HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ժամանակ առ ժամանակ Նորվեգիան իրեն փոքր եւ միայնակ է զգում

Ի՞նչ է Նորվեգիայի հյուպատոսի` Թիմ Սթրեյթի համար Հայաստանը: 

Իմ տունն է: Երեք տարուց ավել է ապրում եմ այստեղ, եւ շատ մեծ ազդեցություն է թողել իմ վրա Հայաստանը: Ես ծնվել եմ Միացյալ Նահանգներում, բայց վերջին 20 տարին ապրել եմ Նորվեգիայում եւ երկու երկրներն էլ ինձ համար, կարծես, ավարտված գիրք լինեն: Հայաստանը գիրք է, որը դեռ չի ավարտվել: Երբ ասում եմ ավարտված, բացասական իմաստով նկատի չունեմ, այլ այն, որ մյուս երկու երկրներն արդեն կայացած են, գործում են օրենքները, իսկ Հայաստանում դեռ շատ անելիքներ կան այդ առումով, չհերկված տեղեր: Միացյալ նահանգներում եւ Նորվեգիայում թերթերի առաջին էջում լինում են այնպիսի նյութեր, ասենք, այն մասին, որ ինչ որ հայտնի մեկի պլաստիկ վիրահատությունը լավ չի ստացվել, եթե Հայաստանում էլ լիներ այսպիսի վիճակ, որ դա լիներ մեծագույն պրոբլեմը, ապա... 

Բայց կարծում եմ, որ բոլոր դեպքերում այնքան էլ լավ չէ, որ առաջին էջում դա է լինում, որովհետեւ կոնկրետ Նահանգներում կան հասարակությանը հուզող բազմաթիվ այլ խնդիրներ: 

Չէ, չեմ ուզում ասել, որ Նահանգներում, Նորվեգիայում կամ Եվրոպական որեւէ երկրում խնդիրներ չկան, բայց այնտեղի խնդիրներն ուրիշ տեսակի են: Օրինակ` Նորվեգիայում կա համբուրգերի մի ռեստորան, որ միշտ այցելում եմ, երբ այնտեղ եմ լինում: Օրինակը բերում եմ` ասելու, որ Նորվեգիայում էլ ամեն ինչ կարգին չէ: Այդ փողոցում կարելի է տեսնել շատ երեխաներ, երիտասարդներ, ովքեր թմրադեղ են օգտագործել, բռնել են հանցագործության ճանապարհը: Ու ինձ թվում է, որ դրանց պատճառներից մեկն այն է, որ հարուստ երկրներում պետությունը ծնողի դերը վերցրել է իր վրա: Երբ ինչ-որ խնդիր է լինում, մեղադրում են ոչ թե նրանց, այլ դպրոցին, որ այդ խնդիրը ծագել է: Ու ինձ թվում է, որ դա մեր հասարակության խնդիրներից է: Հիմա Նորվեգիայում դժվար է ուսուցիչ լինելը, հարգանքը ուսուցչի նկատմամբ առաջվանը չէ: Երիտասարդությունը փորձում է կյանքի մեջ իմաստ գտնել, որոնման մեջ է: Իսկ Հայաստանում հիմնական խնդիրը սեղանին հաց դնելն է: Երկուսն էլ խնդիրներ են, բայց տարբեր բնույթի: Բայց սա բացասական կողմին է վերաբերում, շատ-շատ դրական բաներ էլ կան երկու հասարակություններում: Բայց դա արդեն երկար պատմություններ է: 

Երբ Նորվեգիայում հարցնում են` էդ ի՞նչ երկիր է Հայաստանը, ի՞նչ մարդիկ են հայերը, ի՞նչ եք պատասխանում:

(Ժպտալով ավելացնում է` որտե՞ղ է Հայաստանը): Ընդհանրապես, ինձ համար դժվար է լուռ մնալը, հատկապես երբ Նորվեգիայում եմ, լռելը դժվար է: Գիտեք, այնտեղ մարդիկ հարմարավետ տներ, աշխատանք ունեն ու նրանց շատ դժվար է բացատրել, թե ինչպիսին են Հայաստանի խնդիրները: Չեն եղել այստեղ, չեն պատկերացնում, մտածելակերպը լրիվ տարբեր է: Բայց գտել եմ մի քանի կետեր, որտեղ Հայաստանը եւ Նորվեգիան նման են: Օրինակ բնությունը` լեռներ Նորվեգիայում, լեռներ` Հայաստանում, վայրի ծաղիկները, բույսերը: Նորվեգացիները շատ-շատ են սիրում գնալ 3-4 ժամով զբոսնել լեռներում: Նաեւ` երկուսն էլ փոքր երկրներ են: Նորվեգիան աշխարհագրական առումով փոքր չէ, բայց բնակչությամբ փոքր երկիր է, մոտավորապես երկու անգամ ավելի Հայաստանի բնակչությունից: Հավանաբար տեղյակ եք, որ Նորվեգիան «ոչ» է ասել Եվրամիությանը: Ժամանակ առ ժամանակ Նորվեգիան իրեն փոքր եւ միայնակ է զգում: Ինձ թվում է` այդ զգացողությունը հայերին էլ է հատուկ:

Թեւ Նորվեգիան իրեն այնպես շրջափակված չի զգում, ինչպես Հայաստանը: Մեկ շնչին ընկնող եկամուտը եթե համեմատելու լինենք, ըստ պաշտոնական տվյալների` Նովեգիայում միջին աշխատավարձը 15-16 անգամ ավելի է, քան Հայաստանում: Մարդիկ այստեղ այն կարծիքին են, որ բոլորն այնտեղ շատ հարուստ են: Հավանաբար հարուստ ենք: Բայց ես ուզում եմ մի համեմատություն անել. եթե Կոմիտասից ավտոբուս նստեք գաք օպերա, այնտեղ սրճարանում սուրճ խմեք, գարեջուր, ապա կծախսեք մոտ 800 դրամ, իսկ Նորվեգիայում քեզ վրա այդ ամենը 15-16 անգամ ավելի շատ կնստի: Ամեն ինչ հարաբերական է: Եւ հայերի մեծ մասի այն կարծիքին, որ կյանքը Հայաստանից դուրս, մնացած տեղերում ավելի լավ է, համաձայն չեմ: Ես ինքս հեռացել եմ իմ երկրից` Միացյալ նահանգներից, տեղափոխվել եմ Նորվեգիա, գիտեմ` ի՞նչ է նշանակում էմիգրանտ լինելը, նոր լեզու, նոր մշակույթ...: Այդ երկրում դու երբեք, երբեք քեզ տանը չես զգում:

Հիմա երբ Նորվեգիայում մանկական երգեր եմ լսում, ես ինձ չեմ նույնացնում այդ ազգի հետ, ես ինձ նորվեգացի չեմ զգում, որովհետեւ դա չի եղել իմ մանկությունում: Հիմա չեմ հասկանում, թե ինչու են հայերը կարծում, որ կյանքը Հայաստանից դուրս ավելի լավ է: Չեմ հասկանում նաեւ պատասխանը, թե աշխատանք չունենք, եւ քաղաքական գործիչները կաշառված են: Եւ ես չեմ կարող պատասխան տալ իրենց պատասխանին, քանի որ այն երկու երկրները, որտեղ ես ապրել եմ, այնպիսի երկրներ են, որտեղ ամեն ոք կարող է աշխատանք գտնել, քաղաքական գործիչներն էլ հիմնականում կաշառված չեն: Ես չեմ կարողանում հասկանալ հայերի այդ պատասխանը, որ դրսում ավելի լավ է: Ամեն դեպքում, ինձ թվում է, որ ամեն ոք իրեն ավելի լավ է զգում իր երկրում: Ի դեպ, Կալիֆոռնիայում, եթե չեմ սխալվում, ազգային փոքրամասնությունների մեջ հանցագործություններ կատարողների մեջ հայերը ամենաբարձր տոկոսն են կազմում: Ես չեմ հավատում, որ հայերը վատ մարդիկ են: Իմ կարծիքով, այստեղից Միացյալ Նահանգներ մեկնող շատ մարդկանց թվում էր, թե ակնթարթորեն պիտի հարստանան: Բայց մեր հասարակությանը հանդիպելով` դժվարացան այդ ամենը ընդունել, հարմարվել մեր հասարակական կարգերին:

Որտե՞ղ եք հանգստանում, ասացիք նույն լեռներն ունենք: 

 Ես քաղաքի մարդ եմ, ցավոք: Քաղաքից դուրս գալն ինձնից մեծ ջանք է պահանջում: Եթե շաբաթ-կիրակի ուզում եմ դուրս գալ, գնում եմ Գյումրի կամ Սեւան: Անցյալ տարի կարծես թե մեկ անգամ գնացել եմ Սեւան: Ինձ համար ավելի կարեւոր է թե ում հետ եմ, քան` որտեղ եմ: Ես մենակ լավ չեմ անցկացնում ժամանակը: Ես սիրում եմ միշտ ինչ-որ մեկի հետ լինել, հետաքրքիր պատմություններ պատմել, ծիծաղել: Իմ հայ ընկերներից մեկը երեխա է ունեցել երեկ, հիմա էլեկտրոնային փոստով անունն ենք քննարկում: 

Նորվեգիայում որքա՞ն հայ փախստականներ կան: 

Նորվեգիայում ընդհանրապես քիչ հայեր կան: Ինչքան տեղյակ եմ, 200-ը կացության թույլտվություն ունեն, շատ քիչ, 50-ից պակաս ապաստան են խնդրել: 

Ինչո՞վ եք դա բացատրում: Երկրի օրենքնե՞րն են խիստ, թե Նորվեգիան հյուրընկալ երկիր չէ: 

Եթե հայերին հարցնեք, թե ուր կուզենան գնալ, առաջին հերթին կասեն Միացյալ Նահանգներ, հետո` Գերմանիա, իսկ Նորվեգիան ցանկի վերջում է: Երեք տարի է այստեղ եմ, շատ քչերն են եկել եւ աշխատանքի թույլտվություն խնդրել: Շշուկներ կան, որ իբրեւ Նորվեգիայում կարող են ձկնորսի աշխատանք գտնել: 15 տարի է այդ շշուկները կան, բայց այդպես չի: Եթե իմանային, թե ինչ է նշանակում հյուսիսային բեւեռում փոքր նորվեգական գյուղում դրանով զբաղվելը, կյանքում չէին որոշի դրանով զբաղվել:

Ի՞նչ գործունեություն է ծավալել փախստականների նորվեգական խորհուրդը Հայաստանում: 

1995-ից գործում է Հայաստանում` դպրոցներ է վերանորոգում, ջրագծեր, մարդու իրավունքների դասավանդում, տների կառուցում փախստականների համար: Դադարեցրել ենք ջրագծերի, դպրոցների ծրագրերը, քանի որ ավելի լավ կատարող կազմակերպություններ կան: Հիմա մնացել է փախստականների համար բնակարանների կառուցման ծրագիրը, իսկ մարդու իրավունքների ծրագիրը առանձնացավ, ինքնուրույն ՀԿ բացեց եւ այդպես է աշխատում: Հիմա մենք տարեկան 100-150 տուն ենք կառուցում փախստականների համար: Վերջին շրջանում նաեւ մեր ուշադրություն ենք սեւեռել ներքին տեղահանվածների խնդրին: Եւ ծրագիր ենք իրականացրել` սահմանամերձ երկու հարյուր գյուղերի քարտեզագրումը կատարելով: Այսինքն` ճշտելենք իրավիճակը սահմանամերձ գյուղերում, թե քանի ընտանիք կա, քանիսն են հեռացել, քանիսն են վերադարձել եւ, ընդհանրապես, իրավիճակն ինչպիսին է: Մյուս տարի պլանավորել ենք կառուցել մոտ 100 տուն փախստականների համար եւ վերանորոգել 100 տուն ներքին տեղահանվածների համար: 

Ինչու՞ է Նորվեգիայի կառավարությունը միջոցներ տրամադրում մեր նման երկրներին օգնելու համար: 

Նորվեգիան այն երկիրն է, որն իր համախառն եկամտից ամենամեծ տոկոսն է ներդնում մարդասիրական օգնություններին: Դա մի կողմից մարդասիրական օգնության նկատմամբ բնակչության վերաբերմունքի արդյունք է, մյուս կողմից էլ երեւի այն պահը կա, որ լինելով փոքր երկիր` ուզում է իրեն պահել մեծ երկրի պես ու ամենամեծ տոկսն է տալիս: Այս տարածաշրջանում նույնատիպ եւ նույնամասշտաբ ծրագրեր ունենք թե Վրաստանում, թե Ադրբեջանում: Ադրբեջանում կա նավթ, եւ նորվեգական մեծ նավթային ընկերություն է այնտեղ գործում: Այստեղ կա այն պահը, որ մարդասիրական գոծունեություն ենք ուզում ծավալել մի երկրում, որտեղ նաեւ արդյունաբերական ներդրումներ ենք արել:

Բացի այդ, Նորվեգիան չի ուզում ներկա լինել կոնֆլիկտի կողմերից միայն մեկում: Ցավոք, նորվեգական բիզնես չկա Հայաստանում, բայց կառավարությունը մի փոքր ավելի է աջակցում այս երկրին, քան Ադրբեջանին: Նորվեգիան շատ ակտիվ է խաղաղության հաստատման գործընթացում: Օսլոյի համաձայնագիր կա պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման համար, որը դեռեւս ոչ մի հաջողության չի հասել: Գվատեմալայի հաշտության պայմանագիրը նույնպես Նորվեգիայի միջնորդությամբ էր: Նորվեգիան ոչ մի խնդիր չունի Մինսկի խմբի հետ մրցելու, բայց կցանկանար հնարավորության դեպքում խաղաղության հաստատման ուղղությամբ ինչ-որ քայլեր ձեռնարկել: Եւ եթե այդ հաշտության պայմանագիրը լինի, վստահ եմ, որ Նորվեգիան շատ ակտիվորեն կաջակցի դրան ոչ միայն քաղաքականապես, այլ նաեւ ֆինանսապես: 

Ինչու՞ Նորվեգիան մերժեց Եվրամիության մեջ մտնելու գաղափարը: 

 Փոքր երկիր է, վախեցավ, որ իրեն կուլ կտան: Եվրամիության կամպանիայի ժամանակ նորվեգացիներն ասում էին, որ չեն ուզում իրենց մայրաքաղաքը տեղափոխվի Բրյուսել կամ Բոնն: Թեեւ հարաբերությունը շատ փոքր էր` 49:51, դա տատանվում է, այսօրվա դրությամբ ինձ թվում է «այո»-ն մի քիչ շատ է: Որոշ նորվեգացիներ գտնում են, որ «ոչ» ասելով մեր նավթը եւ ձուկը կպահենք մեզ, մի մասին էլ մտահոգում է այն փաստը, որ Եվրամիությունում որոշումներ են կայացվում, որոնք ազդում են Նորվեգիայի վրա, բայց Նորվեգիան ձայն չունի այնտեղ: Ես ինքս կողմ եմ: Չես կարող փոխել կազմակերպությունը, եթե ինքդ չմասնակցես դրան: 

Ես գիտեմ, որ դուք հետեւում եք լրատվամիջոցների հրապարակումներին: Ի՞նչ եք կարծում, Հայաստանում կա՞ ազատ մամուլ, խոսքի ազատություն:

Ոչ լրիվ: Շատ խնդիրներ կան, ասենք` «Ա1+»-ի հարցը, բայց այստեղ ազատ մամուլ ունենալու համար պետք է շատ պինդ կանգնես քո ոտքերի վրա, շատ խելացի պետք է լինես, որ ազատությունը պահես: Շատ դեպքերի մասին եմ լսել, երբ հեռախոսով սպառնացել են լրագողին, օրինակ` երեկ ինձ պատմեցին նման դեպքի մասին: Պետք է հնարավորինս հետեւել այս ամբողջ ընթացքին: Դժվար է իրոք ազատ, անկախ լինելը: Օրական 80-90 էլեկտրոնային հաղորդագրություն եմ ստանում եւ ամենակարեւորներն ուղարկում եմ արտգործնախարարություններ, դեսպանատներ, մեր գրասենյակներ: Եւ անում եմ ոչ միայն այն նպատակով, որ նրանց տեղեկացնեմ, թե ինչ կա հայկական մամուլում, այլեւ տեսնելու, թե նրանց հակազդող ռեակցիան ինչպիս՞ն կլինի: Որովհետեւ հիմա ինչ-որ չափով ես էլ կուրացել եմ, երեքուկես տարի այստեղ գտնվելով` կարող է ես էլ ինչ-որ բաներ չեմ նկատում, ռեակցիա չեմ տալիս: Վերջերս Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը հայտարարեց, որ Նորվեգիայի դեսպանը վտարվելէ Ադրբեջանից, բոլորովին կապ չունի իրականության հետ եւ շատ հեշտ էր ստուգելը: Կարող էին զանգել ինձ, իմ աշխատակիցներին, բայց նրանց մտքով չի անցել զանգել-ստուգել այդ փաստը: Դա արդեն ստեղծում է անվստահություն հաղորդածի նկատմամբ: 

Հե՞շտ է աշխատել կառավարության հետ:

Հիմնականում լավ է: Լինում են երբեմն անհամաձայնություններ, բայց համագործակցության ժամանակ դա նորմալ է: Ներկայումս մի փոքր խնդիր ունենք երեւանի Սիլիկյան թաղամասում, ուր ծրագիր ենք անում: Բայց սկսենք Գյումրիից: Գյումրիում կառավարությունը շատ շահագրգռված էր այդ ծրագիրն իրականացնել, որովհետեւ դա նրանց օգնում էր Գյումրին վերակագնել, զարգացնել: Գյումրիում մեզ տրամադրեցին տարածք, մենք վճարեցինք տների կառուցման համար, կառավարությունը վճարեց, գազի, էլեկտրականության անցկացման, ասֆալտապատման համար: Ընդհանուր առմամբ, համագործակցությունը շատ լավ էր, եւ կառավարության կողմից մեծ ներդրում եղավ: Երբ Սիլիկյան թաղամասում սկսեցինք 66 տների կառուման ծրագիրը, դա, ի դեպ, մեր ամենամեծ ծրագիրն է, կառավարությունը խոստացավ այստեղ նույնպես կատարել ներդրում եւ կառուցել հիմնական Կոյուղագիծը: Սակայն ընտրություններ տեղի ունեցան, նոր կառավարությունն արդեն ասաց, որ չեն կարող ֆինանսավորել: Ես շատ վրդովված եմ այդ փաստից եւ գտնում եմ, որ կառավարությունն իր խոստումը խախտել է: 10 օրից կավարտվի 66 տների կառուցումը: Բայց քանի որ կառավարությունն իր խոստումը չի կատարել, այդ բնակիչները չեն կարող ջուր ստանալ: Եթե ջուրը հոսի այնտեղ, ապա կլցվի եւ կոյուղու ամբողջ ներքին ցանցը ձմռանը կսառի: Արդյունքում ամբողջ համակարգը կքայքայվի: Ես կարծում էի, թե Գյումրիի համագործակցությունը կշարունակվի նաեւ այստեղ` Երեւանում: Այս տարվա մայիսին Նորվեգիայի վարչապետը կայցելի Հայաստան: Չեմ ուզում մտածել այն մասին, որ Նորվեգիայի վարչապետը գա, տեսնի, որ մենք 66 տուն ենք կառուցել փախստականների համար, բայց նրանք չեն կարող այդտեղ ջուր օգտագործել: Պետք է հանդիպենք փախստականներին, բացատրենք այս խնդիրը, բայց հույս ունենք, որ կառավարությունը կլուծի այս հարցը: Մոսկվայի մեր դեսպանատունը եւ մեր արտգործնախարարությունն ամբողջ ուշադրությամբ հետեում են այդ ծրագրին: 

Իսկ կառավարությունում ո՞վ է պատասխանատու: 

Ես նամակ եմ գրել այս մասին Նախագահ Քոչարյանին: Նախագահն այն մակագրել է տարածքային կառավարման նախարարին: Նաեւ նամակներ եմ գրել Երեւանի քաղաքապետարանին, քաղաքաշինության նախարարին, միգրացիայի վարչության պետին: 

Եւ ի՞նչ է եղել այդ նամակներից հետո: 

Շատ խորը լոռություն: 

Հարցազրույցը վարեցին  Էդիկ Բաղդասարյանը, Անուշ Դանիելյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter