HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արևելյան մարտարվեստների գործունեությունը կանոնակարգելու նպատակով կստեղծվեն մարզական խորհուրդներ

Այսօր Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մոտ տեղի են ունեցել քննարկումներ՝ արևելյան մարտարվեստների (կոնտակտային և ոչ կոնտակտային կարատեներ) ֆեդերացիաների, ակումբների, հասարակական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` նախարար Հրաչյա Ռոստոմյանը ներկաներին տեղեկացրել է, որ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից մշակվել և այժմ համաձայնեցման վերջնական փուլում է գտնվում մարզաձևերի, այդ թվում նաև արևելյան մարտարվեստների, ֆեդերացիաների գործունեությունը կանոնակարգող համապատասխան օրենքի նախագիծը: «Այս ոլորտը վաղուց կանոնակարգման կարիք ունի, ինչն ի վերջո հնարավոր կլինի իրականացնել այդ օրենքի շնորհիվ: Այսօր մեր երկրում գործում են 200-ից ավելի տարաբնույթ անվանումներով կարատեների ֆեդերացիաներ, որոնց աշխատանքը հնարավոր չէ վերահսկել: Իսկ սա աղետալի երևույթ է, քանի որ պարզ չէ՝ ում մոտ ինչ ուսումնամարզական ծրագրով և ինչ պայմաններում են մարզվում մեր երեխաները: Երևույթին տալու ենք համակարգային և հստակ լուծում»,- ասել է նախարարը:

Մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչները, ինչպես տեղեկացնում է նախարարությունը, համակարծիք են եղել, որ ոլորտի կանոնակարգման անհրաժեշտություն կա, քանի որ համատեղ և միասնական չափորոշիչներով աշխատելու դեպքում հայ մարզիկների մասնակցությունը միջազգային մրցաշարերին և առաջնություններին նույնպես կանոնակարգված կլինի:

«Արևելյան մարտարվեստները ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում մեծ մասսայականություն են վայելում: Կանոնակարգելով ոլորտը՝ մենք կկարողանանք լուծել մի քանի խնդիր, նախ՝ առողջ ապրելակերպի տարածում և սպորտի մասսայականացում, և, իհարկե, մարզական բարձր արդյունքների նվաճում»,-  նշել է Հ. Ռոստոմյանը:

Նախարարը առաջարկել է ներկաներին երկշաբաթյա ընթացքում մշակել և ներկայացնել արևելյան մարտարվեստների խորհուրդների ստեղծման վերաբերյալ առաջարկություն՝ նշելով խորհրդի կազմը, կանոնակարգը, ՀՀ առաջնությունների անցկացման կարգը, մասնակիցների տարիքային խմբերը, անդամ ֆեդերացիաները, ակումբները և մյուս անդամ կազմակերպությունները: «Կարևորը կոնտակտային և ոչ կանտակտային կարատեների համար տարբերակված կազմակերպություններ ունենալն է, որոնք համակարգելու են կոնտակտային և ոչ կոնտակտային կարատեների գործունեությունը: Միայն այդ կազմակերպությունների հետ է համագործակցելու և դրանց է աջակցելու նախարարությունը»,- եզրափակել է նախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter