում, թող գտնեմ ծնողներիս: Ես չպարզաբանված խնդիր ունեի, որ պետք է պարզեի՝ ո՞ւր են իմ ծնողները, ովքե՞ր են նրանք, կա՞ն, թե՞ ոչ…

Վերադարձա: Գիշերօթիկ դպրոցից հետո դիմեցի Օլեգ Կոշևոյի անվան ուսումնարան ու սկսվեցին շատ դժվար օրեր: Երեք տարի սարսափելի օրեր եմ անցկացրել. թեև հանրակացարանում սենյակ էին հատկացրել, բայց ուսումնարանի տված կրթաթոշակը չէր հերիքում:

Ավարտելուց հետո հասկացա, որ մնալու տեղ չունեմ: Դիմեցի Ազնավուրը Հայաստանին հիմնադրամին: Նրանք Վանաձորում ինձ համար տնակ առան քաղաքային մարզադաշտի հարևանությամբ: Առաջարկ ստացա աշխատել ֆրանսացիների կողմից ստեղծված փայտամշակման արտադրամասում, ապա՝ Շառլ Ազնավուրի կողմից ստեղծված ծերատանը:

Մեծանալուս զուգահեռ ծնողերիս գտնելու ցանկությունն էր մեծանում: Ընկերներիս հետ նստում էինք հաց ուտելու, առաջինը ծնողների կենացն էին խմում: Ես էլ էի խմում, խմելուց առաջ մտքումս ասում էի՝ Աստված ջան, թող իմ ծնողներին էլ առողջություն լինի:

28 տարեկանում հասկացա՝ լավ, ես այսքան ապրում եմ, ինչո՞ւ պետք է չտեսնեմ ծնողներիս: Ինքս ինձ հույս էի տալիս՝ դու մի օր կգտնես նրանց, դու պատի տակից չես դուրս եկել, չէ՞ որ քեզ մայր է բերել:

Դիմեցի Երևանում ապրող ընկերոջս հորը: Ասացի՝ օգնեք գտնենք ծնողներիս:  Ոչ հասցե ունեի, ոչ ՝տվյալներ։ Միակ տվյալս այն էր, որ ծնողներիս անուն-ազգանունները գրված էին իմ ծննդականում, բայց կասկածում էի, որ գուցե դրանք հորինովի անուններ են:

Մտանք Երևանի հանրապետական արխիվ: Արխիվում հրաժարվում էին որևէ տեղեկություն տալ: Վերջապես մի բարի կին հանդիպեց, նայեց արխիվի գիրքն ու ասաց՝ տղաս, ծննդականում նշվածը ծնողներիդ իրական անուներն են: Ուրախացա:

Անմիջապես եկա ընկերոջս հոր՝ Հովսեփի մոտ, ասի՝ գործն առաջ ա գնում: Ասեց՝ սպասի: Գնաց բերեց Երևանի բնակիչների հաստ հեռախոսագիրքը: Գրքում գտանք հորս անուն-ազգանունը, հասցեն  ու տան հեռախոսահամարը: Չէի հավատում աչքերիս:

Պարզվեց՝ ծնողներս ընկերոջս տնից մի քանի տուն են այն կողմ: Շոկի մեջ էի: Փաստորեն, նրանք՝ քթիս տակ, ես ուրիշ տեղ էի նրանց փնտրում:

Սիրելի ուսուցչուհուս հետ գնացինք մեր տուն: Նախապես տեղեկացրել էինք, որ գնալու ենք: Դողեդող մտա տուն: Մտանք հյուրասենյակ, այն նկատեցի, որ ձախ կողմից մեկն ընկավ բազկաթոռին: Հայրս էր, շաքարը բարձրացել էր: Վերին աստիճանի նման էինք իրար, երևի դրա համար եմ հորս շատ սիրում:

Ասում էին, որ ամեն ինչ անցողիկ է, որ լավ կլինի: Թողնելու թեմայով բացարձակ չէին ուզում խոսեն, չէին ուզում ասել, թե ինչպես են ինձ թողել: Ես գիտակցում էի, որ թողնելու պատճառն իմ հիվանդ ծնվելն էր, բայց դա ի՞նչ կապ ուներ, ես որևէ հանցանք չէի գործել, չէ՞, ուղղակի հիվանդ էի ծնվել:

Տատիկս որոշեց իմ հետ առանձին խոսել: Ասաց. «Քո ծնողներին չմեղադրես, բալես, իմ տղու տղեն ես: Որ դու ծնվել էիր՝ փարթամ, սիրուն, չաղլիկ, բայց որ ֆռռում էիր կաթ ուտելու, որ տեսնում էինք էդ տեսարանը, այլ էր էդ պատկերը ու ահավոր»:

Ասում էի՝ տա՛տ, բա դրա համար կարելի ա՞ թողնել, երեխա եմ, մարդ եմ, շունչ եմ, մեծանալու էի: Քո տղու տղեն եմ,  չէ՞: Չէ որ ամեն տատ սիրում ա իր տղու տղուն:

Պայմանավորվեցինք, որ տեղափոխվեմ մեր տուն: Այդ ժամանակ աշխատում էի Վանաձորի ծերատանը որպես տարեցներին խնամող: Եկա Վանաձոր, կոլեկտիվիս հետ մեծ քեֆ արեցի, ասեցի, որ գտել եմ ծնողներիս:  

Եկա Երևան, մերոնց տուն: Դա 2003թ.-ի օգոսոտսի 28-ն էր: Շատ լավ էին վերաբերվում, ես, հորաքույրս, մայրս, սկսեցինք գնալ շորի խանութներ: Ուշադրություն էին դարձնում, որի կարիքը շատ ունեի: Մնում էի այն սենյակում, որտեղ ամուսնացած քույրերս էին մնացել: Դա իմ կյանքի երջանիկ մեկ շաբաթն էր: Ամեն ինչ փոխվել էր, ես դարձել էի աշխարհի ամենաերջանիկը: Մարդը հարուստ է իր ընտանիքով, ու ես հարուստ էի:

Սեպտեմբերի 6-ին ընկերոջս տնից վերադարձա, տուն մտա, տեսա հայրս իրերս դրել ա դռան մոտ: Մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ ծնողս ինձ ասեց՝  տղա ջան, գնա այնտեղ, որտեղից եկել ես: Հարցրի՝ կասե՞ք ինչ է եղել: Ոչինչ չասաց:

13 տարի 6 ամիս լռել եմ: Հիմա էլ չեմ ուզում լռել: Մտածում եմ՝ ինչո՞ւ պետք է լռեմ: Բոլորը հարցում են՝ ո՞նց են ծնողներդ, կբարևես: Ո՞ւմ էի բարևելու: Չէի ասում ոչ մեկին, որ ինձ տնից դուրս են արել: Բոլորը կարծում էին, որ ամեն ինչ լավ է, իսկ ես համարում էի, որ դա իմ նեղ անձնականն է, թող իմ մեջ փակ մնա: Տարիներ հետո միայն մի մտերիմ ընկերոջս եմ պատմել ամեն ինչ:

Այս տարի մարդիկ իրենց տանը Նոր տարի էին դիմավորում, ես ընկերոջս դատարկ տանը մեն մենակ էի (ընկերս ՌԴ-ում է):  Նոր տարին հենց դրա համար չեմ սիրում: Ամեն Նոր տարուն երբ մենակ էի լինում, ասում էի՝ տեսնես կլինի մի Նոր տարի, որ ես ծնողներիս հետ դիմավորեմ:

Ու ինքս ինձ հարցնում եմ՝ լավ, ինչո՞ւ եմ ես լռել այսքան ժամանակ, իրենք էլ են տարիք առնում, ես էլ:

Կարոտել եմ ծնողներիս…

Մեկնաբանություններ (19)

Լուսինե
Լևոնին ճանաչում եմ դեռ 1994թ-ից մեր ընտանիքի սիրված ու հարգված տղան է եղել և կա մինչ հիմա:Մարդկային հատկանիշներով օժտված բարի ու խելացի այդ տղան Վանաձորում շատ շատերի կողմից է սիրված ու հարգված անձնավորություն...դեռ այն ժամանակ երբ գտել էր իր ծնողներին մենք էլ որպես հարազատ մարդիկ կիսում էինք նրա ուրախությունը,որը ցավոք երկար չտևեց... Երեխաների ընտրությունից դուրս է իրենց ծնունդը,ծնողներն են որոշում կայացնում ստանձնելով որոշակի պարտականություններ իրենց ժառանգի նկատմամբ:Տվյալ պարագայում իրավական դաշտում հավանաբար ոչ մի պարտականություն չունեն ծնողները որովհետև հանձնել են մանկատուն....բայց ուր մնաց հայի այն տեսակը ու մնաց հայկական հոգեկերտվածքը, որը անգամ օտարին նեցուկ է կանգնում դժվար իրավիճակում: Լևոնի ընտանիքը պիտի որ գոնե տասնամյակներ անց տեսնելով խելացի և հավասարակշռված մարդու ջերմությամբ շրջապատեր և հարազատորեն ընդուներ իրենց արյունակցին...ցավոք արյունը այս պարագայում ջուր դարձավ...տասնամյակներ առաջ կատարված ճակատագրական դաժան քայլը նորովի ցավ պատճառեց Լևոնին: Մաղթում եմ ամուր կամք,ուժ,ավելի բարի մարդիկ շրջապատեն Լևոնին,իսկ ծնողներին,հարազատներին կոչ եմ անում սթափվել և խղճի մտոք վերաբերվեն ստեղծված իրավիճակին:Մարդային գութը մեռնում է մարդու հետ միասին...
Մոնա
Բարև Լևոն ջան ճիշտ է դժվար է եղել Քո կյանքը ամեն դժվարությունով անցել ես ,Դու ուժեղ ես ուղակի կցանկանամ առաջ նայիր կյանքը շարունակվում է և ասեմ որ նման ցնողները արժանի չեն որ իրենց ուզում ես փնտրել, ուղակի գտիր Քո 2 րդ կեսին և ընտանիք կազմիր.Քեզ հայողություններ
ՀԱՅՈՒՀԻ
Լևոն, տղաս, դու սիրուն և խելոք մարդ ես երևում, մի հալալ կաթնակեր աղջիկ գտիր ու նրա հետ եղիր երջանիկ ու միշտ նայիր առաջ։ Իմ աղոթքներում կլինես, բարի տղա։
,Մարինե
Լեւոն ջան մարդկանց վրա շատ հույսդ մի դիր, Աստված մեր բոլորի հայրն է , մեզ բքլքրիս ստեղծողը, նրանից խնդրիր որպեսզի հոգ տանի քեզ համար, Նա ամենակարող է հավատա, Նրա շնորհիվ այս կյանքում լավ մարդկանց կհանդիպես, Նա ամոթով քեզ չի թողնի, Նա կատարում է իր խոստումը, մարդկանց նման փառասեր ու խաբեբա չի, ականջ դիր Աստծո ձայնին,, եւ չես ընկնի,,, հավատա'
Մաքրուհի Ներսիսյան
Լևոն,տղաս, քո պատմությունը ինձ շատ հուզեց...Իմ տղաս էլ է քո ճակատագրին նման ճակատագիր ունեցել, միայն մի տարբերությամբ,որ ես նրա կողքին եմ եղել:Տղաս չորս տարեկան էր, երբ որդուս հայրը առանց պատճառի տղայիս ձեռքս տվեց ու դուս արեց...դաժան տարիներ անցան... Տղաս դարձավ 16 տարեկան...Ես երջանիկ էի,քանզի ունեի պարզապես հրաշամանուկ...Սակայն ինձ ցավով մտատանջում էր մի հանելուկ...Ինչու առանց պատճառի մենք բաժանվեցինք....Այդ հարցի պատասխանը ես ստացա,երբ տղաս 16 տարեկանում վթարի ենթարկվեց....Հիվանդանոցում բժիշկը մի ահավոր բացահայտում արեց...Իմ տղան ուներ ծննդաբերական մահացու հիվանդություն/չեմ գրում ինչ/,որով հիվանդ երեխաները կամ մտավոր հետամնաց են լինում, կամ մինչև 10 տարեկան մահանում են...Այս մասին իմացել էր նրա հայրը, ինձ տեղյակ չեր պահել,դաժան գաղտնիքը իրերեխայի ուսերին մահացու ծանր բեռ դարձնելով...Բժիշկը ցնցված էր...Սարսափելի հիվանդությունը ոչ մի հետք չեր կարողացել թողնել...Գեղեցիկ, բարձրահասակ,տաղանդավոր, հավատով լեցուն 20 -ամյա երիտասարդ է տղաս,Արցախում ճանաչված խելացի ուսանող է,շուտով կավարտի համալսարանը, ստնալով ֆիզիկ- ծրագրավորողի որակավորում,բազմակողմանի ջարգացած տղա է,,,Ամենակարևորը բարի է ու հավատով լեցուն,պայքարելու ձիրրք ունի...Ծնողի սերը ողորմություն չեն խնդրում,Լևոն ,տղաս:Առաջնորդվիր քո բնատուր ունակություններով և ինքնահաստատվիր...
Մերի
Տղա ջան, շատ բարի ու զգայուն մարդ ես: Դու մենակ չես: Հայաստանը մի մեծ ընտանիք է, ու դու ունես այդ ընտանիքը: Վստահ եմ, որ քո կազմած ընտանիքում, երբեք թույլ չես տա նման բան պատահի, ինչի միջով դու անցել ես: Մեծ սիրով հրավիրում եմ եկող Նոր Տարին մեր ընտանիքի հետ անցկացնելու: Ոինենք երեք մեծ երեխաներ, որոնք քեզ սիրով կնդունեն որպես եղբայր:
Արմինե
Տխուր պատմություն, բայց ասեմ, աստված տեսնելով, որ ծնողները անարժան են երկու անգամ տղային արժանի ծնողներ է տվել , ինչու է նա հրաժարվել Աստծո պարգևից? Կարծում եմ կարելի է գտնել այն ծնողներին, ովքեր հեծանիվ էին նվիրել և ոտքերը ընկնել և ասել, որ դուք մամա ու պապա էիք , գնահատել է պետք լավությունը և մոռանալ չգնահատողին :
Ninel Rolanovna
Լևոն ջան , կներես, որ գուցե կտրուկ եմ , սակայն իրական սերը փորձության մեջ է հենց դրսևորվում , քո ծնողները ուղղակի ունակ չեն սիրել , անգամ կենդանին իր ձագին չի թողնում:Ամենասարսափելին այն է , որ նրանք քեզ լքեցին նաև երկրորդ անգամ :Չեմ կարողանում հասկանալ ինչպես են նրանք ապրել այսքան տարի առանց խղճի խայթի...սակայն նայել սեփական զավակի աչքերին ու ...և նրանք կոչվում են քրիստոնյա ?..Նման ծնողներին համարում են ...Ավելի լավ է ծնող չունենալ , քան նմաններին ունենալ: ...Եթե ինձ ծնողը ինձ չի ուզում պահել, Թող որբանոց հանձնի, վնաս չունի՜։ (Շա՜տ ավելի լավ է որբ մեծանալ, Քան թե ամբողջ կյանքում ապրել միշտ ո՛րբ)... Սևակի Անտարբերություն բանաստեղծությունից է :Դու իհարկե դա միշտ էլ ծանր կտանես , որովհետև նրանց ծայրահեղությունն ես լավ իմաստով , որպես մարդ ՝ մարդ , որը սիրել գիտի :Սակայն քո ամենամեծ սխալն էր գուցե նրանց փնտրելը , ինչու եմ ասում սխալ , որովհետև ամբողջ քո կյանքը դու ապրել ես հանուն նրանց, այլ կերպ ասած քո բոլոր մտքերն ու գործողությունները ուղղված են եղել միմիայն նրանց գտնելու ուղղությամբ , այլապես դու շատ բաների կհասնեիր :Ընդամենը ընդունիր , որ կյանքը քեզ ավելի վաղ է ՛՛մեծացրել՛՛ , դաստիարակել , քան ուրիշներին:Իմաստուն եղիր , հավատա քո ուժերին , դու առաքինի , արժանապատիվ մարդ ես :Մաղթում եմ քեզ ստեղծել հրաշալի ընտանիք , որտեղ դու քո զավակներին տված սիրուց կերջանկանաց ու կփարատես տարիների ցավդ քո սիրելի կողակցիդ հետ: Հպարտ եղիր ու սիրված:
Գայանե Սարգսյան
Հետքի հարգելի ընթերցողներ ուրախ եմ որ շատերիդ է հուզել Լևոնի մասին պատմող հոդվածը։Բոլոր ցանկացողները կարող են նրա հետ կապ հաստատել ֆեյսբուքյան էջի միջոցով. https://www.facebook.com/profile.php?id=100009667187873
lili
Բարև ձեզ, ինչպես գտնեմ Լևոնին:
Լուսինե
Լևոն ջան, դու քո կողմն արել ես ավելիով, դու ուժեղ մարդ ես, ուժ գտիր նաև առաջ գնալու, Աստված միշտ պահպանել է քեզ, այսօր էլ ու վաղն էլ պահպանելու է, քայլիր ու գնա առաջ....
Լևոն Բաղդասարյան
Ծնողին մեղադրելու,դատելու իրավունքն,ըստ իս,,արգելված է Աստվածային իրավանորմով:Ապրիր խաղաղ քո կյանքով ,սիրիր և եղիր սիրված:Քո հետ կապված ցանյացած իրավական խնդրով կարող ես դիմել: Լևոն Բաղդասարյան www.levgroup.am
Վահագն
էդ, էն արատը չի, որի պատճառով երեխա թողեն․ երեւի այլ պատճառներ կան/կային։ Ձեր կյանքը շարունակեք ինչներիդ են պետք նման մարդիկ
Սվետլանա
Արատի պատճառը իրենք են եղել, իրենք իրենց չեն ներում։ Մարդկայինը պակասում է։ Դու նրանց ներիր ու շարունակիր քո կյանքը, ամուսնացիր ու լավ երեխաներ մեծացրու։ Նրանք եթե պահեին էլ քեզ, ավելի լավ չէին պահելու։ հիմա կարգին տղա ես դարձել, միգուցե և նրանց շարունակ փնտրելով ու մտածելով։
Անուշ
Տա Աստված, Լևոնը ունենա սեփական ընտանիքը ու լինի աշխարհի ամենաերջանիկ մարդը: Տա Աստված:
Սիմոն Տէտէզան
Հոգեկան տառապալից կեանք Վստահաբար Լեւոնին համար դժուար է պատմել... եւ յուզիչ է կարդալ... Հետաքրքրկան է իր անուններու եւ տեղերու մանրամասնութեամբ.... Եւ մտածել որ՝ այսօր Հայաստանի մէջ հայրեր կան որ կը լքեն իրենց զաւակներն ու կինը ու կ'անհետանան եւ հեռաւոր երկրի մը մէջ ապօրէն ընտանիք կը կազմեն... Սրիկա Հայրեր...
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ես շատ եմ սիրում հետևյալ ասույթը. «Այն է, ինչ կա, և դա քո համար ամենալավն է» (It is what it is, and it is always the best for you): Սրա մեջ տիեզերական խորություն կա: Շատ մարդիկ չեն հասկանում,որ ոչ թե ընտանիքն է սուրբ ու անփոխարինելի,այլ ԼԱՎ ընտանիքը: Ամենալավ խորհուրդը՝ սիրիր քե՛զ. առանց քեզ դու չես կարող:
Էմմա
Լևոն ջան, ժամանակն է , որ բաց թողնես ՛ինչու՛-ն ու գնաս առաջ, ստեղծես քո ընտանիքը, որտեղ դու կլինես այնպիսի ծնող ինչպիսին՝ ցանկացել ես ունենալ: Դու անարդարացի ես ինքդ քո նկատմամբ, որովհետև եթե քո ՛ծնողները՛ զրկել են երջանիկ մանկությունից՝ լքելով քեզ, ապա դու հիմա ՛ինչու՛-ների ու ՛թվացյալ ծնողների՛ հետևից գնալով զրկում ես ներկայում լիարժեք ապրելու ու երջանիկ լինելու հնարավորությունից՝ լքելով ինքդ քեզ: Դուրս արի դժվար մանկությունիցդ ու Նոր տարին ՛ծնողներիդ՛ հետ անցկացնելու երազանքը փոխարինիր քո սիրելիի ու երեխաների հետ անցկացնելու ցանկությամբ: Մեծացիր ..... մեծանալը դա տարիք առնելը չէ, այլ սեփական կյանքի ու երջանկության համար պատասխանատու լինելը, այդ թվում ծնողներից կտրվելը (անգամ եթե ծնողները հրաշալի մարդիկ են ու շատ են սիրում քեզ)
Զարուհի Մուրադյան
Լևոն ջան դու ուժեղ ես,մի հուսահատվի...դու պիտի մի լավ աղջիկ գտնես,ամուսնանաս,ու քո ընտանիքը պիտի ամենաերջանիկը լինի...դու արժանի ես....շատ ցավում եմ,որ այդպիսի մարդիկ կան,...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter