HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատապարտյալին չեն կարողացել դատարան տեղափոխել. նիստը կայացել է «Արթիկ» ՔԿՀ-ում

«Վահագն Մարությանը հենակներով էր, նրան ինձ մոտեցրեցին աթոռին նստած վիճակում»,-ասաց 19 տարեկանից 24-րդ տարին բանտում գտնվող ցմահ բանտարկյալ, հոդերի հիվանդություն ունեցող Վահագն Մարուքյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:

Փաստաբանը պաշտպանյալին այսօր տեսել է «Արթիկ» ՔԿՀ-ում, որտեղ էլ արտագնա նիստ էր հրավիրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը: Դատապարտյալին Գյումրի չտեղափոխելու պատճառաբանությունն այն է եղել, որ Վահագնը տեղաշարժման խնդիրներ ունի, ուստի հնարավոր չէ նրան հասցնել Գյումրի: Դատարանը որոշել է «Արթիկ» ՔԿՀ-ում լսել Վահագն Մարուքյանի ու նրա պաշտպանի բողոքը՝ դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատման չներկայացնելու վերաբերյալ:  

Ցմահ դատապարտյալն արդեն 4-րդ տարին բարձրաձայնում է պայմանական վաղաժամկետ ազատման մասին: Անցյալ տարի նրան 4-րդ անգամ են մերժել. «Սեպտեմբերի 30-ին կանչեցին վարչական հանձնաժողով: Ասեցին՝ ոչ մի տույժ չունես, բայց մենք վերևից հրաման չունենք քեզ ներկայացնելու պայմանական ազատման»: Դատապարտյալն էլ  «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի մերժման որոշումն այս անգամ բողոքարկել է դատարանում: Բայց մինչ կբողոքարկեր այդ որոշումը, անցյալ տարվա հոկտեմբերին «Դատապարտյալների հիվանդանոցից», որտեղ և գտնվել է Վահագն Մարուքյանը վերջին տարիներին, նրան տեղափոխել են «Արթիկ» ՔԿՀ, որտեղ տևական ժամանակ նա հացադուլ էր հայտարարել՝ հետ վերադարձի ու պատշաճ բուժման պահանջով:

Փաստաբանը նշեց, որ դատարանում ներկայացել է «Արթիկ» ՔԿՀ ներկայացուցիչը, քանի որ այդ մասին գրություն է եղել «Դատապարտյալների հիվանդանոցից»: Ներկայացվել է դատապարտյալի միջին բնութագիրը, ըստ որի միջոցառումների չի մասնակցել և այլն, հետևաբար ուղղված չի կարող համարվել, ուստի նրան պետք է մերժել պայմանական ազատման ներկայացնել. «Բայց գիտենք, որ որևէ անհատական ուղղման ծրագիր չկա: Կամ ինչ սպորտային միջոցառումների պիտի մասնակցեր Մարուքյանը, երբ տարիներ արդեն հենաշարժողական խնդիրներ ունի»:

Ռոբերտ Ռևազյանը ներկայացնում է պատժի կրման 20 տարվա շեմը հատած մի քանի ցմահ բանտարկյալների շահերը, երբ նրանք բողոքարկում են պայմանական վաղաժամկետ ազատման՝ ՔԿՀ-ների վարչական հանձնաժողովների մերժման որոշումները: Նա նկատում է, որ մերժման հիմքերը հաճախ նույնն են՝ բնութագիր, խրախուսանքների բացակայություն․ «Բայց պետք է սկսել նրանից, թե ինչ ծրագիր է իրականացրել 20 տարի քրեակատարողական համակարգը, հարցն էլ հենց այն է, որ ուղղման անհատական ծրագրեր չկան»:

Դատարանը որոշումը կհրապարակի փետրվարի 14-ին:

Փաստաբան Ռոբերտ Ռևազյանը գտնում է, որ դատապարտյալին թե պայմանական վաղաժամկետ, թե պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդության պատճառով ազատելու հիմքեր կան:

Թե՛ քրեական, թե՛ քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված են, որ պատժի հետագա կրման հետ անհամատեղելի հիվանդություններով տառապող դատապարտյալները կարող են ազատվել պատժից: ՔՕ 79 հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե անձը հանցանք կատարելուց կամ դատավճիռ կայացնելուց հետո հիվանդացել է այլ ծանր հիվանդությամբ, որը խոչընդոտում է պատիժը կրելուն, ապա դատարանը կարող է նրան ազատել պատիժը կրելուց՝ հաշվի առնելով կատարված հանցանքի ծանրությունը, դատապարտյալի անձը, հիվանդության բնույթը և այլ հանգամանքներ: Պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկը, որտեղ ներառված են 41 անուն ծանր հիվանդություններ` իրենց բարդության տարբեր աստիճաններով, հաստատվել է դեռևս 9 տարի առաջ կառավարության 2006թ. մայիսի 26-ի 825-Ն որոշմամբ:

Նշենք, որ Վահագն Մարուքյանը կալանավորվել է 1993 թ.-ին՝ 19 տարեկանում: 1994 թ.-ին ՀՀ Գերագույն դատարանի դատավճռով դատապարտվել է մահապատժի (2003թ.-ից ՀՀ նախագահի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ): Մարուքյանը մեղավոր է ճանաչվել Վանաձորի Ռազմական ոստիկանության պետի դիտավորյալ սպանության մեջ: Դատավճռի հիմքում դրվել է նաև նրա ինքնախոստովանական ցուցմունքը, որը, իր խոսքով, տվել է բռնության հետևանքով: Վերջին 3-4 տարիներին Մարուքյանը ստացիոնար բուժում է ստացել «Դատապարտյալների հիվանդանոցում»: Ինչպես ինքն է վկայում, հոդատապով հիվանդացել է բանտային խցային խոնավ պայմանների հետևանքով: Պատիժը կրելուց 22 տարի անց փոխվել է նրա պահման ռեժիմը՝ փակից դառնալով կիսափակ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter