Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Մեդալների հիթ-շքերթ. ինչպես շռայլել հարկատուների գումարները



2016 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կառավարությունը 33 մլն դրամ է ծախսել մեդալներ ու կրծքանշաններ ձեռք բերելու համար: «Հետքը» հարցումներ է ուղարկել պետական մի շարք գերատեսչությունների՝ պարզելու, թե նրանցից յուրաքանչյուրը որքան գումար է հատկացրել մեդալների համար, և ում են շնորհվել դրանք: Այս հոդվածում ներկայացնում ենք կառավարության աշխատակազմի և նախարարությունների գնած մեդալները անցած տարվա ընթացքում: 

Հայաստանի կառավարության աշխատակազմ

Կառավարության աշխատակազմը 2016 թվականին գնել է 75 հուշամեդալ՝ յուրաքանչյուրը 20 700 դրամ արժողությամբ: Այդ հուշամեդալներով վարչապետը խրախուսում է տարբեր բնագավառներում Հայաստանի Հանրապետությանը մատուցված ծառայությունների, երկարամյա օրինակելի ու անբասիր աշխատանքի համար, ինչպես նաև՝ վաստակած հանգստի ուղարկելիս: Թե կոնկրետ ովքեր են պարգևատրվել 2016-ին, կառավարությունը չի հայտնել՝ հղում կատարելով վարչապետի՝ հրապարակված որոշումներին:

Պաշտոնական լրահոսից տեղեկանում ենք, որ, օրինակ, այդ մեդալով Կարեն Կարապետյանը պարգեւատրել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական կապերի զարգացման և ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: 

Կրթության և գիտության նախարարություն

Կրթության և գիտության նախարարությունը 5 մլն 280 հազար դրամ է ծախսել 2016-ին մեդալների ձեռք բերման համար: ԿԳՆ-ի գնած մեդալները ամենաթանկարժեքն են կառավարությունում:

Անցյալ տարի նախարարությունը ձեռք է բերել 78 հատ ուսման մեջ գերազանց առաջադիմության մեդալ՝ 624 հազար դրամ արժեքով և 97 հատ ոսկե հուշամեդալ՝ 4 մլն 656 հազար դրամ արժեքով:

Նույն տարում շնորհվել է 81 մեդալ ուսման մեջ գերազանց առաջադիմություն ունեցող շրջանավարտներին և 101 ոսկե հուշամեդալ՝ կրթության և գիտության ոլորտում ներդրած ավանդի համար: Թե ովքեր են պարգեւատրվել ներդրած ավանդի համար՝ նախարարության աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը տեղեկություններ չի տրամադրել:

Բնապահպանության նախարարություն

Բնապահպանության նախարարությունը արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերել «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» 7 հուշամեդալ՝ վճարելով 259 հազար դրամ: Յուրաքանչյուր հուշամեդալ նախարարության համար արժեցել է 37 հազար դրամ: Բնապահպանության նախարարությունն ունեցել է նախկինում գնված ևս 11 հուշամեդալ: Եվ 2016-ին հուշամեդալներով պարգևատրվել է 14 անձ:

Հիշեցնենք՝ ԲՆ 30-ամյակի կապակցությամբ և «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալով էր պարգևատրվել ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը: Նրան այս մեդալի հանձնումը հասարակության շրջանում և սոցիալական ցանցերում լայնորեն քննարկվեց ամանորյա տոներից առաջ:

Նախարար Արծվիկ Մինասյանը Վարդան Այվազյանի պարգևատրումը բացատրել էր նախարարության հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ ԲՆ բոլոր նախկին նախարարների պարգևատրմամբ: Նույն միջոցառման շրջանակներում պարգևատրվել են նաև ԲՆ նախկին նախարարներ Արամայիս Գրիգորյանը, Վռամ Թևոսյանը, Սարգիս Շահազիզյանը, Գևորգ Վարդանյանը, Մուրադ Մուրադյանը, ԲՆ աշխատակիցներ: Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը հրաժարվել էր վերցնել իր պարգևը՝ ի պահ թողնելով նախարարությանը:  

Բնապահպանության բնագավառում, պարզվում է, նշանակալի ավանդ ունի նաև ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Տաճատ Վարդապետյանը: Նա ևս մեդալ է ստացել: ԲՆ մեդալակիրների ամբողջական ցանկը՝ այստեղ

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Տաճատ Վարդապետյանը մեդալ է ստացել նաև սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից: Նախարարության մեդալին արժանացել է նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Մնացած 8 մեդալակիրները ոլորտի մարդիկ են:

2016թ. սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ձեռք է բերել 10 մեդալ՝ 480 000 դրամ ընդհանուր գումարով: Այսինքն՝ յուրաքանչյուրը 48 հազար դրամ արժողությամբ:  Այս գերատեսչությունը ևս ամենաթանկարժեք մեդալներ գնողներից է:

Մշակույթի նախարարություն

Մշակույթի նախարարությունը 2016 թվականին 4 մլն 980 հազար դրամով ձեռք է բերել 120 հատ ոսկե մեդալ՝ տուփերով: Այսինքն՝ յուրաքանչյուրի արժեքը կազմել է 41 500 դրամ:

Նույն տարվա ընթացքում նախարարությունը ոսկե մեդալով պարգևատրել է 104 անձի և 1 կազմակերպության: Պարգևատրվել են դերասաններ, երգիչ-երգչուհիներ, գրողներ, արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ օտարերկրացիներ: Մշակույթի նախարարության ոսկե մեդալին արժանացել է նաև պատգամավոր Արագած Ախոյանը: Ցանկն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

2016թ. արտակարգ իրավիճակների նախարարությունը ձեռք է բերել 360 հատ մեդալ՝ ընդհանուր 3 մլն 355 հազար դրամ արժողությամբ: 50 մեդալ ձեռք է բերվել «Գնոմոն»  ԲԲԸ-ից՝ 720 000 դրամ արժեքով: Այսինքն՝ յուրաքանչյուրի արժեքը կազմել է 14 400 դրամ: Մնացյալ 310 մեդալը նախարարությունը ձեռք է բերել «Ուրարտու առևտրաարտադրական կոմբինատ» ԲԲԸ-ից՝ յուրաքանչյուրի համար վճարելով 8500 դրամ, ընդհանուր՝ 2 մլն 635 հազար դրամ:

«2016 թվականի ընթացքում ՀՀ ԱԻՆ-ում 251 հոգի պարգևատրվել է մեդալներով, որից 209-ը՝ ՀՀ ԱԻՆ համակարգի աշխատակիցներ, իսկ 42-ը՝ այլ գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ»,- «Հետքին» հայտնել է ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանը:

ԱԻՆ համակարգի աշխատակիցների պարգևատրման պատկերը Միջազգային կազմակերպությունների և այլ գերատեսչությունների ներկայացուցիչների պարգևատրման պատկերը


Պաշտպանության նախարարություն

Ամենից շատ մեդալներ գնել է պաշտպանության նախարարությունը: Այն նաև միակ գերատեսչությունն է, որը մեդալներ է ձեռք բերում ոչ թե մենաշնորհ ունեցող «Գնոմոն» ԲԲԸ-ից, այլ մեկ այլ ընկերությունից:

Պաշտպանության նախարարությունը 2016թ. «Մակսիմ» ՍՊԸ-ի հետ կնքել է պայմանագիր և ձեռք բերել 3550 հատ մեդալ, որի ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 17 մլն դրամ:

«Համաձայն ՀՀ ՊՆ հրամանների՝ ձեռք բերված գերատեսչական մեդալներով պարգևատրվում են ՀՀ ԶՈՒ զինծառայողները՝ բարեխիղճ և օրինակելի ծառայության համար, ազատամարտիկները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ ռազմահայրենասիրական դաստիարակության, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի հետ սերտ համագործակցության համար»,- հայտնել է ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար, ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական Գառնիկ Հայրապետյանը:

Նշված քանակը նախատեսված է ոչ թե կոնկրետ 1 տարվա, այլ ընդհանուր ժամանակաշրջանի համար՝ մինչև սպառվելը, քանի որ պարգևատրվողների կոնկրետ քանակ նախօրոք չկա:

«Մակսիմ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2014թ. փետրվարին: Միակ բաժնետերը Արթուր Վարազդատի Գասպարյանն է: Ինչպես նշված է կանոնադրության մեջ՝ «Մակսիմ» ՍՊԸ-ն ստեղծվել է «Նիտա լայն» ՍՊԸ-ի առանձնացման ճանապարհով վերակազմակերպման արդյունքում և նրա իրավահաջորդն է:

«Մակսիմ» ՍՊԸ-ն ՊՆ-ի հիմնական մատակարարն է ստեղծման օրվանից, ընդ որում՝ առանց մրցույթի՝ մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով: 2014թ.՝ 4 080 000 դրամ, իսկ 2015-ին՝ 13 440 000 դրամ արժեքով պայմանագրեր է կնքել նախարարության հետ: Օրինակ՝ 2015-ին ՊՆ-ն 2800 մեդալ է գնել ընկերությունից:

Իսկ մինչ այս ընկերության ստեղծումը ՊՆ-ի մեդալների և կրծքանշանների խոշոր մատակարարը եղել է «Նիտա լայն» ՍՊԸ-ն, որի հետ ՊՆ-ն 2013-ին կնքել է 35,4 մլն դրամի գնման պայմանագիր: ՊԵԿ-ում որպես «Նիտա լայն» ընկերության գործունեության տեսակ նշված է համակարգիչների մեծածախ առևտուրը: Ինչպես նշեցինք, այս ընկերությունը «Մակսիմ» ՍՊԸ-ի իրավանախորդն է, որը սնանկացել է: Եվ մինչ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հարկադրված սնանկության հայցով դատարան է դիմել «Նիտա լայն» ՍՊԸ-ի դեմ, այս ընկերությունը իրավահաջորդ է գրանցել և նույն գնումների մատակարար դարձել պաշտպանության նախարարությունում: 

2016-ին խնայել են

Մնացած նախարարությունները 2016-ին մեդալ չեն գնել: ԱԳՆ-ն պարգևատրման համար օտգագործել է նախորդ տարիներին գնված մեդալները՝ պարգևատրելով Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանին՝ Առաջին աստիճանի պատվո մեդալով, Մերձավոր և Միջին Արևելիքի վարչության Մերձավոր Արևելքի, Հս. Աֆրիկայի, Արաբական երկրների և Իսրայելի բաժնի վարիչ Հրաչյա Փոլադյանին՝ Երկրորդ աստիճանի պատվո մեդալով, Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանին՝ Երկրորդ աստիճանի պատվո մեդալով և Միջազգային կազմակերպությունների վարչության Մարդու իրավունքների բաժնի վարիչ Կարինե Սուջյանին՝ Երկրորդ աստիճանի պատվո մեդալով:

Սփյուռքի նախարարությունը մեդալների վրա ֆինանսներ չի ծախսում և 2016-ին գնում չի կատարել: Նախարարության մեդալները պատրաստվում են Եգիպտոսում՝ բարերարի կողմից և շնորհվում են Հայաստան-սփյուռիք գործակցությանը նշանակալի ծառայություններ մատուցած, գիտության, կրթության, արվեստի, բարեգործության ոլորտում մեծ ավանդ ունեցած հայրենակիցներին:

Առողջապահության նախարարությունը 2016-ին պարգևատրել է 4 անձի՝ 2013 թվականին ձեռք բերված հուշամեդալներով: Մեդալ են ստացել Սամվել Սոկրատի Գևորգյանը, Սամվել Ռաֆիկի Գրիգորյանը, Գրիգորի Գրիգորիի Գրիգորյանը և Պավլիկ Պետրոսի Անանիկյանը: 

Գյուղատնտեսության նախարարությունը ևս մեդալ չի գնել, սակայն պարգևատրել է 26 անձի՝ ֆերմերների, համայնքի ղեկավարների և գործարար միջավայրի ներկայացուցիչների ու նախարարության աշխատակիցների:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հուշամեդալներ ձեռք չի բերել: Նախարարությունը նախորդ տարիներին գնված հուշամեդալներով պարգևատրել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին, Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյուզալյանին, Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանին, Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մարատ Գերասիմյանին, Վանաձորի առաջին քաղաքապետ Անդրանիկ Հարությունյանին և «Հայ օգնության միություն» բարեգործական ՀԿ-ին:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանը հայտնել է, որ նախարարությունը 2016-ին մեդալ չի գնել: Սակայն նախարարության համակարգի 5 աշխատող պարգևատրվել է «ՀՀ ընդերքի բնագավառում նշանակալի ավանդի համար», իսկ 15 աշխատող՝ «ՀՀ էներգետիկայի բնագավառում նշանակալի ավանդի համար» հուշամեդալով:

Մեդալների «մոնոպոլիստը»

Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ԲԲԸ-ն, բացառությամբ վերը նշվածների, մեդալների հիմնական մատակարարն է Հայաստանի պետական գերատեսչություններին: «Հետքն» արդեն անդրադարձել է այս ընկերության մենաշնորհային դիրքին: «Գնոմոն» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 76%-ի սեփականատեր է համարվում Ռուսաստանի Դաշնությունում գրանցված «Գնոմոն» ՍՊԸ-ն, 10%-ի սեփականատեր է Հայաստանի ոսկեգործների և ադամանդագործների միության նախագահ Էմիլ Գրիգորյանը, 2.3%-ի սեփականատեր է նրա ընտանիքի անդամներից Սեդա Հակոբյանը, իսկ մնացած 12%-ը բաշխված է 1454 բաժնետերերի միջև: ՌԴ-ում գրանցված հիմնական բաժնետեր «Գնոմոն» ՍՊԸ-ի 50 տոկոսի սեփականատերը նույն Էմիլ Գրիգորյանն է, մնացած 50%-ը բաշխվել է նրա դուստրերի միջեւ:

Համաձայն ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվությունների՝ 2015թ. Ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում տարվա շահույթը կազմել է  24,5 մլն դրամ՝ շահութահարկի գծով ծախսը նվազեցնելուց հետո: Իսկ 2016թ. սեպտեմբերի 30-ին հրապարակված միջանկյալ հաշվետվության տվյալներով՝ ընկերությունը 2016-ի 9 ամիսներին ունեցել է 12,4 մլն դրամ շահույթ՝ 2015-ի նույն ժամանակահատվածի 9,9 մլն դրամի փոխարեն: 

Շարունակելի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ