HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Գիշերները տղերքն ինձ կանչում են

Կիսամութի մեջ լսվում է ջութակի ձայնը: Գերեզմանատանը ջութակով մի մարդ ուրվականի նման շրջում էր գերեզմանից գերեզման: Ուրիշ մարդ չկար գերեզմանոցում: Սառը մի հոսանք անցավ մարմնովս: Ես եկել էի այստեղ ընկերներիս շիրիմների մոտ մի քիչ կանգնելու: Չորեքշաբթի էր, եւ աշնան վերջի մշուշոտ ու ցուրտ եղանակ: Այնտեղ գնալու ժամը ես էի ընտրել: Միշտ էլ այն համոզմանն եմ եղել, որ գերեզմանոց պետք է մենակ գնալ: Ուրվականը յուրաքանչյուր գերեզմանաքարի մոտ մի որոշ ժամանակ կանգնում-նվագում է եւ այդպես, առանց նվագը դադարեցնելու, մոտենում է հաջորդին: Դա տարիներ առաջ էր, հրադադարից էլ առաջ: 

Ու արդեն տաս տարուց ավելի է, այդ մարդուն օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել Ստեփանակերտի գերեզմանատանը, որտեղ թաղված են արցախյան պատերազմում զոհված ստեփանակերտցիները: Նրա անունը Բորիս է: Ստեփանակերտում բոլորը գիտեն նրան: 

Բորիս Բաբայանն ավարտել է Երեւանի կոնսերվատորիան եւ աշխատում է Ստեփանակերտի երաժշտական դպրոցում: 1992 թվականից, երբ Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում հողաթմբերը սկսեցին ավելանալ, նա գալիս էր այստեղ եւ նվագում ջութակի վրա: Պատերազմի տարիներին նա միշտ հրետանավորների գումարտակում էր: Նվագում էր զորանոցում, դիրքերում: Ամեն շաբաթ գալիս է եւ նվագում տղաների գերեզմանների մոտ: «Երբ նոր զոհ էր լինում, անպայման գալիս էի նվագում: Ու դա ավանդույթ է դարձել: Շատերին եմ ճանաչում: Շատ են ջահել: Նայեք տարեթվերին` 18-19-20 տարեկան տղերք են, կյանքում համարյա ոչինչ չեն տեսել: Առավոտներն ու երեկոներն եմ գալիս, որ մարդ չլինի, մենակ լինեմ ես: Որովհետեւ երբեմն արտասվում եմ եւ չեմ ուզում որեւէ մեկը տեսնի իմ լացը»,- կցկտուր, կարծես թե ինքն իր համար պատմում է Բորիսը: Նրան շփոթեցրել էր իմ այնտեղ հայտնվելը, ու հարցերս սկզբից մի տեսակ նյադայնացրին նրան: Ես խախտել էի նրա անդորրը: 

Երբեմն զոհվածների հարազատներն իրենք են կանչում Բորիսին, որ գա եւ նվագի գերեզմանին: Մարտակերտն ազատագրելու ժամանակ նա նվագում էր, բոլոր ռացիաները միացված էին, եւ տղերքը գրոհի էին գնում Բորիսի ջութակի նվագի տակ: Այս մասին ինքը չգիտեր, հետո տղերքն են պատմել: Տղերքից շատերին նա գիտեր, նրանց մասին Բորիսը կարող է շարունակ պատմություններ անել: 

«Մեկ-մեկ հանգստություն է բերում: Նրանց հարազատների, ընկերների հետ հիշում ենք նրանց: Տղերք կան, որոնց հետ մոտ էի: Գիտես, ծնողներ կան, գալիս են երբեմն տեսնում են, որ նվագում եմ, ասում են` ինչ լավ է, ուրեմն մեր տղոցը չեն մոռացել: Հանգստանում եմ, համ հանգստանում եմ, համ էլ էդ հաշվում եմ իմ պարտքը: Կարող է, որ ասում են հոգին կա, ճիշտ է: Չեմ իմանում, կարող է չէ՞, որ լսում են նվագս: Երբեմն գիշերները կարծես թե կանչում են ինձ` ասում են արի, մի բան նվագի: Ես էլ առավոտ շատ շուտ վեր եմ կենում, գնում այնտեղ ու նվագում եմ: Էդ նվագը ոչ միայն ինձ է հանգստացնում, այլ կարծես թե նրանց էլ է հանգստացնում»,- շարունակում է Բորիսը: 

Ես մթի մեջ կանգնել եմ ընկերներիս գերեզմանների մոտ եւ լսում եմ ջութակի նվագը: Ինձ թվաց, որ ես ուշացրել եմ այցելությունս ընկերներիս, նրանք արդեն տարվել էին Բորիսի նվագով: Մթի մեջ երեւում էր ուրվականը. շատ ընդգծված ես լսում էի, թե որտեղից է գալիս նվագի ձայնը եւ ով է ուրվականը: 

լուսանկարը՝ Գերման Ավագյանի

Մեկնաբանություններ (2)

Նուբար Ասլանյան
Խոստովանվեմ՝ ակնարկներիս,կամ արձագանքներիս մեջ,նայած նյութի, միշտ աշխատում եմ,որ հումոր,սարկազմ,կամ գրոտեսկ լինի:Այս նյութը կարդալուց հետո «ժիր»լեզուս պապանձվեց,քանզի... ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՄ:
Մարգարիտ
Պատկերացրեցի ու փշաքաղվեցի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter