HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ՄԻԵԴ-ը կառավարությունից պահանջել է Հովհաննես Հարությունյանի բժշկական բոլոր փաստաթղթերը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, քննության առնելով «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի գործով գանգատը, փետրվարի 3-ին Հայաստանի կառավարությունից պահանջել է կարճ ժամկետում տրամադրել Հարությունյանի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական բոլոր փաստաթղթերը:

Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը, ՄԻԵԴ հրատապ գանգատ էր ներկայացվել դեկտեմբերի 16-ին՝ Դատարանի կանոնակարգի 39 կանոնի կարգով անհապաղ միջոցներ կիրառելու մասին՝ պահանջելով Հովհաննես Հարությունյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։

«Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակը գնալով վատանում է, նրա ոտքի մեջ 18 օտար բեկորներ կան, որոնք արդեն 6 ամսից ավել չեն հեռացվել, ոտքն այտուցվել է, գտնվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ անմարդկային և նվաստացուցիչ պայմաններում», - նշեց նա։

Փաստաբանը եվրոպական դատարանից ակնկալում է քայլեր, որոնց արդյունքում իր պաշտպանյալը կտեղափոխվի համապատասխան մասնագիտացված քաղաքացիական հիվանդանոց:

Սարգսյանի փոխանցմամբ՝ կառավարության այս պատասխանից հետո կշարունակվի իր գանգատի քննությունը։

Հավելենք, որ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի վերաբերյալ հակասական դիտարկումներ են հնչում պաշտպանի և բժիշկների կողմից։ Փաստաբանը պահանջում է Հովհաննեսին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ մասնագիտացված բուժման նպատակով, իսկ բժիշկները հավաստում են, որ Հովհանեսին առողջության վերականգման համար անհրաժեշտ է ժամանակ։

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219 րդ հոդված 3-րդ մաս 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից): 

լուսանկարը` Հայարփի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter