HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վերացվում է «ենթահանձնաժողովների ինստիտուտը», իսկ դատապարտյալի համար պատժից վաղաժամկետ ազատվելը փորձում են դարձնել կանխատեսելի

Վիճակագրական տվյալների վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ պայմանական վաղաժամկետ ազատվողների քանակը տարեցտարի նվազում է: Նման եզրահանգման է եկել ՀՀ կառավարությունը և հանդես եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին 2016թ. մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը չեղյալ ճանաչելու մասին:

Ազգային ժողովում նախագծերի փաթեթը ներկայացրեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նա նշեց, որ 2016թ. քրեակատարողական հիմնարկների վարչակազմի կողմից 4560 պայմանական վաղաժամկետ ազատման դիմում է քննարկվել: Դրանցից  632-ն է ներկայացվել անկախ հանձնաժողովին, որից բավարարվել է 167-ը:  Իսկ դատարանի կողմից 167-ից բավարարվել է 121-ը:

Նախարար Հովհաննիսյանը նշեց, որ այս թվերը ակնառու են դարձնում, որ պայմանական վաղաժամկետ ազատման գործող ընթացակարգը արդյունավետ չի գործում: Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ օրական մոտ 30 դատապարտյալից դիմում է ստանում: Դրանց 80-90%-ը վերաբերում է պատժի պայմանական վաղաժամկետ ազատմանը:

Ներկա իրավիճակը

Նախագծի հեղինակները կարծում են, որ առկա վիճակի պատճառը գործող համակարգի բարդ կառուցվածքն է, գործընթացին մասնակցող պատասխանատու մարմինների գործողությունների անկանխատեսելի լինելը, օրենքների անհստակությունը, կայացվող որոշումների հիմքում դրվող ոչ հստակ չափորոշիչները, ինչով պայմանավորված էլ կայացված որոշումները դառնում են քննարկման առարկա:

Ներկայումս պայմանական վաղաժամկետ ազատման հարցով որոշում կայացվում է երեք հանրային մարմինների մասնակցությամբ`

. քրեակատարողական հիմնարկի վարչակազմ (առաջին օղակ),

. անկախ հանձնաժողով (երկրորդ օղակ),

. դատարան (երրորդ օղակ):

Կառավարությունը կարծում է, որ առաջին օղակը՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը, տվյալ դեպքում հանդես է գալիս «ինքն իր գործունեությունը գնահատող» մարմին: Այլ խոսքով` քրեակատարողական հիմնարկը գնահատում է` արդյոք իր կողմից իրականացվող աշխատանքները ծառայել են իրենց նպատակին, թե ոչ` որոշելով պայմանական վաղաժամկետ ազատման հարցը հաջորդ օղակին` անկախ հանձնաժողովին ներկայացնելու  նպատակահարմարությունը: Բացի այդ, առկա է գործառույթների ոչ հստակ տարանջատում` հանգեցնելով տարբեր մարմինների կողմից միևնույն գործառույթի իրականացմանը:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի համաձայն՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ միջնորդագիր ներկայացնելու մասին որոշում կայացնելու դեպքում որոշումը ներկայացնում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի հավանությանը:

Իսկ ՀՀ նախագահի 2006թ. հուլիսի 31-ի ՆՀ-163-Ն հրամանագրի համաձայն՝ անկախ հանձնաժողովի աշխատակարգային որոշմամբ ստեղծվում են հանձնաժողովի առնվազն երկու անդամներից կազմված ենթահանձնաժողովներ, որոնք, ըստ քրեակատարողական հիմնարկների, նախապատրաստում են հանձնաժողովի քննարկման համար հարցեր: Ենթահանձնաժողովը ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր ամսվա 15-րդ օրը, քրեակատարողական հիմնարկի ղեկավարի հետ համաձայնեցված օրը այցելում է պատիժը կատարող հիմնարկ, ծանոթանում դատապարտյալի անձնական գործին, մեկուսի հանդիպում նրա հետ, անհրաժեշտության դեպքում հանդիպում է նաև պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի հետ: Արդյունքում` ենթահանձնաժողովները անկախ հանձնաժողովի նիստում ներկայացնում են իրենց կարծիքները, որից հետո անցկացվում է քննարկում և քվեարկություն: Ստացվում է, որ անկախ հանձնաժողովը որոշում կայացնելիս հիմնվում է իր երկու անդամներից կազմված ենթահանձնաժողովի կարծիքի վրա, և անկախ հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են անձամբ հանդիպում դատապարտյալին, լսում նրան, նրա կարծիքը, ծանոթանում նրա գործի բոլոր հանգամանքներին, որը բարձրացնում է ռիսկը:

Կառավարության համար հարց է ծագում՝ արդյոք երկու անդամի դիտարկման արդյունքում անկախ հանձնաժողովի մնացած անդամների համար անուղղակի ծանոթության ու երկրորդական աղբյուրի միջոցով ստացած տեղեկությունը բավարար և օբյեկտիվ է անձի ճակատագրի մասին որոշում կայացնելու համար:

Անդրադառնալով երրորդ օղակին` դատարանին, հարկ է նշել, որ վերջինիս կողմից պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ որոշում կայացնելիս ամենակարևոր գործոնը հստակ ձեւակերպված, հրապարակված, օբյեկտիվ չափանիշների առկայությունն է, որոնցով էլ պետք է առաջնորդվի: Հստակ ձևակերպված չափանիշները նախևառաջ անհրաժեշտ են, որպեսզի ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալներն ի վիճակի լինեն կանխատեսել և համապատասխանաբար կարգավորել իրենց վարքագիծը: Բացի այդ, հստակությունն անհրաժեշտ է համակարգում չարաշահումների և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, ինչպես նաև համակարգի նկատմամբ հասարակական վստահություն ձևավորելու համար:

Քիչ չեն դեպքերը, երբ քրեակատարողական հիմնարկը դատապարտյալին չի ապահովում աշխատանքով, նրան չի ներգրավվում այս կամ այն միջոցառումներին, մասնակից չի դարձնում հանրօգուտ աշխատանքներին, սակայն դատապարտյալի բնութագրումնշելով այդ մասին բացասական ֆոն է ստեղծում պատժից վաղաժամկետ ազատման ներկայացվող դատապարտյալի համար: Կամ՝ լինում են դեպքեր, երբ անձին ընդհանուր առմամբ բնութագրում են դրականորեն, սակայն նշում են, որ նա դեռ չի ուղղվել և նրա հետ հավելյալ աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն կա: Այս դեպքում դատապարտյալը հայտվում է անորոշության մեջ՝ ինչ պետք է աներ, որ չի արել վաղաժամկետ ազատվելու համար, կամ՝ էլ ինչ պետք է անի, որ արժանանա այդ «պարգևին»

Ներկայացված նախագծերով փորձ է արվում ստեղծել պատժից պայմանական վաղաժամկետ ազատման այնպիսի համակարգ, որը կունենա օրենսդրական կայուն հիմք և կնպաստի գործուն և արդյունավետ պրակտիկայի ձևավորմանը: Ի վերջո, անհրաժեշտ է նշել, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կիրառման համար հստակ եւ իրական չափանիշների նախատեսումն իր հերթին կապահովի պատժի նպատակների իրականացումը: Այս առումով ցանկալի է ընդգծել դատապարտյալի ուղղման գլխավոր նպատակին հասնելու հանգամանքը, քանի որ պետք է ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ դատապարտյալը շահագրգռված լինի ուղղվելու և որպես ուղղվելու գրավական՝ իրեն դրսևորի պատշաճ ձևով՝ վստահ լինելով, որ երբ լրանա օրենքով նախատեսված պատժի կրման ժամկետը, փաստված լինի, որ վերջինս բռնել է ուղղման ճանապարհը, ապա ազատ կարձակվի:

Առաջարկվող փոփոխությունները

Նախատեսվում է ներդնել պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի և անկախ հանձնաժողովների գործառույթների հստակ տարանջատման մեխանիզմ, ինչպես նաև պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի բարդեցված կառուցվածքի պարզեցում: Նախագծերի փաթեթով առաջարկվում է պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացի մեկնարկը պայմանավորել դատապարտյալի կողմից պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը կրելու հետ: Այդ պայմաններում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը 10-օրյա ժամկետում պարտավոր է անկախ հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցը` կցելով դատապարտյալի անձնական գործի ամփոփ տեղեկանքը, դատապարտյալի անձի և վարքագծի փաստական նկարագիրը և դատապարտյալի անձնական գործը, ինչի մասին կայացնում է որոշում:

Կառավարության կարծիքով՝ որդեգրված մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտները իրենց բնույթով խրախուսական նորմեր են դատապարտյալներին նկատմամբ, ուստի, անհրաժեշտ է ապահովել օրենսդրական կառուցակարգ առ այն, որ քննարկվող խրախուսական նորմերի կիրառման հնարավորությունը քննվի մեխանիկորեն: Ինչ վերաբերում է դատապարտյալի կողմից դիմում ներկայացնելու և այդկերպ իր համաձայնությունն արտահայտելու պահանջին, ապա դա սահմանվել է, որպեսզի անկախ հանձնաժողովի կողմից դատապարտյալի վարքագծի և վերջինիս կողմից նոր հանցանք կատարելու հավանակության վերաբերյալ օրենքով հստակ սահմանված հանգամանքների վերաբերյալ եզրակացություն տալուց հետո պատիժը կատարող հիմնարկի ղեկավարը համապատասխան եզրակացությունը դատարան ներկայացնի դատապարտյալի գրավոր համաձայնության դեպքում: Դատապարտյալի համաձայնության պահանջը նախատեսելը բխում է դատապարտյալի կամարտահայտության, լսված լինելու սկզբունքներից:

Նախագծով անկախ հանձնաժողովի կողմից հարցի քննարկման գործընթացից «ենթահանձնաժողովների ինստիտուտը» հանվել է և սահմանվել է, որ անկախ հանձնաժողովն իր ողջ կազմով է քննում դատապարտյալի գործը հենց դատապարտյալի մասնակցությամբ:

Անկախ հանձնաժողվի կազմում ընդգրկվելու են հոգեբան, հոգեբույժ՝ ՀՀ առողջապահության նախարարությունից, սոցիալական աշխատող՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, կրիմինոլոգ՝ ՀՀ արդարադատության նախարարությունից, ՀՀ նախագահի աշխատակազմի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և առնվազն վերջին 5 տարվա ընթացքում քրեակատարողական համակարգի բարեփոխման և դատապարտյալների իրավունքների պաշտպանության բնագավառում գործունեություն ծավալած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Իսկ դատապարտյալի համար նախատեսվել է մի շարք իրավունքներ: Օրինակ՝ անկախ հանձնաժողովի կողմից եզրակացություն տալուց հետո դրա պատճենը, ոչ ուշ, քան 7-օրյա ժամկետում ստորագրությամբ հանձնվելու է դատապարտյալին և ուղարկվելու է պատիժը կատարող հիմնարկի վարչակազմին և պատժի կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ըստ նախագծի` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը քննարկելիս դատապարտյալն իրավունք ունի անկախ հանձնաժողովի նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ստանալ պատշաճ ծանուցում, անձամբ կամ փաստաբանի միջոցով մասնակցել անկախ հանձնաժողովում իր վերաբերյալ հարցերի քննարկմանը, հայերենին չտիրապետելու դեպքում պետության միջոցների հաշվին օգտվել թարգմանչի ծառայություններից, ծանոթանալ իր վերաբերյալ անկախ հանձնաժողով ներկայացված նյութերին և անվճար ստանալ դրանց պատճենները, ներկայացնել բացատրություններ և փաստաթղթեր, հանդես գալ հայտարարություններով, հայտնել իր կարծիքը` իրեն վերաբերող հարցերի քննարկման ժամանակ:

Կանխատեսելիություն, չափանիշներ…

Կարևոր է սահմանել հստակ և իրական չափանիշներ, որոնք պետք է հաշվի առնվեն դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի լուծման ընթացքում: Կառավարությունն ուսումնասիրելով արտասահմանյան երկրների փորձը և միջազգային փաստաթղթերը հանգել է այն եզրահանգման, որ պայմանական վաղաժամկետ ազատման չափանիշները բաժանվում են երկու խմբի.

  1. դատապարտյալի անցյալին և ներկային վերաբերող գործոնների գնահատում՝ ազատազրկման ընթացքում դատապարտյալի դրսևորած վարքագիծը, կարիքները, նրա հետ իրականացված աշխատանքների արդյունքները և այլն,
  2. ապագային վերաբերող գործոնների գնահատում՝ պայմանական վաղաժամկետ ազատվելուց հետո կրկին հանցանք կատարելու ռիսկի կանխատեսումը:

Առանձնահատուկ տեղ է հատկացվում պատժի կրման ընթացքում դատապարտյալի դրսևորած վարքագծին: Պայմանական վաղաժամկետ ազատվելու դեպքում դատապարտյալի պատժի չկրած մասը համարվելու է փորձաշրջան: Ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելիս դատարանը փորձաշրջանը նշանակելու է 8 տարի ժամկետով

Նախկին զինդատախազի կարծիքը

Նախկին զինդատախազ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը մոտենալով ԱԺ ամբիոնին ասաց, որ հարցի կարևորությունն իրեն ստիպում է ելույթ ունենալ: Պատգամավորը կարևորեց, որ այս նախագծով ազատվում ենք միջգերատեսչական հանձնաժողովից: Նշեց, որ այդ հանձնաժողովը, որը ձևավորվել է 2006թ. նախագահի հրամանագրով, մինչ օրս վեճերի, կռիվների, մասնագիտական քննարկումների ու հազարավոր բողոքների առիթ է հանդիսացել:

Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ 2005թ. սահմանադրության փոխոխությամբ երկրի նախագահի լիազորությունները սպառիչ թվարկված են և նրան օրենքով նոր լիազորություն տալ չի կարելի՝ բացի քաղաքացիական պաշտոններում նշանակելու լիազորությունից: Մինչդեռ այդ հանձնաժողովը անհասկանալիորեն ձևովորվել է նախագահի հրամանագրով:

Երկրորդ կարևոր քայլն այն է, որ ըստ Գ. Ջհանգիրյանի, ազատվում ենք միջգերատեսչական կամ անկախ հանձնաժողովի կայացրած որոշումների անբեկանելիության և անվերանայման խնդրից: Բանն այն է, որ այժմ դատարանն իրավունք չունի հանձնաժողովի կայացրած որոշումների դեմ բերված բողոքնները քննել:

Պատգամավորը կոչ արեց ոչ իշխանական և ընդդիմադիր պատգամավորներին կողմ քվեարկել նախագծին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter