Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Գյուղապետը խլել է փախստականի հողը



Իշխանությունները հաստատել են գյուղապետի հանցանքը, բայց դեռ չեն որոշել ով պետք է վերադարձնի հողը 

Լենա Հովհաննիսյանի հայրը բացատրում է, որ դստերը տրված այս հողակտորը հարում է կանալին, իսկ մյուս մասը՝ ճանապարհահատվածի մեջ է ներառված, այդ պատճառով էլ չէր մտցվել հողաբաժանության ցուցակում: 

Լենա Հովհաննիսյանը Խանլարի շրջանի Մարտունաշեն ու Գետաշեն գյուղերից բռնագաղթած 60 ընտանիքների հետ 1991թ.-ին հաստատվել է Արմավիրի մարզի Սովետական գյուղում: Հովհաննիսյանների ընտանիքը միակն էր, որ ՀՀ քաղաքացիություն ընդունեց ու հաստատվեց գյուղում: 1993թ.-ի հուլիսի 5-ին Սովետականի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեն փախստականի կարգավիճակ ունեցող գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Լենա Հովհաննիսյանին ընդգրկել է հողհատկացման ցուցակում: «Երկու տարի մշակում էինք հատկացված հողը, երբ հայտնի դարձավ, որ վիճակահանությամբ մեզ բաժին հասած իրական տնամերձ հողակտորը մշակում է Սովետականի արդեն նախկին գյուղապետ Սպարտակ Հայրապետյանը»,- պատմեց Լ. Հովհաննիսյանը: 

Հողաբաժանությունից 7 տարի անց պարզվել է, որ Լ. Հովհաննիսյանին տրված եռանկյունաձեւ հողատարածքը չափման ենթակա չի եւ չի մտցվել հողաբաժանման ցուցակում: Կեղծիքն ի հայտ է եկել 2000թ.-ին, երբ Կադաստրի Արմավիրի տարածքային ստորաբաժանումը հանձնել է սեփականաշնորհման վկայականները: 1997թ.-ին գյուղն արդեն նոր գյուղապետ ուներ, որն անտեղյակ լինելով իր նախորդի խարդավանքներին, փաստաթղթերն ուղարկել է Կադաստր՝ գրանցելու համար: «Ինձ հանձնված սեփականաշնորհման վկայագրում հողամասի գծագիրն այլ էր, ոչ մի կերպ չես շփոթի եռանկյունաձեւ այն հողակտորի հետ, որ գյուղապետը բաժին էր հանել ինձ: «Հենց այն ժամանակ ասացի, որ սա հող չի, խնդրեցի փոխել կամ հնարավորության դեպքում մեկ ուրիշ տեղից հող տալ: Գյուղապետն ասաց, թե հնարավոր չի»,- պատմեց Լենայի մայրը՝ տիկին Ֆլորան: 

Երբ Լ. Հովհաննիսյանն սկսել է ծանոթանալ փաստաթղթերին՝ համայնքապետարանի քարտուղարը, որ նախկինում էլ նույն պաշտոնն է զբաղեցրել, ջնջում է կատարել ցուցակում՝ փորձելով համոզել, որ ուղղումը հողաբաժանության ժամանակ է արվել: Իհարկե, այս հանգամանքը համոզիչ չէր կարող լինել այն պատճառով, որ ջնջման առկայության պայմաններում Կադաստրը պարզապես չէր գրանցի այն: Մինչդեռ, Լ. Հովհաննիսյանի գրությանը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի տարածքային ստորաբաժանումից պատասխանել են, որ կայուն հիմքերով է սեփականության վկայագիր ստացել: Այսինքն՝ իրական, չկեղծված ցուցակի եւ այլ համապատասխան փաստաթղթերի հիման վրա Կադաստրը թիվ «44» հողամասի սեփականության իրավունքը գրանցել է Լենա Հովհաննիսյանի անվամբ: 

 Արմավիրի մարզպետ Ա. Հերոյանին բողոքով դիմելուց հետո մարզպետի կարգադրությամբ 2000թ.-ին հանձնաժողով է կազմվում, որը հողը չափում եւ վերադարձնում է Լ. Հովհաննիսյանին: «Տրակտորը բերինք հողը վարեց, որ ցորեն ցանենք, կրկին եկավ նախկին գյուղապետը եւ զգուշացրեց, որ չցանենք, որովհետեւ ինքը դատարան է դիմելու եւ մեր վարած հողն սկսեց մշակել»,- պատմեց Լենան:

Հետաքրքիր է, որ կեղծիքն ի հայտ գալուց հետո ոչ թե Ս. Հարությունյանն է հողամասը վերադարձնում իրական տիրոջը, այլ դիմում է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան Լ. Հովհաննիսյանին տրված հողամասի սեփականության վկայականն անվավեր ճանաչելու պահանջով: Առաջին եւ երկրորդ ատյանի դատարանները բավարարել են նրա հայցը, ընդ որում վերաքննիչ բողոքը ներկայացրել է Լ. Հովհաննիսյանը, բայց նրան չեն ծանուցել դատական նիստի մասին: «Զանգել եմ վերաքննիչ դատարան, որպեսզի տեղեկանամ դատաքննության օրվա մասին, պատասխանեցին, որ իմ ներկայությունը պարտադիր չէր եւ արդեն վճիռ են կայացրել»,-ասաց Լ. Հովհաննիսյանը:

Վճռաբեկ բողոքում նշեցի, որ չեն ծանուցել դատաքննության մասին եւ դատարանը վճիռ կայացնելիս հիմնվել է միայն հայցվորի բացատրությունների վրա եւ սխալ մեկնաբանություն է տվել՝ նշելով, որ «... հերթական «42» համարի տակ Լենա Հովհաննիսյանի անունը գրելու փոխարեն սխալմամբ գրվել է Յուրի Ավանեսովի անունը»: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ճիշտ չեն վճռել, բայց եղած փաստերին այլ մեկնաբանություն է տալիս եւ վճիռը թողնում է անփոփոխ: «Այսինքն, վերջում պարզվում է, որ անարդարը դարձյալ ես եմ»,- դատական ատյանների մեկնաբանությունների տրամաբանությունից ելնելով իր եզրակացությունն է անում Լ. Հովհաննիսյանը: 

Այս պարզ ճշմարտությունը հիմնավորելու համար Լ. Հովհաննիսյանը դիմել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայություն եւ ՀՀ գլխավոր դատախազություն հայտնելով, որ 93թ.-ին մասնակցել է հողաբաժանությանը ու վիճակահանությամբ ստացել է 1000քմ տնամերձ հողամաս, որը համապատասխան արձանագրությունում նշվել է հերթական «44» համարի տակ, սակայն գյուղապետի ցուցումով մշակել է 42 համարի տակ գտնվող տնամերձ հողամասը: 2000թ.-ի մարտի 23-ին, երբ Կադաստրն իրեն տվել է թիվ 44 համարի տնամերձի սեփականության գրանցման իրավունքի վկայական, տեղեկացել է, որ նախկին գյուղապետ Ս. Հարությունյանը կեղծել է հողհատկացման արձանագրությունը: 44 համարի տնամերձի փոխարեն իրեն հատկացրել են վերջնամասի թիվ 42 տնամերձը, իսկ Յ. Ավանեսովի անվան դիմաց «42» համարը փոխվել է «44»-ի, այնուհետեւ Յու. Ավանեսովից այդ տնամերձը գնել է Ս. Հարությունյանը: 

Ներկայացված փաստարկների հիման վրա Արմավիրի դատախազությունը քրեական գործ է հարուցում Սպարտակ Հարությունյանի դեմ: «Գյուղական խորհրդի գործկոմի նախագահ Ս. Հարությունյանը պաշտոնական դիրքը ի չարը գործադրելով եւ խախտելով 1991թ.-ի մարտի 13-ի «ՀՀ քաղաքացիներին տնամերձ հողամասեր հատկացնելու մասին» ՀՀ օրենքը կիրառելու մասին ՀՀ ԳԽ-ի 04.02.1991թ. որոշման պահանջները, Սովետական գյուղի 9 բնակիչների ընդգրկել է տնամերձ ստացողների ցուցակում եւ նրանց հատկացրել 0,1-ական հա հողամաս, այն դեպքում, երբ նրանք գյուղացիական տնտեսություն վարելու համար որպես սեփականություն տրվող հողաբաժիններ արդեն իսկ ստացած են եղել ծնողական ընտանիքների հետ որպես ընտանիքի անդամ, որից հետո 91-92թ.թ.-ին բաժանվելով ծնողական ընտանիքներից, 93թ.-ին կրկին ստացել են 0,1 հա հողամաս, որով պետությանը պատճառվել է 2 մլն. 916 հազար դրամի նյութական վնաս»,-ասվում է դատախազության որոշման մեջ: 

Արմավիրի դատախազությունը քննությամբ հաստատել է, որ Սովետականի գյուղապետ Ս. Հարությունյանը եւ նրա դրդմամբ գործկոմի քարտուղար Արայիկ Մանուկյանը քրեորեն պատժելի գործողություններով՝ կեղծված փաստաթղթեր եւ սուտ տեղեկություններ են հաղորդել դատարանին, որոնք հիմք են ծառայել հայցը բավարարելու համար: Սակայն, նկատի ունենալով, որ այդ արարքները կատարվել են 93թ.-ին եւ այդ հանցագործությունների համար նախատեսված քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցել է՝ քրեական գործի հարուցումն այդ հիմքով մերժում են: Միաժամանակ, դատախազությունը քրեական գործի հարուցումը մերժելու որոշման մեջ նշում է. «Նկատի ունենալով, որ հանցագործության հետեւանքով պետությանը պատճառված վնասի հատուցման վրա վաղեմության ժամկետները չեն տարածվում, ուստի անհրաժեշտ է ՀՀ քաղ. դատ. օր-ի 37 հոդվածի կարգով դիմել դատարան: Ս. Հարությունյանի կողմից տնամերձ հողամասերի հատկացման ոլորտում պաշտոնեկան դիրքը ի չարը գործադրելու եւ պետությանը 2 մլն 916 հազար դրամի նյութական վնաս պատճառելու համար»: 

Այնուհետեւ Արմավիրի մարզպետին գրություններ են ուղարկում երկրի գործադիր, օրենսդիր եւ վերահսկողական ֆունկցիա իրականացնող մարմինները, որոնց դիմել էր Լ. Հովհաննիսյանը: ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Ֆ. Ցոլակյանի գրության մեջ ասվում է. «Մեր կողմից, ինչպես նաեւ Ձեր եւ մարզի դատախազության կողմից կատարված ուսումնասիրություններով հիմնավորվել է, որ 93թ.-ին տնամերձ հողամասերի բաժանման ու վիճակահանության ընթացքում Լ. Հովհաննիսյանին բաժին է ընկել «44» համարի հողատարածքը, սակայն ...»: Մարզպետ Ա. Հերոյանը եւ իշխանության մյուս օղակները, որոնց Լ. Հովհաննիսյանը դիմել է կատարված անօրինականությունը շտկելու խնդրանքով նրան միայն մեկ ճանապարհ են ցույց տալիս՝ «նոր երեւան եկած հանգամանքների հիմքով կարող եք վճռաբեկ բողոք ներկայացնել ՀՀ վճռաբեկ դատարան»: 

Նոր երեւան եկած հանգամանքով նորից վճռաբեկ բողոք է ներկայացրել: Լենա Հովհաննիսյանի ասելով, բողոքը Վճռաբեկ դատարանի գրասենյակ մուտք անելուց հետո իրեն կանչել է Վճռաբեկ դատարանի քաղ. եւ տնտ. գործերի պալատի դատավոր Վարուժան Աբելյանը եւ ասել, որ հետ վերցնի բողոքը, որովհետեւ մեկ քննիչի ասածը իրենց համար հիմք չի: 

«Մեկ է, եթե հետ չվերցրիր, բոլոր դռները փակվելու են քո առաջ, ես վճիռը չեմ բեկանելու»: Լ. Հովհաննիսյանի ասելով, Վ. Աբելյանը խորհուրդ է տվել կրկին դիմել Արմավիրի մարզի դատախազություն ասելով, թե դատախազությունը թող քաջություն ունենա մինչեւ վերջ տանելու գործը՝ դիմի առաջին ատյանի դատարան պետությանը պատճառած վնասի հատուցումով ու իր ասածը հաստատի, հետո վճիռը կբերեք՝ կբեկանեմ: 

Մարզային դատախազությունը 2003թ.-ի հունվարի 15-ին պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացնում Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան՝ նախկին գյուղապետ Ս. Հարությունյանից «հանցագործության հետեւանքով պետությանը պատճառված 2 մլն 916 հազար դրամի վնասը պետական բյուջեի օգտին բռնագանձելու պահանջով»: 

Խախտելով դատաքննության ողջամիտ ժամկետը դատարանը վճիռը կայացրել է հունիսի 30-ին եւ հայցապահանջը մերժել «հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու պատճառով»: 

Իրավապահ մարմինների ու դատական ատյանների գլխապտույտ փոխանցումներից հոգնած եւ դատարաններում ու ճանապարհներին ուսուցչի խեղճուկրակ աշխատավարձը վատնելուց հետո Լ. Հովհաննիսյանը որոշում է ենթարկվել ուժի օրենքին: 

«Տեսնելով, որ այլեւս ելք չկա, դիմեցի Կադաստրին՝ ասելով, թե մյուս հողակտորը գրանցեք իմ անունով: Ինձ պատասխանում են, որ դա տնամերձ հողամաս չի, մենք չենք կարող գրանցել»,- ասում է նա: «Հայաստան ենք եկել դատարկաձեռն, պարտադրված էինք ամեն ինչ սկսել նորից, բայց 1000քմ հողն ափսոսեցին մեզ»,- հայտնեց Լ. Հովհաննիսյանը: 

 Լենա Հովհաննիսյանը միակը չէ, որի վճռաբեկ բողոքը ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղ. եւ տնտ. գործերի պալատը չի ընդունում այս մեթոդով: Պալատը վերադարձրել է նոր երեւան եկած հանգամանքներով ներկայացված բազմաթիվ այլ բողոքներ, որոնց հիմքում ընկած ապացույցները հիմնավորված են դատախազության որոշումներով: 

Բողոքներն այս կարգով վերադարձնելու հանգամանքը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս եւ այն տեղ է գտել նաեւ ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի 2002 թվականի տարեկան զեկույցում: 

ՀՀ գլխավոր դատախազությունը իր դիտարկումները ներկայացնելով հանձնաժողովին, ընդգծել է, որ ոչ բոլոր քրեական գործերն են դատարան ուղարկվում եւ ավարտվում դատավճռի կայացմամբ (մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածով ամրագրված հիմքերը բացառում են քրեական հետապնդում իրականացնելը): 

«Մինչդեռ հնարավոր է, որ դատարանի կողմից քաղաքացիական դատավարության կարգով քննված գործով վճռի հիմքում դրված փաստաթուղթը կամ իրեղեն ապացույցը հետագայում քրեական գործով նշանակված փորձաքննության արդյունքներով ճանաչվի կեղծված, սակայն քրեական գործն ավարտվի առանց դատարան ուղարկելու եւ դատավճիռ կայացնելու»,- ասվում է ՀՀ-ում մարդու իրավունքերի վիճակի վերաբերյալ տարեկան զեկույցում: 

Մինչդեռ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228 հոդվածի 3-րդ կետի հիման վրա անձը զրկվում է ակնհայտ կեղծիքի հիման վրա կայացված դատական ակտը բողոքարկելու իրավունքից: Այդ առումով հանձնաժողովը նպատակահարմար է համարում օրենսդրական փոփոխություն կատարելը: Մասնավորապես, փաստաթղթի կեղծ լինելու հանգամանքը հավաստված (միայն նոր դատաքննություն սկսելու առումով) կարող է համարվել համապատասխան փորձագիտական եզրակացությամբ: 

ՀՀ Գլխավոր դատախազությունը հիշեցրել է, որ ՀՀ քաղ. դատ. օր.-ի 228 հոդվածի 3-րդ կետում ամրագրված դրույթը, ըստ որի նոր երեւան եկած հանգամանքների հետեւանքով դատական ակտերի վերանայման հիմք կարող է հանդիսանալ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված փաստաթղթերի կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելու հանգամանքը, հակասում է Սահմանադրության 38 հոդվածի պահանջներին («Յուրաքանչյուր ոք ունի Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված իր իրավունքների եւ ազատությունների դատական պաշտպանության իրավունք») եւ խոչընդոտում է մարդու իրավունքների դատական պաշտպանությանը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ