HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Ինչպե՞ս եք Միհրան Պողոսյանին թեկնածու դարձնում». հետաքրքրվում է Լևոն Զուրաբյանը

Ազգային ժողով-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ կառավարությունից հաղորդագրություն էր տարածվել, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Պատգամավորը, ընթերցելով հաղորդագրության կոռուպցիայի դեմ պայքարի հատվածը, կառավարությունից հետաքրքրվեց ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի օֆշորային պատմությունից:

Լևոն Զուրաբյանը նախ հիշեցրեց, որ տարիներ առաջ Միհրան Պողոսյանն իր ընկերության միջոցով չինական մեքենաներ էր գնել ԴԱՀԿ-ի համար, այնուհետև ի հայտ եկավ Պանամայի օֆշորային պատմությունը: Պատգամավորն ասաց, որ գրավոր դիմել է իրավասու մարմիններին, կառավարությունից ստացել է պատասխան, որ նա նախագահի հրամանագրով ազատվել է ԴԱՀԿ ծառայության պետի պաշտոնից, այնուհետև պատգամավոր Լևոն Զուրաբյանի բարձրացված հարցի հիման վրա նյութեր են նախապատրաստվել:

«Քիչ էր մնում ուրախանայինք, բայց հետո պարզվեց, որ նրա գործը կարճվել է»,- ասաց Լևոն Զուրաբյանը` ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանից հետաքրքրվելով, թե ինչպես են Միհրան Պողոսյանին դարձնում թեկնածու և գնում ընտրությունների:

Պատգամավորի հարցին պատասխանեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և ամբողջությամբ անդրադարձավ կոռուպցիայի դեմ պայքարին, հանրային հաշվետվողականությանը:

Զուրաբյանը նշեց` շատ լավ է, որ նախարարը խոսեց հաշվետվողականության մասին և ավելացրեց, որ գործի կարճման նյութերը չեն տրամադրվել Միհրան Պողոսյանի` Պանամայի օֆշորային պատմությանն անդրադարձած «Հետք» թերթին, ավելին՝ թերթի այդ պահանջը մերժվել է:

«Գործը կարճվել է իբր այն պատճառով, որ Շվեյցարիայի իշխանությունները չեն բավարարել Հայաստանի իրավապահ մարմինների միջնորդությունը: Մինչդեռ նույն շվեցարացիները պատասխանել են «Հետքին», որ այդ միջնորդությունը պատշաճ կորպով ձևակերպված չի եղել: Եվ այդ հիմքով կարճվել է գործ: Սա նշանակոււմ է, որ մենք իսկապես գործ ունենք լուրջ կոռուպցիոն սկանդալի հետ»,- նշեց Լ. Զուրաբյանը:

Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ լինելով գործադիր մարմնի ներկայացուցիչ` իրեն երբևէ թույլ չի տա իրավապահ մարմնի այս կամ այն գործողության վերաբերյալ գնահատական հնչեցնել, քանի որ այն կորակվի միջամտություն:

Անդրադառնալով կարճման որոշումը թերթին չտրամադրելուն` նախարարը նշեց, որ խնդիր տեսնում է:

«Խնդիր տեսնում եմ այդտեղ, այո՝ տեսնում եմ: Ինչ քայլեր ենք ձեռնարկում, որպես քաղաքականություն մշակող և պատասխանատու, արդեն ներկայացրեցի»,- հավելեց Արփինե Հովհաննիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter