
Լույս է ընծայվել «Հուշամատյան ոգեկոչման» գիրքը
Լույս է տեսել Արցախյան գոյամարտի հերոսների կյանքի ու սխրանքների մասին պատմող «Հուշամատյան ոգեկոչման» գիրքը: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այն նաև Արցախի ազատագրման յուրօրինակ տարեգրությունն է:
Գիրքը ստեղծվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ստեղծագործական հանձնախմբի երկամյա ջանքերի ու պրպտումների շնորհիվ: Ուսումնասիրվել են Արցախյան պատերազմի մասին նախորդ տարիներին տպագրված գրականությունն ու մամուլը, ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիրի, «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի և ԵԿՄ վարչության արխիվները: Զոհվածների ընտանիքների անդամների և ազատամարտիկների հետ հանդիպումների ընթացքում ձեռք բերված տեղեկություններն ու հիշողությունները հնարավորինս հարստացրել են ու ամբողջացրել գիրքը։
«Հուշամատյանում» ընդգրկվել են բացառապես Արցախյան պատերազմի առաջին օրերից մինչև 1994թ. զինադադարը «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիրում հանգչող 559 զոհվածների կենսագրականները:
Ներկա և ապագա սերունդների համար գրքում ներկայացված կենսապատումները ամփոփ և յուրահատուկ դասագիրք է` սիրելու և տիրոջ պես պաշտպանելու սեփական երկիրը, սերտելու և դասեր քաղելու նահատակների կյանքից:
«Հուշամատյան ոգեկոչման» գրքի ստեղծման գործում անգնահատելի աջակցության են ցույց տվել սփյուռքահայ բարերար Միքայել Քորուքեանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ղեկավարները, «Երկրապահ կամավորականների միությունը», կամավորական ջոկատների հրամանատարները, զոհվածների ընտանիքները և մարտական ընկերները:
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում հանգչող հայորդիներին նվիրված «Հուշամատյան ոգեկոչման» գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2017թ. հունվարի 29-ին` Հայոց բանակի ստեղծման 25-րդ տարեդարձի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած ընդունելության ժամանակ Ընդունելության հրավիրվածների թվում էր նաև գրքի հովանավոր, սփյուռքահայ բարերար Միքայել Քորուքեանը:
Արժեքավոր հրատարակության գործում ունեցած անձնական մեծ ներդրման համար ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանը բարերարին պարգևատրել է գերատեսչական «Գարեգին Նժդեհ» մեդալով:
Մեկնաբանել