Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

«Sukhoi Superjet»-ը վերադառնում է մեկնակետ՝ Հայաստան



Ռուսական արտադրության «Sukhoi Superjet 100» տիպի օդանավերը վերադառնում են Հայաստան: Սա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ հունվարին պաշտոնապես հայտարարվեց հայ-ռուսական բանակցությունների մասին:

Նոր ազգային օպերատոր՝ հայ-ռուսական համագործակցությամբ եւ «SSJ 100»-ի հիմքի վրա

Հունվարի 24-ին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը հայտնեց, որ նախարար Սուրեն Կարայանը ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ հանդիպման ժամանակ քննարկել է «SSJ 100» օդանավերի հիմքի վրա նոր ավիաընկերություն ստեղծելու հարցը: Ըստ նախարարության՝ ներկայում իրականացվում է միջոցառումների շարք «Սուխոյի քաղաքացիական օդանավեր» (ՍՔՕ) ՓԲԸ-ի եւ «Համաձայնություն» ընկերության հետ համատեղ նախագծի ներդրման ուղղությամբ՝ սկսելու հայկական ազգային ավիաօպերատորի փոխադրումներ՝ օգտագործելով «SSJ 100» ինքնաթիռներ։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ով ներկայացրել է հայկական ավիափոխադրողի կողմից փոխադրումներ կատարելու հնարավորությունը: Նշվել է, որ այս ուղղությամբ արդեն որոշակի աշխատանք է կատարվել: Մասնավորապես, կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ ձեւավորվել է ծրագրի իրականացման համատեղ աշխատանքային խումբ, նախանշվում են կողմերի մասնակցության չափանիշներն ու պայմանները, մշակվել է նախագծի ճանապարհային քարտեզը:

Անցյալ տարվա նոյեմբերին Դ. Մանտուրովը, խոսելով Հունգարիայում միացյալ ուժերով ազգային փոխադրող հիմնելու մասին, նշել էր, որ նույն հարցով զբաղվելու են նաեւ Հայաստանի հետ: Փետրվարի 7-ին էլ նախարարը լրագրողներին ասել է, որ 5 տարում Ռուսաստանը Հայաստան կառաքի մինչեւ 10 հատ «SSJ 100»: Սկզբի համար նախատեսվում է հատկացնել 2-4 օդանավ: «Եթե այս տարի հասկանալի ծրագիր կազմենք, դրա համար որոշում գտնենք, այդ թվում՝ աղբյուրների վերաբերյալ, ապա, արտադրության ցիկլը հաշվի առնելով, լավագույն դեպքում առաքումը կլինի 2018-ի վերջին, 2019-ի սկզբին: Կարծում եմ՝ ավելի իրատեսական կլինի 2019 թվականը, քանի որ 2017-2018 թթ. պատվերների ու առաքումների ծրագիրը կազմված է»,- հայտնել է Դենիս Մանտուրովը:

Փաստորեն, Հայաստանը ծրագրում է Ռուսաստանի օգնությամբ նոր ազգային փոխադրող հիմնել: Հիշեցնենք, որ «Հայկական ավիաուղիների» (թռչում էր անկախությունից հետո մինչեւ 2003 թ.) ու «Արմավիայի» (2001-2013 թթ.) փակվելուց հետո մեր երկիրն ազգային ավիաօպերատոր չունի: Ազգային ավիափոխադրողն այն ընկերությունն է, որի սեփականատերն ամբողջությամբ կամ մասամբ պետությունն է, կամ այն մասնավոր փոխադրողը, որին պետության կողմից տրված են որոշակի արտոնություններ: Եթե «ՀԱՈւ»-ն պետական ազգային փոխադրող էր, ապա «Արմավիան» համապատասխան պայմանագիր ուներ կառավարության հետ: 

«Արմավիայի» անկումից հետո կառավարությունն ընդունեց «բաց երկնքի» ներդրման ծրագիր, ինչը շատ մասնագետների քննադատությունն առաջ բերեց: Նրանց պնդմամբ՝ Հայաստանի նման երկիրը, որը չավարտված պատերազմի մեջ է, շատ մեծ ռիսկի է դիմել՝ ոլորտը թողնելով մասնավորի հույսին, առավել եւս, որ «բաց երկնքից» հետո հատկապես ռուսական ընկերությունները մեծ թափով ներխուժել են հայկական շուկա, ու նրանց ճնշմանը դիմակայելը գրեթե անհնար է: Այդկերպ «Էյր Արմենիան», որը թռիչքներ էր կատարում 2013-2014 թթ., դուրս մղվեց շուկայից ռուսների կողմից ու սնանկացավ: 2016-ից թռիչքներ սկսած «Արմենիան» ձգտում է հեռու մնալ այն ռուսական քաղաքներից, որոնք Երեւանին կապում են ռուսական ընկերությունները: «Տարոն-Ավիան» էլ դեռ չի սկսել իր թռիչքները: Գրել ենք նաեւ, որ շուրջ 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում չնչին թվով օդանավեր կան, որոնց մի մասն անսարք վիճակում է:    

Աշխարհում «SSJ 100»-ի առաջին կոմերցիոն շահագործողն «Արմավիան» էր

Օդանավերի «SSJ 100» ընտանիքը ներկայացնում է «SSJ 100-95» ինքնաթիռը, որը երկու մոդել ունի՝ «SSJ 100-95B» (Basic) եւ «SSJ 100-95LR» (Long Range): Առաջինը բազային մոդելն է (թռիչքի հեռավորությունը՝ 3048 կմ), իսկ երկրորդ նախատեսված է ավելի երկար տարածությունների համար՝ մինչեւ 4578 կմ:  

«SSJ 100»-ն իր առաջին թռիչքը կատարել է 2008-ի մայիսին: Իսկ առաջին կոմերցիոն թռիչքը կատարել է «Արմավիան»: Հայկական ընկերությունը պատմության մեջ մտավ որպես այս օդանավերի առաջին կոմերցիոն շահագործող: 2011-ի ապրիլի 21-ին «Արմավիայի» EK-95015 համարով ինքնաթիռը կատարեց Երեւան-Մոսկվա առաջին մարդատար չվերթը:

«Արմավիայի» օդանավը քիչ առաջ վայրէջք է կատարել Մոսկվայում. «SSJ 100»-ի պատմության առաջին մարդատար չվերթը (21.04.2011)

«Հետքն» «Արմավիայի» մասին պատմող շարքում անդրադարձել է այս օդանավի ձեռքբերմանն ու դրա շուրջ ծագած խնդիրներին: Միխայիլ Բաղդասարովի ընկերությունն ու «ՍՔՕ»-ն պայմանագիր էին ստորագրել դեռ 2007-ի սեպտեմբերին: Ծրագրվել էր, որ առաջին օդանավը ստանալուց հետո 6 ամսվա ընթացքում հայկական փոխադրողին առաքվելու էր երկրորդը: Բացի դրանից՝ «Արմավիային» իրավունք էր վերապահվում մինչեւ 2012 թ. ձեռք բերել եւս 2 նման ինքնաթիռ: Արտադրության ձգձգումով պայմանավորված՝ առաջին օդանավը («SSJ 100-95B», գործարանային համարը՝ 95007) Հայաստան բերվեց 2011-ի ապրիլի 19-ին: EK-95015 գրանցման համարը ստացած ինքնաթիռը կրում էր առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի անունը, որը 50 տարի առաջ՝ 1961-ի ապրիլի 12-ին, թռել էր տիեզերք:

Գործարանային համարից հասկանալի է, որ սա «SSJ 100»-ի 7-րդ օդանավն էր, այսինքն՝ արտադրության առաջնեկներից էր (արտադրված «SSJ 100-95»-ների ցանկը կարող եք տեսնել այստեղ): Եվ շուտով սկսեցին խնդիրներ ծագել, տեխնիկական պատճառներով EK-95015-ը պարբերաբար դուրս էր գալիս շահագործումից: Երբ 2012-ի մայիսի 9-ին Ինդոնեզիայում ցուցադրական թռիչքի ժամանակ նույն տեսակի մեկ այլ օդանավ բախվեց սարին ու դարձավ 45 հոգու մահվան պատճառ (հետաքննությունը իբրեւ պատճառ նշեց անձնակազմի սխալը, սա մահվան ելք ունեցած միակ ավիացիոն պատահարն է այս օդանավերի պատմության ընթացքում), «SSJ 100»-ի հանդեպ թերահավատությունն ավելի մեծացավ, առավել եւս, որ պարբերաբար հաղորդագրություններ էին լինում նաեւ ներռուսաստանյան չվերթների ժամանակ անսարքությունների մասին: Բաղդասարովը հայտարարեց, որ իրենց ինքնաթիռը չի համապատասխանում ԳՕՍՏ-ին, ու 2012-ի հունիսի 4-ին այն վերադարձվեց: «Արմավիան» մտադիր էր հրաժարվել այս օդանավի ծառայություններից, ինչի մասին հայտարարեց օգոստոսին: Իսկ մինչ այդ հայտնի դարձավ, որ հայկական կողմը հրաժարվում է երկրորդ «SSJ 100»-ը ձեռք բերելուց, որը պատրաստ էր Հայաստան գալուն. այս ինքնաթիռն (գործարանային համարը՝ 95021) արդեն ներկվել էր «Արմավիայի» գույներով, վրան գրվել էր հայկական համարը՝ EK-95016, նույնիսկ անուն էր տրվել՝ «Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյան»: Ներկայում շահագործվում է «Յակուտիա» ավիաընկերության կողմից:

Այդպես էլ Հայաստան չեկած «Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյանը» (Նովոսիբիրսկ, 21.07.2012)

Բաղդասարովն առաջին օդանավը 20 մլն դոլարով գնելու համար վարկեր էր վերցրել «Արդշինինվեստբանկից» ու «ՎՏԲ-Հայաստան» բանկից (նաեւ ռուսական «Վնեշէկոնոմբանկից»), ինչի դիմաց ինքնաթիռը գրավադրվել էր: 

«Ինքնաթիռը 20 մլն դոլար արժեր, մենք անմիջապես վճարել ենք 16 մլն-ը, մնում էր 4 մլն դոլար, սակայն այն (օդանավը- հեղ.) հետո վերադարձրել ենք: Այսպիսով՝ տեխսպասարկման համար ոչինչ պարտավոր չենք: Նրանք գտնում են, որ եւս 1 մլն պիտի տանք, որ օդանավը հանեն գրավից»,- հայտարարեց Բաղդասարովը: «ՍՔՕ»-ն շեշտում էր, որ եթե «Արմավիան» հրաժարվում է օդանավից ու ցանկանում է վերադարձնել, ապա պիտի հանի բանկում գրավադրումից, ինչի համար 1 մլն դոլար էր անհրաժեշտ, հայ մոնոպոլիստն էլ նշում էր, թե եթե «ՍՔՕ»-ն գնորդ ունենար, վաղուց հենց ռուսական կողմը ինքնաթիռը գրավից հանած կլիներ. «Բանն այն է, որ հաջորդող օդանավերն ավելի որակով են, քան այս առաջինը»: 

EK-95015-ի վերաբերյալ երկար վեճերից հետո կողմերը համաձայնության եկան: «Արմավիան» 6 ամսով վարձակալելու էր օդանավը «ՍՔՕ»-ից: Այն կրկին շարք մտավ 2012-ի հոկտեմբերին, սակայն հայկական կողմին նորից չբավարարեց դրա տեխնիկական վիճակը, ու ընդամենը 2 շաբաթ անց՝ հոկտեմբերի 15-ին, ինքնաթիռը վերադարձվեց մերձմոսկովյան Ժուկովսկու օդանավակայան. այս անգամ վերջնականորեն: Դրանից հետո ինքնաթիռը չի շահագործվել եւ մինչ օրս կանգնած է Ժուկովսկիում: Սրանով փակվեց «SSJ 100-95»-ի պատմության հայկական առաջին էջը: Հավելենք, որ երբ «Արմավիայի» սնանկանալուց հետո հաստատվեց դրա 172 պարտատերերի վերջնական ցանկը, ի հայտ եկան նոր պահանջատերեր, որոնց մեջ էր նաեւ «Սուխոյի քաղաքացիական օդանավեր» ընկերությունը:

«SSJ 100»-ով հետաքրքրված էին նաեւ «Էյր Արմենիան» ու «Ալյանսը» 

Երբ 2014-ի աշնանը «Էյր Արմենիան» դադարեցրեց թռիչքները, ապա հայտնվեց նոր բաժնետեր, նոր օդանավեր ձեռք բերելու ծրագիր մշակվեց: «МАКС-2015» ավիասալոնի ժամանակ՝ 2015-ի օգոստոսին, հայկական ընկերության ներկայացուցիչներին տեսել էին «ՍՔՕ»-ի տաղավարում: «Էյր Արմենիայի» մարքեթինգի բաժնի ղեկավար Սիրական Համբարձումյանն ավելի ուշ «Հետքին» հայտնել էր, որ որոշ պահի բանակցում էին ռուսական արտադրողի հետ, սակայն հետո որոշեցին ընտրել բրազիլական «Embraer»-ի տարբերակը: Այդուհանդերձ, ինչպես հայտնի է, «Էյր Արմենիան» սնանկացավ ու չկարողացավ առողջանալ: Իր «Ալյանս» ընկերությունը «SSJ 100»-ի հիմքի վրա դնելու մասին հայտնել էր ավիատոր Արարատ Սարգսյանը: 2014-ի դեկտեմբերի 15-ին նա «ՍՔՕ»-ի հետ արձանագրություն էր ստորագրել, որով հաստատվել էր «Ալյանսի» կողմից «Sukhoi Superjet 100» տիպի օդանավեր ձեռք բերելու մտադրությունը: Ա. Սարգսյանը ծրագրել էր 2016-ին շահագործել 2 հատ «SSJ 100», իսկ 2017-ին դրանց թիվը հասցնել 6-ի: Այս ամենը, սակայն, մնաց թղթի վրա:   

Հավելենք, որ եթե 2012-ին «SSJ 100-95»-ի կատալոգային գինը 35-36 մլն դոլար էր (արժեքը կախված է մոդելից, «95B»-ն ավելի էժան է, քան «95LR»-ը), ապա 2016-ի տվյալներով այն նվազել է մինչեւ 27-28 մլն:

Գլխավոր լուսանկարում՝ «Յուրի Գագարինին» «Զվարթնոցում» դիմավորում են ավանդական ջրաշիթերով (19.04.2011)


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ