HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞ւր է անհետացել Թեղուտի 30 հա անտառը

Թեղուտի հանքավայրի շահագործման համար մինչ օրս հատվել է ավելի քան 200 հա անտառ: Այս մասին «Հետքի» հարցմանն ի պատասխան հայտնել են երկու տարբեր հաստատություններ՝ անտառների պահպանությամբ զբաղվող «Հայանտառ» ՊՈԱԿ-ը և Թեղուտի հանքը շահագործող «Վալլեքս խումբը»: Ընդ որում՝ այս կառույցների հայտնած տվյալների մեջ 2,5 հա-ի տարբերություն կա: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ասելով՝ հատվել է 204,2 հա անտառ, իսկ «Վալլեքս խումբ»-ը պնդում է, որ 201,7 հա տարածքում է հատում իրականացվել: Սակայն խնդիրը բնավ էլ այս 2,5 հա տարբերությունը չէ:

Անտառների մոնիտորինգով զբաղվող միջազգային Global Forest Watch-ի արբանյակային տվյալները միանգամայն այլ բան են ասում: Համադրելով հայաստանյան կառույցների և Global Forest Watch-ի տվյալները՝ 30 հա հատված անտառ ուղղակի արտացոլված չէ հայաստանյան պաշտոնական վիճակագրության մեջ:

Global Forest Watch-ի քարտեզի օգնությամբ ընդգծել ենք Թեղուտի հանքավայրի և հարակից տարածքների հատումները: Մինչ հանքավայրի շահագործումը, ասենք՝ 2000-ականների սկիզբը, այս տարածքում անտառի բնական կորուստը կազմել է մինչև 1 հա: Թեղուտի հանքավայրի համար հատումների մեկնարկից հետո արբանյակային դիտարկումներն արձանագրել են տարեցտարի զգալիորեն ավելացած կորուստ: Global Forest Watch-ի քարտեզը ցույց է տալիս, որ մինչև 2014թ. Թեղուտի հանքավայրի տարածքում արդեն իսկ հատվել է 193 հա անտառ

Կարմիր կետերը հատված ծեռերն են

Թեղուտի հանքավայրի համար անտառահատման աշխատանքներ իրականացվել են նաև 2015-2016թթ.: Վերջին երկու տարվա տվյալները Global Forest Watch-ը դեռ չի թարմացրել: Եվ մինչ Global Forest Watch-ը կթարմացնի իր տվյալներն ու քարտեզները, նոր տեղեկությունների համար դիմեցինք «Վալլեքս խմբին»:

«Վալլեքս»-ի տրամադրած տվյալներով՝ երկու տարվա ընթացքում հատվել է ավելի քան 41 հա անտառ

  • 2015թ.՝ 27,96 հա, որից բացհանքի տարածքում՝ 4,2 հա և պոչամբարի տարածքում՝ 23,76 հա
  • 2016թ.՝ 13,5 հա, որից բացհանքի տարածքում ՝ 2,7 հա և պոչամբարի տարածքում՝ 10,8 հա:

 Հիմա մաթեմատիկական հաշվարկ անենք՝ համեմատելով տվյալները և փոքր-ինչ կլորացնելով թվերը. Global Forest Watch-ի արբանյակային նկարներից ստացված 190 հա-ին եթե գումարենք վերջին երկու տարվա «Վալլեքսի» մատնանշած ավելի քան 40 հա հատումները, կստացվի 230 հա հատված տարածք մինչ օրս: Կամ՝ եթե 200 հա-ից հանենք վերջին երկու տարվա 40 հա-ն, կստացվի, որ մինչև 2014 թվականը պետք է հատված լիներ ոչ թե 190, ինչպես երևում է քարտեզում, այլ 160 հա: Ստացում է, որ քարտեզով արտացոլված 30 հա տարածքի անտառահատումը դուրս է մնում հայաստանյան պաշտոնական վիճակագրությունից:  

 

Այժմ անդրադառնանք անտառվերականգնմանը:

«Հայանտառը» հայտնել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից մինչ օրս տնկվել է 253 հա անտառմշակույթ. Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղի անտառային հողերում տնկվել է 229 հա և Լալվարի անտառտնտեսության մասնաճյուղի անտառային հողերում՝ 24 հա:

«Հայանտառ»-ից հարցրել էինք, թե այդ տնկիներից քանի՞ հա-ն է աճել: Պարզվում է՝ նշված տարածքներում անտառմշակույթների պահպանվածությունը կազմում է շուրջ 62%: Այսինքն՝ 200 հա-ից ավելի հատվել է, այժմ աճում է 156 հա-ն՝ ըստ «Հայանտառի»:

Ըստ հանքատիրոջ՝ 2017թ. հունվարի 31-ի դրությամբ անտառապատված ընդհանուր տարածքը կազմել է 490 հա՝ ներառյալ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից Գուգարքի և Լալվարի անտառտնտեսություններում կատարված 253 հա անտառապատումը:

Մաթեմատիկական թվաբանությանը հետևելով՝ ստացվում է, որ ընկերությունն իրականացրել է 237 հա անտառտնկում: Մնացածը «Հայանտառն» է արել:    

Անտառապատված 17 հա տարածքում տնկիների պահպանվածության առումով խնդիրներ են եղել, որի շուրջ անտառապատող կազմակերպության հետ սկսվել և դեռևս շարունակվում է դատական գործընթաց: 

«Հարկ ենք համարում նշել, որ հիշատակված 17 հա-ի փոխարեն ընկերությունը, ներգրավելով այլ անտառապատող կազմակերպություն, նույն շրջանում կրկին իրականացնում է 17 հա անտառապատման աշխատանքներ, որից 13 հա-ն արդեն կատարված է»,- հայտնել է ընկերությունը:    

2016թ. ընթացքում անտառապատման աշխատանքներ իրականացվել են 39,4 հա գումարային մակերեսով տարածքներում, որից՝ Շնող համայնքում՝ 19 հա (որից 11-ը՝ այգետունկի ծրագրով) և 20,4 հա «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսության անտառային հողերում:   

Ըստ «Վալլեքսի»՝ անտառմշակույթների պահպանվածությունը 2016թ. աշնանային գույքագրման արդյունքներով այս տարիների անտառապատված ողջ տարածքներում միջինը կազմել է 62%: 

Բնապահպանության նախարարությունն այս տվյալներին չի էլ տիրապետում: 

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցինք, թե արդոյք 62 տոկոս անտառմշակույթների պահպանվածությունը պատասխանատու հանքարդյունաբերության օրինակ է:

«Անշուշտ, մենք այս ցուցանիշներն ուսումնասիրելու կարիք ունենք, որպեսզի կարողանանք գնահատական տալ նաև ներկայացված ծրագրին և իրականացված աշխատանքերին: Բայց ակնհայտ է, որ բացասական և նախատեսվածից թերի կատարում է դիտվել: Ես հստակ կարող եմ ասել, որ առհասարակ անտառվերականգնումը և անտառվերականգնման աշխատանքերը մեր ապագայի համար հիմնարար նշանակության հարցեր են: Դրա համար էլ մենք այս ուղղությունը դիտարկում ենք առանձնահատուկ, որպես կարևոր ուղղություն: Ինքն, ի դեպ, միայն զուտ բնապահպանական չէ, զարգացման տեսակետից հիմնարար նշանակություն ունի, տնտեսական առաջընթացի առումով էլ  կարևոր է: Եթե մենք, էս դեպքում ի նկատի ունեմ որոշում կայացնողներին, այս ընկալումը չունենանք, չենք կարող նման դեպքերում պարտադրանք ներառել, որպեսզի իրենք կատարեն իրենց պարտավորությունները: Ես Ձեզ խոստանում եմ, որ ես այս մասով լրացուցիչ ուսումնասիրություն կիրականացնեմ և Ձեզ կտեղեկացնենք»,- եղավ նախարար Մինասյանի պատասխանը: 

«Հետքը» եղանակները տաքանալուն պես կայցելի անտառապատված տարածքներ և առանձին-առանձին կանդրադառնա  իրականացված անտառվերականգնման աշխատանքներին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter