HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Սիրիահայերն իրենց գործարանները տեղափոխում են այլ երկիր` Հայաստանում պահանջվող մեծ մաքսավճարների պատճառով

Հարկային եւ մաքսային արտոնություններ ստանալու խնդրանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերը հանդիպել են վարչապետ Կարեն Կարպետյանին: «Մեր հիմնական առաջարկներն արդյունաբերության ոլորտին էին վերաբերում»,- հայտնեցին  «Սիրիահայերի միություն» հ/կ խորհրդի անդամները երեկ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA) գրասենյակում տեղի ունեցած քննարկման ժամանակ:

Սիրիահայ գործարարները ցանկանում են իրենց գործարանները տեղափոխել Հայաստան, որի համար մեծ չափերի մաքսատուրք են պահանջում: Նրանց ասելով` գործարարներից մի քանիսը երկար ժամանակ ուսումնասիրում էին արտադրությունն այստեղ տեղափոխելու հնարավորությունն ու նպատակահարմարությունը, սակայն հաշվարկները ցույց տվեցին, որ պահանջվող մաքսային եւ հարկային վճարների դեպքում դա անհնար է: Հայտնեցին, որ գործարարներից մի քանիսը դրա պատճառով արդեն տարբեր երկրներ են տեղափոխել իրենց արտադրությունը, օրինակ՝ Եգիպտոս: Մինչդեռ կնախընտրեին Հայաստան բերել, որովհետեւ չգիտեն, թե այլ երկրում քաղաքական ինչ իրավիճակներ կլինեն ապագայում:

«Եթե այստեղ 10 հոգի է եկել հետաքրքրվելու, պիտի նկատի ունենալ, որ նրանց տեսակետին Սիրիայում սպասում է եւս 50 հոգի, որոնք նրանց կարծիքը հիմք ընդունելով՝ այլեւս չեն էլ գալիս Հայաստան,- բարձրաձայնեցին նրանք: Դրանով Հայաստանի կառավարությունը մեծ թվով աշխատատեղերի հնարավորություն է կորցնում եւ արդեն շատ կորցրեց, բացի այդ, երկիրը զրկվում է ազգային հարստությունից»:

Նրանց խնդրանքն այն էր, որ սիրիահայերից մաքսատուրք չգանձեն իրենց բիզնեսը եւ անձնական օգտագործման գույքը Հայաստան տեղափոխելիս: Եթե նույնիսկ մաքսային արտոնություններ չեն ցանկանում տրամադրել, ապա գոնե «ազատ գոտի» ստեղծեն, որտեղ կպահեստավորեն իրենց արտադրամասը, հետո կորոշեն, թե ինչ անեն:

«Սիրիահայերի միության» խորհրդի անդամները հայտնեցին, որ վարչապետը բարձրացված հարցերի վերաբերյալ իրենցից պահանջել է գրավոր առաջարկներ ներկայացնել՝ քննարկելու համար: Առաջարկները, բնականաբար, հիմնավորված պետք է լինեին, որի համար ABA-ը քննարկմանը մասնակից էր դարձրել իրավաբանների եւ հարկային ոլորտի մասնագետների: Վերջիններիս հետաքրքրողն այն էր, թե ինչպես հիմնավորել՝ ներկրվող ապրանքը կամ գույքը Սիրիայից բռնագաղթած հայի անձնական ունեցվա՞ծքն է կամ արտադրությունը, թե՞ մեկ ուրիշն է նրանց անվան տակ գույք ներկրում:

Գործարարները նշեցին, որ Սիրիայում փաստաթղթային հարցերը խիստ չեն դրված, օրինակ՝ մի քանի տարի կարող ես բիզնես ունենալ եւ չհարկվել: Նրանց կարծիքով, փաստաթղթերի եւ գույքի պատկանելությունը ճշտելու հարցում կարող է օգտակար լինել Հալեպում գտնվող հայկական հյուպատոսությունը եւ պետք է նրանց ներգրավել այս գործում: Խոսքը նաեւ ոսկյա զարդերի վաճառքով զբաղվողների մասին է: Սիրիահայերից շատերի զբաղմունքը ոսկեղենի վաճառքն է եղել: Նրանց ասելով` հնարավոր չէ, որ տեղացիները սիրիացիների անվան տակ ներկրեն, որովհետեւ ի տարբերություն Հայաստանի, որտեղ յուրաքանչյուր ոսկերիչ ինքն է հարգադրոշմում իր արտադրանքը, Սիրիայում մեկ պետական հարգադրոշմող կա, եւ դա վերահսկելի է:

Նրանց հուզող մյուս հարցը սիրիացիներին տրամադրված բիզնես վարկերի վերադարձելիությունն է: Հայաստան տեղափոխված սիրիացիների առաջին խմբից 100 հոգու աջակցելու համար Կառավարությունը բիզնես գործունեության նպատակով արտոնյալ վարկ է տրամադրել՝ 5 մլն դրամ 5 տարի ժամանակով, տարեկան 4% տոկոսադրույքով: Նրանցից միայն 25-ն է կանոնավոր վճարում վարկը, որովհետեւ կարողացել է բիզնես գործունեություն իրականացնել: Նրանցից 25 հոգին չի կարողացել վարկը մարել եւ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը դիմել է դատարան, հիմա վճիռները հարկադիր կատարման փուլում են:

«Սիրիահայերի միության» անդամների ասելով` նրանք բիզնես ծրագրով իրենց պարտավորությունը կատարել են՝ գործն սկսել են ու ձախողվել: Վարկը նրանց տրամադրելիս երաշխավորներ են հանդիսացել եւ՛ սիրիացիները, եւ՛ հայաստանցիները: Վարկը գանձվում էր երաշխավորների աշխատավարձերից ու թոշակներից, եւ ստացվում է, որ մարդկանց աջակցությունը դժվարին վիճակի մեջ է դրել նրանց: Սփյուռքի, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունների  միջամտությամբ հարկադիր կատարման փուլը 6 ամսով կասեցված է, որպեսզի հնարավորություն տան այդ ընթացքում վճարումներ կատարել:

Վարկառուներից 50-ը ընդհանրապես չի կարողանում վճարել եւ, նրանց կարծիքով, առողջացման ծրագիր է պետք, որպեսզի կարողանան վերադարձելիությունն ապահովել: Սիրիահայերն առաջարկում են անհատական ուսումնասիրել յուրաքանչյուրի գործը եւ անհատականացված լուծում գտնել: Գուցե վարկի մարման ժամկետը երկարաձգվի, որպեսզի կարողանան ավելի փոքր գումարներով մարել: Բայց, վարկը մարելու միակ իրական երաշխիքը նրանց աշխատանքով ապահովելն են  համարում՝ մարդիկ կաշխատեն եւ կվերադարձնեն վարկը:

Կարծում էին, որ դա ոչ այնքան բիզնես վարկավորման ծրագիր է եղել, որքան սոցիալական աջակցություն: Վերցնողները Հայաստանի մասին պատկերացում չունենալով, հարկման օրենսդրությունը չիմանալով, շուկային անտեղյակ լինելով՝ բիզնես գործունեություն են սկսել ու ձախողվել: Ոմանք այս ընթացքում հեռացել են երկրից, բայց, ինչպես ասացին, շարունակում են իրենց հետ կապ պահել, չեն խուսափում վճարելուց, ուղղակի նրանց հնարավորություն պետք է տրվի:

Գործարարները դժգոհում էին նաեւ Հայաստանի մաքսային ծառայություններում «դանդաղ վարվող թղթաբանությունից, որը վնասում է իրենց՝ արտերկրի գործարարների մոտ անվստահելի դարձնելով իրենց բիզնեսը:   

 

Մեկնաբանություններ (2)

Արման
ԲՈԼՈՐ ՍԻՐԻԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ Հարգելինեՙրս, եթե Դուք ՀՀ-ում հարկային օրենսդրության հետ կպված որևէ խնդիր կամ հարց ունեք, կարող եք զանգահարել ներքոնշյալ հեռախոսահամարով: Կփորձեմ հնարավորինս օգտակար լինել Ձեզ և, իհարկե, անհատույց: Հարգանքներով՝ ՀՀ քաղաքացի Արման Մկրտչյան (որակավորված աուդիտոր (վկայական 255)) Հեռ. +374 93 33 70 07 (խորհրդատվության ժամանակահատված - 13.02.-20.02.2017թթ., օր/ժամ- երկուշաբթի-ուրբաթ 14:00-16:00) Բոլորին խնդրում եմ այս հայտարարությունը տարածել, որպեսզի այն հասանելի լինի հասցեատերերին: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
begabler
Բարի գալուստ ԵՏՄ, պարոնայք։ Ձեր վճարած տուրքերը գնում են Ռուսաստան, Բելոռուս, Ղազախստան եւ Ղրղզստան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter