HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ՊԵԿ-ին սպասարկում է 3,3 մլն դոլար սկզբնական, 1,2 մլն դոլար մնացորդային արժեքով 166 ավտոմեքենա

Հունվարի 1-ի դրությամբ ՊԵԿ-ին սպասարկում է 166 ավտոմեքենա։ Դրանց  սկզբնական արժեքը կազմում է գրեթե 1,6 միլիարդ դրամ, կամ 3,3 միլիոն դոլար (486 դրամ փոխարժեքով), իսկ մնացորդային արժեքը՝ 596 միլիոն դրամ է կամ՝ 1,2 դոլար։ Այսինքն՝ այս պահին ՊԵԿ-ին սպասարկում է 1,2 միլիոն դոլար մնացորդային արժեքով ավտոմեքենա։ Նշենք, որ պետական եկամուտների կոմիտեն այժմ ունի 3250 աշխատակից:

Ամենամեծ քանակով ավտոմեքենան սպասարկում է ՊԵԿ վերադաս մարմնին, ապա՝ տարածքային հարկային տեսչություններին և օպերատիվ հետախուզության բաժիններին

Ինչպես «Հետք»-ին հայտնել են ՊԵԿ-ից՝ կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին սպասարկելու համար նախատեսվել է 2002թ. արտադրության ԲՄՎ-7351 մակնիշի ավտոմեքենան, որի սկզբնական արժեքը կազմել է 27 միլիոն դրամ, իսկ դրա մնացորդային արժեքը այժմ կազմում է 0 դրամ՝ երկար տարիներ անսարք վիճակում գտնվելու պատճառով։ Դրա վերանորոգման համար անհրաժեշտ զգալի ծախսերը բյուջեից չկատարելու նպատակով Վ․Հարությունյանը որոշել է երթևեկել իր անձնական օգտագործման ավտոմեքենաներով: Վարդան Հարությունյանին ուղեկցելու համար նաև տրամադրվել է 2006թ. արտադրության (նույն թվականին ձեռք բերված) Տոյոտա-Պրադո մակնիշի ավտոմեքենան, որի սկզբնական արժեքը կազմել է գրեթե 13 միլիոն դրամ, իսկ մնացորդային արժեքը անսարքության պատճառով կրկին՝ 0 դրամ է ։ Այս տվյալներից կարելի է ենթադրել, որ ՊԵԿ նախագահի համար նախատեսվել է գերատեսչության ամենաանսարք ավտոմեքենաները։

Թեև Վարդան Հարությունյանին սպասարկելու համար նախատեսված ավտոմեքենաների արժեքը ամենաբարձրն է, սակայն քանի որ դրանք անսարքության պատճառով չեն օգտագործվում, ՊԵԿ-ի հաշվեկշռի ամենաթանկ ավտոմեքենաներն այս պահին սպասարկում են կոմիտեի նախագահի առաջին տեղակալներին, աշխատակազմի ղեկավարին։

Ամենաթանկ 5 ավտոմեքենաներից 2-ը 2008թ. արտադրության (նույն թվականին ձեռք բերված) Տոյոտա-Քեմրի և 3-ը` 2013թ. արտադրության (նույն թվականին ձեռք բերված) Տոյոտա-Կորոլլա մակնիշի ավտոմեքենաներ են: Դրանցից Տոյոտա-Քեմրի ավտոմեքենաների սկզբնական արժեքը կազմել է 10 միլիոն դրամ, իսկ մնացորդային արժեքը կազմում է 0 դրամ, իսկ Տոյոտա-Կորոլլաներինը` համապատասխանաբար 8 միլիոն դրամ և 5 միլիոն դրամ:

2016թ.-ի ընթացքում ՊԵԿ-ից 27 ավտոմեքենա հանձնվել է պետական գույքի կառավարման վարչությանը` 81 միլիոն դրամ ընդհանուր արժեքով, իսկ 2017թ. ընթացքում նախատեսվում է վարչությանը հանձնել ևս 13 ավտոմեքենա` 48 միլիոն դրամ ընդհանուր արժեքով:

Այդ 166 ավտոմեքենաներից 7-ի պահպանման ծախսերը կատարվում են 2017թ. պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ մնացածինը` ՊԵԿ-ի արտաբյուջետային միջոցների հաշվին:

 «Պետական եկամուտների կոմիտեի մի շարք ստորաբաժանումներ իրականացնում են օպերատիվ աշխատանքներ, ինչը պահանջում է համապատասխան տրանսպորտային միջոցների առկայություն»,- մեզ ուղարկված գրությունում նշել է ՊԵԿ-ի մամուլի ծառայությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter