HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կամուրջի» ոդիսականը․ բաց նամակ Սերժ Սարգսյանին եւ Կարեն Կարապետյանին

Բաց նամակ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին

Մեծարգո պարոն Նախագահ, մեծարգո պարոն Վարչապետ 

Ձեզ եմ դիմում կրկին խնդրելով միջամտել «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպության ՓԲԸ (այսուհետ նաև՝ Կամուրջ կամ Կազմակերպություն) շուրջ առաջացած խնդիրների կապակցությամբ, մասնավորապես այն մասին, թե ինչպես պետական որոշ բարձրաստիճան ղեկավարների  գործողությունների արդյունքում Կամուրջի հիմնադիր՝ Միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամի ճակատագիրը հանձնվեց երեք պաշտոնատար անձանց և ինչպես հետագայում սկսվեց Կազմակերպության քայքայման գործընթացը, որի ընթացիկ փուլում օրակարգային հարց է դարձել Կազմակերպության վերջնական կործանման ըստ էության վերջին խոչընդոտներից մեկի՝ իմ հեռացումը:

Եթե չլինեին գործընթացներ, որոնք ուղորդվել կամ հովանավորվել են և կարծես թե շարունակում են ուղղորդվել որոշ պաշտոնատար անձանց, մասնավորապես կենտրոնական բանկի որոշ պաշտոնյաների կողմից և եթե չլիներ նաև ՀՀ տնտեսության մեջ Կամուրջի զգալի նշանակությունը, այս հարցը մի գուցե կարելի էր համարել հերթական մասնավոր մի խնդիր, որը չի կարող արժանանալ պետական բարձր մակարդակի ուշադրության:

Այսպես.

Կամուրջը ներկայիս ավելի քան 14 մլրդ. դրամ ակտիվներով, մոտ 260 աշխատողներով,  երբեմնի բացառիկ շահութաբերությամբ (2013թ.՝ 740մլն. դրամ զուտ շահույթ) և ժամանակին ՀՀ 300 խոշորագույն հարկատուների խմբում ընդգրկված ոչ պետական ընկերություն է, որը փլուզվում է բարձրաստիճան պետական անձանց միջամտության և անգործության պատճառով:

Այն տարիներ շարունակ եղել է բացառիկ արդյունավետ, միջազգային չափանիշներով աշխատող՝ մոդել (օրինակելի) միկրոֆինանսական կազմակերպություն, պետությանը վճարել է ընդհանուր առմամբ ավելի քան 2 մլրդ. դրամ հարկեր, ծառայություններ է մատուցել ավելի քան 140,000 ցածր եկամուտ ունեցող ընտանիքների։ ՀՀ և միջազգային միկրոֆինանսավորման ոլորտում Կամուրջն ունեցել է բարձր հեղինակություն, բազմաթիվ երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Գերմանիա, Շվեյցարիա, Հոլանդիա, Նորվեգիա, Սլովակիա, անմիջապես իմ ջանքերով ներգրավել է տասնյակ միլիոնավոր ԱՄՆ դոլարների հասնող ֆինանսական ռեսուրսներ և այլն։

Սակայն այսօր Կամուրջը գործնականորեն հայտնվել է դեֆոլտի կարգավիճակում։ Կամուրջը արդեն վաղուց աշխատում է վնասով, էականորեն կորցնելով իր հեղինակությունը ՀՀ միկրոֆինանսական շուկայում, ինչպես նաև ոլորտին առնչվող միջազգային գործընկեր կազմակերպությունների շրջանում։

Հիմնական խնդիրները սկսվել են 2010թ.-ից՝ շատերին հայտնի հանգամանքներում (որոնց, նաև այդ կապակցությամբ մի շարք այլ հարցերին այս հրապարակման շրջանակներում չեմ անդրադառնում՝ առայժմ զերծ մնալով որոշ հանգամանքների և փաստերի հրապարակումից) ՀՀ ֆինանսների նախարարության ղեկավարության և ՀՀ կենտրոնական բանկի գործողություններից հետո: Մի շարք պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությամբ և ֆինանսների ներկայիս նախարարի գլխավորությամբ դեռևս 2000թ.-ից հիմնականում իմ ջանքերով հիմնադրված Միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամի (ծրագրային անունը՝ Կամուրջ հիմնադրամ) հոգաբարձուների խորհրդի կազմը ամբողջովին փոխվեց և ձևավորվեց նոր խորհուրդ։ Ֆինանսների ներկայիս նախարարը 2010թ.-ից շարունակում է մնալ որպես այդ ոչ պետական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Հիմնադրամի կողմից այնուհետև ստեղծված Կամուրջ վարկային կազմակերպության խորհուրդը նույնպես ձևավորվեց տարօրինակ սկզբունքներով, ընդ որում՝ անտեսելով, որ այդ խորհրդի անդամներից ոչ մեկը միկրոֆինանսական ոլորտում կառավարման փորձ չեն ունեցել։ Ավելին, նրանցից մեկը մասնագիտությամբ ատամնաբույժ է։

Այդ պահից սկսած Կամուրջի հետագա զարգացման ռազմավարական խնդիրները մղվեցին հետին պլան, իսկ խորհուրդը սկսեց զբաղվել ընկերության ընթացիկ աշխատանքների անմիջական «ղեկավարմամբ»՝ միկրոմենեջմենթով, տնօրենի նկատմամբ հնարավոր և անհնար ճնշումներ գործադրելով, գործերից, ընթացիկ տեղեկատվությունից հնարավորինս մեկուսացնելով, նախաձեռնություններին խոչընդոտելով, լիիրավ աշխատելու անհնարինություն ստեղծելուվ և այլն։ Խորհրդի կողմից կայացվել են տնօրենի անմիջական իրավասության տակ գտնվող հարցերով հարյուրավոր որոշումներ, այդ թվում նաև ընկերության գույքի տնօրինման հարցերով, փոխվել է ղեկավար կազմի մեծ մասը, կատարվել են այլ գործողություններ։  Խորհրդի որոշումներից շատերը կայացվել են կոպիտ սխալներով՝ առանց հաշվարկի և բիզնես տրամաբանությունից զուրկ: Տարեկան հրավիրվել են խորհրդի մինչև 90(!) նիստեր, առանց տնօրենին հրավիրելու և վերջինիս կարծիքն ու առաջարկությունները էական գործընթացների վերաբերյալ լսելու։

Կամուրջի բնականոն գործունեության, դրա զարգացման դեմ ուղղված խորհրդի որոշումների ցանկը կարելի է երկար շարունակել, սակայն չեմ կարող չնշել դրանցից ևս մեկը՝ տնօրենին վերապահված բոլոր իրավասությունները զուգահեռաբար վերապահվել են նաև այլ աշխատողի՝ միաժամանակ նաև ընկերության կնիքը և փաստաթղթեր կնքելու իրավասությունը  վերցնելով տնօրենից և փոխանցելով գլխավոր հաշվապահին։

Այսպիսով, ըստ էության ստեղծվել է Կամուրջի գույքի տնօրինման և բոլոր այլ կարգի  հրամանների, որոշումների և գործարքների կայացման լրացուցիչ, ոչ օրինական ճանապարհ՝ բացարձակապես տնօրենի վերահսկողությունից դուրս, սակայն տնօրենի պատասխանատվությամբ։ Նման մեղմ ասած «ոչ մասնագիտական» և կամայական որոշումների արդյունքում Կամուրջի համար առաջացել են ծանր, շատ դեպքերում նաև անվերականգնելի հետևանքներ:

Նշեմ նաև, որ Կամուրջի խորհրդի նախագահի կողմից հաստատվող հրապարակումներում ներկայացվել են Կամուրջի գործունեության «բարձր» արդյունքների և ցուցանիշների մասով ենթատեքստից կտրված տեղեկություններ՝ թաքցնելով ընկերության չափազանց ծանր վիճակը և առկա համակարգային խնդիրները:

Ինձ, այդ ընկերության փաստացի ստեղծողի և զարգացնողի համար առավել ծանր է նաև այն, որ խորհրդի կողմից նման գործելակերպը հավելվել է նաև իմ մասին իրականությանը բացարձակորեն չհամապատասխանող լուրերի տարածմամբ՝ գլխիվայր աղավաղելով միկրոֆինանսական այդ ինստիտուտի ստեղծման իմ բազմամյա ջանքերի պատմությունը (կարծես թե այդ ընկերությունը երկնքից է իջել)։ Սահմանափակելով իմ իրավասությունների մեծ մասը և արհեստական  խոչնդոտներ ստեղծելով, միաժամանակ այլ անձանց մոտ խորհրդի անդամները գանգատվում են իմ պարտականությունները դանդաղ կամ ոչ ամբողջապես կատարելու մասին։ Խորհրդի տարբեր անդամների կողմից իմ նկատմամբ մի շարք անգամներ հնչել են նաև ուղղակի սպառնալիքներ, ընդհուպ մինչև՝ «քեզ կգնդակահարեմ», նաև սեռական բնույթի հայհոյանքներ։

Կամուրջի արագորեն ծանրացող վիճակի մասին իմ ահազանգերը և առողջացմանն ուղղված անհապաղ քայլերի մասին առաջարկությունները վերջին տարիներին բազմիցս  բանավոր և գրավոր կարգով ներկայացրել եմ հիմնադրի հոգաբարձուների խորհրդի նախագահին (ներկայիս ֆինանսների նախարարին), Կամուրջի խորհրդին, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկին։ Ավելի քան երկու տարի գրավոր և բանավոր խնդրանքներով փորձել եմ հանդիպել կենտրոնական բանկի նախագահին՝ Կամուրջի կառավարման խնդիրների մասին իմ մտահոգությունները, տեսակետն ու առաջարկությունները անմիջականորեն իրեն ներկայացնելու նպատակով, սակայն ապարդյուն: Ոչ մեկի կողմից այդ կապակցությամբ էական քայլեր երբևիցե չեն ձեռնարկվել։

Ըստ էության Կամուրջի տարիների արդյունքում ստեղծված ամրության պաշարներն  ուղղակի մսխվել են և ոչ առանց որոշ պետական պաշտոնյաների հովանավորության։

Տեղեկացնում եմ նաև, որ Կամուրջի հիմնադիր՝ Միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը 28.12.2016թ.-ին որոշում է կայացրել ս.թ. փետրվարի վերջից ինձ ազատել Կամուրջ-ի տնօրենի պաշտոնից…

Ուստի, մեծարգո պարոն Նախագահ, մեծարգո պարոն Վարչապետ, Կամուրջը վերջնական փլուզումից փրկելու համար հայցում եմ Ձեր շտապ միջամտությունը հիշյալ և բազմաթիվ այլ փաստերի, հանգամանքների և դեպքերի կապակցությամբ արդյունավետ քննություն նախաձեռնելու, իսկ մինչև քննության ավարտը նաև Կամուրջի խորհրդի գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու հարցում։

Համառոտ տեղեկատվություն իմ մասին

Որպես միկրոֆինանսական և կառավարման ոլորտների արդեն ավելի քան 18 տարվա մասնագետ, 2000թ.-ից սկսած ես իմ ուսերի վրա եմ տարել հայաստանյան պայմաններում Կամուրջ-ի ստեղծման, զարգացման, վերելքի և աննախադեպ բարձր ցուցանիշների ապահովման տառապանքն ու դժվարությունները։ Միջազգային միկրոֆինանսական ոլորտում ես համարվում եմ բավականին ճանաչված մասնագետ,  վերապատրաստվել եմ Բոլդերի համալսարանում և Հարվարդի Բիզնես Դպրոցում (ԱՄՆ), Սպրինգֆիլդ Կենտրոնում (Բրիտանիա) և այլն, վեց տարի շարունակ հանդիսացել եմ Եվրոպայի և ԱՊՀ տարածաշրջանների Միկրոֆինանսական Կենտրոնի (MFC, Վարշավա) տնօրենների խորհրդի անդամ, նախագահի տեղակալ և գլխավոր գանձապետ, միջազգային ILO, OECD, UNDP և այլ կազմակերպությունների առաջարկով բազմաթիվ երկրներում իրականացրել եմ ուսուցումներ, միկրոֆինանսական ինստիտուցիոնալ կառույցների ստեղծման և զարգացման գործնական թեմաներով խորհրդատվություններ, վարել եմ ոլորտին առնչվող հատուկ այլ միջոցառումներ։ Մինչ այդ, ավելի քան երկու տարի բրիտանական General Electric-ում (Քիդսգրով) նախագծող ինժեներական խմբի ղեկավար աշխատելով անմիջականորեն հաղորդվել եմ արևմտյան մենեջմենթի լավագույն փորձին։ Ներկայումս հանդիսանում եմ համաշխարհային Միկրոֆինանսական Ցանցի (MFN) տնօրենների խորհրդի անդամ և Եվրոպական (նաև ԱՊՀ) տարածաշրջանի պատասխանատուն։

Շնորհակալություն:

Հարգանքով՝  Գագիկ Վարդանյան տնօրեն, «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ

Հ.Գ. Կամուրջի խնդրի, որոշ փաստերի և փաստաթղթերի ավելի մանրամասն ներկայացմամբ 13.01.2017թ. դիմել եմ ՀՀ Նախագահին և ՀՀ Վարչապետին (յուրաքանչյուր դիմումը, իր հավելվածներով՝ 36 էջ): Դեռևս որևէ արձագանք չստանալով, նաև մտավախություն  ունենալով, որ մեծարգո Նախագահը և Վարչապետը դիմումիս մասին չեն տեղեկացվել, ստիպված եմ դիմել բաց նամակով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter