HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանի լեռնահարստացման կոմբինատում աշխատակիցների իրավունքները խախտում են, սակայն նրանք լռում են

Փառանձեմ Հովհաննիսյան

Ասյա Միրզոյանը Կապանի լեռնահարստացման կոմբինատում աշխատել է 1994-ից, աշխատանքից ազատվել է հաստիքի կրճատման պատճառաբանությամբ:

Նա դիմել է դատարան։ Դատարանը որոշում է կայացրել, որ կոմբինատը Ասյա Միրզոյանին պետք է վճարի նախկին տարիների պարտք մնացած գիշերավճարներն ու աշխատանքի վերականգնի։ Սակայն կոմբինատը մասամբ է կատարել դատարանի որոշումը։ Ա. Միրզոյանի գիշերավճարների պարտքը սխալ հաշվարկներով մարվել է, արձակուրդայիններն ու մյուս վճարները չեն կատարվել։ Նրան վերականգնել են աշխատանքի, սակայն կադրերի բաժնում նույն օրը տեղեկացրել են, որ հաստիքը կրկին փակվում է, և նորից ազատել են աշխատանքից։ Ասյա Միրզոյանին աշխատանքից ազատելու օրը կոմբինատը նույն հաստիքով աշխատանքի է ընդունել այլ մարդկանց։

2011թ․-ից Ա. Միրզոյանի նամակները, դիմումները պատշաճ պատասխան չեն ստացել, իսկ 2016-ին կոմբինատի նոր տնօրեն Դմիտրի Ուշկովին ուղղված վերջին նամակի պատասխանը, ինչպես Ա․ Միրզոյանն է ասում, ծիծաղ է հարուցել։ Նամակով Միրզոյանը խնդրել է իրեն հատկացնել աշխատավարձի հաշվարկային թերթիկները, որպեսզի փաստաբանի օգնությամբ կարողանա դատարան դիմել, ստանալ նախկին տարիների պարտքերը, իսկ կոմբինատից ամիսներ անց միայն պատասխանել են, թե 138 հազար դրամ փոխհատուցում կարող են տալ՝ ներառյալ հարկերը։ Այս բովանդակությամբ նամակին 2014-ին նախկին տնօրենը պատասխանել էր, թե կարող է 700 հազար դրամ վճարել` պայմանով, որ Միրզոյանը ստորագրի կոմբինատից պարտք ու պահանջ չունենալու մասին փաստաթուղթը, ինչը նա մերժել է։

Թե ինչու են խուսափում աշխատակցին տրամադրել հաշվարկային թերթիկները, անպատասխան է մնացել։ Ասյա Միրզոյանի հաշվարկով` կոմբինատն իրեն մեկ միլիոնից ավելի գումար է պարտք միայն չվճարված գիշերավճարների ու արձակուրդայինների մասով։

Նախկին աշխատակիցները կոմբինատի դեմ հայց ներկայացնելիս հիմնականում շահում են դատը։ Փաստաբան Մհեր Բադալյանը շուրջ 180 դատական հայց է ներկայացրել` մեծ մասը չվճարված գիշերավճարների մասով, նախկին տնօրենի օրոք գործերի 90 տոկոսը բավարարվել է։

Փաստաբանի խոսքով՝ նախկին աշխատակիցները, դատարան դիմելով, կարողանում են ստանալ գիշերավճարները, իսկ կոմբինատի այսօրվա աշխատակիցները լռում են, սակայն միայն գիշերավճարների հաշվարկով կոմբինատն ամեն աշխատողի 1 մլն դրամից ավելի պարտք ունի։

«Կոմբինատը չի պահպանել աշխատողների արխիվի մեջ աշխատագրաֆիկները, դա ապօրինի քայլ է, դրանով նա խուսափել է գիշերավճարներից: Հնարավոր է դատարանի միջոցով գտնել անհետացած արխիվը»․- ասում է Մհեր Բադալյանը:

Նախկին աշխատակից Ասյա Միրզոյանը պատրաստվում է դատարան ներկայացնել հերթական հայցը: Նա համոզվել է, որ իր իրավունքները միայն այդ ճանապարհով կարող է վերականգնել։

Կապանի լեռնահարստացման կոմբինատի սեփականատերը 2013 թվականի հունիսից «Դանդի փրիշս մեթալս Կապան» փակ բաժնետիրական ընկերությունն էր։ 2016 թ. ապրիլին լեռնահարստացման կոմբինատը դարձավ ռուսական «Պոլիմետալ» բաժնետիրական ընկերության մի մասը: «Պոլիմետալը» Հայաստանում գործունեություն է սկսել 2015թ-ից։ Նրան է պատականում Լիճքվազի բազմամետաղային հանքավայրը: 

Կապանցիների հիմնական աշխատատեղ հանդիսացող կոմբինատում ամեն նոր տնօրեն իր «օրենքներն» է սահմանում։ Դմիտրի Ուշկովը ավելի քիչ ծախսեր ունենալու համար որոշել է օժանդակ կազմակերպությունների միջոցով իրականացնել աշխատանքների մի մասը: Օրինակ` այլևս կոմբինատի աշխատակից չեն համարվում լվացքատան աշխատակիցները, հավաքարարները, այլ հաստիքների մասով ևս գործում է այս փոփոխությունը, ինչը աշխատակիցների դժգոհությունն է առաջացրել: Նրանք, որպես օժանդակ կազմակերպության աշխատակիցներ, ավելի քիչ են վարձատրվում, ասում են՝ զրկվել են մի շարք արտոնություններից (օրինակ` ապահովագրությունից):

Նախկինում կոմբինատը նաև որոշակի օգնություն էր ցուցաբերում աշխատանքից ազատված առողջական խնդիրներ ունեցող անձանց. աշխատանքային խեղում ստացածներին ամսական 2500 դրամ էր հատկացվում: Նախկին տնօրեն Հրաչ Ջաբրայանի օրոք վերացվեցին կոմբինատում հաշմանդամություն ստացածներին տրվող հատկացումները` պատճառաբանությամբ, թե իրենց Հայաստանի Հանրապետությունը հաշմանդամության թոշակ է տալիս։

Նախկին աշխատողները բողոքում են կառավարության անուշադրությունից, իրենց իրավունքների խախտումներից, ներկայիս աշխատողները՝ տնօրեններից, սակայն անանուն ու լուռ. աշխատանքը կորցնելու ռիսկը մեծ է: «Տնօրենը մեզ ստրուկ է անվանում, ասում է` իմ փողն է, դուք էլ իմ վարձուները, ինչպես կուզեմ, այդպես էլ կդիմեմ: Որոշները չեն դիմանում, հայհոյում են ու աշխատանքից ազատվում, ավելի կարիքավորներս լռում ենք, տեսնենք ինչ կլինի»,- ասում է ստորգետնյա աշխատողներից մեկը:

Փաստաբան Մհեր Բադալյանը նշում է, որ նոր տնօրեն Դմիտրի Ուշկովից աշխատողները հիմնականում բողոքում են, քանի որ իրենց արտաժամյա աշխատացնում են ու չեն վճարում: Աշխատողները դիմում են փաստաբանի, պատմում այս մասին, բայց հրաժարվում են գնալ դատարան։ Եթե գործը հասնի դատարան, փաստաբան Մ․Բադալյանը վստահ է՝ աշխատակիցները կշահեն, բայց սոցիալական պայմաններից ելնելով` մարդիկ լռում են մինչև աշխատանքից ազատման օրը: Իսկ եթե քաղաքում աշխատուժը հրաժարվի նման պայմաններով աշխատելուց, կոմբինատը ստիպված աշխատանքի պայմանները կբարելավի։ «Այսօր մարդիկ ստիպված են կոմբինատում աշխատում, դրա համար լռում են, իրավախախտումների մասին չեն բարձրաձայնում։ Կապանցիները ասում են՝ մեկը բողոքեց, ինչ ստացվեց, որ ես բողոքեմ: Այս ամենը գալիս է սոցիալական խնդիրներից առաջին հերթին, քանի որ եթե մեկ հոգի է ընտանիքում աշխատում, ստիպված է ընտանիքը պահելու համար լռել»։

Կոմբինատն ունի արհմիություն, որը պետք է աշխատակիցների իրավունքները պաշտպանի, բայց այստեղ էլ բանը դրան չի հասնում. արհմիության նախագահը կոմբինատի վարչակազմի աշխատակից է: Բադալյանն ասում է, որ դա իրավական ու տրամաբանական առումով սխալ է. «Արհմիության նախագահը պետք է անկախ լինի, կարողանա այնպես աշխատել, որ աշխատողների իրավագիտակցությունը բարձրացնի։ Մյուս կողմից, աշխատակիցները իրենք տեղեկացված չեն իրենց իրավունքներից»։

Մհեր Բադալյանն ասում է, որ արդարացի կլինի, եթե Կապանում բնակվողները փոխհատուցում ստանան` անկախ կոմբինստի աշխատակից լինելուց. «Ամեն նոր եկած ասում է` որքան կարող եմ տանեմ, իսկ այստեղ տուժում է կապանցին, նա շնչում է այս օդը, աղտոտվածությունն ազդում է բնակչի վրա»։ Մ. Բադալյանը նշում է, որ կառավարությունը պետք է իր քաղաքացուն պաշտպանելու ուղղությամբ քայլեր կատարի։

Խախտված իրավունքներից ու «անմարդկային» վերաբերմունքից զատ՝ կոմբինատի աշխատողներին վրդովեցնում է մեկ այլ հանգամանք ևս` դրսից բերված մասնագետներին տրվող աշխատավարձի չափը. «Դրսից աշխատող են բերում, ստանում է 17 հազար դոլար աշխատավարձ, մեզ՝ կապանցիներիս, 100 հազար են վճարում, այնինչ կապանցին է պապերից սկսած դեռ լեռնագործ, մենք ենք դրսից եկածին սովորեցնում` ոնց աշխատի մեր հանքում»:

««Պոլիմետալ» ընկերությունը նույն Ռուսաստանում շատ բարձր է գնահատում աշխատողին, բարձր է վարձատրում, իսկ կապանցուն Կապանում 150-200 հազար դրամ են տալիս։ Դրսի եռակցողը 2000-3000 ԱՄՆ դոլար աշխատավարձ է ստանում, իսկ կապանցի եռակցողը, որ ավելի պրոֆեսիոնալ է, 85 հազար դրամ է ստանում։ Եթե տարբերությունը քիչ լիներ, սոցիալական բողոք չէր առաջանա. վարչակազմում կան մարդիկ, որոնք 50 հազար դոլար են ստանում, իսկ թունավոր օդը ամեն օր շնչող հանք մտնող բանվորին 150 հազար դրամ են տալիս»։

Աշխատակիցների, կապանցիների իրավունքների խախտումների հետ մեկտեղ` Կապանի լեռնահարստացման կոմբինատը ոչ պրոֆեսիոնալ է աշխատում նաև լրագրողների հետ: Նոր տվյալներ ստանալու, ունեցած տեղեկությունները ճշտելու նպատակով 2016թ.-ի օգոստոսի 4-ից հարցում ենք ուղարկել կոմբինատ, սակայն հանրային կապերի պատասխանատու Գայանե Թադևոսյանը որևէ հարցի չի պատասխանել, զանգերին պատասխանել է մեկ անգամ` նշելով, որ հարցումը տնօրենին են փոխանցում։

Եւ ահա Հետքի հրապարակումից հետո, որտեղ նշել էինք, որ գործարանը չի պատասխանում հարցումներին, փետրվարի 6-ին կոմբինատի տնօրեն Ուշկովի ստորագրությամբ երկու պատասխան նամակ է ստացվել էլեկտրոնային փոստով։ Նամակներից մեկում ասվում է, որ պարտավոր չէին պատասխանել հարցմանը, բայց ընդառաջելով՝ պատասխանում են․ «...Ձեր գրության առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ Ձեր գրության մեջ նշված իրավական ակտերը որևէ կերպ չեն պարտավորեցնում ընկերությանը արձագանքել ձեր հարցմանը, առավել ևս՝ չեն սահմանում արձագանքման որևէ ժամկետ։ ...»։

Այս գրությանը կից ուղարկվել են պատասխաններ միայն հարցերի չնչին մասով, ընդ որում` աշխատակիցների, ինը միլիոնանոց սշխատավարձերի և այլնի մասին առաջնային հարցերին պատասխան չի ուղարկվել։ Ուղիղ վեց ամիս և երկու օր պահանջվեց, որպեսզի լրագրողական հարցման մի փոքր հատվածին պատասխան տա կոմբինատը: Պատասխանը ստանալու նույն օրը հարցումը կրկին ուղարկվել է՝ ամբողջական պատասխան ուղարկելու խնդրանքով, ինչպես նաև հույսով, որ ևս վեց ամիս չենք սպասի։

Մնում է սպասել ավելի իրատեսական, այլ ոչ թե ռազմավարությունից վերցված պատասխանների: Ի վերջո, ռազմավարությունը ռազմավարություն, բայց մարդկանց հուզող հարցերը շրջանցելով՝ միայն ռազմավարությամբ «տուն (այս դեպքում` կոմբինատ) չես պահի»։

կոլաժի լուսանկարները` polymetal.ru

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter