Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Եվրոպայում ապաստան խնդրած հայաստանցիների 90%-ը մերժվել է


«Գիշերը քնած էինք, արթնացա անկողնուս կողքին հայտնված ոստիկան կնոջ ձայնից, ով հայտնեց, որ 2 ժամ ունենք՝ ունեցած-չունեցածը հավաքելու, վերադառնում ենք Հայաստան»,- պատմում է Լուսինեն (անունը փոխված է)։ Նա ամուսնու և երկու երեխաների հետ 2014թ. արտաքսվել է Շվեդիայից: Մոտ 6 տարի այնտեղ բնակվելուց հետո նրանց մերժել էին կարգավիճակ տրամադրել։

Դեռևս 2013թ․ Շվեդիայի միգրացիոն գործակալությունը հայտնել էր մոտ 22 հազար ապօրինի միգրանտներին «տուն ուղարկելու» մտադրության մասին, որից հետո նրանցից մոտ 14 հազարն անհետացել էին ոստիկանության տեսադաշտից։ Այդ մասին շվեդական խոշորագույն թերթերից մեկին՝ Aftonbladet-ին տեղեկացրել էր Շվեդիայի Սահմանային ոստիկանության բաժնի պետ Պատրիկ Էնգստրոմը։ 

Լուսինեի ընտանիքն ապրում էր Միգրացիոն գործակալության տրամադրած բնակարանում, ոստիկանության աշխատակիցները նրանց հեշտությամբ գտել են, գիշերով բացել բնակարանի դուռը և հայտնել երկիրը լքելու պահանջի մասին։ Նրանց հատուկ չվերթով՝ 4 ոստիկանի ուղեկցությամբ հասցրել են Երևան:

«Մեզ հետ շատ հարգալից էին վերաբերվում ամբողջ ճանապարհին: Հենց հասանք Զվարթնոց [օդանավակայան], շվեդ ոստիկանները մեր փաստաթղթերը հանձնեցին հայ սահմանապահին, ով մի այնպիսի հայացք նետեց մեզ վրա, որ միանգամից հասկացանք, որ, իրոք, վերադարձել ենք Հայաստան: «Սրա՞նք են դեպորտները»,- ասաց սահմանապահն ու սկսեց անկիրթ տոնով խոսել մեզ հետ: Ես շատ մեծ սթրեսի էի ենթարկվել. մեր տունը, իրերը, երեխաների դպրոցը... ամեն ինչ թողել ու հայտնվել  էինք Հայաստանի դռների առջև, որտեղ մեզ նույնպես դժկամությամբ էին ընդունում»,- պատմում է Լուսինեն:

Տարեկան միջինը 315 ՀՀ քաղաքացի վերադարձի նույն ճանապարհն է անցնում (ուժի կիրառմամբ), ինչ Լուսինեն և նրա ընտանիքը:

Ըստ Եվրոպական միության վիճակագրական ծառայության տվյալների՝ ԵՄ երկրներում ապաստան խնդրած հայաստանցիների մոտ 90%-ը մերժում է ստանում։ Դրական պատասխան ստացածների մոտ 50%-ը փախստականի, իսկ մոտ 30%-ը՝ մարդասիրական կարգավիճակ (հիվանդության ունեցող անձինք, առանց ուղեկցողի անչափահասներ) է ստացել։ Մոտ 20%-ի կարգավիճակը չի հստակեցվում։ 

Հարևան երկրների հետ համեմատած՝ Հայաստանն առաջատար է ապաստան խնդրողների, հետևապես նաև մերժվողների և ստացողների թվով։ Սակայն հաշվի առնելով Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի քաղաքացիներին ապաստան տրամադրելու և մերժելու հարաբերակցությունը՝ պետք է նշել, որ Եվրամիության երկրներն ավելի քիչ են մերժում Ադրբեջանի քաղաքացիներին, քան Հայաստանից և Վրաստանից դիմողներին։ 100 դիմողից 8 ապաստան ստացողները եղել են Վրաստանից, 11-ը՝ Հայաստանից, 21-ը՝ Ադրբեջանից։ Սա պայմանավորված է նաև այս երկրների ժողովրդավարության ինդեքսով, ըստ որի՝ Վրաստանը 87-րդ, Հայաստանը 120-րդ, իսկ Ադրբեջանը` 148-րդ տեղում է։ Որքան ցածր է երկրի ժողովրդավարության ինդեքսը, այնքան հավանական է, որ քաղաքական ճնշումներ կարող են լինել այդ երկրում։ 

Մերժված հայաստանցիների մեծ մասը շարունակում է մնալ Եվրոպայում՝ ապօրինի կարգավիճակով։ Նրանց միայն 22%-ն է կամավոր վերադարձել կամ արտաքսվել։ 2014 և 2015թթ․ Հայաստան է վերադարձել 1 305 մարդ, որից 52%-ը՝ կամավոր, իսկ 48%-ը՝ ուժի կիրառմամբ:

ԵՄ-ից կարգավիճակ հայցողների թիվը 7 անգամ գերազանցում է այնտեղից կամավոր վերադարձողների և արտաքսվողների թվին։ Տարեկան միջինը 4,623 ՀՀ քաղաքացի դիմում է ԵՄ-ում փախստականի կարգավիճակ ստանալու համար, որից 652-ն է վերադառնում։

Հայաստանի կառավարությունը որևէ աջակցություն չի տրամադրում Եվրոպայից արտաքսված կամ կամավոր վերադարձած ընտանիքներին՝ երկրում վերաինտեգրվելու նպատակով։ Եվրոպական միությունը Լիխտենշտեյնի կառավարությունը և «Կարիտաս Ավստրիան» 1 մլն 230 հազար 944 եվրո են տրամադրել «Հայկական Կարիտաս» ՀԿ-ին՝ իրականացնելու «Միգրացիա և Զարգացում» ծրագիրը, որի նպատակն է նպաստել կամավոր վերադարձած և արտաքսված անձանց՝ Հայաստանում վերահաստատվելուն։  

2010-ից մինչ 2016-ի փետրվար ամիսը ծրագրի կողմից յուրաքանչյուր չափահաս անձին տրամադրվել է 700, իսկ անչափահասին՝ 350 եվրոյին համարժեք ՀՀ դրամի աջակցություն։ Ամեն ընտանիք ստացել է ոչ ավել, քան 2000 եվրոյին համարժեք դրամը:

Ինչպես «Հետքին» հայտնեց «Միգրացիա և Զարգացում» ծրագրի հանրային կապերի օգնական Տաթևիկ Թովմասյանը, վերոնշյալ գումարը ուղիղ չի փոխանցվում շահառուին, այլ ծախսվում է ընտանի կենդանիների, կենցաղային առաջնային օգտագործման տեխնիկայի, բնակարանի վարձի և այլ ապրանքների ձեռքբերման նպատակով։

Ոչ բոլոր վերադարձողներն են ընդգրկվում «Միգրացիա և Զարգացում» ծրագրում։ Այն աջակցում է մարդկանց, ովքեր առնվազն 6 ամիս գտնվել են ԵՄ-ում, Շվեյցարիայում, Նորվեգիայում, Լիխտենշտեյնում և վերադարձից հետո 6 ամսվա ընթացքում դիմել են կազմակերպությանը և համապատասխանում են ծրագրով սահմանված խոցելիության չափորոշիչներին (անչափահաս երեխաների առկայություն, ծերեր, հիվանդներ, միայնակ մայր/հայր և այլն): Ըստ «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի տվյալների՝ վերջին 6 տարվա ընթացքում 519 անձ է ստացել վերաինտեգրման աջակցություն։

Լուսինեի ընտանիքը կրկին արտագաղթել է: «Հայկական Կարիտասի» տրամադրած մոտ 1500 եվրոյի աջակցությունը չի նպաստել նրանց վերաինտեգրմանը:

«Հայաստանյան պայմաններում չկարողացանք մեր երեխաներին այնպես պահել, ինչպես մենք ուզում էինք: Փորձեցինք անասնապահությամբ զբաղվել կամ որևէ գործ սկսել, չհաջողվեց: Որոշեցինք կրկին գնալ»,- ասում է Լուսինեն:

Կարդացեք նաև՝ Եռապատկվել է Եվրոպայում ապաստան խնդրած հայաստանցիների թիվը

Եվրոպական միության երկրներում տարեկան միջինը 4200 Հայաստանի քաղաքացի  առաջին անգամ կեցության թուղթ է ստացել։ Ի դեպ, կանայք ավելի շատ են ԵՄ-ում կեցության իրավունք ձեռք բերում, քան տղամարդիկ։ Եթե ամուսնական և կրթական նպատակով կանանց կեցության թիվը գերազանցում է տղամարդկանց, ապա վարձատրվող գործունեությամբ տղամարդիկ ավելի շատ են բնակություն հաստատում Եվրոպայում։

Ընտանեկան կամ ամուսնական պատճառով հայաստանցիներն ամենաշատը կեցության իրավունք են ստանում Ֆրանսիայում, Իսպանիայում, Բելգիայում, Շվեդիայում և Հունաստանում։ Աշխատանքային գործունեություն հայաստանցիները ծավալում են հիմնականում Իսպանիայում և Լեհաստանում։

ԵՄ-ում կեցության իրավունք ստացած ՀՀ քաղաքացիները 2010-2015թթ

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (1)
1. Տաթեւիկ12:15 - 12 փետրվարի, 2017
Սիրելի ընթերցողներ, հոդվածի հեղինակ-լրագրողը տեղադրել է սխալ տեղեկատվություն «Միգրացիա և Զարգացում» ծրագրի ֆինանսավորման աղբյուրի վերաբերյալ։ «Միգրացիա և Զարգացում» ծրագիրն իրականացվում է Լիխտենշտեյնի կառավարության եւ Կարիտաս Ավստրիայի աջակցությամբ։ Այն չի հանդիսանում Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող ծրագիր։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։