HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ուր և ինչ է արտահանել Հայաստանը 2016-ին. անհավասար «բաշխված» աճը

Ամբողջ 2016 թվականի ընթացքում Հայաստանն աշխարհի հետ 5.075 մլրդ դոլարի առևտուր է արել։ 2015 թվականի համեմատ այս ցուցանիշը 7.4%-ով աճել է։ Ընդ որում՝ աճը մեծապես պայմանավորված է արտահանմամբ։

Չնայած արտահանման ավելացումը էական ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսական աճի վրա և նախորդ տարվա ցուցանիշների շարքում եզակիներից է, որ դրական տեղաշարժ է գրանցել, սակայն ոլորտի գլխավոր խնդիրներից մեկը՝ կենտրոնացվածությունը, մնում է չլուծված։ Հայաստանի արտահանումը կենտրոնացված է թե´ ըստ ապրանքների, և թե´ ըստ երկրների։ Հետևաբար, գրանցված աճն էլ ապահովվել է սահմանափակ թվով երկրների ու ապրանքների հաշվին։

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների (ՀՀ ԱՎԾ)` 2016-ին Հայաստանից արտահանվել է 1.783  մլրդ դոլարի ապրանք։ Մեկ տարում այն աճել է 20%-ով։ Սակայն հիշենք, որ 2015 թվականին գրանցվեց արտահանման շուրջ 4% անկում: Այսինքն՝ նախորդ տարվա աճը մասամբ պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ համեմատում են 2015-ի նվազած ցուցանիշի հետ։ Ամեն դեպքում ծավալները վերականգնվել են և գերազանցել 2014-ի մակարդակը։ Ավելին՝ սա վերջին առնվազն հինգ տարիների ամենաբարձր ցուցանիշն է։

Իսկ ներմուծումը կազմել է 3.292 մլրդ դրամ, որի աճն ավելի թույլ է՝ 1.6%:

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների բազայի

Արտահանման աճը նպաստել է, որ աշխարհի հետ առևտրում Հայաստանի բացասական հաշվեկշիռը կրճատվի։ Եթե 2015 թվականին Հայաստանը 1.754 մլրդ դոլարով ավելի շատ ապրանք է ներմուծվել, քան արտահանել, ապա 2016-ին այս ցուցանիշը կրճատվել է 244 մլն դոլարով ու կազմել 1.509 մլրդ դոլար։

Ներմուծմանն առավել մանրամասն կանդրադառնանք առանձին հոդվածով։

Հիմա՝ արտահանման մասին։ 2016-ին Հայաստանից արտահանված ապրանքների 23.1%-ը «հանգրվանել» են ԱՊՀ երկրներում, հիմնականում՝ Ռուսաստանում (20.8%-ը)։ Իսկ 26.9%-ը բաժին է ընկել ԵՄ երկրներին, մնացած 50.1%-ն՝ այլ երկրներին։ Մեկ տարում ԱՊՀ երկրների տեսակարար կշիռը ՀՀ արտահանման կազմում աճել է 3.8 տոկոսային կետով՝ ի հաշվի Ռուսաստանի։ Իսկ ԵՄ-ի մասնաբաժինը նվազել է 0.9 տոկոսային կետով։

Հայաստանի արտահանման գլխավոր շուկաների  տասնյակը հետևյալն է՝ Ռուսաստան, Բուլղարիա, Վրաստան, Գերմանիա, Կանադա, Իրաք, Չինաստան, Իրան, Շվեյցարիա և ԱՄԷ։ Այս ցանկում որոշ վերապահումներով կարելի է ներառել նաև Նիդերլանդները, Բելգիան ու ԱՄՆ-ը։ Արտահանման հիմնական շուկաները հենց այս տասնյակով էլ, ըստ երևույթին, եզրափակվում են։ Սա հենց այն կենտրոնացվածությունն է, որի մասին գրել ենք հոդվածի սկզբում։ Թե' ապրանքների և թե' երկրների մասով կենտրոնացվածությունը Հայաստանին կախվածության մեջ է պահում այդ ապրանքների համաշխարհային գներից և այդ երկրների տնտեսական վիճակից։  

2016 թվականին Հայաստանից արտահանման աճի վրա առավել մեծ ազդեցությունն են ունեցել դեպի Ռուսաստան (աճը՝ 51.5%),  Բուլղարիա (93.1%) և ԱՄԷ (7 անգ.) արտահանման աճը։ Որպեսզի ասված ավելի պարզ լինի, նշենք, որ բացարձակ թվով նշված 20% աճը կազմել է շուրջ 296 մլն դոլար, որից 126 մլն դոլարը դեպ ՌԴ արտահանման աճն է, 73.5 մլն դոլարը՝ Բուլղարիա, 54.7 մլն դոլարը՝ ԱՄԷ։ Այսինքն՝ 296 մլն դոլարից ավելի քան 254 մլն դոլարն ապահովել են նշված երեք երկրները։

Ազդել է նաև դեպի Իրաք արտահանման ծավալների ավելացումը, ինչպես նաև՝ դեպի Շվեյցարիա, Վրաստան ու  Կանադա։ Կան այլ երկրներ ևս, որտեղ ՀՀ-ից արտահանումն աճել է, սակայն նրանց կշիռը մնացած համեմատ փոքր է, հետևաբար՝ ազդեցությունը մեծ չի եղել։ Օրինակ՝ Լեհսատանը, Չեխիան, Լիտվան և այլն։

Միաժամանակ  զգալի անկում է գրանցվել դեպի Չինաստան արտահանման մասով (նվազումը՝ 41.7%)։   Հայկական ապրանքների պահանջարկը նվազել է նաև Թուրքմենստանում, Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Ռումինիայում ու Գերմանիայում:  

Դեռևս 5 տարի առաջ Հայաստանի համար արտահանման առաջատար շուկաներից էր նաև Բելգիան, սակայն այս երկրի կշիռը գնալով նվազում է. 2016 թվականին այն կազմել է 2.3%:

Թե որ երկիր ինչ է արտահանել Հայաստանը, կարելի է պատկերացում կազմել ՀՀ մաքսային ծառայության հրապարակումներից։ Թեև տարեկան տվյալները դեռևս չեն հրապարակվել, սակայն 2016թ. առաջին կիսամյակի տվյալներն էլ այս դեպքում բավական են։

Այսպես, դեպի Ռուսաստան արտահանվող հայական ապրանքների տեսականին, ի տարբերություն մյուս երկրներ կատարվող արտահանման, սահմանափակ չէ՝ հանքային ջրերից մինչև պանիր, ոսկերչական իրերից մինչև ոգելիչ խմիչքներ։

Մնացած երկրերի մասով տեսականին բավականին սահմանափակ է։ Արտահանման հիմնական մասը բաժին է ընկնում լավագույն դեպքում երեք-չորս ապրանքախմբի։

Դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ Հայաստանն արտահանում է մեծամասամբ ծխախոտ և ոսկերչական իրեր։ Բելգիա՝ հանքանյութեր և ադամանդ, դեպի Բուլղարիա, Գերմանիա, Չինաստան ու Նիդերլանդներ արտահանման հիմնական մասը կրկին  հանքանյութերն են։ Դեպի Իրան արտահանման կազմում 90%-ն էլեկտրաէներգիան է, որի դիմաց Հայաստանը գազ է ստանում։ Իրաք արտահանում ենք հիմնականում ծխախոտ ու վիսկի։ Կանադային վաճառում ենք ոսկի (դորե ձուլվածքի տեսքով), ԱՄՆ-ին՝ ալյումինե նրբաթիթեղ, ադամանդ ու կոնյակ, Շվեյցարիային՝ ադամանդ, իրեր թանկարժեք մետաղներից ու ժամացույցի կորպուսներ, իսկ Վրաստանին՝ ալկոհոլային խմիչք, հանքանյութ, ծխախոտ, շիշ և այլն։

Իսկ թե որ ապրանքների հաշվին է աճ կամ նվազում գրանցվել դեպի նշված երկրների արտահանման ծավալում, առայժմ դժվար է ասելը։ ՀՀ մաքսային ծառայությունը առաջիկայում հրապարակելու է տարեկան տվյալները, որոնք թույլ կտան հասականալ դա։

Առանձնացնելով ԵԱՏՄ եկրներին ՀՀ արտահանման կազմում` կրկին պետք է նշենք, որ այստեղ միայն Ռուսաստան է Հայաստանի համար էական շուկա։ Համեմատության համար՝ Բելառուսի կշիռը ՀՀ արտահանման կազմում 0.8% է, իսկ Ղազախստանինը՝ 0.3% է։ Ինչ վերաբերում է Ղրղզստանին, ապա այդ դեպքում ցուցանիշն այնքան փոքր է, որ վիճակագրությունը չի առանձնացնում այն։ Այլ խոսքով՝ առայժմ չափազանցություն է մնում Հայաստան-ԵԱՏՄ երկրներ առևտուր ասվածը, քանի որ խոսքն այստեղ միայն Հայաստան-Ռուսաստան առևտրի մասին է։                                       

Արտահանման 80%-ից ավելին կրկին զբաղեցրել է չորս ապրանքախումբ

Հայաստանի արտահանման կազմն ըստ ապրանքախմբերի վերջին առնվազն 10 տարում էական փոփոխությունների չի ենթարկվել։ Ըստ խոշորացված ապրանքախմբերի արտահանումը կենտրոնացված է  4-5 խմբերի շուրջ, որոնք գրավում են ընդհանուր ծավալի շուրջ 80%-ը։ Դա նշանակում է, որ արտահանումից ստացվող եկամուտները մեծ կախվածություն ունեն նշված ապրանքների համաշխարհային գներից։ Ամենադիպուկ օրինակը հանքահումքն է։ Սա նաև խոսում է երկրում թույլ զարգացած արդյունաբերության մասին։  

Արտահանման ընդհանուր ցուցանիշի 20% աճը հիմնականում ապահովել են թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր ապրանքախումբն ու պատրաստի սունդը։ Առաջինի արտահանումն աճել է 73.9%-ով. այստեղ պետք է հիմնականում հասկանալ ոսկերչական իրերն ու ադամանդը։ Իսկ պատրաստի սննդի արտահանումն աճել է 28.6%-ով։

Աճել է նաև բուսական ծագման արտադրանքի արտահանումը՝ 83.2%-ով, մանածագործական իրերինը՝ 36.7%-ով, սարքեր և ապարտներինը՝ 27.7%-ով։

Փոխարենը նվազել է հանքահումքի արտահանումը՝ 1.3%-ով, կենդանական ծագման արտադրանքինը՝ 23.7%-ով, ինչպես նաև ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր ապրանքախմբի ծավալները՝ 3.1%-ով։  Մնացած ապրանքների մասով փոփոխությունները էական  ազդեցություն չեն ունեցել արտահանման վրա։

Այսպիսով, 2016 թվականին Հայաստանից արտահանման 20% աճը մասամբ պայամանվորված է համեմատվող ցուցանիշի ցածր մակարդակով (2015-ի անկմամբ)։ Աճը գրանցվել է մեծապես դեպի 6-7 երկրներ արտահանման ավելացման հաշվին, որոնց շարքում առավել էական դեր են ունեցել երեքը՝ Ռուսաստանը, Բուլղարիան ու ԱՄԷ-ն։ Իսկ ապրանքների շարքից աճն հիմնականում ապահովել է երկու ապրանքախումբ՝ ոսկերչական իրերն ու ադամանը և պատրաստի սնունդը։

ԱՎԾ տվյալներն ապրանքների մասով թույլ չեն տալիս ավելի բացել  փակագծերը։ Իսկ մասքային ծառայության հրապարակումից հետո արդեն պարզ կլինի, թե օրինակ պատրաստի սննդի կազմում կորկրետ որ ապրանքների արտահանումն է աճել։ Ահա այդ դեպքում առավել հետաքրքիր պատկեր կարող ենք ստանալ։

լուսանկարը` kalizea.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter