HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Փոքր ՀԷԿ-երի առեղծվածը կամ հայտարարված սպանության նախաշեմին

«Եկել եմ ձեզ ասեմ՝ ես մարդ եմ սպանելու»,-դեկտեմբերի 3-ին այցելելով մեզ՝ հայտարարեց Արթիկի բնակիչ, «Աղաց» ՍՊԸ-ի տնօրեն Սուրեն Սահակյանը: Ես խորհուրդ տվեցի դիմել իրավապահ մարմիններին, նա խոստացավ այդ մասին հայտնել նաեւ Ազգային անվտանգության ծառայությանը: Ի՞նչն էր հոգեկան այդ վիճակին հասցրել ինժեներ Ս. Սահակյանին: Մեկ նախադասությամբ կարելի ասել` հինգ տարի տեւող բյուրոկրատական քաշքշուկը: 

1998 թ. Ս. Սահակյանը եւ տեխնիկական գիտությունների դոկտոր Ժան Դավիդյանը մշակել են Մանթաշի ջրամբարից սնվող ջրատարների վրա փոքր ՀԷԿ-երի կասկադ կառուցելու ծրագիր: ԱՄՆ-ի «PA Consulting Group» կազմակերպության տնօրեն Մասուդ Քեյանի առաջարկով Ս. Սահակյանը եւ այդ կազմակերպության մասնագետներ Հակոբ Դիքչյանը, Ալբինա Թեւոսյանը, ԱՄՆ-ի քաղաքացի Ֆիլիպ Հուվերը ծրագիրը վերամշակում են ու համապատասխանեցնում միջազգային ստանդարտներին: Համատեղ աշխատանքի արդյունքում հանրապետությունում կազմվել է տվյալ բնագավառին վերաբերող բարձր որակի նախագիծ: 

«PA Consulting Group»-ը ծրագիրը որպես օրինակելի մտցրել է հանրապետության այլընտրանքային էներգետիկ ռեսուրսների հուշագրի մեջ: Այն, որպես ֆինանսավորման արժանի ծրագիր, ուղարկվել է Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկ, Համաշխարհային բանկ, Եվրամիություն եւ ԱՄՆ Զարգացման միջազգային գործակալություն: Ծրագրի ֆինանսավորման առաջարկություններ են արել Արթիկի «Ստեկլոմաշ» ԲԲԸ-ն, հանրապետության եւ արտերկրի գործարարներ: Տարածաշրջանի Հառիճ եւ Սարալանջ համայնքները կայացրել են հողահատկացման որոշումներ, կնքվել են հողի վարձակալության պայմանագրեր, մուծվել են վարձավճարներ: Այս բոլորին զուգահեռ Ս.Սահակյանն իր գործընկերների հետ իրականացրել է որոշակի հողային աշխատանքներ, կուտակել զգալի քանակի շինանյութեր, կոնստրուկցիաներ ու սարքավորումներ: 

Գործունեության լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է պայմանագրային հիմունքներով ջրատարները շահագործելու վերաբերյալ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի թույլտվությունը եւ նրա հետ կնքած համաձայնագիրը: Այդ թույլտվությունը ստանալու համար 1999թ-ից Արթիկի քաղաքապետարանը միջնորդագրերով ու բնութագրերով բազմիզս դիմել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ, պետական իշխանության այլ ատյաններ՝ նշված թույլտվությունը Ս. Սահակյանին տալու համար: Ինչպես մեր հանդիպման ժամանակ նշեց Ս. Սահակյանը, իր, Ժ. Դավիդյանի եւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ա. Ղուլյանի բանավոր բանակցությունները հիմնականում ընթացել են «ես` քեզ, դու` ինձ-ով»: 

Այս ամենից հոգնած ու հիասթափված՝ Ս. Սահակյանը Արթիկ քաղաքի մի խումբ գործարարների հետ դիմել է ՀՀ նախագահին՝ ընդունելության խնդրանքով: Ընդունելությունը տեղի է ունեցել Արթիկի քաղաքապետարանում, 2002թ. դեկտեմբերի 8-ին, որտեղ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Գ. Մարտիրոսյանի առաջարկությամբ որոշվել է ջրատարի վարձակալման համաձայնությունը տալ մրցութային կարգով: Նշենք, որ մինչ այդ ջրատարների համար նման թույլտվությունն առանց մրցույթի էր տրվում: Իսկ մինչ այդ տրվել էր նմանատիպ մոտ 100 թույլտվություն: «Մրցույթի գաղափարը տվյալ պահին նախագահի ներկայությամբ հարցի լուծումից խուսափելու հարմար պատճառ էր»,-ասում է Ս.Սահակյանը: Ինչպես նշեց Ս. Սահակյանը, այդ օրը իր առաջարկությամբ Ռ. Քոչարյանը պատրաստակամություն է հայտնել ծրագրի հետ կապված հետագա գործընթացները պահել հսկողության տակ: 

«Մրցույթի փաթեթների բացումը տեղի ունեցավ 2003-ի հուլիսի 1-ին: ԱՄՆ-ում գտնվող Ա. Ղուլյանը զանգահարել է եւ հանձնաժողովին հանձնարարել նիստ հրավիրել եւ մրցույթում հաղթող ճանաչել երեւանաբնակ Գեւորգ Փայտանին: Սակայն նիստում որոշում չի կայացվել եւ հարցի լուծումը հետաձգվել է մինչեւ Ա.Ղուլյանի վերադարձը: Նրա մասնակցությամբ օգոստոսի 13-ին 4 կողմ եւ 3 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշվում է ընդհանրապես ծրագիր չունեցող, չհիմնավորվող տեխնիկական պարամետրեր ներկայացրած Գ. Փայտյանին ճանաչել հաղթող»,-վրդովված շարունակում է Ս. Սահակյանը: 

Ըստ Սահակյանի՝ մրցութային հանձնաժողովն առաջին նիստից մինչեւ վերջին նիստը գործել է օրենքի ու օրինականության, հանձնաժողովի աշխատանքային կարգի պահանջների կոպիտ խախտումներով: Նրա ներկայացրած ծրագիրը հանձնաժողովը չի քննարկել: Ս. Սահակյանի բազմաթիվ գրավոր եւ բանավոր դիմումները եւ դիտողությունները հանձնաժողովն անտեսել է ու չի արձանագրել: 

Իսկ մրցույթում հաղթող ճանաչված Գ. Փայտանը մինչ այդ արդեն երկու անգամ առանց մրցույթի ստացել է նման կառույց իրականացնելու թույլտվություն եւ սեփականատեր է երկու փոքր ՀԷԿ-երի: Գ. Մարտիրոսյանի ղեկավարած կառույցը հինգ տարի շարունակ «սղոցել» է Ս. Սահակյանի «նյարդերը»՝ նրան հասցնելով մարդ սպանելու որոշում կայացնելուն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter