HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Մակնշման խախտում և անհայտ ներմուծող․ ո՞վ է պատասխանատու մանկական կերի որակի համար

Օրեր առաջ ֆեյսբուքյան օգտատերերը տարածել էին մանկական «NUTRICIA Nutrilon ProNutra+» 0-6 ամսական երեխաների համար նախատեսված կերի լուսանկարները, որտեղ մտահոգություն էին հայտնում, որ ապրանքը ներկրվել է Ադրբեջանից և կարող է վտանգավոր լինել: Լուրը շատ արագ տարածվեց մի շարք էլեկտրոնային պարբերականներում։

Այս հրապարակումներին ի պատասխան՝  Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հրապարակեց կերի լուսանկարներն ու  կատարած ուսումնասիրությունը՝ ըստ որի՝ «NUTRICIA Nutrilon ProNutra+»  մանկական սննդմաթերքը Լեհական արտադրության է, տուփի վրա էլ «նշված են տեղեկություններ մի քանի լեզուներով, այդ թվում՝ ադրբեջաներեն», և «չկա որևէ խախտում»:


                                                          ՍԱՊԾ կատարած լուսանկարները

ՍԱՊԾ-ն նաև նշել էր, որ ներմուծողը նույնիսկ վերացրել է «մակնշման բացթողումները», որոնց պատճառով նախորդ տարի ամռանն այս նույն ապրանքի իրացումը կասեցվել էր:

NUTRICIA Nutrilon ProNutra+»   մանկական կերը Հայաստան է ներմուծում պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող  «Սլավ գրուպ» ընկերությունը, որը 2016թ․ի 1000 խոշոր հարկատուների ցանկում է։

Ուսումնասիրության օրը մենք ՍԱՊԾ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջում խնդրեցինք տեղադրել նաև տուփի վրայի մակնշման հայերեն հատվածը, որը լուսանկարներում բացակայում էր: Դրան ի պատասխան ՍԱՊԾ-ից պատասխանեցին, որ «հայերեն մակնշումն առկա է տուփի վրա, իսկ հայերեն ներդիր թերթիկը (վերջին երկու նկարները) դրվում է կափարիչի տակ»։

Մի քանի դեղատներում վաճառվող նույն մանկական կերի  տուփի վրա մենք հայերեն մակնշում չգտանք. հայերենով փակցված էր միայն նշում/տեղեկություն՝  կրծքով կերակրելու առավելության մասին: Բացակայում էր նաև անվտանգությունը հավաստող՝ Եվրասիական համապատսախանության՝ EAC նշանը:

Հայերեն ներդիր թերթիկին կարելի էր ծանոթանալ՝ միայն ապրանքը գնելուց և  տուփը բացելուց հետո:
 
Մակնշման խախտում կար նաև նույն «NUTRICIA Nutrilon» 0-6 ամսական երեխաների համար նախատեսված մանկական մեկ այլ կերում՝ կաթի չոր խառնուրդում. բացի նրանից, որ չկար հայերեն մակնշում, EAC նշան, բացակայում էր նաև ներմուծողի մասին որևէ ինֆորմացիա: Սա մակնշմանը վերաբերող պահանջների խախտում է․ այսինքն, եթե ապրանքի որակի հետ կապված որևէ հարց առաջանա, պատասխանատուին գտնելը դժվար կլինի։

Ստացվում է, որ հայերեն մակնշմանը ծանոթանալու համար սպառողը պետք է գնի մոտ ՝ 4-6 հազար ՀՀ դրամ արժողությամբ ապրանքը, և նոր միայն տեղեկանա դրա բաղադրությանը։

Մանկական սնունդը համարվում է մասնագիտացված սննդի արտադրատեսակ և  ենթակա է պարտադիր պետական գրանցման: Սա սահմանված է «Սննդային արտադրանքի անվտանգության մասին» ՄՄ ՏԿ 021/2011 նորմատիվ փաստաթղթերով: Ապրանքը թույլատրվում է արտադրել, պահպանել և փոխադրել միայն նշված տեխնիկական կանոնակարգով իրականացված պետական գրանցումից հետո:

ԵԱՏՄ տարածքում, ինչպես նաև՝ երրորդ երկրներից ապրանքների ներկրման ժամանակ պետք է պահպանվեն ՄՄ ՏԿ 022/2011  («Պարենային ապրանքներն իրենց պիտակավորման մասով») պահանջները: 
Բացի այդ, 2006թ․ի դեկտեմբերի 21-ի N 1838-Ն որոշման համաձայն («Հայաստանի հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ու սննդային հավելումների վերաբերյալ հայերեն տեղեկատվության մակնշման ձեվերին եվ բովանդակությանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին»)՝  ներմուծվող սննդամթերքի ու սննդային հավելումների վերաբերյալ հայերեն տեղեկատվությունը սպառողներին պետք է ներկայացվի անմիջապես սննդամթերքի սպառողական տարայի, պիտակի, լրացուցիչ պիտակի վրա, այսինքն՝ այնպես, որ սպառողին այդ տեղեկությունը տեսանելի ու հասնաելի լինի՝ նախքան այն գնելը։


Մանկական սննդի մակնշման նկատմամբ կան հատուկ պահանջներ։ Բացի անհրաժեշտ հիմնական տեղեկատվությանը, ապրանքի բաղադրությունը և հատկությունները պետք է համապատասխանեն այդ տարիքային խմբի ֆիզիոլոգիական առանձնահատկություններին, ապահովեն մարսելիությունն ու չվնասեն երեխայի առողջությանը։ Իսկ համապատասխանում է մանկական կերը կոնկրետ երեխայի ֆիզիոլոգիական առանձնահատկություններին, թե ոչ, կարելի է իմանալ՝ կարդալով տուփի վրա առկա ճիշտ մակնշումը։

Մակնշման վերաբերյալ այլ հիմնական տեղեկատվության պահանջները

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter