HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդյո՞ք գլխավոր դատախազությունը պատրաստվում է գործի դնել Միհրան Պողոսյանի գործով ՀՔԾ-ի կարճման որոշումը վերացնելու իր լիազորությունը

«Հետք»-ը հարցմամբ դիմել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Հարցրել ենք, թե արդյո՞ք ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստվում է գործի դնել Միհրան Պողոսյանի գործով ՀՔԾ-ի կարճման որոշումը վերացնելու իր լիազորությունը: Եթե ոչ՝ ինչո՞ւ:

Հարցրել ենք նաև, թե որքանո՞վ իրավաչափ է ՀՔԾ-ի կողմից մերժումը՝ «Հետք»-ին տրամադրել վերոհիշյալ գործի կարճման մասին որոշումը՝ հաշվի առնելով այն փաստը, որը գործը հարուցվել է լրատվամիջոցի հրապարակման հիման վրա, և փաստորեն, այն, որ որոշման հրապարակումը կարող է օգնել ցրելու բարձրաստիճան պաշտոնյայի կողմից կոռուպցիոն դրսևորման վեաբերյալ հանրության ունեցած կասկածները: Ինչո՞ւ հանրության համար հույժ կարևոր այս որոշումը չի ներկայացվում հանրության ուշադրությանը:

Խնդրել ենք նաև գլխավոր դատախազի միջամտությունը ՀՔԾ-ից Միհրան Պողոսյանի գործով կարճման որոշումը «Հետք»-ին տրամադրելու հարցում:

Բացի դրանից, երեկ «Հետք»-ը ստացել է նաև Շվեյցարիայի արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենի պատասխանը՝ ի պատասխան մեր պաշտոնական գրությանը: Մեզ ևս մամլո խոսնակը նույն պատասխանն է տրամադրել, ինչ OCCRP-ի մեր գործընկերներին: 

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, ի պատասխան ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի կողմից առերևույթ ձեռնարկատիրական գործունեության ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ հարուցված գործի ընթացքի վերաբերյալ «Հետք»-ի հարցմանը, նշել էր, որ որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով: Միաժամանակ, ՀՔԾ-ն հայտնել էր, որ Շվեցարիայից 2017թ. հունվարի 11-ին ստացվել է պատասխան՝ իրավական փոխօգնության միջնորդությունը մերժելու մասին:

Շվեյցարիայի արդարադատության դաշնային դեպարտամենտի մամլո խոսնակ Ինգրիդ Ռայզերը (Ingrid Ryser) հայտնել էր, որ շվեցարական կողմը պատասխանն ուղարկել է 2016թ. նոյեմբերի 8-ին, իսկ հայկական կողմի միջնորդությունը չի բավարարվել, քանի որ այն չի համապատասխանել միջնորդության տեխնիկական պահանջներին, այսինքն` պատշաճ կազմված չի եղել: Միաժամանակ նամակում շվեյցարական կողմը նշում է, որ միջնորդությունը ցանկացած ժամանակ կարող է նորից ներկայացվել:  

Միհրան Պողոսյանի և Արթուր Դավթյանի լուսանկարները՝ ԴԱՀԿԾ-ի և ԳԴ-ի պաշտոնական կայքերից

Մեկնաբանություններ (2)

Լուսիկ
Անհավանական ակնկալիքներ ունի ՀԵՏՔ-ը մեր դատաիրավաբանական համակարգից՝ հո ԱՄՆ-ում չենք ապրու՞մ, ոտեղ սխալ են հանում անգամ նախագահին: Այստեղ ամեն ինչ աշխատում է նախագահի ցուցմունքով՝ ասաց փակել գործը՝փակեցին. ընտրել պատգամավոր՝ կընտրեն:
Տ. Մարգարյան
Գլխավոր դատախազը գլխից ձեռք է քաշել, ինչ է... Նրա մարսողությունն ու շնչառությունը Բ26-ից է կառավարվում, Միհրանիկն էլ պակաս փողերը մուծել է, էլ ինչ եք ճանճից փիղ սարքում: Օրենք... մի օրենք կա էս երկրում՝ գողական կամ ՉԿ-ի օրենքը, երկուսին էլ հոպարը ծանոթ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter