HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀՀԿ խմբակցության պատգամավորները մերժեցին օրակարգ ընդունել բարձրաստիճան պաշտոնյաներին վերաբերող նախագիծը

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձևավորման աղբյուրները և գույքային վիճակն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգ: Պատգամավորները 39 կողմ, 56 դեմ և 1 ձեռնպահ ձայներով մերժեցին այն:

Մինչ քվեարկությունը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Բարգավաճ Հայաստան խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին: Նրա խոսքով՝ 25 տարի շարունակ այս ամբիոնից, բոլոր ամբիոններից, հրապարակներից խոսվում է, որ երկրը թալանել են, քանի միլիարդ են հանել դուրս, ինչ են արել:

«Հիմա ի՞նչն է խանգարում, ի՞նչն է կաշկանդում, որ եթե տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ՝ նախկին, ներկա, ում անունը շոշափվում է տոտալ թալանի և գանձագողության մեջ, հիմա այստեղ տանք մեր համաձայնությունը՝ ստեղծվի հանձնաժողով առանց վհուկների որսի, կախաղանների, ջրահերձման և այլ մեթոդների պարզել ճշմարտությունը»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը:

ՀԱԿ խմբակցությունից Լևոն Զուրաբյանը ևս կողմ արտահայտվեց և ասաց, որ պատրաստ են անցնել այդ «թեստը»՝ նկատի ունենալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած տարիները:

Կողմ արտահայտվեց նաև Հրանտ Բագրատյանը: Իսկ ՀՅԴ խմբակցությունից Աղվան Վարդանյանը նշեց, որ իրենց խմբակցությունն ունի կայուն սկզբունք, գործընկերների բոլոր այն նախագծերը, որ գալիս են Ազգային ժողով կողմ են քվեարկում, որպեսզի քննարկման, տեսակետների բախման հնարավորություն ստեղծվի: Ըստ Աղվան Վարդանյանի, բացառություն են կազմում այն նախագծերը, որոնք ունենք ակնհայտ պոպուլիստական, անիրագործելի իմաստ: Աղվան Վարդանյանը նշեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու:

ՕԵԿ խմբակցությունից պատգամավոր Մհեր Շահգելդյանը ևս կողմ արտահայտվեց հանձնաժողովի ձևավորմանը: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ այս գումարման Ազգային ժողովին մնացել է մի քանի ամիս և իրենք դեմ են ձևականություններին, ուստի հայտարարեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու:

Նախագծի հեղինակ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԱԺ որոշումները չեն սահմանափակվում միայն տվյալ գումարման Ազգային ժողովի լիազորություններով, ուստի տեղին չէ ժամկետի ավարտը շահարկելը:

Հիշեցնենք, որ առաջարկվող նախագծով՝ ժամանակավոր հանձնաժողովը պետք է ուսումնասիրեր բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների ձևավորման աղբյուրները, ինչպես նաև նրանց գույքային վիճակը, դրամական միջոցների և գույքի աղբյուրների օրինականությունը, նրանց դրամական միջոցների և գույքի ձևավորման հետ կապված հնարավոր կոռուպցիոն երևույթները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter