HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Ավթանդիլ Մարտիաշվիլիին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ

2014թ-ի հունվարին Իրանից մոտ մեկ տոննա քաշով հերոին տեղափոխելու մեղադրանքով դատապարտված Ավթանդիլ Մարտիաշվիլիին այսօր տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից «Հետք»-ին հայտնեցին, որ Մարտիաշվիլին «Դատապարտյալների հիվանդանոց» է տեղափոխվել բուժզննում ստանալու կապակցությամբ, սակայն այլ մանրամասներ չհաղորդեցին` պատճառաբանելով, որ դրանք անձնական բնույթի առողջական տվյալներ են:

63-ամյա դատապարտյալի կինը` Լեյլա Մարտիաշվիլին «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ ամուսինն ունի շաքարային դիաբետ, սրտային անբավարարություն, ադենոմա, նևրալգիա: Վերջին շրջանում, ըստ նրա, ամուսինը մշտապես վատ է զգացել, իսկ «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխվելուն նախորդող օրերին առողջական վիճակը վատթարացել է: Լեյլա Մարտիաշվիլին դժգոհում է նաև, որ ամուսնուն` Ավթանդիլին, չեն տրամադրում բավարար չափով ինսուլին, ինչպես նաև համապատասխան սնունդ:

Հիշեցնենք, որ 2014թ-ի հունվարին Իրանից Վրաստան տարանցիկ փոխադրում կատարելու նպատակով Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլիի վարած բեռնատարը մուտք էր գործել Մեղրիի մաքսակետ: Ռենտգեն զննության ենթարկելուց հետո մեքենային ամրակցված կցորդի հատակում գտնվող թաքստոցում հայտնաբերվել էր 927.6 կգ հերոին: Վարորդ Մարտիաշվիլինի դատապարտվել էր 17, իսկ բեռնափոխադրող ընկերության տնօրեն, Թուրքիայի քաղաքացի Օսման Ուղուրլուն` 19 տարվա ազատազրկման:

Նախաքննական ցուցմունքներում, ինչպես նաև դատավարության ժամանակ Ավթանդիլ Մարտիաշվիլին պնդել է, որ առնչություն չունի հերոինի տեղափոխման հետ և չի իմացել մեքենայում պահված թմրանյութի մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter