HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փետրվարի 15-ից հետո սպասվում է արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցում

Այս ձմռան առանձնահատկությունները մեզ հետ հարցազրույցում ներկայացրել է Արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

 

- 2016-2017 թվականների ձմեռը Հայաստանում խստաշունչ է, և ոչ միայն Հայաստանում, նաև՝ Ռուսաստանում, Եվրոպայում: Մթնոլորտում բարձր խոնավությամբ կամ ցուրտ օրերի երկարատև հաջորդականությամբ այս ձմեռն առանձնանո՞ւմ է:

- Այս ձմեռն, ընդհանուր առմամբ, իհարկե ունի առանձնահատկություն, առանձնահատկությունը, նախ, դեկտեմբերի 27-ից սկսված և հունվարի 25-ին ավարտված մառախուղի թաղանթն էր, որն ընդգրկում էր Արարատյան դաշտը, դրա նախալեռնային գոտին, Արագածոտնի նախալեռները, Վայոց Ձորի նախալեռնային հատվածները, և սառն օդի լեզվակը՝ լճացած, Արաքսի հովտով տարածվում էր մինչև Մեղրի, ընդգրկելով նաև ամբողջ Նախիջևանի դաշտը: Դա առանձնահատկություն էր, որովհետև ոչ բոլոր տարիներին է, որ նման մեծ տևողությամբ՝ գրեթե 40 օր, մառախլապատ, անարև օրեր ենք ունենում:

- Այդ սառը և խոնավ օդի լեզվակը, որն ընդգրկել է նաև Նախիջևանի դաշտը, որտեղի՞ց էր Հայաստան ներթափանցել:

- Դա չէր ներթափանցել, տեղում էր ձևավորվել, սառն օդի լճացման արգասիք էր: Սառն օդը լճանում է, այնուհետև երբ տաք օդի ներհոսք է սկսվում, այն չի կարողանում ներթափանցել Արարատյան դաշտի հատակ, շրջանցում է վերևից սառը օդին, և դրանց՝ տաք և սառը օդային հոսանքների շփման զոնայում առաջանում է այդ մառախուղի գոտին:

Այս ձմռան երկրորդ առանձնահատկությունն Արարատյան դաշտի՝ կրկին իր նախալեռնային գոտով, հաստատուն սառնամանիքային եղանակներն էին: Այսինքն՝ եթե դիտարկենք դեկտեմբերի 14-ից մինչև օրս, Երևանում դեռ դրական ջերմաստիճան չենք արձանագրել, իսկ Արարատյան դաշտի և Երևանի համար դա այնքան էլ բնորոշ երևույթ չէ: Մենք ձմռան ընթացքում, ձմեռների մոտ 90 տոկոսի պարագայում, տաք օդային հոսանքների ներթափանցման արդյունքում ունենում ենք դրական ջերմաստիճաններ: Եղել է, որ Արարատյան դաշտում հունվարին ունեցել ենք 20 աստիճան, բայց այս տարի դա չունեցանք: Պատճառը՝ արգելափակող անտիցիկլոնի ձևավորումն էր Հայկական բարձրավանդակի վրա, Արևմտյան Հայաստանում, որն արգելափակում էր բոլոր տեսակի տաք օդային հոսանքների հոսքը դեպի Արարատյան դաշտ: Այն օրերին, երբ այստեղ սառնամանիքներ էին, հանրապետությունում մի քանի անգամ ունեցանք տաք օդի հզոր ալիքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը և՛ հունվարին, և՛ փետրվարի 1-ին տասնօրյակում Տավուշի, Սյունիքի հովիտներում բարձրացավ մինչև պլյուս 15-16, լեռնային շրջաններում ցերեկը մինչև + 5 աստիճան, բայց Արարատյան դաշտը դրան չարձագանքեց:

- Այսպիսի իրավիճակը Հայաստանում ունեցե՞լ է իր նախադեպը:

- Այո: Մենք եթե 100-ամյակի կտրվածքով դիտարկենք, ունեցել ենք մոտ 15 տարի, որ մառախուղի տևողությունը նույն հատվածներում՝ Արարատյան գոգավորությունում ու նրա նախալեռնային գոտում, հասել է 30-40 օրի, իսկ 1953 թվականին՝ մինչև 90 օրի: Գոգավոր ռելիեֆի պատճառով հենց այստեղ է տեղի ունենում սառն օդային զանգվածների լճացում:

- Նախկինում ունեցե՞լ ենք ավելի ցուրտ ձմեռներ, և եթե այո, ո՞ր թվականներին: Մենք Հայաստանի առումով կարո՞ղ ենք համեմատություններ կատարել անցյալի հետ:

- Եթե գնահատենք այս ձմռան ջերմային ֆոնը, ապա 2016-2017 թվականների ձմեռը խիստ ցուրտ չենք կարող համարել, որովհետև ամբողջ ձմռան ընթացքում, մինչև օրս, Արարատյան դաշտում ընդամենը 5-6 օր է եղել, որ օդի ջերմաստիճանը տատանվել է - 20-24 աստիճանի սահմաններում: 2016-2017 թվականների ձմեռն Արարատյան դաշտի հատվածում միջին խստությամբ ձմեռ է, իսկ հանրապետությունում՝ նորմային մոտ: Այսինքն՝ օդի ջերմաստիճանը հանրապետությունում եղել է նորմայի սահմաններում, բացառությամբ Արարատյան դաշտի, որտեղ ջերմաստիճանը դեկտեմբերին նորմայից ցածր է եղել 2-4 աստիճանով, հունվարին՝ 4-6 աստիճանով, սպասում ենք, որ փետրվարին էլ ցածր կլինի 2-3 աստիճանով: խիստ ցուրտ ձմեռ համարվում են այն ձմեռները, երբ 25-30 օր օդի ջերմաստիճանը տատանվում է -25-30 աստիճանի սահմաններում: 1932-33, 1950, 1953-54, 1964, 1972, 1985 թվականներին մենք ունեցել ենք մոտ 30 օր անընդհատ տևողությամբ 20-30 աստիճան սառնամանիքներ Արարատյան դաշտում: Մասնավորապես՝ շատ ցուրտ է եղել 1972 թվականը, ամբողջ հունվարին և փետրվարին, ժամանակ առ ժամանակ, 25-30 աստիճանը կրկնվել է: 1964 թվականին է շատ ցուրտ եղել:

- Մեզ փետրվարին սպասվո՞ւմ են ցուրտ օրեր:

- Այս ջերմային ֆոնն, ամեն դեպքում, առաջիկա 5 օրերին էապես չի փոխվի, բայց ցուրտ օրեր դեռ կլինեն, չի բացառվում, որ Արարատյան դաշտում, Երևանի ցածրադիր հատվածներում օդի ջերմաստիճանն առանձին օրերի նորից մոտենա -20 աստիճանի: Ամեն դեպքում, մինչև փետրվարի 20-ը տաքացումներ սպասել պետք չէ, որովհետև մենք փետրվարի 15-ից հետո սպասում ենք արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցում, որը դարձյալ կհանգեցնի ջերմաստիճանի անկման: Ճիշտ է, վերջին օրերին օդի ջերմաստիճանը բարձրացավ ահագին, բայց փետրվարի 2-ին և 3-ին ջերմաստիճանն Արարատյան դաշտում նվազեց մինչև -24-ի:

Հարցազրույցը՝ Արթուր Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքայան էջից

Մեկնաբանություններ (7)

Աննա
օդի ջերմաստիճանը բարձրացավ ահագին .. տաքացումներ սպասել պետք չէ Պետք է գրել՝ ահագին բարձրացավ,պետք չէ սպասել: Լրագրողն որքան էլ օպերատիվ աշխատի, հայերենի շարադասությունն ու ուղղագրությունը չպետք է մոռանա:
Artur Hovhannisyan
Աննա, պետք է նախ իմանալ հայերենի շարադասությունը և ուղղագրությունը, հետո նոր փորձել լեզվական դասեր տալ... Հավանաբար չգիտեք, որ հայերենը շրջուն շարադասություն ունի: Ինչ վերաբերում է ուղղագրությունը չմոռանալուն, ապա այն տպավորությունն եմ ստանում, որ միտումնավոր անտեսել եք նախորդ մեկնաբանության վերջում զետեղված հղմամբ բացվող նույն հեղինակի հոդվածում հենց նույն բառի ճիշտ հոլովաձևով գործածված լինելու փաստը, տրամաբանելու դեպքում պետք է հասկանայիք, որ 2-3 ամսում բառի ճիշտ ուղղագրությունը չեն մոռանում, հետևաբար օպերատիվ աշխատանքի հետևանքով սպրդած անմեղ սխալին չպետք է փորձեիք մեծ հնչեղություն հաղորդել, լուն ուղտ սարքել...
Հայկ
Չեմ հասկանում ի՞նչ եք բոլորդ դարձել այդպես ոսկետառիկ հայերենով գրող ու կարդացողներ, մարդը հոդվածա գրել, տեղեկատվությունա տալիս, կարդում եք կարդացեք, չեք կարդում ոնց գիտեք։ Էդպե՜ս հայերենի մասին մտածում եք, գնացեք Շամշյանի եթերները բերեք հայերեն դաշտ, որ խոսալու տակտն ու կուլտուրան իսպառ բացակայումա, արտաբերած բառերի 40%-ն էլ թուրքերենա։
Arsen
ամենագրագետ, կիրթ ու օպերատիվ կայքն է, մյուս կայքերում ահավոր տգիտություն է տիրում, ի դեպ, այսօրվա հյուրի սխալները իր ՖԲ ում էլ են շատ
Արտակ
Հետք.ամ կայքը իմ կարծիքով ամենաօբյեկտիվ և գրագետ կայքերից մեկն մեր լրատվական դաշտում: Միայն երևույթը , որ լատինատառ մեկնաբանություններ չեն հրապարակում արդեն իսկ ողջունելի է և պետք է օրինակ լինի մնացած լրատվամիջոցների համար:
Artur Hovhannisyan
Ձեր լեզվական ուղղումը միանշանակ ճիշտ է, բայց հավանաբար չեք պատկերացնում լրագրողի օպերատիվ աշխատանքը, նրա ծանրաբեռնվածությունը, ինչը միշտ չէ, որ թույլ է տալիս ձայնագրիչից զրուցակցի խոսքի արագ վերծանման ժամանակ ուղղել նրա լեզվական բոլոր սխալները, այլ կերպ ասած, մշակել զրուցակցի խոսքը: Մեզանից որևէ մեկն անսխալական չէ, գոնե Հայաստանում որևէ լրատվամիջոց մինչ այժմ չի կարողացել բացառել և առաջիկայում էլ չի կարողանալու բացառել նմանաբնույթ սխալները: Այդպիսի սխալները չեն բացառվել նույնիսկ խորհրդային տարիներին, երբ լրագրողից և գլխավոր խմբագրից բացի, հոդվածը կարդում էին նաև գլխավոր խմբագրի տեղակալը, բաժնի վարիչը, սրբագրիչը, ավագ սրբագրիչը, օրվա հերթապահը: Եթե գրել եք՝ «սա ամենակոպիտ սխալը», նշանակում է, որ էլի եք սխալներ նկատել, հետևաբար խնդրում եմ նշել նաև դրանք, այլապես ստիպված եմ լինելու մտածել, որ ամենևին ոչ բարի դիտավորությամբ փորձել եք, ինչպես ասում են, լուն ուղտ սարքել: Ի դեպ, թույլ տվեք Ձեր երկու տողանոց մեկնաբանության մեջ երեք սխալ էլ ես Ձեզ ցույց տամ, երկուսը՝ կետադրական, մեկը՝ տրամաբանական: Բացակայում են առաջին բառի չակերտավորումը (ինչն անհրաժեշտ է, քանի որ դրանից հետո գրել եք «բառի…») և վերջին բառից հետո վերջակետը, որը դրվում է մտքի ավարտից հետո: Տրամաբանական կամ մտքի սխալն էլ այն է, որ Ձեր նկատած սխալը չէր կարող Ձեր ականջը ծակել, քանի որ հոդվածի շարադրանքը ոչ թե լսել եք, այլ կարդացել, հետևաբար կարդալու պարագայում պետք է գրեիք ոչ թե «միանգամից ականջս ծակեց», այլ՝ միանգամից աչքի զարնեց: Որպեսզի Ձեր նկատած սխալը չվերագրեք հեղինակի գրագիտությանը, տվյալ շարադրանքում «օր» բառի ճիշտ հոլովաձևը չիմանալուն, առաջարկում եմ ստորև ներկայացված հղմամբ կարդալ ավելի վաղ հրապարակված իմ բազմաթիվ հոդվածներից մեկի ներքևից 4-րդ պարբերության վերևից 3-րդ տողը: Բոլոր դեպքերում, շնորհակալությունս եմ հայտնում դիտողության կապակցությամբ, քանի որ այն կնպաստի այսուհետ ավելի ուշադիր լինելուն: http://hetq.am/arm/news/73718/sevana-ltchi-sigi-dzknagoxutyan-ev-aporini-vatcharqi-dem- bnapahpanutyan-nakhararutyan-dzevakan-payqary.html
Հայկուհի
Օր բառի սեռական հոլովը լինում է օրվա, սա ամենակոպիտ սխալը; որ միանգամից ականջս ծակեց: Այնպես գրեք; որ կարդալը հաճելի լինի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter