Լրագրողների հետ շփումը վարչապետին հաճույք չի պատճառում
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը իր խոսքով՝ չալարեց և ևս մեկ անգամ կրկնեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը արգելապատնեշները հանի և չպաշտպանվի լրագրողներից:
«Սիրուն չի: Պարոն Սահակյան, սա ձեզ էլ է վերաբերում, այստեղ պրեզիդենտներ են եկել, հազար մարդ է գալիս: Դուք, որ գնաք կառավարություն, կարո՞ղ եք այնպես անել, որ լրագրողները ձեզ չմոտենան: Ճիշտ չէ, բոլոր դեպքերում ճիշտ չէ: Հանեք այդ կարմիր գծերը, որով մարդիկ չեն կարող մոտենալ ձեզ»,- ասաց Արամ Մանուկյանը՝ խոսքը մասամբ ուղղելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:
Վարչապետ Կարեն Կարապետյանը, պատասխանելով պատգամավորին, ասաց, որ կա նաև կարծիք՝ լրագրողների հետ չափազանց շատ են հանդիպում:
«Որևիցէ սահմանափակում լրագրողների հետ հանդիպման չենք դրել: Չնայած լինում են դեպքեր, երբ առանձնապես հաճույք էլ չեմ ստանում դրանից, անկեղծ ասած, բայց ոչ միշտ»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը հավելելով, որ արդեն պատկերացնում է, թե «այսօր ինչ մեկնաբանություններ կսկսեն»:
Արամ Մանուկյանն ասաց, որ ինքն էլ է խնդիրներ ունենում լրագրողներ հետ և միշտ չէ, որ հաճույքով է շփվում, բայց կա օրենք, կարգ, որ լրագրողը հարց տալու իրավունք ունի, պաշտոնյան էլ պետք է կամ պատասխանի, կամ ոչ: Արամ Մանուկյանը վարչապետին հիշեցրեց, որ սա Ազգային ժողովն է՝ «ուրիշ հիմնարկ», և վարչապետի կողմից չպետք է արգելապատնեշներ դնելու պայման դրվի:
Կարեն Կարապետյանը կրկնեց, որ արգելապատնեշներ չկան:
Գալուստ Սահակյանը չդիմացավ և պատասխանեց, որ որևէ մեկը նման պայման չի դրել, ավելին` ասաց, որ «լրագրողներին թողնում ենք միայն Ազգային ժողովի շենք, ոչ թե Ազգային ժողովի այգի, պարզ ա՞»:
Դահլիճում բոլորը ծիծաղեցին, իսկ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, չթաքցնելով հրճվանքը, որպես ասվածին հավանություն, երկու բթամատերը վերև բարձրացրեց:
«Հարգելի ժուռնալիստներ, ուրեմն սրանից հետո այգի չմտնեք»,- հնչեց Արամ Մանուկյանի արձագանքը:
Մեկնաբանել