HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Այսօրվա իրավիճակին դեռ փառք ենք տալու. դուք պատրաստվեք նոր խորհրդարանի պատկերին»

«Հետքի» հարցերին պատասխանում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը

-Պարոն Պողոսյան, 5 տարի է՝ պատգամավոր եք: 131 պատգամավորներից գրեթե կեսին Ազգային ժողովում տեսնում ենք միայն նիստերի 15 րոպեներին, նրանց մի մասը ելույթ չի ունեցել, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել: Քանի որ պարբերական շփման մեջ եք պատգամավորների հետ, ըստ Ձեզ, ինչու՞ են ոմանք փորձում հայտնվել Ազգային ժողովում, եթե նրանց գործը մեծ հաշվով զուտ «կոճակ սեղմելն է»:

-Հարցի պատասխանը երկու մակարդակ ունի։ Ակնհայտ է, քանի դեռ մեր երկրում չի կայացել սեփականության անձեռնմխելիության ինստիտուտը, քանի դեռ դատաիրավական համակարգը չի երաշխավորում իրավունքների անվերապահ պաշտպանություն, մեծ սեփականատերերն ու գործարարները միշտ էլ փորձելու են հայտնվել խորհրդարանում՝ իրենց կապիտալը պաշտպանելու համար։ Սա է։

Իսկ ինչո՞ւ են քաղաքական ուժերը քաղաքական գործունեության հետ աղերս չունեցող մարդկանց մտցնում իրենց ցուցակներ և բերում խորհրդարան։ Էլի շատ պարզ է։ Համեմատաբար փոքր քաղաքական ուժերի համար նրանք ռեսուրսների խնդիր լուծողներ են, և երկու կողմերի շահերը համընկնում են այդ առումով։ Ավելի խոշոր, բայց մի կենտրոնից կառավարվող քաղաքական ուժերի համար էլ «կոճակ սեղմողները» շատ հարմար գործիքներ են՝ նրանք անփոխարինելի դեր ունեն «ձայն բերելուց», միշտ կորցնելու բան ունեն և ի վիճակի են միայն տրված հրահանգներով «կոճակ սեղմել». ահա և բոլոր կողմերի շահերի հրաշալի համադրություն։ Բայց այսօրվա իրավիճակին դեռ փառք ենք տալու. դուք պատրաստվեք նոր խորհրդարանի պատկերին...

-Նախկին իշխանավորներին այսօր տեսնում ենք հակառակ ճամբարներում: Դուք՝ որպես ընդդիմադիր խմբակցության անդամ, ի՞նչ եք կարծում՝ նախկին նախարարներն ու իշխանության ներկայացուցիչներն իսկապե՞ս այսքան շուտ ընդդիմադիր դարձան, թե՞ նրանք «գործուղման թերթիկներ» ունեն Բաղրամյան 26-ից:

-Ձեր նշած երկու իրավիճակն էլ հնարավոր է: Հարցը, սակայն, այլ բանի մեջ է: Իսկ ի՞նչ են նրանք անում, որ հանրությունը նրանց ընկալի որպես ընդդիմադիր ու հավատա դրան: Եթե ընդդիմադիր են, ապա պետք է ներկայացնեն, թե որ քաղաքականությանն են ընդդիմանում, ու ներկայացնեն իրենց այլնտրանքային տեսլականը: Պարզապես ասելով, թե ամեն ինչ վատ է, դա հանրությունը գիտի առանց իրենց էլ: Իսկ ի՞նչ են իրենք առաջարկում և ինչի՞ դա չեն փորձել իշխանության ղեկին, իսկ եթե փորձել են, ովքե՞ր են խանգարել ու թույլ չեն տվել իրականացնել:

-Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Ծառուկյանը, Ձեր համոզմամբ, անկե՞ղծ են իրենց հայտարարություններում, որտեղ սլաքներն ուղղված են ներկա իշխանությանը:

-Այն, որ մեր երկրի այսօրվա բոլոր խնդիրները առկա են այս իշխանության վարած քաղաքականության հետևանքով նաև, անկասկած է: Հարցը նորից այլ դաշտում է, իսկ իրենք ընդունու՞մ են, որ այդ իշխանության մասն են եղել և իրենք էլ այսօրվա իրականության համար պատասխանատու են: Այ դրանից հետո հարկ կա հասկանալու, թե որոնք են այն երաշխիքները, որ իշխանություն ստանալուց նույնը չեն անելու: Վարչապետի ասած՝ կարող են, թող բարաթ տան։

Ժառանգությունն» ի վերջո որոշել է ընտրություններին մասնակցել դաշինքով: Չնայած Դուք անկուսակցական եք, բայց որպես խմբակցության անդամ՝ մասնակցե՞լ եք քննարկումներին եւ ի՞նչ դիրքորոշում եք ունեցել:

-Վերջին անգամ «Ժառանգության» նիստին հրավիրվել եմ ու մասնակցել եմ 2015-ի սեպտեմբերին: Այնպես որ այս հարցին չեմ կարող պատասխանել ո՛չ էթիկայի, ո՛չ բարոյականության, ո՛չ պարկեշտության տեսակետից: Միայն կարող եմ ասել, որ բարին ու լավագույնն եմ մաղթում «Ժառանգության» իմ իրական բոլոր գործընկերներին:

-Ձեզ սպասե՞նք որեւէ կուսակցության ցուցակում, թե՞ չեք մտածում օրենսդիր գործունեության մասին:

-Այս հարցին վերջին երկու շաբաթների ընթացքում ամենօրյա ռեժիմով պատասխանել եմ: Հաշվի առնելով, որ առայժմ չկա որևէ փոփոխություն, թույլ տվեք նորից չկրկնվեմ:

-Խնդրում եմ հերքել կամ հաստատել այն լուրերը, որ առաջիկայում դեսպանի պաշտոն եք ստանալու:

-Երազում եմ՝ օր առաջ լինի այն պահը, որ կհաստատեմ դեսպան գնալուս փաստը։ Անկեղծ եմ ասում, բայց ոչ թե այն պատճառով, որ պաշտոն եմ երազում, այլ այն պատճառով, որ բոլորիս համար շատ կարևոր պայմանները կատարված կլինեն։ Հասկանում եմ, որ եթե բաց եք թողել, թե ինչի մասին է ակնարկս, ապա բավականին անհեթեթ կթվա այս հարցի պատասխանիս սկիզբը։ Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ հայտարարել եմ, որ երազում եմ դառնալ Արցախի Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպանը Բաքվում։ Հիմա էլ անհամեստորեն պնդում եմ, որ ես լավ դեսպան կլինեմ այս դեպքում։ Անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ կնշանակվի Արցախի դեսպանը Բաքվում, և թող այդ մարդն ամենևին էլ ես չլինեմ, ես այդ օրն եմ ուզում օր առաջ գա։

Մեկնաբանություններ (1)

թոշակառու
Շա-ա՜տ զարմանալի մի բան - էտ ոնց եղավ որ Ս. Օհանյան, Հ. Աբրահամյան, Դալլաքյան, Ծառուկյան եւ այլք, իրենց մանկլավիկներով ու պոչերով մի երկու օրում մտան ,,փրկիչների,, դաշտ? Պարզ չէ, որ նպատակը դժգոհների ձայների որսն է? Հետո ինչը պիտի խանգարի որ միավորվեն՝ ,,ի սեր ազգի,, ու ապահով իրենցը շարունակեն?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter