HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ահա թե ինչու Հայաստանում նորանոր «Սասնա ծռեր» կլինեն

Որպես նախաբան՝ Լյուդովիկոս XIV-ի հանրահայտ  խոսքերը. «պետությունը ես եմ» («l'état, c'est moi!», 1655):

Կրոնը մարդն է ստեղծել. մահվան նկատմամբ վախն է պատճառը: Քաղաքականությունն էլ է մարդը ստեղծել. կյանքի նկատմամբ վախն է պատճառը: Սեր, որպես այդպիսին, չկա. ոչ էլ բարին է հաղթում: Դրա համար հեքիաթներում են այս 2-ը միշտ հաղթում (թող այդպես լինի):

Տիեզերքում վախ չկա. կա տիեզերական արդարություն և  արդարադատություն. այսինքն՝ բալանս, որը յուրաքանչյուր ազգի ու մարդու կյանքում անպայման  դրսևորվում է: Ոմանք դա «ճակատագիր» են անվանում, մյուսները՝ «կարմա»:

Սրանից բխող  հոյակապ հասկացողություն  կա. «ոսկե միջին»: «Միջին» = բալանս, «ոսկե» = ամենալավը:

Հավանաբար  հարցնեք, թե այս ամենն  ինչ կապ ունի «Սասնա ծռերի» հետ: Կպատասխանեմ քիչ հետո:

Որպեսզի գրածս չափից ավելի փիլիսոփայական չլինի, կենցաղային մի օրինակ բերեմ: Եթե 1 կգ խնձոր կամ կարտոֆիլ եք ցանկանում գնել, ապա այն պիտի  կշռեք: Եթե կշեռքի միջնամասը չկա  ու միայն նժարներն են մնացել,ապա հստակ չեք կարող ասել,որ դա 1 կգ է, անգամ եթե ձեռքով 10 անգամ ծանրութեթև անեք: Կշեռքն էլ, իրականում, արդարության ու բալանսի հիման վրա  է աշխատում:

Ներկա Հայաստանի քաղաքական դաշտում «ոսկե միջին» չկա. «միջին» անգամ  չկա: Այսինքն՝ «կշեռքի» միջնամասը չկա (կամ ծռմռված է) ու նժարներն անհամաչափ վեր ու վար են անում:

Քաղաքականությունն էլ, այո, կշեռք է: Երկրի շահը՝ նույնպես: Մարդու կյանքն ու ճակատագիրը նույնպես կշեռք է: Այս արևի տակ ամեն ինչ է կշեռք:

Ազգերն ու մարդիկ զարգանում են «ոսկե միջինից»… «ոսկե միջին»: Ամենահզոր  ինտուիցիան էլ  «ոսկե միջինն» է:

Քաղաքականության  կշեռքի միջնամասը  երբեք անձ չէ (ու չի կարող լինել). այն  միշտ ԳԱՂԱՓԱՐ է: Գաղափարը միշտ նույն հարցին պատասխան տալն է.  ո՞րն է երկրի զարգացման ամենալա՛վ ուղին. այսինքն՝ «ոսկե միջինը»:

Երկիրը զարգանում է, երբ բնակչությունն ավելի լավ է ապրում ու իրեն ավելի ապահով-պաշտպանված է զգում:

Երբ երկրի բնակչության թիվը նվազում է, այդ երկիրը չի զարգանում: Այդ երկիրն ի՛ր «ոսկե միջինը» (դեռ) չի գտել:

«Հայակենտրոն» լինելը «ոսկե միջին» չէ: Հայը «հայակենտրոն» չի կարող լինել. օտարը դա կարող է լինել (Անուշ Սեդրակյանը ճիշտ է): Հայի «ոսկե միջինը»  միայն  ՊԵՏՈՒԹՅՈՒՆ կառուցել-ունենալն է: Պետություն պահանջում-կառուցում է միջին դասակարգը (մարդիկ, որոնց փորը սոված չէ): Սոված մարդը  պետություն չի կառուցում:

Հայը ոչ մեկից ավել կամ պակաս չէ: Անգամ օրինապաշտ Անգլիայում ժամանակին այնպիսի թեյի մաֆիա էր գործում,որը քիչ էր տարբերվում սիցիլիական «Cosa Nostra»-ից: «Cosa Nostra»-ն  էլ, իմիջիայլոց, որպես ցիտրուսի մաֆիա սկսվեց, երբ սիցիլիական ցիտրուսներ սկսեցին մատակարարել անգլիական բանակին:

Պետություն կառուցելու հիմնաքարն ամենալա՛վ (ոսկեմիջինային) ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ունենալն է: Սահմանադրությունն ամենալավն է,երբ այն երկրի կառավարման 3 ճյուղերի (գործադիր,օրենսդիր և դատական) միջև բալա՛նս է ստեղծում/դառնում:

2015 թ.  փետրվարին Սերժ Սարգսյանն ամեն գնով Գագիկ Ծառուկյանին (քառյակ-եռյակին) մեջտեղից պիտի հաներ,որովհետև վերջիններս  խոչընդոտ կարող էին դառնալ՝ նոր սահմանադրության ընդունման համար: Առանց նոր սահմանադրության Սերժ Սարգսյանը չէր կարող իշխանական լծակներ շարունակել  պահել իր ձեռքում: Հենց սրա՛ համար նա Գագիկ Ծառուկյանին նույնիսկ «չարիք» անվանեց ու «հարկային ստուգումներ» խոստացավ: Պիտի նաև չմոռանալ,որ Գագիկ Ծառուկյանը  քաղաքական գործիչ չէ, այլ բիզնեսմեն. իսկ  ժողովրդի լեզվով ասած՝ առևտրական: Բոլոր առևտրականներին  նախևառաջ  իրենց ապրանքն ու առևտուրն է հետաքրքրում: Եթե Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ լիներ, 2 տարի առաջ (մեկ գիշերում) քաղաքականությունից  դուրս չէր գա: 2 տարի առաջ էլ Հայաստանում արտագաղթ ու աղքատություն կար: Գագիկ Ծառուկյանին եթե երկրի  ճակատագիրն իրականում հետաքրքրեր,նա այդքան  չէր բացակայի ԱԺ նիստերից:

Հայաստանի նոր սահմանադրությունը Հայաստանի համար (գոնե այս պահին) ամենալավն ու ոսկեմիջինայինը չէ, որովհետև.

ա) երկրում չկա դասական, ձևավորված կուսակցական-քաղաքական համակարգ: Այսինքն՝ չկա գաղափա՛րի շուրջ ընթացող քաղաքական գործընթաց: Աղքատության ու արտագաղթի դեմ պայքարելը գաղափար չէ. ոչ էլ հող հանձնել-չհանձնելն է գաղափար;

բ) Հայաստանը երկպալատ պառլամենտ չունի (որը նման սահմանադրության համար անհրաժեշտություն է);

գ) երկիրը դեռ  պատերազմական իրավիճակում է,որի ժամանակ նախագահական համակարգը  շատ ու շատ ավելի նախընտրելի է: Ապրիլյան պատերազմը սա հստակ ցույց տվեց;

դ)  ընտրություններում հաղթած քաղաքական ուժին  (բոնուսի միջոցով) «կայուն մեծամասնություն»  դարձնելն իրականում  ընտրակեղծարարությունը պարգևատրել  կնշանակի, քանի դեռ Հայաստանում ազատ ու արդար ընտրությունների  ինստիտուտ  չկա:

2016 թ. ապրիլյան պատերազմն ու «Սասնա ծռերի» հուլիսյան զինված ապստամբությունը շատ բան փոխեց հայի ներսում. ու քաղաքական քարտեր խառնեց:

Ինչպես արդեն տարբեր անգամներ գրել եմ՝ հայի ու Հայաստանի թիվ մեկ խնդիրն այն է, որ հայ տղամարդը հայ տղամարդուն  չի հարգում: Սա ունի նաև պատմական պատճառներ, բայց սրա մասին հիմա չեմ ցանկանում ծավալվել:

Հայը 1000 տարի  պետություն չի ունեցել. ուստի  «քաղաքացիական պատերազմի  հնարավորություն» էլ չի ունեցել: Քաղաքացիական պատերազմն ոչ այլ ինչ է, քան այն, երբ տվյալ երկրի տղամարդը դուրս է գալիս նույն երկրի տղամարդու  դեմ ու (ժողովրդի լեզվով, կոպիտ  ասած)  ասում՝ «եթե մի անգամ էլ ինձ խաբես,գլուխդ կջարդեմ»: Արցախյան պատերազմն էլ սկզբում  քաղաքացիական պատերազմ էր, թեև հայ տղամարդն ադրբեջանցի-թյուրքախոս տղամարդուն  դա արեց: Ես քաղաքացիական պատերազմ  չեմ գովաբանում. ոչ էլ արյունահեղության կողմնակից եմ: Բայց՝ բոլոր ժողովրդավար երկրները որոշակի պահի դրա միջով անցել են:

Սյունեցիներն,օրինակ, դարերով ԶԻՆՎԱԾ պայքար են մղել հայ առաքելական եկեղեցու դեմ: Դա էլ քաղաքացիական պատերազմի տեսակ է(ր), որը չէր կարող   սյունեցի տղամարդու հոգեբանության վրա չազդել: Նաև սրա համար է,որ սյունեցի տղամարդն այսօր  (թեկուզ փոքրիշատե)  դեռ  հարգում է սյունեցի տղամարդուն: Նաև սրա համար էր, որ Նժդեհն ու սյունեցի տղամարդն իրար հետ մերվեցին, սյունյաց ազատամարտ հնարավոր եղավ ու 1921-ը  Նժդեհի կյանքի գագաթնակետը դարձավ:

2016 թ. «Սասնա ծռերի» հուլիսյան զինված ապստամբությունը քաղաքացիական պատերազմ էր: Փոքրամասշտաբ ու կարճաժամկետ, բայց  քաղաքացիական պատերազմ: Սա չէր կարող չվախեցնել Բաղրամյան 26-ին (ու նույնիսկ Կրեմլին): Հենց սրա համար նոր վարչապետ գործուղվեց Հայաստան: Հենց սրա համար Գագիկ Ծառուկյանը  կրկին  քաղաքական դաշտ մտցվեց: Հայաստանում անկախությա՛ն ձգտող («ռադիկալ») ընդդիմություն և/կամ շարժում չպիտի ձևավորվի. սա է նպատակը: Ով սա չի հասկանում, նա քաղաքականապես միամիտ կամ դեմագոգ է:

Ներկա Հայաստանում դեպի Մոսկվա նայող ոչ մի քաղաքական ուժ «ընդդիմադիր» չի կարող լինել: Հայաստանում խաղաղ իշխանափոխության միակ ուղին երկրում երկբևեռ (կամ բազմաբևեռ) աշխարհաքաղաքական կողմնորոշվածության քաղաքական դաշտ ունենալն է: Հենց սրա  պատճառով Վրաստանում (ընտրությունների միջոցով) խաղաղ իշխանափոխություն հնարավոր եղավ: Քանի դեռ Մոսկվան է կառավարում Հայաստանը, հայն արդար ու անկախ պետություն չի ունենալու: Մոսկվան թույլ չի տալու նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդում, որովհետև դա Հայաստանում Մոսկվայի դիրքերի թուլացում կնշանակի: Հայաստան-Սփյուռք կապը  կոչերով էլ չի ամրապնդվելու, այլ  կոռուպցիա՛յի ու մենաշնորների դեմ իրական պայքարով: Սա է «կողպված  դռան բանալին»:

Ես չեմ հավատում,որ «Սասնա ծռերի» հուլիսյան զինված ապստամբությունը «Բաղրամյան 26-ի կամ Կրեմլի գծագիրն էր»: Սա պարզապես անտրամաբանական է  ու սև PR՝ ուղղված «Սասնա ծռերի» արածի նշանակությունը փոքրացնելուն  (ու իշխանությունների դեմքը փրկելուն):

2016 թ. «Սասնա ծռերի» հուլիսյան զինված ապստամբություն-քաղաքացիական պատերազմը հստակ մի բան ցույց տվեց. Բաղրամյան 26-ը (լրիվությամբ) չի վերասկում իրավիճակը (այսինքն՝ բնավ էլ անհաղթելի չեն, ինչպես ձևացնում են): Ապրիլյան պատերազմը (այո՛, դա պատերազմ էր) մեկ այլ բան հստակ ցույց տվեց. Բաղրամյան 26-ը կրկին (լրիվությամբ) չի վերասկում իրավիճակը բանակում  (ինչպես էլի ձևացնում են): Հենց սրա համար նոր ՊՆ նշանակվեց. PR քայլ  էր:

Ապրիլյան պատերազմում հայ զինվորն ու կրտսեր սպան, միանշանակ, հաղթեցին, բայց Հայաստանը,որպես պետություն, պարտվեց: Սա անհերքելի փաստ է: Կորցրած 800 հա / 8 քառ. կիլոմետրը  «ամայի տարածք» կամ «կարտոֆիլի 2 դաշտ» ներկայացնելը պարզապես ցինիզմ է՝ սեփական դեմքերը փրկելուն ուղղված: 800 հեկտարը 4 «Մոնակո» պետություն է և 18 Վատիկան:

Ապրիլյան պատերազմը  ողջ հայ ազգին (88-ի պես)  հուզեց,որովհետև 18-20 տարեկան զինվորն իր անձը զոհաբերեց՝ հանուն գաղափա՛րի: Հայ տղամարդն իրեն հարգեց ու այս անգամ էլ մեջքը չծռեց: Իմիջիայլոց, հերոս է նա, ով այնպիսի արարք է կատարում,որ քչերը կարող են կրկնօրինակել:

Ապրիլյան պատերազը մեկ այլ բան էլ հստակ ցույց տվեց. սովետական մտածելակերպով հայը Հայաստանին միայն մեկ ձևով կարող է օգտակար լինել. ինչքան հնարավոր է շուտ մեռնել-գնալ:

ՀՀ քաղաքացի այդքան զինվոր ու սպա  է զոհվում Արցախի սահմանին, բայց ՀՀ իշխանությունների համար (1994-ից սկսած) Արցախը մեկ «ՀՀ անբաժանելի մաս է», մեկ «անկախ պետություն»՝ կախված իրե՛նց անձնական-նեղ քաղաքական շահերից: ՀՀ իշխանություններն Արցախը դարձրել են «գլորվող շարիկ», դրա համար  աշխարհն Արցախին այլևս այդքան լուրջ չի ընդունում: Հայաստանը Արցախը «համարում է անկախ», բայց չի ճանաչում Արցախի  անկախությունը:

Հայաստանը  ստիպվա՛ծ  է  լինելու մի օր ճանաչել Արցախի անկախությունը,որից հետո այն միավորվելու  է  ՀՀ-ին (ինչպես 88-ի  նպատակն էր): Բայց՝ քանի դեռ ազատագրված տարածքներն ամբողջությամբ վերաբնակեցված չեն,Արցախի հիմնախնդրի (հայանպաստ) վերջնական լուծում չի լինելու:

Պսպղուն եկեղեցիներ կառուցելու համար,պարզվում է, փող կա, բայց  ազատագրված տարածքները վերաբնակեցնելու համար՝«ոչ»:

Պարզապես Մոսկվայի՛ն ձեռք չի տալիս այդ  տարածքների վերաբնակեցում, որովհետև դա Ադրբեջանին «իրենով անելու» խայծի ավարտ  կնշանակի:

Հայ տղամարդը պիտի  իր մեջ  սպանի վախն ու դադարի ուրիշներին «քաղաքակիրթ» երևալու այդ մոլուցքը: Ի վերջո՝ հենց հա՛յը 1915 «ստացավ»:

Քանի դեռ քաղաքականության կշեռքը Հայաստանում ծռմռված է, հայաստանցին ընտրություններ չի կարողանալու «կշռել»: Հենց սրա՛ համար Հայաստանում նորանոր «Սասնա ծռեր» են լինելու: «Սասնա ծռերը» միայն գունդ գրավելը չէ: Ամեն ինչ «Սասնա ծռերի» կարող է վերածվել. սկսած «միայնակ գայլերի» (այսինքն՝ անհատ մարդկանց)  «ծռություններից», մինչև...աստված գիտի թե ինչ:

Կշե՛ռքը պիտի վերանորոգվի. այլապես խաղաղ քաղաքական գործընթաց  հնարավոր չի լինելու «կշռել»:

Ոչ ոք ուրախ չէ, որ հուլիսին 3 ոստիկան  մահացավ: Բայց՝ քանի՞ զինվոր է  մահանում բանակում: Քանի՞ մարդ է մահանում Հայաստանի ճանապարհային երթևեկությունում: Կամ քանի՞ հայաստանցի է մահանում  աղքատությա՛ն պատճառով: Իրենց արյունը պակա՞ս կարմիր է:

Վարազ  Սյունի

Ամստերդամ, 05.02.2017

Մեկնաբանություններ (8)

Սամվել
2016 թ. «Սասնա ծռերի» հուլիսյան զինված ապստամբությունը քաղաքացիական պատերազմ էր: Փոքրամասշտաբ ու կարճաժամկետ, բայց քաղաքացիական պատերազմ: Սա չէր կարող չվախեցնել Բաղրամյան 26-ին (ու նույնիսկ Կրեմլին): Հենց սրա համար նոր վարչապետ գործուղվեց Հայաստան: Հենց սրա համար Գագիկ Ծառուկյանը կրկին քաղաքական դաշտ մտցվեց: Հայաստանում անկախությա՛ն ձգտող («ռադիկալ») ընդդիմություն և/կամ շարժում չպիտի ձևավորվի. սա է նպատակը: Ով սա չի հասկանում, նա քաղաքականապես միամիտ կամ դեմագոգ է:
Avo
Հոդվածը շատ հավանեցի, համամիտ եմ։
Ռուբինա
Ակնհայտ է, որ Հայաստանին անհրաժեշտ ՝է ազգանվեր և բարոյականության բարձ հատկանիշներով օժտված , այն է ասած ՝հայ քրիստոնյա: Նկատի ունեմ Հայաստանը կարավարող: Հասկանալի պատճառով, այսօրվա բոլոր քաղաքական գործիչները չեն կարող դիտարկվել որպես այդպիսիք, քանի որ սերժ սարգսյանի ռեժիմի հետ հաշտ և համերաշխ գոյատևել են 25 տարի, փորձելով միայն սեփական գողոնի չափսերը մեծացնել: Ուստիև, նորաշունչ շարժման ստեղծումը անխուսափելի է: Եվ կա մի հիմնարար գաղափար,՝ էքսպրոպրիացիա: Եթե գլուխ եկած ուժը անմիջապես չկիրառեց այն, չձեռբակալեց ռեժիմի պարագլուխներին և ետ չբերեց 25 տարվա գողոնը ՝սերժիկ սարգսյանից սկսած, լֆիկ, դոդ, միհրան պողոսյան, գեներալներ սարոյան,մանվել և այլն վերջացրած, դա կնշանակի, որ նրանք էլ են կնքել պայմանավորվոծություն այս ռեժիմի հետ և եկել են սեփական թալանը իրականացնելու: Խոսքը նաև օսկանյան, րաֆֆի, օհանյան, սամվել բաբայանների մասին է, որոնք այս պահին իրենց ներկայացնում են , որպես իրական ընդիմություն: սերժիկ սարգսյանի հետ հաց կիսածը ՝ նույնատիպ մտածելակերպի տեր է, հակառակ դեպքում ի սկզբանե կընդվզեր, ոչ թե երբ հայտնվեց խաղից դուրս իրավիճակում : Ինչևէ, հայ ժողովուրդը, անկախ այս 25 տարներից, ունի սեփական իմաստությունը, գենոֆոնդը,Նարեկացին և եկեղեցին ու հավատամքը: Աստված առաջ
Տիգրան
100%
Մարկ
Ապրիլյան պատերազը մեկ այլ բան էլ հստակ ցույց տվեց. սովետական մտածելակերպով հայը Հայաստանին միայն մեկ ձևով կարող է օգտակար լինել. ինչքան հնարավոր է շուտ մեռնել-գնալ:
Խչ
Խելացի ...
Հ.Շ.
իսկ հաջորդ Մեծն Ապստամության պահին, դու ել Երեւանում փողոց իջնելո՞ւ ես, Վարազ Սյունի... թէ, Ամստերդամից կը քաջալերես կրակի դիմաց վազող ժողովուրդը...
Վարազ Սյունի
Հ.Շ. - Իմ անձը չէ ամենակարևորը: Անձերից անկախ՝ կան պատմական և քաղաքական ճշմարտություններ և օրինաչափություններ.սա է,առաջին հերթին,իմ հոդվածի էությունը: Հիմա եթե Պողոսը Հայաստանից ասի՝ երկրագունդը կլոր է,կամ Պետրոսը Հայաստանից դուրս նույնը ասի,ի՞նչ տարբերություն: Միևնույնն է՝ երկրագունդը կլոր է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter