HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տատ, ձուն ծախեմ, փողը գցեմ կասս, որ պապայի վիրահատության փողը հավաքեմ»

Գայանե Սարգսյան

Վանաձորցի 5-ամյա Արմանը ամեն օր հավանոցից ձուն վերցրած գալիս է տուն ու դիմում տատին. «Տատ, ձուն ծախեմ, փողը գցեմ կասս, որ պապայի վիրահատության փողը հավաքեմ»: Ամալյա տատիկը համբուրում է թոռանն ու անում ճիշտ նրա ուզածի պես, բայց հինգ հավի ածած ձվով ոչ մի կերպ հնարավոր չի լինում հավաքել ցանկալի գումարը:

«2011թ.-ին մեծ տղայիս՝ Արմանի մոտ բժիշկներն ախտորոշեցին երիկամային անբավարարություն:  Մի քանի ամիս դիալեզ էր ստանում: Մեկուկես տարում վիճակը գնալով վատացավ, որդիս 28 տարեկանում մահացավ, մահից առաջ զավակի լույս աշխարհ գալուն սպասող եղբորը խնդրելով որդուն դնել իր անունը»,- պատմում է տիկին Ամալյան:

Արմանի մահը փոքր եղբայրը՝ 25-ամյա Վահեն, ծանր է տանում: Տիկին Ամալյայի հավաստմամբ՝ իրենց գերդաստանում երկամային խնդիր ունեցողներ չեն եղել։ Արմանի մահից ընդամենը 5 ամիս անց աշխատանքի վայրում վատացել է ու տեղափոխվել հիվանդանոց։ Բժիշկները Վահեին նույն ախտորոշումն են տվել՝ երիկամային անբավարարություն:

«6 ամիս հրաժարվում էի դիալեզից, ասեցին՝ եթե չես ուզում, դիմում գրի, որ հրաժարվում ես»,- հիշում է Վահեն:

Ստիպված համաձայնվում է ու արդեն 5 տարի անընդմեջ, շաբաթը երեք օր Վահեն անցկացնում է հիվանդանոցում՝ հեմոդիալիզի բաժանմունքում:

Երկու տարի առաջ Վահեի վիճակը կտրուկ վատացել է, բժիշկները հույս չեն տվել, որ կապրի: Տղային, սակայն, ուժ են տվել ընտանիքի անդամները՝ կինը՝ Արևիկը, 5-ամյա Արմանն ու փոքրիկ դուստրը, ու նա կարողացել է հաղթահարել ճգնաժամային իրավիճակը:

Վահեի բազմանդամ ընտանիքում ոչ ոք չի աշխատում: Ընտանիքը գոյատեւում է Վահեի հաշմանդամության թոշակով ու ընտանեկան նպաստով:

Արևիկն ասում է, որ սիրով կաշխատեր, բայց չի կարող ամուսնուն երկար ժամանակով մենակ թողնել:
«Օրումեջ հիվանդանոցից տուն չենք գալիս, օրվա ընթացքում մի քանի անգամ  վատանում է, ընկնում»,- ասում է Արևիկը:

Տարիներ շարունակ բժիշկներն ընտանիքին խորհուրդ են տվել երիկամի փոխպատվաստման տարբերակը: 2016թ.-ին տիկին Ամալյան ու որդին անցել են բոլոր անհրաժեշտ հետազոտություններն ու ստացել դրական պատասխան. երիկամի փոխպատվաստման համար մայրը կարող է հանդիսանալ դոնոր:

«Վիրահատության արժեքը 7.5 մլն դրամ է, առողջապահության նախարարությունից խոստացել են փոխհատուցել 2.5 մլն-ը, ևս 3 մլն-ը համաձայնվել է փոխհատուցել Արաբկիր բժշկական կենտրոնը, որտեղ պետք է արվի վիրահատությունը»,- ասում է տիկին Ամալյան:

Ընտանիքն այժմ զբաղված է պակասող 2 մլն դրամը հայթայթելու գործով:

«Տղես ասում ա՝ մամ, ամոթ ա, ուրիշներից փող մի ուզի: Ասում եմ՝ ոչինչ, ես հացի փող չեմ ուզում, ես իմ երեխու դեղի ու բուժման համար եմ փող ուզում: Ես ամեն ինչ կանեմ, իմ պայքարը մենակ տղուս կյանքը փրկելու համար ա: էն մեկին կորցրել եմ, չեմ ուզում էս մեկին էլ կորցնեմ»,- ասում է մայրը:

Մեկնաբանություններ (4)

artkhach
The money was wired, I hope the author can make sure it is spent purposefully.
Գայանե Սարգսյան
Ամերիաբանկում Վահե Փափախչյանի անունով հաշվեհամար է բացվել. ՀՀ դրամ-1570025458690100 Ռուբլի-1570025458690158 Եվրո-1570025458690146 Դոլար-1570025458690101
[email protected]
please open an account at Ameriabank, and I will transfer the 2 mln drams.
Գայանե Սարգսյան
Հարգելի ընթերցողներ, Վահեին աջակցելու համար կարող եք զանգահարել մորը՝ Ամալյային 093703772 հեռախոսահամարով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter